Քաղաքապետի ուղերձ
  Ընդհանուր տեղեկություններ
  Կրթություն
  Մշակույթ
  Տուրիզմ և բիզնես
  Առողջապահություն
  Արտաքին կապեր
  Անվանի մարդիկ
  Լուսանկարներ
 
 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
Կիրառական արվեստի հայտնի նմուշներից է Հաղարծնի տարածքում հայտնաբերված 1232թ. պատրաստված պղնձե կաթսան, որը մետաղի գեղարվեստական մշակման եզակի օրինակ է եւ պահվում է Հայաստանի պատմության թանգարանում: Այն ցուցադրվել է նաեւ Լոնդոնում: Ինչպես ողջ Հայաստանում այնպես էլ Դիլիջանում կան բարձրարվեստ խաչքարեր, հատկապես մեծ վարպետությամբ է պատրաստված վարպետ Պողոսի խաչքարը (1291թ.), որը դրված է Գոշավանքում:
Նոր ժամանակներում բնակավայրում զարգացած են եղել գորգագործությունը, ասեղնագործությունը, փայտի գեղարվեստական մշակումը, ձեռարվեստը եւ այլ ժողովրդական արհեստներ: Հայտնի է Դիլիջանյան կարպետ տեսակը: Ինչպես այդ, այնպես էլ գորգագործության եւ կարպետագործության շատ հետաքրքիր նմուշներ են պահպանվում Դիլիջանի թանգարանների հավաքածուներում: Փայտագործ վարպետ Գառնիկ Ալիխանյանի ստեղծագործությունները լայն ճանաչում են ունեցել հանրապետության սահմաններից դուրս: Առանձնապես մեծ արվեստով է պատրաստված տարբեր ծառատեսակների փայտի փոքրիկ կտորներից ստեղծված գորգը: Այդ եզակի ստեղծագործությունը ցուցադրվում է Հայաստնաի ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում: Փայտագործ վարպետ Ռեւիկ Հովսեփյանի պատրաստած նախշազարդ օրորոցները, ջահերը, փայտե կենցաղային իրերը մեծ արժեք են ներկայացնում: Երիտասարդ վարպետ Գրիշա Հովսեփյանի ստեղծագործություններում ուրույն տեղ են գրավում հայկական ավանադական փայտե աղամանները եւ խաչքարերը: Զարգացած է նաեւ ձեռարվեստը, որի գործում մեծ ներդրում են ունեցել արվեստագիտության թեկնածու Սերիկ Դավթյանը հետագայում ժողովրդական վարպետ Նուշիկ Մալխասյանը: Ձեռարվեստի ճանաչված վարպետներից են Ֆլորա Պապյանը, Մարինե Պողոսյանը, Սոֆյա եւ Նազիկ Պարանյանները, Հրեղեն Գասպարյանը, Թամարա Դավթյանը, Մարիցա Հայրապետյանը եւ ուրիշներ: Գորգագործության մեջ լուրջ ավանդ ունեն Զիրավարդ եւ Թագուհի Ղուլյանները: Կիրառական արվեստի հետաքրքիր նմուշներ են պահպանվում Հայաստանի ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում եւ «Դիլիջան» պատմամշակութային արգելոց-թանգարնում:
 
  
  
 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Դիլիջանի տարածքում եւ նրա շրջակայքում կան 32 ճարտարապետական հուշարձաններ: Այդ հուշարձաններից առավել նշանավորներն են Հաղարծինը, Գոշավանքը, Ջուխտակ Վանքը, եւ Մաթոսավանքը, որոնք հանդիսանում են միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր կոթողներ:
19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին երբ ավելի է մեծանում Դիլիջանի առողջարանային համբավը, այստեղ կառուցվող տները իրենց մեջ պարունակում են Անդրկովկասի հայ մեծահարուստների ամառանոցների, Դիլիջանի տնաշինական ավանդությունների եւ 19-րդ դարի 30-ական թվականներից այստեղ ներգաղթած ռուս աղանդավորականների՝ մոլականների տների հարդարման էլեմենտներ: Տարածվում է այսպես կոչված ժողովրդական տների կառուցման «Դիլիջանյան ոճը»:
Քաղաքի վարչական կենտրոնը ձեւավորվել է 1960-80թթ. 1961թ. հաստատված քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան: Այստեղ են գտնվում մշակույթի պալատը(հեղինակներ Ռ. Գեւորգյան, Խ. Վաթինյան, Ս. Ավետիսյան) ՀԿԿ քաղկոմի շենքը (ներկայումս քաղաքապետարան, հեղինակներ Խ. Վաթինյան Ս. Ավետիսյան), քաղխորհրդի նախկին շենքը (հեղինակներ Ս.Գյուլզատյան, Կ. Մատինյան), կապի հանգույցի շենքը (հեղինակ Գ. Աչյան), կինոթատրոնը (հեղինակներ Ա. Մակարյան, Լ. Ինջիկյան), քաղաքային գրադարանը (հեղինակ Գ. Առաքելյան), կենտրոնական հանրախանութը (հեղինակներ Ջ. Սարգսյան, Լ. Գասպարյան), Հյուրանոցը (հեղինակ Գ. Աչյան): Քաղաքի կենտրոնական հրապարկը վերակառուցվել է 2005թ:
1983թ շահագործման է հանձնվել Դիլիջան պատմաճարտարապետական հուշարձան համալիրը, (հեղինակներ Հ. Թելումյան, Թ. Գրիգորյան)
Կոմպոզիտորների ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1963թ., բաղկացած է վարչական երկհարկանի շենքից եւ 12 առանձնատներից (ճարտարապետ՝ Է. Ալթունյան ): 1984թ. շահագործման է հանձնվել Բեթհովենի անվան համերգասրահը:
Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1984թ. ճարտարապետ Հ. Պողոսյան, բաղկացած է վարչական շենքից եւ մենատներից:
Ճարտարապետական առումով արժեքավոր շինություններից է «Լեռնային Հայաստան» առողջարանը (ճարտարապետ՝ Զ. Բախչինյան):
 
 

ՄԱՄՈՒԼ
Քաղաքը ապրել է հարուստ գրական կյանքով: Դիլիջանում է ծնվել եւ իր մանկությունը անցկացրել հայտնի գրող Վախթանգ Անանյանը: Քաղաքի սիրված բանաստեղծներից էր Գեւորգ Զարենցը (Ղազարյանը), որը ունի նաեւ մանկական հիանալի ստեղծագործություններ: Մի քանի հրատարակված բանաստեղծությունների հեղինակ է Մկրտիչ Գրիգորյանը: Քաղաքի ճանաչված բանաստեղծներից է Միքայել Սերունցը (Անանյանը): Հանրապետական գրական մամուլում բազմաթիվ անգամ տպագրվել են բանաստեղծ Արծրուն Հովսեփյանի ստեղծագործությունները:

1958թ.-ից հրատարակվում է «Դիլիջան» թերթը (ընդհատվել է 1963-64թթ), վերահրատարակվել է 1965թ. Մայիսի 5-ին: Այժմ այն երկշաբաթաթերթ է, ուր զետեղվում են քաղաքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերվող հոդվածներ: 2006թ. մայիսից հրատարակվում է «Երիտասարդական գործունեության ակումբ» հասարակական կազմակերպության «Երիտասարդ Դիլիջան» ամսաթերթը: 1993թ.-2005թ. գործել է տեղական RT-V հեռուստաընկերությունը:




 
 

ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գեղանկարչության զարգացման գործում մեծ ներդրում ունի ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանը: Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է կերպարվեստի դպրոց, որի սաներից շատերը շարունակելով կրթությունը դարձել են շնորհալի նկարիչներ: Դիլիջանցի նկարիչների ստեղծագործությունների մեջ նշանակալի տեղ են գրավում «Հին Դիլիջան» թեմայով գործերը եւ այժմ Դիլիջանի թանգարանային հավաքածուներում կան հիշյալ թեմային վերաբերվող նկարիչներ Հովհաննես Շարամբեյանի, Ղազարոս Ղազարյանի, Վարազդատ Ամյանի, Համլետ Ասատրյանի, Սերժիկ Դավթյանի, Գեւորգ եւ Համլետ Մակվեցյանների, Էդիկ Հարությունյանի, Սամվել Ֆրանգուլյանի եւ այլոց շուրջ 100 ստեղծագործություններ:
 
  
 
Նորություններ  
Քարտեզ  
Հղումներ  
Մեր մասին  
Հիմնադրամներ  
 
 
Մշակված է՝ CIT