Քաղաքապետի ուղերձ
  Ընդհանուր տեղեկություններ
  Կրթություն
  Մշակույթ
  Տուրիզմ և բիզնես
  Առողջապահություն
  Արտաքին կապեր
  Անվանի մարդիկ
  Լուսանկարներ
 
 
Նորություններ
2014-09-24
Տարվա լավագույն զբոսաշրջային քաղաք
«Արմենիա տուրիստիչեսկայա» ամսագրի կողմից հայտարարված մրցույթի արդյունքներով Դիլիջանը ճանաչվել է «Տարվա լավագույն զբոսաշրջային քաղաք» և պարգևատրվել հատուկ դիպլոմով:


2014-09-22
Դիլիջանում մեկնարկեց «Մարզային գավաթ» հեծանվային մրցաշարը
Սեպտեմբերի 21-ին Դիլիջանում մեկնարկեց «Մարզային գավաթ» հեծանվային մրցաշար, որի կազմակերպիչն էր «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» հկ-ն: Միջոցառման նպատակն է մարզերում զարգացնել հեծանվային սպորտը: Մասնակիցներին ողջունեց և Հայաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

Մեկնարկը տրվեց քաղաքային հրապարակից: Շուրջ 4 տասնյակ հեծանվորդներ իրենց ուժերը չափեցին 10 կմ տարածության հեծանվային էքտրեմալ մարզաձևում: Մրցանակային տեղեր գրաված մարզիկները արժանացան դիպլոմների և պարգևատրվեցին արժեքավոր նվերներով: Միջոցառմանը գեղարվեստական կատարումներով հանդես եկավ ՙԿարին» ժողովրդական երգի պարի համույթը, որն էլ արժանացավ շնորհակալագրերի: Միջոցառմանը աջակցելու համար շնորհակալագրերի արժանացան նաև Դիլիջանի զորամասը և ՙԴիլիջան» հանքային ջրի գործարանը: Մարզական միջոցառումներին աջակցելու համար Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը պարգևատրվեց ՙՍիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի» պատվոգրով, որը հանձնվեց հկ-ի նախագահ Արման Անտոնյանի կողմից:

2014-09-12
Հոբելյանական հուշամեդալների հանձնման արարողություն
Սեպտեմբերի 11-ին Դիլիջանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում
տեղի ունեցավ Բելոռուսի ազատագրման 70-ամյա հոբելյանին նվիրված հուշամեդալների հանձնման արարողություն:
Հոբելյանական հուշամեդալներով պարգևատրվել են մեր համաքաղաքացի վետերաններ Բաղդասար Թովմասյանը, Հրանտ Ղալեչյանը (հետմահու), Արտավազդ Ալիխանյանը, Վարդանուշ Մանուկյանը և Սիրանույշ Դանիելյանը:
Ներկաներին ողջունեցին և շնորհավորական խոսքեր հղեցին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Հայաստանում Բելոռուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոն` ընդգծելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի կարևորությունը և մեր վետերանների ավանդը այդ նշանակալի գործում:
Այնուհետև դեսպանը հանձնեց Բելոռուսի Հանրապետության նախագահի կողմից տրված հուշամեդալներն ու շնորհակալական նամակները: Արարողությանը մասնակցում էին Տավուշի փոխմարզպետ Լյովա Սարգսյանը, Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանը:

2014-08-27
ՀՀ նախարարի այցը Դիլիջան
Օգոստոսի 25-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Դիլիջան:
Նախարարը Տավուշի փոխմարզպետ Լյովա Սարգսյանի, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի, նախարարության և մարզի սպորտային ոլորտի պատասխանատու աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց մանկապատանեկան մարզական համալիր, տեղում ծանոթացավ քաղաքի գլխավոր մարզաբազայի նյութատեխնիկական վիճակին և կատարվող աշխատանքներին:
Նախարարը հանգամանալից զրույց ունեցավ մարզահամալիրի տնօրինության և մարզիչների հետ, համապատասխան տեղեկատվություն ստանալով գործող խմբակների, դրանցում պատանիների ընդգրկվածության, առաջնահերթ լուծում պահանջող հարցերի մասին:
Այնուհետև մարզահամալիրում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում վեր հանվեցին աշխատանքներին խոչընդոտող հիմնական հանգամանքները, և արվեցին առաջարկություններ, աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը մտահոգիչ համարեց քաղաքի դպրոցների մարզադահլիճների վիճակը և հույս հայտնեց, որ բոլոր շահագրգիռ կողմերի աջակցությամբ հնարավոր կլինի վիճակը բարելավել:
Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել ինչպես այդ, այնպես էլ մարզչական կադրերի հարցում: Նա նաև կորևորեց տեղի մարզական կառույցների և տարբեր մարզաձևերի օլիմպիական ֆեդերացիաների հետ կապերի սերտացումը:

2014-08-18
Գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների դիլիջանյան երկրորդ փառատոնը
Oգոստոսի 16-ին Դիլիջանի քաղաքային հրապարակում անցկացվեց «Մշակութային վերածնունդ» գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների երկրորդ փառատոնը: Միջոցառման իրականացման նախաձեռնությունը պատկանում է «MEDIA ONIX» ընկերությանը: Փառատոնի կազմակերպմանն աջակցել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Տավուշի մարզպետարանը, Դիլիջանի քաղաքապետարանը և USAID EDMC միջազգային կազմակերպությունը: Փառատոնը Դիլիջանում կազմակերպվում է երկրորդ անգամ և միտում ունի դառնալու ավանդական: Այդ մասին իր ողջույնի խոսքում նշեց նաև Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, միաժամանակ իր երախտագիտությունը արտահայտելով փառատոնի գլխավոր կազմակերպչին և հովանավորողներին: Փոռատոնին մասնակցեցին ինչպես համաշխարհային շուկայում հայտնի «Մեգերյան կարպետ» և «Ղարաբաղ կարպետ» գորգագործական կազմակերպությունները, այնպես էլ Արցախի գորգագործության թանգարանը, անհատ գորգագործեր՝ տարածաշրջանի գորգարվեստի իրենց բացառիկ նմուշներով:
Բացի գորգերի ցուցադրությունից, հրապարակում տեղադրված էին տաղավարներ, որոնց վրա ցուցադրված էին ՀՀ մարզերի և Արցախի դեկորատիվ կիրառական արվեստի ցուցանմուշներ, իսկ մշակույթի տան նախամուտքում քաղաքի ռեստորանային համալիրների կողմից ներկաներին մատուցվում էին հայկական ազգային կերակուրներ:
Միջոցառմանը համերգային ծրագրով մասնակցում էր Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ:
«Տերյան մշակութային կենտրոնի» կողմից ներկայացվեց ազգային հագուստների ցուցադրում–բեմականացում: Միջոցառման ընթացքում տարբեր անվանակարգերում մրցանակներ շնորհվեցին «Մեգերյան կարպետ» ընկերության թանգարանին, ԼՂՀ գորգարվեստի թանգարանին, «Ղարաբաղ կարպետ» ընկերությանը, «Տերյան մշակութային կենտրոնին», «Կարին» ավանդական երգի պարի խմբին:

2014-07-11
Մանկապարտեզների հանդեսը` ամֆիթատրոնում
Հուլիս ամիսը հիշարժան է մեր մանկապարտեզ հաճախող փոքրիկների համար, հատկապես ավագ խմբերի, որոնք հրաժեշտ են տալիս մանկապարտեզին: Եվ պատահական չէ, որ քաղաքի մանկապարտեզները հատուկ խնամքով են նախապատրաստվում ավարտական հանդեսներին: Իսկ այս տարի այն ուղղակի վերածվեց մանկական տոնի, քանի որ քաղաքապետարանի նախաձեռնությամբ հանդեսներն անցկացվեցին ամֆիթատրոնում` մեկ միասնական ծրագրով: Տոնականորեն զարդարված ամֆիթատրոնը հուլիսի 10-ին ընդունեց իր փոքրիկ հյուրերին: Միջոցառումը բազմամարդ էր, հնչում էր տոնական երաժշտություն: Մանկապարտեզին հրաժեշտ տվող փոքրիկները հանդես եկան գեղեցիկ գեղարվեստական համարներով, հիանալիորեն ցուցադրելով իրենց ստացած գեղագիտական դաստիարակությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, քաղաքապետարանի կրթամշակութային ոլորտի պատասխանատուներ, ծնողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Փոքրիկներին հանձնվեցին նաև քաղաքապետարանի կողմից պատրաստված նվերները: Հավելենք, որ Դիլիջանում տարեց տարի ավելանում է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Ընթացիկ տարում քաղաքի 6 մանկապարտեզներում ընդգրկված էին շուրջ 650 երեխաներ:

2014-07-01
Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի հաշվետվությունը
Դիլիջան համայնքի 2014թ. բյուջեն մշակվել է` հիմք ունենալով համայնքի 2013-2016թթ. քառամյա զարգացման ծրագիրը:
2014թ. երկրորդ եռամսյակում տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ հավաքագրվել է 198000.0 հազ.դրամի եկամուտ, որը հնարավորություն է տալիս ավելի իրատեսորեն կանխագծելու առաջիկա անելիքները:
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապեսան ապահով ընտանիքները:
Յուրաքանչյուր նորածին երեխաների համար 46 ընտանիքի տրվել է միանվագ դրամական օգնություն:
Դիլիջան քաղաքում գործող «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար համայնքի բյուջեից յուրաքանչյուր ամիս ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն:
Համայնքը փոխհատուցել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախողթվով 23 երեխաների և նրանց ուղեկցող ծնողների տրանսպորտային ծախսերը:
Կազմակերպվել է հիշատակի արարողություն և ծաղկեպսակներ են դրվել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարին: Մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարելիցի և Շուշիի ազատագրման 22-ամյակի կապակցությամբ կազմակերպվեց միջոցառում, հազարավոր դիլիջանցիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհվածների հիշատակին: Հայրենական պատերազմի մասնակից վետերաններին տրամադրվեց դրամական օգնություն:
Հունիսի 1-ին Դիլիջան քաղաքում կազմակերպել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում:
Դիլիջան քաղաքից 2014թ. ամառային զորակոչով ՀՀ Զինված ուժերում ծառայության մեկնող թվով 70 զորակոչիկների տրվել են նվերներ:
Դիլիջանի համայնքային ենթակայության նախադպրոցական հիմնարկների ավագ նախադպրոցական խմբեր հաճախող թվով 191 երեխաներ համար ձեռք է բերվել և տրվել նվերներ:
Շարունակվում է Երաժշտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, Կալինինի փողոցի բազմաբնակարան բնակելի շենքերի պատուհանների և դռների փոխման և Գետափնյա փողոցի բնակելի շենքերի շքամուտքերի նորոգման աշխատանքները:
Քաղաքի տարբեր հատվածներում կատարվել են համայնքային ենթակայության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ։ Կատարվել է Մանթաշյան փողոցի թիվ 1 տնից մինչև Սայաթ-Նովա փողոցի հատման երթևեկելի մասի և Կամոյի փողոցի թիվ 4 հասցեի տանը հարակից տարածքի ավտոտրանսպորտի երթևեկելի մասի բետոնացման և Սարալանջ թաղամասի ճանապարհի հիմնահատակի իրականացման աշխատանքներ։
Նորոգվել են Շահումյան 13, Գայի 31, Օրջոնիկիձե 81, Թբիլիսյան խճուղի 12, Հովսեփյան 79,
Գայի 76, Շամախյան 2 բ հասցեի բազմաբնակարան բնակելի շենքերի և թիվ 4 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի տանիքները։
Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում իր ենթակայության ենթակառույցների նյութատեխնիակական բազայի ամրապնդման ուղղությամբ։
Մանկապատանեկան սպորտի մասսայականացման և առողջ ապրելակերպի արմատավորման նպատակով Դիլիջան քաղաքում կազմակերպել են դպրոցականների գարնանային մարզախաղեր։
Զգալի աշխատանքներ են իրակնացվել լուսավորության, աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման հանար։ Համայնքում իրականացվում են կանաչապատման և կանաչ տարածքների սպասարկման կազմակերպման աշխատանքներ։
Դիլիջանի քաղաքային զբոսայգին նոր սեզոնին նախապատրաստելու, ինչպես նաև բնակիչների ակտիվ հանգիստը առավել հարմարավետ և անվտանգ դարձնելու նպատակով իրականացվել է զբոսայգու խաղային ատրակցիոնների վերանորոգման աշխատանքներ:


2014-06-21
Աշխատանքային հանդիպում`«Համայնքների խոշորացումը երիտասարդների ընկալմամբ» թեմայով
Հունիսի 20-ին Դիլիջանի քաղաքապետարանում կայացավ աշխատանքային հանդիպում` «Համայնքների խոշորացումը երիտասարդների ընկալմամբ» թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում ընդգրկված համայնքների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ կառավարության դիրքորոշման իրազեկումը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Կարլ Հոֆստրան: Կառավարության դիրքորոշումը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Համայնքների խոշորացման մոդելների վերաբերյալ պարզաբանումներ տվեց Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի ինստիտուցիոնալ կարողությունների մասնագետ Արեգնազան Մարտիրոսյանը: Խնդրո առարկայի, ինչպես նաև գործընթացում երիտասարդության դերի վերաբերյալ ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում լրացուցիչ պարզաբանումներ տվեց և իր տեսակետներն արտահայտեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Հանդիպման արդյունքներն ամփոփեց Քաունթերփարթ ինթերնեշլի հայաստանյան գրասենյակի ՏԻՄ ծրագրի ղեկավար Արթուր Դրամփյանը:

2014-06-17
Պարարվեստի փառատոն
Հունիսի 22-ին ժամը 14.00-ին Դիլիջանի բացօթյա ամֆիթատրոնում կկայանա պարարվեստի փառատոն` նվիրված Դիլիջանի հիմնադրման 470-ամյա հոբելյանին: Կմասնակցեն «Հայասի», «Արեգ», «Հաճն», «Էրիվան», «Շասսե» պարային համույթները և Դիլիջանի Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի պարային ստուդիան:

2014-06-17
Հայտարարություն
2014թ. հունիսի 20-ին, ժամը 12:00-ն Տավուշի մարզի Դիլիջան քաղաքապետարանում տեղի կունենա «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Դիլիջան քաղաքի Մեծ- Թալա շրջանի թիվ 1 ցամաքուրդային թունելի ՊԿՕ+00-:-ՊԿ6+56 հատվածամասի վերակառուցման» շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում կամ Դիլիջանի քաղաքապետարանում: Հեռ. 22-02-18, 22-15-68, 22-14-85:


2014-06-02
Նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը
Հունիսի 1-ը` մեր փոքրիկները կհիշեն վառ հիշողություններով, քանի որ հոգ էր տարվել օրվան նվիրված միջոցառումները հետաքրքիր և առավել մասսայական անցկացման ուղղությամբ:

Միջոցառումըմեկնարկեց քաղաքային հրապարակում`ժամը 11:00-ին:Այնհագեցածէր երգուպարով, խաղերով, երեխաները զբաղվում էին կավճանկարչությամբ և այլ նկարներ նկարելով:

Տոնի առթիվ ներկաներին ողջունեց և հաճելի ժամանց մաղթեց Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը: Իր շնորհավորական խոսքում փոխքաղաքապետը անդրադարձավ նաև քաղաքապետարանի կողմից մանկական հիմնարկներին ցուցաբերվող ամենօրյա ուշադրությանը և մեր քաղաքի գործընթացներում, առավել ևս կրթական ոլորտի միջոցառումներին և ծրագրերին Դիլիջանի միջազգային դպրոցի կողմից ցուցաբերվող ակտիվ աջակցությանը:

Ներկաներին ողջունեց և բարի մաղթանքներ հղեց նաև Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանը:

Հիմնադրամը հանդես էր եկել նաև բարեգործական ակցիայով` ողջ միջոցառման ընթացքում անվճար պաղպաղակներ բաժանելով փոքրիկներին:

Միջոցառման հաջորդ հարթակը քաղաքային ամֆիթատրոնն էր, որտեղ փոքրիկների ուժերով կայացավ տոնական համերգ:

Ելույթ ունեցան քաղաքի թ. 1, թ. 2, թ. 3 մանկապարտեզների երեխաները, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի սաները, գեղարվեստի դպրոցի պարի և երաժշտական դպրոցի ժողգործիքների խմբերը:

Հանդիսավոր պայմաններում կատարվեց նաև շնորհակալագրերի և հուշանվերների հանձնման արարողություն: 2013 թվականին ունեցած ձեռքբերումների համար պարգևատրված աշակերտներին և խմբերին պարգևները հանձնեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Մարտիրոսյանը:

Միջոցառումը շարունակվեց քաղաքային զբոսայգում, որտեղ փոքրիկներին սպասվում էր հաճելի ժամանցը:

Տոնի կապակցությամբ քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հովանավորությամբ զբոսայգին սպասարկվում էր անվճար:

2014-05-19
Մանուկների տոն` միջազգային
Մայիսի 18-ին Դիլիջանի միջազգային դպրոցը հանդես եկավ հերթական հետաքրքիր նախաձեռնությամբ: Քաղաքի դպրոցների ստեղծագործող երեխաների համար կազմակերպվեց մանուկների տոն:

Այս անգամ նախաձեռնության հեղինակները միջազգային դպրոցի շինարարությունն իրականացնող ՌԴ «Քոնսթրաքշն Մենեջմենթ Արմենիա» ընկերությունն էր և «Իդեա» ֆոնդը:

Ծրագիրը հարուստ էր և բազմազան: Այն ներառում էր խաղեր, պարերի ուսուցում, երգի և ասմունքի կատարումներ, իսկ ամենաուշագրավ հատվածը թերևս «Երազանքների տուն» խորագրով մանուկների նկարչական աշխատանքների մրցույթն էր:

Միջոցառման համար հատկացված նորակառույց սրահներում հնչում էր երաժշտություն, փոքրիկները իրենց վառ երևակայությամբ նկարում էին, յուրաքանչյուրը փորձելով պատկերել իր երազանքների տունը:

Ընդհանուր խանդավառության մթնոլորտում ժյուրին ամփոփեց երեխաների աշխատանքները:

Գեղանկարների մրցույթում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված Վահե Ասատրյանին, Զինա Դանիելյանին և Գոռ Հակոբյանին մրցանակները և խրախուսական նվերները հանձնեցին միջազգային դպրոցի ծրագրի տնօրեն Դմիտրի Լետովը, ընկերության և «Իդեա» ֆոնդի պատասխանատուները:

Տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված երեխաները նույնպես արժանացան խրախուսական նվերների:

Նվերները շատ բազամզան էին` սկսած նոթբուքից, պլանշետից, բջջային հեռախոսից մինչև խաղալիքներ:

Վերջում փոքրիկներին սպասում էր քաղցրավենիքներով և անուշեղենով սեղանը:


2014-04-25
Հարգանքի տուրք` Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի 99- ամյա տարելիցի կապակցությամբ հարյուրավոր դիլիջանցիներ հուշարձանային համալիրում հարգանքի տուրք մատուցեցին 1915 թ. Օսմանյան կայսրությունում կազմակերպած ցեղասպանությանը զոհ դարձած մեկուկես միլիոն հայ անմեղ զոհերի հիշատակին:

Արարողությանը մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, համայնքի ավագանու անդամներ, քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, զինվորականներ, կրթամշակութային հաստատությունների կոլեկտիվներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ծաղիկներ և ծաղկեպսակներ դրվեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան- խաչքարին:

Հիշատակի արարողությանը ոգեկոչման կարգ կատարեց Հաղարծնի վանահայր` տեր Արիստակես վարդապետ Այվազյանը:


2014-04-18
«Մեկնարկեց «Դիլիջանի զարգացման հիմնադրամը»
Ապրիլի 17-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպվեց
UWC Դիլիջան քոլեջի և Դիլիջանի զարգացման հիմնադրամի գործունեության մեկնարկի շնորհանդեսը:
Ներկաներին ջերմորեն ողջունեց և արգասաբեր գործունեություն մաղթեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
Իր ելույթում քաղաքապետը նշեց, թե ինչպիսի մեծ ազդեցություն է ունենալու միջազգային դպրոցը քաղաքի , կրթամշակութային և սոցիալ- տնտեսական տարբեր ոլորտների զարգացման գործում և հույս հայտնեց, որ ՙԴիլիջանի զարգացման հիմնադրամի» գործունեությունը մեծապես նպաստելու է քաղաքի զարգացման խնդիրների արագ և համակարգված լուծմանը:
«Դիլիջանի զարգացման հիմնադրամի» նպատակների և խնդիրների համառոտ ներկայացմամբ հանդես եկավ միջազգային դպրոցի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:
Հիմնադրամի ծրագրերը ըստ ոլորտների ներկայացրեց հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանը:
Շնորհանդեսին անդրադարձ եղավ նաև միջազգային դպրոցի կոնցեպցիայի և քաղաքի հետ ինտեգրման հարցերին, որոնց վերաբերյալ հանգամանալից ելույթ ունեցավ դպրոցի հիմնադիր տնօրեն Ջոն Փադըֆութը:
Միջոցառմանը մասնակցում էին քաղաքի կրթամշակութային հիմնարկությունների աշխատակիցներ, արվեստագետներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Շնորհանդեսին մասնակցում էր և ելույթ ունեցավ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

2014-04-16
Մասնագիտությունների օր Դիլիջանում 2014
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ 2014
Վայրը՝ Դիլիջան քաղաքի ՀՀ ԿԲ «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի 2-րդ հարկի սրահ (նախկին գրադարանի շենք)
Հարգելի՛ աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ,
Եթե դպրոցական եք, մտածում եք՝ ինչ մասնագիտություն ընտրել, եթե ծնող եք կամ ուսուցիչ, մտահոգված եք Ձեր երեխայի կամ աշակերտի մասնագիտության ընտրության հարցերով, չգիտեք ինչպես օգնել նրան՝ չիտակցված կատարելու իր ապագայի հետ կապված այս կարևոր որոշումը, ապա այս նախաձեռնությունը Ձեզ համար է․
այցելե՛ք «Մասնագիտություններ օր Դիլիջանում» միջոցառմանը։
Այստեղ Ձեզ խորհրդատվություն կտան մասնագետները, կստանաք
տեղեկատվություն Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակալավրական և մագիստրոսական ծրագրերի մասին՝ խնայելով Ձեր ժամանակը և միջոցները։
Սիրով սպասում ենք
Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն ՊՈԱԿ

2014-04-11
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2014թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 18-ը ԱՍԲԱ հիմնադրամը հայտարարում է Դիլիջան Բնակարանային Համալիրում վարձակալությամբ բնակվող ցանկացողների դիմում-հայտերի ընդունում:
Դիմում հայտերի լրացման համար Դիլիջանի Բնակարանային Ռեգիստրում (http://www.base.asba.am) գրանցումը պարտադիր է:
Դիմում-հայտի ձևաթուղթը կարող եք ներբեռնել Դիլիջանի Բնակարանային Ռեգիստրի կայքից, իսկ լրացված դիմումները կարող եք հանձնել Դիլիջանի քաղաքապետարանում (համապատասխան բաժին) մինչև 2014թ. ապրիլի 18-ը ներառյալ:
Հարցերի դեպքում դիմել ԱՍԲԱ հիմնադրամին հետևյալ հեռախոսահամարներով`
(010)58-16-04, (095) 15 - 17-19

2014-04-03
01.01.2014թ. – 01.04.2014թ. ընկած ժամանկահատվածում քաղաքապետարանի կատարած աշխատանքները
Դիլիջան համայնքի 2014թ. բյուջեն մշակվել է` հիմք ունենալով համայնքի 2013-2016թթ. քառամյա զարգացման ծրագիրը:
2014թ. առաջին եռամսյակում տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ հավաքագրվել է 103000.0 հազ.դրամի եկամուտ։ Հաշվետու ժամանակաշրջանում եկամուտների հավաքագրումը կազմել է 119 տոկոս, ինչը հնարավորություն է տալիս համայնքում իրականացնել մեծածավալ աշխատանքներ:
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները: 12 անապահով ընտանիքների տրվել է դրամական օգնություն:
Յուրաքանչյուր նորածին երեխաների համար 15 ընտանիքի տրվել է միանվագ դրամական օգնություն:
Դիլիջան քաղաքում գործող «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար համայնքի բյուջեից յուրաքանչյուր ամիս ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն:
Հայրենական մեծ պատերազմի կին մասնակիցներին մարտի 8-ի կապակցությամբ տրամադրվել է դրամական օգնություն:
Շարունակվում է Երաժշտականա դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Սկսվել են Կալինինի փողոցի բազմաբնակարան բնակելի շենքերի պատուհանների և դռների փոխման և Գետափնյա փողոցի բնակելի շենքերի շքամուտքերի նորոգման աշխատանքները:
Իրականացվում է Մյասնիկյան փողոցի 1-ին նրբանցքից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի բարեկարգման և հենապատի կառուցման աշխատանքները։
Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում իր ենթակայության ենթակառույցների նյութատեխնիակական բազայի ամրապնդման ուղղությամբ:
Զգալի աշխատանքներ են իրակնացվել լուսավորության, աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման հանար։ Համայնքի աղբահանության աշխատանքները առողջարանային քաղաքին վայել կազմակերպեու նպատակով ձեռք են բերվել 2 աղբահավաք և 1 ինքնաթափ մեքենա: Պատվիրվել են 40 կենցաղային աղբամանների պատրաստման աշխատանքներ, որից 20 արդեն ձեռք են բերվել և տեղադրվել քաղաքի տարբեր հատվածներում։

2014-03-28
Հանդիպում հայ գրողների հետ
Մարտի 27-ին Հայաստանի գրողների միության կողմից անցկացվող «Մանկապատանեկան գրքի շաբաթի» հերթական հանգրվանը Դիլիջանն էր:
Գրողներին և մանկական պարբերականների խմբագիրներին` որոնց գլխավորում էր Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ընդունեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Նա ողջունելով ներկաներին, համառոտակի ծանոթացրեց քաղաքում իրականացվող խոշոր ծրագրերի ընթացքին: Հյուրերին հատկապես հետաքրքրում էր միջազգային դպրոցի հետ կապաված քաղաքաի հետագա զարգացման հեռանկարները:
Անդրադարձ եղավ նաև քաղաքի մշակութային անցյալին : Քաղաքապետը և հյուրերը հույս հայտնեցին, որ հաճախակի շփումների միջոցով կարելի է վերականգնել և ավելի զարգացնել քաղաքի մշակութային նախկին ավանդույթները:
Այնուհետև հյուրերը այցելեցին ավագ դպրոց, ուր կայացավ ջերմ հանդիպում դպրոցականների հետ: Դպրոցականները սիրով ունկնդրեցին սիրված մանկագիրների ստեղծագործությունները` հենց հեղինակների ընթերցմամբ:
Հանդիպման ընթացքում հայ գրողների կողմից մեծարանքի խոսքեր հնչեցին նաև հայ անվանի գրող Վախթանգ Անանյանի հասցեին: Ներկա էր նաև գրողին նվիրված աշխատությունների հեղինակ Լյուդվիգ Կարապետյանը:
Հանդիպման վերջում հեղինակները գրքեր նվիրեցին դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին:


2014-03-19
Հակասողանքային ծրագիրը գործողության մեջ
Հակասողանքային միջոցառումները կենսական նշանակություն ունեն մեր քաղաքի համար, առավել ևս ներկա փուլում, երբ իրականացվում են խոշորամասշտաբ ծրագրեր:
Ակտիվ շինարարական փուլում են գտնվում «Արփա- Սևանշին» ԲԲԸ կողմից իրականացվող թունելախորշերի մաքրման և պատերի ամրացման աշխատանքները: Ինչպես տեղեկացանք ընկերության թունելային տեղամասի պետ Համլետ Մովսիսյանից, աշխատանքներն ընթանում են նախագծին համապատասխան և բարձր որակով: Աշխատանքներում ընդգրկված են շուրջ 100 թունելագործներ, որոնց մի մասը տեղացի կադրեր են: Աշխատանքներն ընթանում են առանց ընդհատման` 4 հերթափոխով:

2-րդ ուղեգծի շինարարությունը սկսվել է 2013թ-ին: Ընդհանուր երկարությունը կազմում է 673 գծամետր: Ներկա դրությամբ արդեն կառուցվել է 560 –ը: Այս հատվածում աշխատանքները կավարտվեն ամռանը:

Այժմ ընթանում են դրենաժային անցքերի հորատման, լցամղման, մակերևութային հորատանցքերի փորման աշխատանքներ:

Դիլիջանի սողանքային երևույթների ուսումնասիրությունը սկսվել է դեռևս 20-րդ դարասկզբին:

1937-38 թթ, ռուս գիտնական Դեմոխինը իր հետազոտության մեջ կոնկրետ նշել է շինարարության համար առավել նպաստավոր ոչ սողանքային հատվածները:

Առողջարանային ոլորտի ընդլայնման նպատակով 1971թ. ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի կողմից առաջադրանք է տրվել ՀԳԱ Երկրաբանական ինստիտուտին, Հայկ ԽՍՀ Երկրաբանական վարչությանը և Հիդրոնախագիծ ինստիտուտին, կատարել անհրաժեշտ հետազոտություններ Մեծ Թալա հատվածում սահքի երևույթի վերաբերյալ և միջոցներ ձեռնարկել դրանք լիկվիդացնելու համար:

Մեծ Թալա հատվածը, ըստ հետազոտությունների, գտնվում է սահող մարմնի վրա, իսկ ռելեֆը բարդ է և ծածկված անտառներով:

Սողանքային հատվածը տեղակայված է Աղստև և Գոլովինկա գետերի աջափնյա լանջերի միջև:

1970-80-ականների ուսումնասիրությունները պարզել են, որ սահանքի հիմնական պատճառը գրունտների գերխոնավ և ջրհագեցած լինելն է և խնդիր է դրվել ցամաքուրդային համակարգի միջոցով կատարել ջրազրկում:

80-ական թվականներին սկսված թիվ 1 և թիվ 2 ուղեգծերի շինարարությունը (որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 2160 մետր) ժամանակին լիովին չի ավարտվել, իսկ 90-ականներից թունելախորշերը դադարել են գործելուց և միայն 2011թ. հատուկ նախագծով սկսվեցին վերականգնման աշխատանքները:

Նաատեսվում է թիվ1 և թիվ 2 ուղեգծերի թունելների միացման միջոցով ստեղծել հուսալի դրենաժային համակարգ, որը լավագույն երաշխիքն է լինելու քաղաքի կենտրոնական հատվածի հակասողանքային ծրագրի իրագործման գործում:


2014-03-07
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ
Սիրելի մայրեր, կանայք, քույրեր…
Քաղաքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի առթիվ, մաղթում եմ ձեզ անձնական երջանկություն և հետագա հաջողություններ ձեր իղձերի և նպատակների իրականացման գործում:
Մարտի 8-ը նաև լավ առիթ է կրկին մեր երեխտագիտությունն արտահայտելու մեր մայրերին, կանանց, որոնց դերը անգնահատելի է հայ ընտանիքի ամրության և մեր ազգային ավանդույթների պահպանման ու հաջորդ սերունդներին փոխանցման գործում:
Մենք քաջ գիտակցում ենք, այն սոցիալ- տնտեսական դժվարությունները, որոնց առկայության պայմաններում ավելի է դժվարանում ընտանիքի կարիքները հոգալու հայ կնոջ գործը և աշխատում ենք անել ամեն հնարավորը մեր ազգաբնակչության վիճակը բարելավելու ուղղությամբ:
Չկա մոր համար ավելի մեծ արժեք, քան իր զավակներին կրթելը, դաստիարակելը, նրանց ապագայի նկատմամբ վստահություն ունենալը:
Ուրախ եմ հավաստելու, որ մենք ապրելու ենք ավելի լավ Դիլիջանում: Սրանք լոկ լավատեսական ցանկություններ չեն, այլ պայմանավորված են մեր քաղաքի ներկա առաջընթացով:
Այս տարի սեպտեմբերին աշխարհի մի քանի տասնյակ երկրներից ժամանած 90 սովորողների առջև իր հյուըընկալ դռները կբացի միջազգային դպրոցը, որը մեծ հռչակ է բերելու ողջ Հայաստանին, նրան նորովի ներկայացնելով աշխարհի կրթական ոլորտում:
Մեր շնորհալի զավակները կարող են միջազգային չափանիշներով կրթություն ստանալ հարազատ քաղաքում: Գնալով ընդլայնվում են մեր պատանիների ու աղջիկների կրթական հնարավորությունները, ստեղծվում են նրանց ստեղծագործական կարողությունների զարգացման համար նոր կենտրոններ:
Արդեն իսկ ՙԳիտելիք հանուն զարգացման» կենտրոնը դարձել է մեր դպրոցականների ամենասիրած օջախներից մեկը;
Իր ակտիվ գործունեությունն է ծավալել ՙԱյբ» կրթական հիմնադրամը, որի միջոցներով ստեղծված Կենտրոնական դպրոցն ընդլայնվելով, էլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի մեր կրթական համակարգի համար:
Արդեն գործում է` ՀՀ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը, քաղաքում շարունակվում են ավելի ակտիվանալ ֆինանսաբանկային գործընթացները:
Մեզ մոտ իրականացվող խոշորամասշտաբ ծրագրերը բացի իրենց նշանակությունից, տևական ժամանակով հազարավոր աշխատատեղեր են ստեղծում մեր համաքաղաքացիների համար, իսկ արդեն գործող հիմնարկություններում մասնագիտական աշխատանքով ապահովվում են մեր շատ երիտասարդ կադրեր:
Առաջընթացն ակնառու է նաև առողջապահության ոլորտում: Արդեն մեկ տարուց ավելի է քաղաքում գործում է մարզային նշանակության, ամենաժամանակակից սարքավորումներով կահավորված ՙՏավուշ» ախտորոշիչ կենտրոնը: Միջոցներ են ձեռնարկվում ՙԴիլիջան» բժշկական կենտրոնի նյութատեխնիկական բազայի արդիականացման և, սպասարկման որակի բարելավման ուղղությամբ:
Սիրելի կանայք, հուսով եմ, որ ինչպես միշտ, մեր քաղաքի զարգացման այս կարևոր փուլում ևս դուք կունենաք ձեր արժանի ներդրումը:
Կրկին շնորահովորում եմ բոլորիդ, մաղթում նորանոր հաջողություններ:

2014-02-26
Քաղաքի շինարարական ռիթմը
Վերջին տարիներին քաղաքում իրականացվող մեծամասշտաբ ծրագրերի պայմաններում Դիլիջանը դարձել է մի մեծ շինհրապարակ: Օրերս այցելեցինք Շամախյան թաղամաս` տեղում ծանոթանալու այստեղ իրականացվող աշխատանքներին: Թաղամասը նորովի է ներկայանում այցելուներին` իր ժամանակակից քաղաքաշինական տեսքով` կանոնավոր կերպով բարեկարգված փողոցներով և մայթերով, ճարտարապետական ամբողջական լուծումներով կառուցված հատվածներով: Նախորդ 2 տարիներին այստեղ կառուցվել են 150 երկհարկանի գեղեցիկ քոթեջներ` փակ լողավազանով, սպորտային մասնաշենքով, սրճարաններով, հանրախանութով և այլ օժանդակ շինություններով: Ներկայումս իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացնում է իտալական «Ռենկո ԱրմԷստեյտ» ընկերությունը, որում մեծ թիվ են կազմում տեղացի շինարարները: Վ. Անանյանի անվան թիվ 5 դպրոցի հարևանությամբ «Այբ» կրթական հիմնադրամի միջոցներով կառուցվում է կրթական համալիր, որտեղ տեղափոխվելու է ժամանակավորապես ՀՀ Կենտրոնական բանկի ուսումնամեթոդական կենտրոնում իր ուսումնական պարապմունքներն անցկացնող Կենտրոնական դպրոցը:: Թաղամասի մեկ այլ հատվածում ընթանում է ԱՍԲԱ –ի` մատչելի բնակարանաշինության ծրագրով իրականացվող շինարարությունը: Առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2015-ին, սակայն արդեն 2014- ընթացքում մի քանի տասնյակ ընտանիքներ կարող են ապահովվել մատչելի բնակարաններով: Զարգացման Եվրոպական Բանկի և ՀՀ կառավարության հետ համատեղ «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում մեկնարկել է Շամախյան թաղամասի ողջ ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները: Կառուցվում է նոր պոմպակայան, ջրամբարներ: Ծրագրի շրջանակներում մասնակիորեն փոխվում են նաև որոշ կոյուղագծեր: Դիլիջանի քաղաքապետարանի կողմից հետևողական աշխատանք է տարվում ոչ միայն տեղացի շինարարներին լայնորեն աշխատանքներում ընդգրկելու ուղղությամբ, այլև այդ օբյեկտների գործարկվելուց հետո ֆունկցիոնալ առումով ազգաբնակչության ակտիվ ներգրավման, հատկապես երիտասարդ մասնագետ կադրերին հիմնական աշխատանքով ապահովելու համար:

2014-02-01
Շարունակվում է ընդունելությունը «UWC Դիլիջան» միջազգային դպրոց եւ UWC քոլեջների ցանց
Շարունակվում է ընդունելությունը «UWC Դիլիջան» միջազգային դպրոց եւ UWC քոլեջների ցանց` 2014-2016թթ. համար: 2014 թ. սեպտեմբերին «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը իր դռները կբացի առաջին 90 աշակերտների առջեւ: Այս տարի UWC համակարգում կարող են ուսանել Հայաստանի 17 քաղաքացիներ` 10-ը «UWC Dilijan միջազգային դպրոցում» եւ 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում: «UWC Dilijan» միջազգային դպրոցում եւ UWC այլ դպրոցներում սովորելու հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք 2014թ. օգոստոսի վերջի դրությամբ կլինեն 16 տարեկան, բայց ոչ ավելին, քան 18 տարեկան: Բոլոր ցանկացողները կարող են հայտադիմումը լրացնել www.am.uwc.org կայքի միջոցով: Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է 2014թ. փետրվարի 17-ին: 2014թ. մարտին իրականացվելու է դիմորդների ընտրության գործընթացը: Քանի որ դասավանդումը դպրոցում լինելու է անգլերեն լեզվով, դիմորդները պետք է բավարար չափով տիրապետեն անգլերեն լեզվին: Ընդունելության հայտում աշակերտները հնարավորություն ունեն հերթականությամբ նշել UWC այն դպրոցների ցանկը, որտեղ ցանկանում են սովորել։ Ընդունելությունը կազմակերպվում է անկախ մարմնի` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի կողմից: Կոմիտեն կազմավորվում է UWC-ի կողմից, դրանում ընդգրկվում են նաեւ UWC դպրոցների շրջանավարտներ: Ընդունելության մասին վերջնական որոշումը կայացվում է «UWC Dilijan» միջազգային դպրոցի կողմից` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Ընտրությունը UWC-ի դպրոցներում կատարվում է բացառապես մրցակցային հիմունքներով, եւ առավելությունը տրվում է տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին՝ անկախ նրանից, թե ի՞նչ ծագում ունեն: Ընտրության այդպիսի համակարգը թեկնածուներին ընձեռում է հավասար հնարավորություններ՝ անկախ նրանց ազգությունից, դավանանքից, լեզվից ու ծնողների ֆինանսական կարողությունից, եւ թույլ է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող, սոցիալապես ակտիվ եւ ստեղծագործ մարդկանց, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ: UWC համակարգում դասավանդվում է Միջազգային Բակալավրիատի (IB) դիպլոմա ծրագիրը, որն հետագայում աշակերտներին հնարավորություն կընձեռի ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում: «UWC Dilijan» միջազգային դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ $30 հազար, սակայն աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: UWC համակարգի տարբեր դպրոցներ առաջարկում են ուսման տարբեր պայմաններ: Օրինակ, Սինգապուրի UWC դպրոցը պատրաստ է մեկ տեղ հատկացնել հայաստանցի դիմորդի համար եւ ապահովում է նրա ուսման հետ կապված բոլոր ծախսերը: Կլինեն դեպքեր, երբ UWC դպրոցները տեղեր կտրամադրեն առանց կրթաթոշակի եւ այդ դեպքում դիմորդը ինքնուրույն պետք է հոգա այդ ծախսը: Բացառիկ տաղանդավոր երեխաների դեպքում «UWC Dilijan» միջազգային դպրոցի հիմնադիրները կարող են միանալ հովանավորներ ներգրավելու գործին:


www.Lragir.am

2014-01-09
ՀՀ քաղաքներում հիմնական խնդիրն աշխատատեղերն են. քաղաքապետներ
Հայաստանի մի քանի քաղաքների քաղաքապետներ, Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով 2013 թվականը և խոսելով 2014 թվականից իրենց սպասելիքների մասին, ասում են, որ հիմնական խնդիրը համարում են աշխատատեղերի հարցը, իսկ 2014 թվականից բավական մեծ ակնկալիքներ ունեն:

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն ասաց, որ 2013 թվականին քաղաքի բյուջեն կատարել են 100 տոկոսով՝ և՛ բյուջետային, և՛ ծախսային մասով: Աշխատավարձերի պարտքեր չունեն:

«Կան ձեռքբերումներ, սոցներդրումներ հիմնադրամով մանկապարտեզներ նորոգեցինք, ասֆալտապատ ճանապարհների, տանիքների հիմնանորոգում եղավ»,-ասաց Հակոբ Շահգալդյանը:

Ըստ քաղաքապետի՝ հետընթացն այն է, որ բնակիչների սոցիալական վիճակը վատ է, աշխատատեղերի խնդիր կա. «Այս տարի այստեղ բացվեց մեկ հզոր գործարան «Ասկե գրուպը», որը մոտ 300 աշխատատեղ ապահովեց բարձր աշխատավարձով, բայց մեր քաղաքն արտադրության հիմքի վրա դրված քաղաք է, ուրիշ զբաղմունք չկա այստեղ: Սեփական տներ չկան, հողամասեր չկան, որպեսզի բնակիչները գյուղատնտեսությամբ զբաղվեն»։

Չարենցավանի քաղաքապետը նաև նշեց, որ դրանից ելնելով էլ իրենց բնակիչների սոցիալական վիճակը մի քիչ վատ է, և ստիպված՝ գնում են արտագնա աշխատանքի:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ մոտ ապագայում էլի գործարաններ բացվեն Չարենցավանում, Հակոբ Շահգալդյանը պատասխանեց, որ արտասահմանից ներդրողներ կան և ջերմոցային տնտեսություն են ուզում կառուցել, որտեղ մոտ 100 մարդ կաշխատի:


«Ցանկանում եմ, որ 2014 թվականը մեր ժողովրդի համար լավագույն տարիներից մեկը լինի, գոնե ժողովրդի սոցիալական խնդիրները լուծվեն: Ինձ թվում է, որ 2014-ը բեկումնային տարի է լինելու մեր ժողովրդի համար»,- եզրափակեց Հակոբ Շահգալդյանը:

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ասաց, թե իր ղեկավարած քաղաքում անելիքները շատ են, ինչպես մյուս քաղաքներում: Բայց ամենակարևոր խնդիրներից մեկը, որի լուծումն ընթացքի մեջ է, թռչնաբուծական ֆաբրիկայի կառուցումն է, որը 250 աշխատատեղ կստեղծի բնակիչների համար:

«Մենք ծրագրել էինք քաղաքի վարպետների համար արհեստանոց ստեղծել, արհեստները ֆինանսավորել, բայց այն մի փոքր ուշացավ, սակայն չձախողվեց, հետաձգվեց մինչև մայիս ամիս»,- ասաց Գագիկ Սահակյանը՝ հավելելով, թե շատ մեծ ակնկալիքներ ունեն 2014 թվականից՝ նախևառաջ հույսները դնելով իրենց քաղաքի բյուջեի վրա:


Սպիտակի քաղաքապետն ասաց նաև, որ Մաքսային միության հետ էլ են որոշ հույսեր կապում:


«Համոզված եմ, որ եթե Ռուսաստանի հետ ազատ մաքսային ելումուտ ունենանք, բնական է, որ ներմուծվող շատուշատ ապրանքներ առնվազն 20%-ով կէժանանան: Դա արդեն լավ է բոլորիս համար: Կարծում եմ, որ արտագնա աշխատանքի մեկնողներն առանց արգելքի կմեկնեն: Եթե ազատ տնտեսական գոտի լինի, եթե Ռուսաստանում աշխատանք կա, ապա այդ աշխատանքը կտեղափոխվի նաև Հայաստան»,– ասաց նա:


Գագիկ Սահակյանն ասաց, թե շատ լավատեսորեն է տրամադրված, որ Մաքսային միությունը միայն դրական արդյունք կունենա բոլորիս համար:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը որպես ձեռքբերում նշեց այն, որ Կենտրոնական բանկն իր հիմնական ծրագիրն արդեն ավարտել է, մեծ քանակությամբ աշխատատեղեր են բացվել քաղաքում:

«Միջազգային դպրոցը ևս շատ լավ, ծավալուն աշխատանքներ է իրականացնում: Պետեկամուտների կոմիտեն նույնպես շարունակում է իր գործունեությունը, ներդրումներ են կատարվում քաղաքում: Ջրագծերի և կոյուղագծերի կառուցումը ևս խոշոր ձեռքբերում եմ համարում, ծրագիրն արդեն մեկնարկել է, վատ եղանակային պայմանների պատճառով աշխատանքներն այս պահին դադարեցվել են, գարնանը նույն տեմպերով կշարունակվեն»,- ասաց Դիլիջանի քաղաքապետը:


Արմեն Սանթրոսյանի խոսքով՝ քաղաքային տրանսպորտի և աղբահանության հարցն է մնում քաղաքի խնդիրների ցանկում. «Մանավանդ՝ ամռան ամիսների ընթացքում մեծ քանակությամբ աղբ է կուտակվում, որովհետև զբոսաշրջիկների այցով պայմանավորված՝ այդ ամիսներին բնակչության թիվը կրկնապատկվում է, և մեծ խնդիր ունենք այդ առումով: Հուսով եմ, որ այս տարվա ընթացքում և՛ աղբատար մեքենաների ձեռքբերման, և՛ տրանսպորտի հարցը կկարողանանք կարգավորել»,- ասաց նա։Դիլիջանի քաղաքապետը համոզմունք հայտնեց, որ 2014 թվականը քաղաքի համար բեկումնային տարի է լինելու, որովհետև սեպտեմբերին բացվելու է միջազգային դպրոցը, ինչը դրական արդյունք է ապահովելու Դիլիջանի համար:



http://www.tert.am/am/news/2014/01/08/mayors/


2013-12-28
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի Սուրբ Ծննդյան առթիվ
Հարգելի համաքաղաքացիներ .

Քաղաքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ Ձեզ անձնական երջանկություն և արգասաբեր աշխատանքային գործունեություն: Թող նոր` 2014 թվականը լինի բոլորիս հույսերի և նպատակների իրականացման տարի: Մենք Ձեզ հետ միասին լուրջ ակնկալիքներ ունենք 4014-ին: Դիլիջանում իրականացվող ծրագրերը, ոչ միայն իրենց մասշտաբներով, այլև իրենց նշանակությամբ մեծապես նպաստելու են մեր քաղաքի տարբեր ոլորտների արագ և դինամիկ զարգացմանը, նրա համբավի էլ ավելի մեծացմանը: Արդեն գործում է ՀՀ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը, Դիլիջանում են կազմակերպվում տարածաշրջանային և հանրապետական նշանակության բիզնես ֆորումներ, ինչպես նաև ավելի է մեծանում մեր քաղաքին ցուցաբերվող ուշադրությունն ու աջակցությունը: Կենտրոնական բանկի ՙԳիտելիք հանուն զարգացման» կենտրոնում ընդգրկված են շուրջ 200 դպրոցակններ: Հոկտեմբերից սկսեց գործել Կենտրոնական բանկի և Այբ հիմնադրամի համագործակցությամբ ստեղծված Կենտրոնական դպրոցը, որը նույնպես հանրապետության եզակի կրթօջախներից է: Ընդլայնվում է քաղաքի առողջապահական ոլորտը: Արդեն շուրջ մեկ տարի է գործում է մարզային նշանակության ՙՏավուշ» ախտորոշիչ կենտրոնը: Հաջորդ տարի ձեզ հետ միասին ներկա կլինենք միջազգային դպրոցի բացմանը: Բացի այն հպարտությունը, որ մեր քաղաքում է գործելու աշխարհի նմանատիպ 10 լավագույն կրթօջախներից մեկը և մեր աշակերտները ևս հնարավորություն են ստանալու հարազատ քաղաքում ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, ծրագիրն իր մեծ մասշտաբայնությամբ և ընդգրկումով լոկոմիտիվի դեր է կատարելու մեր քաղաքի զարգացման գործում և արդեն իսկ, այն կարևոր գործոն է մեր զարգացման բոլոր կանխատեսումներում: Քաղաքի զարգացումը մեծապես նպաստելու է նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի նվազեցմանը: Մենք նոր` 2014թ-ին կանենք հնարավորը թեթևացնելու Ձեր հոգսերը և համոզված եմ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի լուծել մեր առջև դրված կարևոր խնդիրները և նոր առաջընթաց արձանագրել ինչպես քաղաքի զարգացման, այնպես էլ մեր ապրելակերպի բարելավման ուղղությամբ: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ` մաղթում նորանոր հաջողություններ:

2013-12-28
ՙՏարվա Քաղաքապետ»
ՙԴե ֆակտո» հեղինակավոր ամսագիրը ՙՏարվա Քաղաքապետ» է ճանաչել Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին: Ամսագրի հրապարակման համաձայն` նա այդ գնահատանքին է արժանացել Դիլիջանի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի և 2013թ. ընթացքում քաղաքում իրականացված աշխատանքների ու բարեփոխումների համար:

2013-12-27
Արժանացել են շնորհակալագրերի
2013 թվականի արդյունքներով` իրենց ծառայողական պարտականությունների կատարման գործում աչքի ընկած մի խումբ աշխատակիցներ արժանացել են քաղաքապետարանի շնորհակալագրերի: Դեկտեմբերի 28-ին քաղաքապետարանում կազմակերպած ընդունելության ընթաքում Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հանձնելով շնորհակալագրերը, նրանց մաղթեց հետագա աշխատանքային հաջողություններ:



Նորածինների մայրերի ընդունելություն




Դեկտեմբերի 28-ին քաղաքապետարանում նորածինների մայրերի հերթական ընդունելությունն էր: Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը ջերմորեն շնորհավորելով մայրերին երեխաների ծննդյան և գալիք տոների կապակցությամբ` նրանց հանձնեց քաղաքապետարանի կողմից սահմանված հատկացումը: Դրամական աջակցություն ստացան 32 նորածինների ծնողներ: Ընդունելությանը մասնակցում էին քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:



2013-12-25
Ռումինիայի դեսպանի այցը
Դեկտեմբերի 24-ին Դիլիջան այցելեց Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեն: Պատվարժան հյուրին քաղաքապետարանում ընդունեցին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը և քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցները: Այցելությունը պայմանավորված էր ոչ միայն քաղաքում իրականացվող խոշորամասշտաբ ծրագրերին ծանոթանալու դեսպանի ցանկությամբ, այլև Դիլիջան և Ռոման քաղաքների միջև առկա բարեկամական կապերի հանգամանքով: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը դեսպանին համառոտակի ներկայացրեց քաղաքում իրականացվող ծրագրերի ընթացքի և հեռանկարների մասին: Օգտվելով առիթից նա իր երախտագիտությունն արտահայտեց նախորդ տարի Ռոման այցելած Դիլիջանի պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Դեսպանը խիստ տպավորված էր Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարության տեմպերից և մասշտաբից: Զրույցի ընթացքում կողմերը կարևորեցին այն դերը, որ խաղալու են միջազգային դպրոցն ու ՀՀ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը քաղաքի զարգացման գործում: Երկու երկրների փոխգործակցության մեջ կարևորվեց տուրիզմի դերը դիտարկվելով առկա հարուստ ռեսուրսները: Անդրադարձ եղավ նաև առողջապահական ոլորտում համագործակցության հեռանկարին` նկատի առնվելով Դիլիջանի առողջարանային բնական ռեսուրսներն ու առողջապահական ներկա հնարավորությունները:

2013-12-25
2013թ. քաղաքապետարանի կատարած աշխատանքների մասին
2013թ. ընթացքում հավաքագրվել է 315000.0 հազ.դրամի եկամուտ, ինչն ուղղվել է համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Համայնքային ենթակայության 13 ոչ առևտրային կազմակերպությունների, քաղաքապետարանի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի, աղբահանության և սանիտարական մաքրման, ինչպես նաև լուսավորության սպասարկման բնագավառներում ֆինանսավորումները կատարվել են ժամանակին` ծրագրով նախատեսված ծախսերին համապատասխան:
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները: Շուրջ 90 անապահով ընտանիքների տրվել է դրամական օգնություն:
Յուրաքանչյուր նորածին երեխաների համար 200 ընտանիքի տրվել է միանվագ դրամական օգնություն: 220 անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարը ապահովել է քաղաքապետարանը, այդ նպատակով հատկացվել է 875.1 հազ. դրամ: Քաղաքային համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկությունների թվով 178 աշխատողների տրվել է ֆինանսական աջակցություն հերթական բժշկական ստուգումների անցկացման նպատակով:
Դիլիջան քաղաքում գործող «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար համայնքի բյուջեից յուրաքանչյուր ամիս ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն: Համայնքը փոխհատուցել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող թվով 22 երեխաների և նրանց ուղեկցող ծնողների տրանսպորտային ծախսերը:
Կազմակերպվել է հիշատակի արարողություն և ծաղկեպսակներ են դրվել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարին:Մայիսի 9-ին`Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ և Շուշիի ազատագրման 21-ամյակի կապակցությամբ կազմակերպվեց միջոցառում, հազարավոր դիլիջանցիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհվածների հիշատակին:Հայրենական պատերազմի մասնակից վետերաններին տրամադրվեց դրամական օգնություն: Գույքահարկի գծով Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվել է արտոնություն:
Դիլիջանի համայնքային ենթակայության նախադպրոցական հիմնարկությունների և «Հույսի կամուրջ» Հ/Կ հաճախող թվով 621 երեխաների Ամանորի միջոցառման համար ձեռք են բերվել և տրվել նվերներ: Նախադպրոցական հիմնարկների ավագ նախադպրոցական խմբեր հաճախող թվով 178 երեխաներ համար ձեռք է բերվել և տրվել նվերներ: Դիլիջան քաղաքի դպրոցների առաջին դասարան հաճախող թվով 230 երեխաների համար սեպտեմբերի 1-ի կապակցությամբ տրամադրվել է նվերներ:
Քաղաքի մանկապարտեզներում և գեղարվեստի դպրոցներում ներդրվել է վարձավճարի զեղչերի համակարգ: Մանկական երաժշտական դպրոցում իրականացվում է անվճար ուսուցում, որն ապահովելու համար քաղաքապետարանը տարեկան հատկացնում է շուրջ 10 միլիոն դրամ:
Գարնանային և աշնանային զորակոչով ՀՀ Զինված ուժերում ծառայության մեկնող զորակոչիկների տրվել են նվերներ:
Կազմակերպվել է Ամանորի տոնական միջոցառում:
Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում իր ենթակայության ենթակառույցների նյութատեխնիակական բազայի ամրապնդման ուղղությամբ: «Քաունթերփարթ Ինթերնեշնլի» «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության» ծրագրի շրջանակներում «Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի համար ձեռք է բերվել գույք և կազմակերպել վերապատրաստում մանկավարժական անձնակազմի և ծնողական խմբերի համար` ներգրավելով համայնքում գործող ՀԿ-ներին: ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան կազմակերպության հետ համատեղ իրականացվում է «Դիլիջանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ շենքի վերանորոգման աշխատանքները: Դիլիջանի քաղաքային զբոսայգին նոր սեզոնին նախապատրաստելու, ինչպես նաև բնակիչների ակտիվ հանգիստը առավել հարմարավետ և անվտանգ դարձնելու նպատակով իրականացվել է զբոսայգու խաղային ատրակցիոնների վերանորոգման աշխատանքներ: Դիլիջան համայնքի մշակույթի տան «Հովք» պարային համույթի համար ձեռք է բերվել հանդերձանք:
Ներհամայնքային ենթակայության ճանապարհների ասֆալտապատման համար հատկացվել է 72000.0 հազար դրամ: Շահումյան, Կալինինի, Մյասնիկյան, Գետափնյա փոզոցներում կատարվել է փողոցների մայթերի հիմնանորոգման, կանաչապատման և գազոնների վերականգնման աշխատանքներ, ինչի համար հատկացվել է 12000.0 հազ.դրամ:
Վերակառուցվել են Աղայան փողոցի թիվ 4 հասցեի տանը հարակից հենապատը. Իրականացվել է քաղաքի ներհամայնքային նշանակության Իվանովո, Օրջոնիկիձե, Շահումյան 3-րդ նրբ., ՈՒսանողական փողոցները և քաղաքային հիվանդանոցի հարակից տարածքի, Ուսանողական փ.2-րդ նրբ.թիվ 62 տնից մինչև Սայաթ-Նովա փ.ավտոտր.երթ.մասի ավտոտրանսպորտի երթևեկելի մասի փոսային նորոգման, Կամարինի փողոցի թիվ 25 հասցեի տանն հարակից հենապատի վերակառուցման և Կամարինի փողոցի թիվ 1 տնից մինչև Կամարինի թիվ 19 տունն ընկած հատվածի ավտոտրանսպորտի երթևեկելի մասի փոսային նորոգման, Ուսանողական փ.2-րդ նրբ.թիվ 62 տնից մինչև Սայաթ-Նովա փողոց ավտոտրանսպորտի երթևեկելի մասի բետոնացման աշխատանքներ, ինչպես նաև Գետափնյա ձախ փողոցի վերջնահատվածում գտնվող հեղեղատարի և Սայաթ-Նովա 24 և Սայաթ-Նովա 26 հասցեների բնակելի տներին հարակից հեղեղատարի մաքրման աշխատանքներ: Գետափնյա փ. 68,70,72,74,76,78,80,82,84,86,88,90 և Կամո փ. 72,74 հասցեների բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի պատուհանների և դռների հիմնանորոգման աշխատանքների համար:
Դիլիջանի քաղաքային համայնքում կատարվել է 100 շենքերի համարակալում, տեղադրվել են ճանապարհային նշաններ, լուսաֆորներ, կատարվել է փողոցների նշագծում:
Զգալի աշխատանքներ են իրակնացվել լուսավորության, աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման, այն առողջարանային քաղաքին վայել կազմակերպեու ուղղությամբ: Դիլիջան քաղաքի տարբեր մասերում տեղադրվել են թվով 20 կենցաղային շարժական մետաղակ աղբամաններ: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, միջազգային կազմակերպության հետ համատեղ 300 լուսավորության սյան լուսատուներ փոխարինել են էներգախնայողական լուսատուներով: Անդրանիկի թաղամասի որոշ հատվածներում կատարվել է փողոցային լուսավորության ցանցի վերակառուցման աշխատանքներ:
Քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ ուշադրություն է ցուցաբերվում սպորտի զարգացմանը : Մարզահամալիրի սաները մասնակցել են մ շարք հանրապետական մրցումների: Հունիսի 15-28 –ը Դիլիջանի երկրագիտական թանգարանում անցկացվեց ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ շրջափուլը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ աշխարհահռչակ շախմատիստ Գատա Կամսկին միաժամանակյա սեանս կաղաց մարզի 45 պատանի շախմատիստների հետ:
Զգալի գործունեություն է ծավալվել քաղաքի երիտասարդական կյանքն ակտիվացնելու, երիտասարդական ներուժը համախմբելու ուղղությամբ: Քաղաքի երիտասարդների ու ՏԻՄ միջև համագործակցությունը ընդգրկել է մի շարք ոլորտներ, որոնց թվում բնապահպանություն, տեղեկատվության բարձրացում, քաղաքաշինություն, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլն:


2013-12-23
ՈՒրախ հանդիպումներ
Տարեմուտի նախօրյակին Դիլիջանի միջազգային դպրոցը հանդես եկավ հերթական գեղեցիկ նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 21-ից 23-ը Դիլիջանի արվեստի պետական քոլեջում` մեր քաղաքի կրտսեր դպրոցականների և մանկապարտեզի սաների համար կազմակերպվեցին տոնածառի հանդեսներ: Փոքրիկ հանդիսատեսները մեծ հետաքրքրությամբ դիտեցին «Միմի» ստուդիայի և Թումանյանի տիկնիկային թատրոնի կողմից բեմադրված «Մադագասկար» և «Արտուտիկը երկիր մոլորակում» ներկայացումները: Միջոցառմանը մասնակցում էին 1800 երեխաներ, որոնք ստացան ամանորյա նվերներ:

2013-12-16
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահները Դիլիջանում
Դեկտեմբերի 14-16-ը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, երկու երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ և ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Դեկտեմբերի 14-ն` առաջին նիստից հետո, երկու երկրների պատվիրակությունները եղան Դիլիջանում, այցելեցին Ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Միմինո» արձանախումբ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին արվեստի նշանավոր գործիչներին: Պատվիրակությունների դիմավորման արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, հանրության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

2013-11-19
Ցուցահանդեսներ ժողարվեստի թանգարանում
Դիլիջանյան ներշնչանքով ու բարձր վարպետույթամբ

Օրերս Երևանի ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում բացվեց գեղանկարիչ, թանգարանի տնօրեն Գևորգ Մակվեցյանի ստեղծագործույթունների ցուցահանդեսը: Ներկայացված հարուստ ցուցադրության մեջ իր ուրույն տեղն է գրավում դիլիջանյան թեման` պատկերված մեծ ներշնչանքով ու վարպետությամբ:
Այցելուներին անմիջապես գրավում են գեղատեսիլ «Պարզ լճի» հայելանման արտացոլանքի պատկերը, հայրենի անտառի թովչանքն ու ողջ գրավչությունն արտահայող կտավները: Ցուցադրութան մեջ առանձնահատուկ տեղ են գրավում նատյուրմորտները:
Ընթացիկ տարում սա արդեն թվով 13-րդ ցուցահանդեսն է և այն իր հարուստ թեմատիկայով ու բարձրարվեստ արտահայտչականությամբ մեծ բավականություն է պատճառում Դիլիջանի արվեստասեր հասարակությանը:
Թանգարանն իր աշխատանքներում հատուկ տեղ է հատկացնում ցուցահանդեսների կազմակերպմանը, սերտորեն կապված է գեղարվեստի դպրոցի, «Հույսի Կամուրջ» և այլ հասարակական կազմակերպությունների հետ, սիրով ցուցասրահը տրամադրում է համապատասխան ցուցադրությունների կազմակերպման համար:

Ճապոնական կիրառական արվեստի ցուցադրություն

Նոյեմբերի 16-ին ժողարվեստի թանգարանում բացվեց Միջազգային գիտական կենտրոնի հոգեբանության բաժնի ուսանող Արմինե Ազիզբեկյանի աշխատանքների ցուցահանդեսը: Հեղինակը ներկայացրել էր ավելի քան 50 աշխատանքներ, մեծամասամբ թղթից` ճապոնական ավանդական օրիգամիի (բառացի` թուղթ ծալել) մեթոդով: Բացի դրանից ցուցադրված էին նաև նուրբ կտորե ժապավեններով պատրաստված գործեր և հելյունագործության նմուշներ:
Արմինե Ազիզբեկյանը, որպես կիրառական արվեստի այս ճյուղի ներկայացուցիչ արդեն իսկ ունի բավականին փորձառություն և ճանաչում: Սա հեղինակի թվով 6-րդ ցուցահանեսն է: Նա ցուցադրություններ է ներկայացրել տարբեր ցուցասրահներում, այդ թվում` Երևանի քաղաքապետարանում , Մոսկվայի տանը և այլ:
Ճապոնական կիրառական արվեստի այս տեսակը սկիզբ է առել 17-րդ դարում, սակայն նոր է սկսել ճանաչում ստանալ Հայաստանում: Դիլիջանում դրա ցուցադրումը հաճելի նորություն էր միջոցառման մասնակիցների համար: Ցուցահանդեսի բացմանը` բարձրաճաշակ և հետաքրքիր ստեղծագործությունների հեղինակին իրենց դրվատանքի խոսքն ասացին թանգարանի տնօրեն Գևորգ Մակվեցյանը, գիտաշխատող Անահիտ Կարապետյանը, «Հույսի Կամուրջ» հկ-ի նախագահ Արմինե Գրիգորյանը, «Դիլնետ սերվիս» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, «Դիլիջան» արգելոց–թանգարանի գիտաշխատող Ռուզաննա Ասատրյանը և ուրիշներ:

2013-11-18
Արժեքավոր աշխատություն
Նոյեմբերի 15-ին երկրագիտական թանգարան-պատկերասրահի միջոցառումների սրահում կայացավ Հենրիկ Խառատյանի վերջերս լույս ընծայած «Նվիրյալ դիլիջանցիներ» գրքի շնորհանդեսը: Այս հատորով ամբողջական է դառնում հեղինակի տվյալ խորագրով եռահատոր կենսագրական բառարանը, որով նա ընթերցողին է ներկայացնում Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայտնի դարձած գիտության, մշակույթի, կրթության, առողջապահության և այլ բնագավառներում ժողովրդին և երկրին մատուցած ծառայությունների համար պատվավոր կոչումների և տիտղոսների արժանացած դիլիջանցի երախտավոր իր հայրենակիցներին: Եռահատոր կենսագրական բառարանում ընդգրկված են 120 անուններ:
Այս արժեքավոր գրքի լույս ընծայման առթիվ հեղինակին շնորհավորեցին և հետագա արգասաբեր գործունեություն մաղթեցին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանը և ուրիշներհիշատակելով նաև նրա մյուս աշխատություններն ու հոդվածները` դրվատանքի խոսքեր հնչեցնելով քաղաքի պատմության ուսումնասիրման գործում նրա ցուցաբերած ջանքերի և հետևողականության մասին:
Միջոցառմանը` հանդիսավար Անուշ Գրիգորյանը և ասմունքող Գայանե Գրիգորյանը հեղինակի կյանքն ու գրական գործունեությունը ներկայացնելուն զուգընթաց հատվածներ ընթերցեցին հեղինակի ստեղծագործությունների առավել ուշագրավ հատվածներից:
Հեղինակն իր շնորհակալական խոսքում նշեց, որ այսուհետև էլ մտադիր է ակտիվ գրական գործունեություն իրականացնել: Նա նաև իր երախտագիտությունն արտահայտեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելու համար:
Վաստակաշատ վետերանը քաղաքի և Հաղարծնի դպրոցներին ու երաժշտական դպրոցին նվիրեց օրինակներ իր գրքերից:
Միջոցառմանը մասնակցում էին Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, քաղաքապետարանի կրթության ոլորտի պատասխանատուներ, արվեստասերներ, հկ-ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

2013-11-12
Պարգևատրում
2013թ. նոյեմբերի 7-ին համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ ԳՈՀԱՐ ՀՐԱՆՏԻ ԴԱՎԹՅԱՆԸ պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով:

2013-11-04
Նվիրված էր Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին
Նոյեմբերի 1-3-ը Դիլիջանի մարզահամալիրում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի հուշամրցում` նվիրված Արցախյան ազատամարտում զոհված դիլիջանցի ազատամարտիկների հիշատակին: Հուշամրցմանը մասնակցում էին մայրաքաղաքից և հանրապետույթան տարբեր մարզերից ժամանած 206 պատանի ըմբիշներ:
Մրցամարտի մասնակիցները նախ երթով շարժվեցին հուշարձանային համալիր և ծաղկեպսակ դրեցին Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձանին: Մրցամարտի բացման արարողությանը մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Մարտիրոսյանը, ՙԿոնվերսբանկի» գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Հակոբյանը, քաղաքապետարանի կրթության և սպորտի պատասխանատուներ, մարզական ոլորտի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Միջոցառման հովանավորն էր ՙԿոնվերսբանկը»:
Դիլիջանից հուշամրցմանը մասնակցում էին 9 պատանի մարզիկներ, որոնցից 4-ը դարձան մրցանակակիրներ: Մարզադպրոցի սան Արտյոմ Ամիրխանյանը 50 կգ քաշային կարգում դարձավ մրցաշարի հաղթող, 58 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Հովսեփյանը և 63 կգ քաշային կարգում հանդես եկող Թելման Մարտիրոսայնը` գրավեցին երկրորդ տեղերը, իսկ 63 կգ քաշային կարգում հանդես եկած մեր մյուս մասնակիցը` Գարիկ Հովսեփյանը գրավեց 3-րդ տեղը: Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Թալոր Պետրոսյանը:


2013-11-04
«Ազգային գոհարները պետք է կուսական մնան»
Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի դիտարկումները

Օրերս լույս է տեսել Կոմիտաս, Հ. Ճանիկյան, Ս. Մելիքյան, Ռ. Աթայան, Ա. Ոսկանյան հեղինակախմբի «Ակնա ժողովրդական երգաշար» ժողովածուն՝ խտասալիկով: Այս ժողովածուն կոմպոզիտոր-երգիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի շուրջ 40 տարիներին խմբագրած, գեղարվեստական ձեւի բերած ու ձայնագրած աշխատանքն է:«Առավոտի» հետ զրույցում Արզաս Ոսկանյանն ասաց, որ ժամանակին ուսանող-կոմպոզիտորները հաճախակի շփումներ էին ունենում Երեւանի պետական կոնսերվատորիայի տեսական ամբիոնի վարիչ, գիտնական-երաժշտագետ Ռոբերտ Աթայանի հետ, ով երաժշտատեսական առարկաների փայլուն իմացությունից բացի, անփոխարինելի կոմիտասագետի եւ հմուտ միջնադարագետի համբավ ուներ: «1972թ. Լեհաստանում կայանալիք «Միջնադարյան երաժշտություն» խորագրով գիտաժողովում նախատեսված Կոմիտասի գրառած Ակնա ժողովրդական երգաշարին նվիրված Աթայանի զեկուցման համար, որպես օժանդակ նյութ, ձեռնամուխ եղանք երգաշարից որոշ նմուշների խմբագրման եւ ձայնագրման աշխատանքներին: Ընդ որում, հենց Աթայանն ինձ հանձնարարեց երգիչների եւ դուդուկահարների հետ տարվող աշխատանքը, որոնք վարպետ կատարողներ էին: Անհրաժեշտ էր փոքրիկ, երբեմն հազիվ մեկ տողանոց, բայց ներքին մեծ ուժով օժտված հատվածները հավելել մեկը մյուսին: Ինքը՝ Աթայանը, դաշնամուրով փայլուն ներկայացնում էր նյութը, ընդգծելով եւ ուսուցանելով այլեւայլ նրբություններ»,- հայտնեց պարոն Ոսկանյանը: Նա հավելեց, որ Աթայանի խորհրդով է ծանոթացել 1895թ. Թիֆլիսում հրատարակված Հ. Ճանիկյանի «Հնութիւնք Ակնա» գրքին, որտեղ ներկայացված կոմիտասյան երգերը գրի էր առել Ճանիկյանը: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ Կոմիտասը Ակնա ժողովրդական երգաշարը գրի է առել հայկական ձայնանիշներով, որը 1930-ականներին եվրոպականի էր փոխադրել հայկական ժողովրդական երաժշտության գիտակ, խմբերգային արժեքավոր երկերի հեղինակ Սպիրիդոն Մելիքյանը:Հարցին՝ ի՞նչ կարծիքի է կոմիտասյան, աշուղական եւ կոմպոզիտորական հանրահայտ երգերի մերօրյա մշակումների կամ, ինչպես հաճախ է ասվում՝ դրանք նոր շնչով, ժամանակակից ներկայացնելու մասին, Արզաս Ոսկանյանը զայրացավ, ասելով. «Երբեմն ավելի լավ է ձեռք չտալ երաժշտարվեստի այդ գոհարներին: Կոմիտասը ժանյակ է հյուսել եւ Աստված գիտի՝ հիմա դա ինչպես է մատուցվում… Այլ օրինակներ էլ կան. Էդգար Հովհաննիսյանի եւ Պարույր Սեւակի «Էրեբունի- Երեւանը» ազգային արժեք է կամ Աշոտ Սաթյանի ու Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» երգը, էլի օրինակներ կան: Դրանք պետք է իրենց «կուսական» ձեւով ապրեն: Այսպես կոչված՝ «նոր շունչ հաղորդելը» ոչ այլ ինչ է, քան ոտնձգություն մեր արժեքների նկատմամբ: Մենք՝ կոմպոզիտորներս, երաժշտագետները, բանաստեղծները պետք է թույլ չտանք նման աղավաղումներ, եթե ուզում եք իմանաք՝ մենք բոլորս ենք պատասխանատու դրանց անաղարտության համար: Այո, ոչ միայն ես, նաեւ իմ գործընկերները, այս երեւույթի մասին ունենք ծայրահեղ վերաբերմունք: Կամ՝ հիմա էլ ուզում են Հանրապետության հրապարակը վերաձեւել… Հասկացեք՝ ազգային արժեքներին ակնածանքով է պետք մոտենալ»: Իսկ ի՞նչ ասել է ակնածանքով մոտենալ, պարոն Ոսկանյանը պատասխանեց. «Ընդունելի է, երբ, ասենք, Եկմալյանի պատարագից մեջբերում է կատարվում կամ, կներեք անհամեստությանս համար՝ իմ պատարագից, բայց դա չի նշանակում այլանդակել ստեղծագործությունը»:«Ակնա ժողովրդական երգաշար» ժողովածուն ողջունելով՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Մհեր Նավոյանն ասաց, թե հայ միջնադարյան աշխարհիկ երաժշտության որոշ շերտեր կամ կորսված են իսպառ, կամ մեծ կորուստներով են մեզ հասել, ապա հավելեց. «Հազվագյուտ գոհարներին դիմելիս պետք է ենթադրել, թե գեղարվեստական զարմանալի արտահայտություններ հանդիսացող այդ երգերն ավելին են, քան սոսկ երգը: Դեռեւս անցյալ դարում սկսված եւ իրականացված այս վերամարմնավորումը (նկատի ունի երգարանը) ոչ միայն առաջինն է, այլեւ դրա չափանմուշը՝ մինչ օրս, որն իրականացրել է Արզաս Ոսկանյանը՝ համագործակցությամբ խոշոր կոմիտասագետի՝ Ռոբերտ Աթայանի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

http://www.aravot.am/2013/11/01/401509/



2013-10-23
Նախագահն այցելել է Տավուշի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնեց Տավուշի մարզ: Նախագահն այցելեց ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի՝ ԿԲ աշխատակիցների համար կառուցված բազմաբնակարան շենք (64 ծառայողական բնակարաններով և 6300մ2 ընդհանուր բնակելի տարածքով), ծանոթացավ բնակարանային պայմաններին, զրուցեց Դիլիջան տեղափոխված ԿԲ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հետ:

Սերժ Սարգսյանն այցելեց նաև շենքի 1-ին հարկում գործող միջազգային չափանիշներին համապատասխան ցերեկային ժամանցի մանկական կենտրոն, որտեղ հաճախում են ԿԲ աշխատակիցների 2-6 տարեկան 15 երեխաներ: Մանկական կենտրոնը նախատեսված է նաև Դիլիջանի և հարակից բնակավայրերի երեխաների համար:

Դիլիջանում նախագահը ծանոթացավ ԿԲ աշխատակիցների համար կառուցված բնակելի տարածքներին, որտեղ քոթեջներից բացի նախատեսվում է ունենալ նաև սպորտային միջոցառումների, առևտրի և սպասարկման ենթակառուցվածքներ, բացօթյա և փակ լողավազաններ:

Նախագահը եղավ նաև Կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանի հետ համատեղ ծրագրերի իրականացման կենտրոնում, ծանոթացավ վերջինիս գործունեությանը: Ս.Սարգսյանին այստեղ ներկայացրին կենտրոնի հիմնական նպատակը և ընթացիկ աշխատանքները, նշելով, որ ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված ինստիտուտի ստեղծմամբ կիրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխանող, տնտեսագիտության և ֆինանսների բնագավառներին առնչվող տարածաշրջանային և միջազգային ուսումնական ծրագրեր, կվերապատրաստվեն ԿԲ աշխատակիցներ: Կենտրոնում այժմ աշխատում է Երևանից իրենց ընտանիքներով տեղափոխված ԿԲ 58 աշխատակից:

Նշվել է, որ կենտրոնում տարածքներ են հատկացված առևտրային բանկերի, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ-վարկային և ԱՊՊԱ-բյուրոների համար՝ վերջիններիս կողմից այնտեղ ռեզերվային սերվերներով պահուստային տվյալների շտեմարանների ստեղծման հնարավորությամբ: Տարածքում տեղակայված է նաև տարածքային դրամարկղային կենտրոնը, որի միջոցով կսպասարկվեն տարածաշրջանի ֆինանսական կազմակերպությունները: Կենտրոնում իր նիստերն է գումարում նաև ԿԲ խորհուրդը:

Այստեղ առանձին տարածք է հատկացված Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար: 2013թ. սեպտեմբերից իրականացվում է Տնտեսագիտության մագիստրոս ծրագիրը՝ ձևավորված ԿԲ պահանջներին համապատասխան:

Ըստ պատասխանատուների, «Այբ» դպրոցի հետ համատեղ Դիլիջանում կառուցվում է դպրոցի նոր շենք, որի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբը: Ներկայումս դպրոցի աշխատանքները կազմակերպվում են կենտրոնում, որտեղ ուսանում է ԿԲ աշխատակիցների և Դիլիջանի բնակիչների 45 երեխա:

Նախագահն այցելեց նաև Դիլիջանի միջազգային դպրոց, որտեղ նրան ներկայացվեց կրթական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ 2013թ. հոկտեմբերի դրությամբ դպրոցի շինարարության վրա աշխատել է մոտ 730 մարդ, միջին աշխատավարձը կազմել է 310. 000 ՀՀ դրամ:

2013թ. հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում, ըստ պատասխանատուների, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել կրթական, սպորտային, դիզայնի և տեխնոլոգիաների կենտրոնի, բուժկետի, տեխնիկական մասնաշենքների և հանրակացարանների կառուցման ուղղությամբ, ավարտվում են ջրամատակարարման, կոյուղու, ջերմային ցանցի, գազամատակարարման և մալուխային ցանցերի կառուցման աշխատանքները: Ընդգծվեց, որ Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014թ. սեպտեմբերին՝ առաջին ուսումնական տարում ընդունելով 90 աշակերտի, որոնց քանակը 2023-ին կհասնի 650-ի՝ 60 երկրներից:

Ս.Սարգսյանին այստեղ ներկայացվեց նաև «Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամի առաջիկա ծրագրերը, ըստ որոնց հիմնադրամը տեխնիկական հանձնարարական է մշակում Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակելու նպատակով միջազգային մրցույթ հայտարարելու համար: Հիմնադրամը նաև նախատեսում է վերանորոգել Դիլիջանի քաղաքային այգին՝ մշակութային և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով:

հղում` www.panorama.am -ից


2013-10-21
Վերաբացվեց Հաղարծին վանական համալիրը
Հոկտեմբերի 19-ին Տավուշի թեմում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հաղարծնի վանական համալիրի բացման արարողությունը: Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի սրտաբուխ բարերարությամբ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Մայր Աթոռի միաբաններ, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ՄԱԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Շարժայի հայ համայնքի անդամներ և հյուրեր: Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարված վանքի բացման և օրհնության արարողությունից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիկոպոս Պետրոսյանը: Այնուհետև իր սրտի խոսքն ասաց տիար Համիդ Դիյա Ջաֆարը: Շնորհավորելով վանքի վերաբացման առիթով` տիար Ջաֆարը ամենքին փոխանցեց Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև ափսոսանքը, որ չի կարողացել անձնապես ներկա գտնվել այս հատկանշական և մեծ իրադարձությանը: Շարժայի կառավարչի նվիրակն անդրադարձավ նաև Արաբական աշխարհում և մասնավորապես Միացյալ Արաբական Էմիրություններում բնակվող հայերի նկատմամբ արաբ ժողովրդի վերաբերմունքին: «...Արաբական աշխարհը մասնավորապես, հակառակ որ հիմնականում մահմեդական է, միշտ գնահատել է հայերին որպես եղբայրների և նրանց համար անվտանգ կեցություն ապահովել: Հայերն էլ իրենց հերթին դարեր շարունակ Արաբական աշխարհը ամենահարմար վայրն են նկատել իրենց ազգային ինքնության պահպանության համար և ի պատասխան` մեծապես նպաստել են իրենց երկրների շենացմանը` հաջողությամբ նեգրավվելով առևտրի, արհեստների և այլ ոլորտներում: Նորին Գերազանցություն Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմին միշտ բարձր է գնահատել Շարժայի հայ համայնքին՝ որպես հասարակության բարեպաշտ, հավատավոր, վստահելի և աշխատասեր անդամների, ընդգծելով հատկապես հայորդիների սերը գիտելիքի և կրթության նկատմամբ: Նորին Գերազանցության սերն ու գնահատանքը Շարժայի հայ համայնքի հանդեպ լավագույնս դրսևորվեց, երբ նա տարածք նվիրաբերեց Արաբական Միացյալ Էմիրություններում միակ հայկական եկեղեցու կառուցման համար, որն օծվեց 1998 թվականին», - նշեց տիար Համիդ Ջաֆարն իր խոսքում` հավելելով, որ շեյխ Սուլթան Բին Մոհամմադ ալ Քասիմին մեծապես հպարտ է նաև պատմական Հաղարծնի վանական համալիրի վերանորոգության գործում ներգրավված լինելու համար: Իր խոսքում Շեյխ Քասիմիի նվիրակն ընդգծեց, որ Շեյխ Սուլթանը մեծ ակնածանք է տածում Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ և բարձր է գնահատում նրա գործունեությունը` նշելով, որ Վեհափառ Հայրապետը և Շարժայի կառավարիչն ունեն միևնույն տեսլականը մի շարք կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդկության խաղաղ և անվրդով կյանքի հենասյուներ հանդիսացող շարունակական միջկրոնական երկխոսությունը, այլ կրոնների և մշակույթների հանդեպ հանդուրժողականությունը, փոխադարձ հանգանքն ու սերը:Այս առիթով տիար Ջաֆարը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին և տիար Վարուժ Ներգիզյանին` Հաղարծնի վանական համալիրի վերանորոգության գործում ներդրած ջանքերի համար: Ապա վանքի բացման առիթով ներկաներին շնորհավորեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իր խոսքում ԱԺ նախագահն անդրադարձավ մասնավորապես հայ-արաբական դարավոր բարեկամությանը և ներկայիս համագործակցությանը Հայաստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների միջև: Այնուհետև տիար Աբրահամյանը տեղեկացրեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն Շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամադ Ալ Քասիմիին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Պատվո շքանշանով: Իսկ Շարժայի կառավարչի ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարին տիար Աբրահամյանը հանձնեց «Անանիա Շիրակացի» մեդալ` տնտեսական կապերի զարգացման և ամրապնդման գործում կարևոր ներդրման համար:
Կրճատումներով` http://hetq.am/arm/news/30126/verabacvec-haxartsin-vanakan-hamaliry.html

2013-10-17
Տվերի պատվիրակությունը Դիլիջանում
«Քաղաքներ, երկրներ, ժողովուրդներ միավորող անուններ» միջազգային նախագծի շրջանակներում հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի Տվեր քաղաքի պատվիրակության ներկայացուցիչները ժամանեցին Դիլիջան: Այցելությունը կապված էր Ռուսաստանում` 1877- 1878 թթ. ռուս-թուրքական պատերազմում տարած հաղթանակի 135-ամյակի նշման հոբելյանական միջոցառումների հետ: Հոբելյանի նախաշեմին` «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի, Տվերի հայկական ազգային ինքնավարության «Արարատ» կազմակերպության և Սանկտ–Պետերբուրգի «Ոսկե գիրք» միավորման հետ համատեղ կազամկերպած այս այցելությունը կապված էր լեգենգար բուժքրոջ` Բակունինայի գործունեության պատմական վայրերի հետ: Ծնունդով Տվերից Եկատերինա Բակունինան 1877-1878թթ. ռուս–թուրքական պատերազմում եղել է Դիլիջանում գործող Անդրկովկասի զինվորական բոլոր հոսպիտալների Կարմիր խաչի գլխավոր բուժքույրը: Պատվիրակության ժամանման կապակցությամբ Դիլիջանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը մասնակցում էին քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Մարտիրոսյանը, քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, հկ-ների և լրատվամիջոցների ներկայցուցիչներ: Ընդունելությունից հետո հյուրերը այցելեցին Հայրենական մեծ պատերազմի ակտիվ մասնակից, 90-ամյա բուժքույր Գալինա Եվդակիմովային, նրան հանձնելով` «Եկատերինա Բակունինայի անվան» հուշամեդալը: Այնուհետև Հուշարձանային համալիրում կատարվեց հիշատակի արարողություն, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրվեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված դիլիջանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի հուշապատին և եղբայրական գերեզմանի շիրիմներին: Արարողությոան ավարտից հետո հյուրերը այցելեցին երկրագիտական թանգարան-պատկերասրահ և «Հին Դիլիջան» պատմամշակութային համալիր, ծանոթացան քաղաքի դիտարժան վայրերին:

2013-10-11
Ֆինանսական բացօթյա ցուցահանդես Դիլիջանում
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հանրապետությունում հայտարարված «Իմ ֆինանսների միամսյակը» խորագրով միջոցառումների շրջանակներում` ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսության զարգացման համար» ծրագրի կողմից հոկտեմբերի 11-ին Դիլիջանում կազմակերպվեց մեկօրյա բացօթյա ֆինանսական ցուցահանդես: Միջոցառման նպատակն էր նպաստել բնակչության ֆինանսական գրագիտության և իրազեկվածության բարձրացմանը, տրամադրել ֆինանսական խորհրդատվություն: Քաղաքային հրապարակում տեղադրաված Ժամանակավոր տաղավար- վրաններում ֆինանսական ինստիտուտները հանրությանը ներկայացրեցին իրենց կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունները, այցելուներին տրամադրելով բացատրական ու տեղեկատվական բուկլետներ, բրոշյուրներ: Կազմակերպությունների ներկայացուցիչները սիրով պատասխանում էին այցելուներին հետաքրքրող հարցերին: Միջոցառման կազմակերպիչները հոգ էին տարել նաև մասնակիցների ժամանցի մասին` կազմակերպելով վիճակախաղ: Միջոցառմանը մասնակցում էր նաև Քուանթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության ներկայացուցիչը:

2013-10-07
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ
Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ.
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա և Ղ. Աղայանի անվան քաղաքային գրադարանի հիմնադրման 105-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ անձնական երջանկություն և հետագա աշխատանքային հաջողություններ:
Հանրությունը բարձր է գնահատում գրքի, գիտելիքի նկատմամբ սեր առաջացնելու, մշակութային գրավոր ժառանգությունը մեր հանրությանը ներկայացնելուն ուղղված ձեր շնորհակալ աշխատանքը, որը կարևոր նշանակություն ունի հատկապես մեր մատաղ սերնդի հոգեկերտվածքի ձևավորման գործում:
Դիլիջանի գրադարանային համակարգը իր կարևոր դերն է կատարում մեր մշակութային կյանքում և ես համոզված եմ, որ քաղաքի զարգացման ներկա փուլում ևս մասնագիտական պատրաստվածության և նվիրումի շնորհիվ ձեր ակտիվ ներդրումը կունենաք քաղաքի մշակութային ոլորտի առաջընթացում:

2013-10-07
«Լինբրանդ» երաժշտախմբի համերգը Դիլիջանում
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը ՀՀ մշակույթի նախարարության և Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության հրավերով Հայաստանում համերգային ծրագրով հանդես է գալիս Բելգիայի ՙԼինբրանդ» ավանդական երաժշտության խումբը (ղեկավար Հիպեր Ջոն):Հոկտեմբերի 4-ին երաժշտախումբը համերգային ծրագրով հանդես եկավ Դիլիջանի արվեստի պետական քոլեջում: Ի դեպ սա Բելգիայի երաժշտախմբի երկրորդ այցն էր Դիլիջան և Հիպեր Ջոնի բնութագրմամբ իրենք յուրահատուկ հաճույքով են ներկայանում Դիլիջանի երաժշտասեր հասարակությանը:


2013-10-04
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
Հարգելի ուսուցիչներ.
Սրտանց շնորհավորում եմ ձեզ` բոլորիս շատ հարազատ տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում եմ անձնական երջանկություն և հետագա հաջողություններ` մատաղ սերնդի կրթության և դաստիարակության անչափ կարևոր և շնորհակալ գործում:
Ձեր նվիրումի և բարձր մասնագիտական պատրաստվածության շնորհիվ է, որ դպրոցներում ստանալով որակյալ կրթություն և հայեցի դաստիարակություն, մեր նոր սերունդը վստահորեն մտնում է ինքնուրույն կյանք, մեզ հետ կերտելով երկրի վաղվա օրը:
Մեր վաղվա քաղաքացիների ապագան կերտվում է հենց դպրոցներում և այդ գործի գլխավոր կազամկերպիչը դուք եք` մեր հարգելի մանկավարժներ: Այս տոնական օրը, արտահայտելով մեր հանրության երախտագիտությունը, ուրախ եմ նաև փաստելու այն կարևոր իրողությունը, որ մեր քաղաքում գնալով ընդլայնվում են կրթական հնարավորությունները: Արդեն երկրորդ տարին է, իր ակտիվ գործունեությունն է իրականացնում ՀՀ կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը, օրերս մեկնարկեց Դիլիջանի կենտրոնական դպրոցը, իսկ միջազգային դպրոցի կայացմամբ քաղաքը հավակնում է դառնալու միջազգային կրթական կենտրոններից մեկը: Դիլիջանում տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի ձևավորման կառավարության ծրագիրը, միջազգային դպրոցը, հզոր խթան են հանդիսանալու քաղաքային կյանքի զարգացման գործում, իսկ յուրաքանչյուր առաջընթաց նախ և առաջ կարևորվում է նրանով, թե որքանով ենք պատրաստ գնահատելու մեր ձեռքբերումները և հետագա զարգացման նախադրյալներ ստեղծելու: Հուսով եմ, որ քաղաքի կրթական հաստատությունների մանկավարժական կոլեկտիվները, ինչպես միշտ, իրենց արժանի ներդրումը կունենան մեր քաղաքի զարգացման այս անչափ պատասխանատու փուլում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ` մաղթելով հետագա արգասաբեր գործունեություն:


2013-10-03
Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի հաշվետվությունը
Դիլիջան համայնքի 2013թ. բյուջեն մշակվել է` հիմք ունենալով համայնքի 2013-2016թթ. քառամյա զարգացման ծրագիրը: Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից: 2013թ. երրորդ եռամսյակում տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ հավաքագրվել է 239000.0 հազ.դրամի եկամուտ, որը հնարավորություն է տալիս ավելի իրատեսորեն կանխագծելու առաջիկա անելիքները: Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները: 83 ընտանիքի յուրաքանչյուր նորածին երեխայի համար տրվել է միանվագ դրամական օգնություն: Դիլիջան քաղաքում գործող «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար համայնքի բյուջեից յուրաքանչյուր ամիս ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն: Քաղաքի դպրոցների առաջին դասարան հաճախող թվով 230 երեխաների համար սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ձեռք է բերվել և տրամադրվել նվերներ: ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան կազմակերպության հետ համատեղ իրականացվում է «Դիլիջանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ շենքի վերանորոգման աշխատանքները: Վերակառուցվել են Աղայան փողոցի թիվ 4 հասցեի տանը հարակից հենապատը: Իրականացվել է քաղաքի ներհամայնքային նշանակության` Իվանովո, Օրջոնիկիձե, Շահումյան 3-րդ նրբ., ՈՒսանողական փողոցները և քաղաքային հիվանդանոցի հարակից տարածքի, Ուսանողական փ.2-րդ նրբ.թիվ 62 տնից մինչև Սայաթ-Նովա փողոցի ավտոտրանսպորտի երթևեկելի մասի փոսային նորոգման, Կամարինի փողոցի թիվ 25 հասցեի տան հարակից հենապատի վերակառուցման և Կամարինի փողոցի թիվ 1 տնից մինչև Կամարինի թիվ 19 տունն ընկած հատվածի ավտոտրանսպորտի երթևեկելի մասի փոսային նորոգման, Ուսանողական փ.2-րդ նրբ.թիվ 62 տնից մինչև Սայաթ-Նովա փողոց ավտոտրանսպորտի. երթևեկելի մասի բետոնացման աշխատանքներ, ինչպես նաև Գետափնյա ձախ փողոցի վերջնահատվածում գտնվող հեղեղատարի և Սայաթ-Նովա 24 և Սայաթ-Նովա 26 հասցեների բնակելի տներին հարակից հեղեղատարի մաքրման աշխատանքներ: Զգալի աշխատանքներ են իրականացվել լուսավորության, աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման, այն առողջարանային քաղաքին վայել կազմակերպեու ուղղությամբ: Դիլիջան քաղաքի տարբեր մասերում տեղադրվել են թվով 20 կենցաղային շարժական մետաղյա աղբամաններ: Քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ ուշադրություն է ցուցաբերվում սպորտի զարգացմանը: Մարզահամալիրի սաները մասնակցել են ըմբշամարտի հանրապետական մրցումներին:

2013-09-20
Տավուշի մարզպետ պ-ն Ա. Ղուլարյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ
Հարգելի պարոն Սանթրոսյան. Շնորհավորում եմ Ձեզ և համայնքի բոլոր բնակիչներին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, մաղթում ծառայողական հաջողություններ, առողջություն և երջանկություն:

Հարգանքներով Ա. Ղուլարյան

2013-09-17
Գոշավանքի բակում բացվեց միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր և առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանը
Սեպտեմբերի 13-ին տոնախմբություն էր Գոշ գյուղում: Գոշավանքի բակում մեծ հանդիսավորությամբ բացվեց միջնադարի հանճարեղ մտածող, օրնսդիր և առակագիր Մխիթար Գոշի բորնզաձույլ արձանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, մարզի դատախազ Աննա Մանթաշյանը, պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ,Երևանից և Հայաստանի այլ քաղաքներից ու Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրեր: Արձանի ստեղծման նախաձեռնության հեղինակն ու իրականացնողն էր ռուսաստանաբնակ գործարար- բարեգործ, ծագումով գոշեցի Անտոն Մեհրաբյանը: Արձանի հեղինակն է ճանաչված քանդակագործ Գևորգ Գևորգյանը: Տոնախմբության մասնակիցները նախ երթով շարժվեցին մեծ մտածողի գերեզմանը, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին նրա շիրիմին, ապա եկեղեցու բակում կատարվեց արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Գյուղապետ Գևորգ Ամիրխանյանի բացման խոսքից հետո կտրվեց կարմիր ժապավենը և գյուղի չքնաղ համայնապատկերին ավելացավ և միջնադարյան հռչակավոր համալիրին մաս կազմեց նրա հիմնադրի հոյակերտ արձանը: Տոնախմբությանը ելույթներ ունեցան Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, Հայաստանի այլ մարզերից և Ռուսաստանյան Դաշնությունից ժամանած մտավորականներ: Արժանին մատուցելով հայ մտքի տիտաններից մեկին` Մխիթար Գոշին, ելույթ ունեցողները նաև իրենց երախտագիտությունն արտահայտեցին բարեգործին` գոշեցիների և ողջ Տավուշի մարզի բնակիչների վաղուց փափագած այդ երազանքը իրականություն դարձնելու համար: Միջոցառման կազմակերպիչները նախապատրաստել էին նաև գեղարվեստական հարուստ ծրագիր: Գեղարվեստական բարձրարվեստ կատարումներով հանդես եկան Վանաձորի, Դիլիջանի և Իջևանի գեղարվեստական համույթները և անհատ կատարողներ: Միջոցառմանը ելույթ ունեցավ ճանաչված ասմունքող Ջիվան Սարգսյանը: Իսկ գյուղի դպրոցի սաները ընթերցում էին Մխիթար Գոշի առակները: Կատարվեց ժամերգություն ձեռամբ Գեղարքունիքի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոսի: Տոնախմբության վերջում եկեղեցու բակում տրվեց Սուրբ մատաղ ի նշանավորումն արժանահիշատակ օրվա:

2013-09-06
Տոնական համերգ Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում
Սեպտեմբերի 5-ին Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում դպրոցի հիմնադիրների նախաձեռնությամբ կազմակերպվեց տոնական համերգ, որին մասնակցում էին հազարավոր դիլիջանցիներ և մարզի համայնքներից ու Երևանից հրավիրված հյուրեր: Միջոցառմանը ներկա էին դպրոցի հիմնադիր` ռուսաստանաբնակ Ռուբեն Վարդանյանը, նրա տիկինը` Վերոնիկա Զոնաբենդը, ով ամուսնու հետ դպրոցի գաղափարի համահեղինակն է, դպրոցի համահիմնադիրներ ռուսաստանաբնակ գործարարներ Գագիկ Ադիբեկյանը և Վլադիմիր Ավետիսյանը: Համընդհանուր ոգևորության մթնոլորտում գործարկվեց խորհրդանշական ժամացույցը, որը սկսեց հետհաշվարկը, մինչև ուղիղ մեկ տարի հետո իր դռները կբացի Դիլիջանի միջազգային դպրոցը: Ներկաներին ջերմորեն ողջունեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Քաղաքապետը դիլիջանցիների անունից իր երախտագիտությունն արտահայտելով դպրոցի հիմնադիրներին այսպես կանխանշեց այն հսկայական դերը որ ունենալու է միջազգային դպրոցը քաղաքի առաջընթացում: «Այսօրվանից Դիլիջանում բաբախելու է նոր զարկերակ, մեր քաղաքի կյանքում սկսվելու է մի նոր ժամանակաշրջան և մեզնից յուրաքանչյուրը պետք է դառնա դրա մասնիկը և կերտողը»:

Միջոցառմանը ճոխ համերգային ծրագրով հանդես եկավ «D’Black Blues Orchestra» խումբը, որի մենակատարն է Վլադիմիր Ավետիսյանը: Խմբում ընդգրկված էին կատարողներ ԱՄՆ-ից Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից և Շվեյցարիայից: Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, կառավարության անդամներ, հանրապետական և մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

2013-09-03
Նշվեց Գիտելիքի օրը
Սեպտեմբերի 1-ին տոնական տրամադրություն էր քաղաքի դպրոցներում և ուսումնական մյուս հաստատություններում: Ամենուր Գիտելիքի օրվան նվիրված հանդիսություններ էին, թևածում էր ուրախ երգն ու պարը: Տոնի կապակցությամբ դպրոցներ այցելեցին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, քաղաքապետարանի կրթության ոլորտի պատասխանատու աշխատակիցները, ովքեր շնորհավորելով միջոցառումների մասնակիցներին, անդրադարձան նաև քաղաքի կրթական ոլորտի զարգացման խնդիրներին և հեռանկարներին, կապված նաև միջազգային դպրոցի ծրագրի, ՙԳիտելիք հանուն զարգացման կենտրոնի» գործունեության և նորաստեղծ «ԱՅԲ» կենտրոնի հետ: Նոր ուսումնական տարին պատրաստ դիմավորեցին բոլոր կրթական հաստատությունները: Ամռան ամիսներին կատարվել են առաջնահերթ վերանորոգման աշխատանքներ: Դպրոցի տնօրենների կողմից ներկայացվեցին նախորդ ուսումնական տարվա ձեռքբերումները և նշվեցին նոր ուսումնական տարվա անելիքները: 230 առաջին դասարանցիներ քաղաքապետարանի կողմից ստացան նվերներ` պայուսակներ ու գրենական պիտույքներ: Հնչեց ավանդական առաջին զանգը` ազդարարելով նոր ուսումնական տարվա սկիզբը:



2013-08-20
Նվիրված էր Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 87-ամյակին
Օգոստոսի 17-ին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում բացվեց ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Անվանի նկարչի բազմաբեղուն գործունեության մի զգալի հատվածը կապված է Դիլիջանի հետ: 1947-ին Դիլիջանում հիմնադրել է նկարչական ստուդիա (1970-ից` նկարչական դպրոց), 1958-ին` երկրագիտական թանգարանին կից կիրառական արվեստի թանգարան (1979-ից` Հայաստանի ժողարվեստի պետական թանգարանի մասնաճյուղ): Շարամբեյանի անունով են կոչվում Դիլիջանի գեղարվեստի դպրոցը և իր վերակառուցած Դիլիջանյան հին փողոցը` հանրապետության լավագույն պատմաճարտարապետական համալիրներից մեկը` ՙՀին Դիլիջանը»:
Քաղաքի մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի համար նկարիչն արժանացել էր ՙԴիլիջանի պատվավոր քաղաքացու» կոչման:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին հանրապետության ճանաչված նկարիչներ, արվեստասերներ, հանրության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Բացելով ցուցահանդեսը, նրա նախկին սան` Երևանի գեղարվեստի ակադեմիայի դոցենտ, նկարիչ Ղազարոս Ղազարյանը բնութագրելով նրա արվեստը, հանգամանալից անդրադարձավ նկարչի դիլիջանյան գործունեությանը:
Ելույթ ունեցան նաև Երևանի գեղարվեստի ակադեմիայի նկարիչ, պրոֆեսոր Լենմիր Բաղդասարյանը, նկարիչ Համլետ Ասատրյանը, Դիլիջանի վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանը, նրա արվեստի երկրպագու, բժիշկ Իկրամ Հարությունյանը: Նրանք կարևորեցին նաև Շարամբեյան անհատի զուտ մարդկային հատկանիշները, որոնց շնորհիվ նա արժանացել է ինչպես իր սաների` նկարիչների, այնպես էլ մեր համաքաղաքացիների մեծ սիրուն և հարգանքին: Ցուցահանդեսի բացման կապակցությամբ իր երախտագիտությունն արտահայտեց նկարչի որդին` Արամ Շարամբեյանը:


2013-08-07
Փոխվարչապետն այցելեց Դիլիջան
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզում ծանոթացավ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ Արմեն Գեւորգյանն այցելեց դպրոցի շինհրապարակ, տեղեկացավ իրականացվող աշխատանքների մասին: Ծրագրի պատասխանատուները, համապատասխան կառույցների ներկայացուցիչները փոխվարչապետին ներկայացրին շինաշխատանքների հետ կապված ընթացիկ հարցեր, քննարկվեց պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, որոնք ուղղված են համալիրն անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելուն:
Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարությունը սկսվել է 2012թ-ին , եւ նախատեսվում է, որ դպրոցն աշակերտներ կընդունի 2014-ի սեպտեմբերից: Դպրոցը կառուցվում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք Հայաստանում առաջին անգամ են օգտագործվում:
Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում փոխվարչապետը մարզպետ Ա. Ղուլարյանի, Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանի եւ այլ պատասխանատուների մասնակցությամբ քննարկեց քաղաքում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքը: Մասնավորապես`ներկայացվեց Կենտրոնական բանկի Ուսումնահետազոտական կենտրոնի, Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնի կառուցման ծրագրերի կատարողականը, անդրադարձ կատարվեց քաղաքի զարգացմանն ուղղված` անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանն առնչվող հարցերի:



2013-07-30
Դիլիջանի ներքաղաքային տրանսպորտը չի թանկացել
Ի պատասխան Դիլիջանում ներքաղաքային տրանսպորտի թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված լուրերի հայտնում ենք, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

Դիլիջանում ուղեվարձը նախկինի նման չափահաս քաղաքացիների համար մնում է 70 դրամ, դպրոցականների համար` 30:



Դիլիջանի քաղաքապետարան


2013-06-17
ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրի. Դիլիջան- 2013
Հունիսի 15-ին Դիլիջանում մեկնարկեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրի մրցաշարի երկրորդ շրջափուլը: Այն նվիրված է Տիգրան Պետրոսյանի տարած հաղթանակի 50-ամյակին: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ քաղաքի ամֆիթատրոնում: ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի և իր անունից ներկաներին ողջունեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ապա ելութ ունեցավ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Հաջողություններ մաղթելով մրցաշարի մասնակիցներին, իրենց ելույթներում վարչապետը և ՖԻԴԵ-ի նախագահը անդրադարձան այն մեծագույն ներդրմանը, որ կատարել է Տիգրան Պետրոսյանը` կրկնակի անգամ նվաճելով շախմատի աշխարհի թագը և նպաստելով մեր երկրում շախմատային ավանդույթների զարգացմանը: Նրանք նաև անդրադարձան Հայաստանում մարզաձևին ցուցաբերվող առանձնահատուկ մոտեցմանը և անձամբ հանրապետություն նախագահ Սերժ Սարգսյանի ներդրած մեծ ավանդին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, մրցաշարի վճռաբեկ հանձնաժողովի նախագահ, կանանց աշխարհի 5-րդ չեմպիոնուհի, կանանց համաշխարհային օլիմպիադաների 11-ակի հաղթող Նոնա Գամփրինդաշվիլին, մայրաքաղաքից և մարզից ժամանած հյուրեր, սպորտի և արվեստի երկրպագուներ: Մրջոցառմանը նվիրված համերգային ծրագրում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, ելույթ ունեցան Շուշան Պետրոսյանը, ֆիլհարմոնիկի մենակատարներ Հովհաննես Այվազյանը, Իրինա Զաքարյանը: Պարային կատարումներով հանդես եկան «Բերդ» և մանկական` «Արևներ» պարի համույթները: Միջոցառման ավարտին հնչեց Ա. Խաչատրյանի «Սուսերով պարը»: Հունիսի -16-ին քաղաքի երկրագիտական թանգարան- պատկերասրահում սկսվեց մրցամարտը, որտեղ իրենց ուժերն են չափում աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիները: Մրցամարտը կտևի մինչև հունիսի 28-ը:
ՖԻԴԵ- ի կանանց Գրան Պրի` Դիլիջան -2013-ի մասնակիցներն են`

1. Կանանց աշխարհի չեմպիոնուհի, միջազգային գրոսմասյտեր Աննա Ուշինինա (Ուկրաինա)

2.Միջազգային գրոսմայստեր Համփի Կոներու (Հնդկաստան)

3 Միջազգային գրոսմայստեր Աննա Մուզիչուկ (Հնդկաստան)

4. Միջազգային գրոսմայստեր Նանա Ձագնիձե (Վրասատան)

5. Միջազգային գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա)

6. Միջազգային վարպետ Բելա Խոտենաշվիլի (Վրաստան)

7. Միջազգային գրոսմայստեր Տատյանա Կոսինցևա (Ռուսաստան)

8. Միջազգային գրոսմայստեր Վիկտորիա Չմիլիտե (Լիտվա)

9. Միջազգային գրոսմայստեր Հարիկա Դրոնավալի, (Հնդկասատան)

10. Միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյան (Հայաստան)

11. Կանանց միջազագյին գրոսմայստեր Օլգա. Գիրյա (Ռուսաստան)

12. Կանանց միջազգային գրոսմայստեր Բաթչիմեգ Տուվշինտուգս (Մոնղոլիա)

Մրցաշարի գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը (Հայաստան)

2013-06-11
ՄԱԿ-ի անկյուն` «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է կարևորել երիտասարդության հնարավորությունների ընդլայնումը մարզերում: Այդ ուղղությամբ հերթական միջոցառումը հունիսի 10-ին ՄԱԿ-ի անկյունների բացումն էր ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի գրադարանում, Դիլիջանի ՀՀ կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում և Ստեփանավանի կենտրոնական գրադարանում: ՄԱԿ ՀՏՎ կողմից ՄԱԿ –ի նորաբաց անկյուններին տրամադրվեց ավելի քան 2,500 միավոր գրականություն, պաստառներ, գրքույկներ և այլ հրատարակումներ` թողարկված Նյու Յորքում, Վիեննայում և Ժնևում տեղակայված ՄԱԿ –ի գրասենյակների, ինչպես նաև Հայաստանում գործող ՄԱԿ –ի գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի կողմից: Տրամադրված գրականությունը բազմաբնույթ է և վերաբերում է բոլոր այն ոլորտներին, որտեղ ՄԱԿ –ը իրականացնում է իր գործունեությունը: Այժմ հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներն ավելի մեծ հնարավորություն կունենան ծանոթանալու ՄԱԿ –ի արժեքների, համաշխարհային օրակարգի և ՄԱԿ –ի հայաստանյան գրասենյակի գործունեության հետ: Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում կայացած միջոցառմանը մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, տեղական և մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

2013-05-31
Արժանացել են Arm Tourism -ի մրցանակի
«Arm Tourism» ամսագրի կողմից հայտարարած զբոսաշրջության ոլորտի ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներով Դիլիջան քաղաքն արժանացել է «Հատուկ մրցանակի»: Մրցանակակիրները ոշոշվել են առցանց քվեարկությամբ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից: Մրցանակը շնորհելիս հաշվի է առնվել քաղաքապետարանի կողմից քաղաքի մշակութային ավանդույթները վերականգնելու, քաղաքի ամբողջական ճարտարապետական ձևավորման, պատմական նկարագրի պահպանման, այն հանգստացողների ու զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ իրականացված աշխատանքները: Տարբեր անվանակարգերում «Հատուկ մրցանակի» են արժանացել նաև «Հաղարծին» հյուրանոց- ռեստորանային համալիրը, «Դիլիջան» առողջարանային համալիրը, «Դարավանդ» հյուրատունը: Ամսագրի կողմից կազմակերպված մրցանակաբաշխությունը, որին ակտիվորեն աջակցում են ՀՀ էկոնոմիկայի և տարածքային նախարարությունները և ԼՂՀ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը, նպատակ ունի խրախուսելու այն համայնքների, կազմակերպությունների և անհատների գործունեությունը, որոնք նպաստում են զբոսաշրջության զարգացմանը: Մայիսի 29-ին Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն: Մրցանակները հանձնեց ամսագրի հիմնադիր Օնիկ Ասոյանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչներ, զբոսաշրջային կազմակերպությունների ղեկավարներ, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ներկա էին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, «Հաղարծին» հյուրանոց- ռեստորանային համալիրի սեփականատեր, գործարար- բարերար Արմեն Աբգարյանը, քաղաքի զբոսաշրջային և առողջարանային ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ:


2013-05-24
Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ
Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ գեղեցիկ ավանդույթի վերածված տոնական այս օրը հարազատ կրթօջախում հնչող վերջին զանգն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում՝ հաճելի ու բարի հիշողություններ արթնացնելով դպրոցական մտերմիկ ու ջերմ միջավայրի, դասընկերների, սիրելի ուսուցիչների մասին:
Հուսով եմ, դպրոցական տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու ունակությունները կօգնեն ձեզ վստահորեն ոտք դնելու մեծ կյանքի ասպարեզ, իբրեւ պետության արժանավոր քաղաքացիներ՝ ձեր նպաստը բերելու մեր պետության հետագա զարգացման ու բարգավաճման գործում՝ արդարացնելով ձեր ծնողների եւ ուսուցիչների հույսերն ու ակնկալիքները, իրականություն դարձնելով ձեր ձգտումներն ու երազանքները:
Բարի երթ ու կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ հետագա ողջ կյանքի ընթացքում, հաջողություն ձեր հետագա բոլոր ձեռնարկումներին:

2013-05-20
«Պատիվ ունեմ ներկայանալու»
Բանակ–հասարակություն կապի ամրապնդման, զորամասերի և հանրության, հասարակական կազմակերպությունների հետ շփումները ավելի սերտացնելու նպատակով ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ զորամասերում անց է կացվում «Պատիվ ունեմ ներկայանալու» անվամբ միջոցառումների շարք: Այս միջոցառումների շրջանակներում` մայիսի 19-ին Դիլիջանի մշակույթի պալատում զորամասի հրամանատարության կողմից կազմակերպվեց հանդիպում հանրության և ծառայողների ծնողների հետ: Հնչեց հայոց պետական հիմնը, ներս բերվեցին հանրապետության և զորամասի մարտական դրոշները: Հրամանատարի տեղակալ, կապիտան Վ. Ստեփանայնի ներածական խոսքից հետո զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա. Գյոզալյանը հանրությանը ներկայացրեց իր կենսագրությունը: Հրամանատարը նաև ներկայացրեց զորամասի տարեգրությունը, որը կարևոր դերակատարում ունի պաշտպանության համակարգում և բազմիցս արժանացել է «Լավագույն տանկային զորամաս» պատվաբեր կոչման:Հրամանատարը նաև անդրադարձավ զորամասի առօրիային, զինվորների կենցաղային պայամններին և հանգստի կազմակերպմանը: Զորամասի և քաղաքի ավագ դպրոցի համագործակցությանը անդրադարձան զորամասի հրամանատարի տեղակալ` կապիտան Վ, Ստեփանյանը և դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Ա. Պետրոսայնը: Զինվորների հետ տարվող դաստիարակչական աշխատանքների մասին խոսեց զինավանի հոգևոր սպասավոր Հովհաննես Մարտիրոսյանը: Ներկաները բավականությամբ ունկնդրեցին ավագ դպրոցի սաների գեղարվեստական եույթները: Ելույթ ունեցան զինվորական նվագախմբի դիրիժոր , լեյտենանտ Սպարտակ Պետրոսայնը, շարքայիններ Կարեն Պողոսյանը և Սիմոն Խաչատրյանը: Միջոցառման ավարտին հրամանատարը հրավիրեց ծնողներին զորամաս, տեղում ծանոթանալու ծառայողների կենցաղային պայմաններին:

2013-05-18
Աշխատանքի տոնավաճառ Դիլիջանում
Մայիսի 17-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ Դիլիջանում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ: Մշակույթի պալատի նախասրահում տարբեր ոլորտների 28 գործատուների կողմից ներկայացված էին շուրջ 70 առկա և 11 սպասվելիք թափուր աշխատատեղերի առաջարկներ: Այցելուները լիովին հնարավորություն ունեցան մանրակրկիտ ծանոթանալ առաջարկվող աշխատանքային պայմաններին, ձեռք բերվեցին համապատասխան պայմանավորվածություններ: Աշխատանքի տոնավաճառը բավականին բազմամարդ էր: Յուրաքանչյուր գործատու կազմակերպություն իր սպասարկման սեղանի մոտ համապատասխան մասնագետների և պատասխանատու ներկայացուցիչների կողմից պատասխանում էր դիմորդներին: Զբաղվածության խնդիրների լուծման առաջնայնության և դրա իրականացման ուղղությամբ նման միջոցառումների արդյունավետության մասին խոսեցին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտյոմ Մանգասարյանը և Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը: Նման տոնավաճառ Դիլիջանում կազմակերպվում է երկրորդ անգամ: Հատկանշական է, որ գնալով ավելի է սերտանում զբաղվածության կենտրոնի և առանձին հիմնարկ ների ու կազմակերպությունների համագործակցությունը: Զբաղվածության կենտրոնի հետ ակտիվ համագործակցելու համար «Հաղարծին» հյուրանոց-ռեստորանային համալիրի գործադիր տնօրեն Անահիտ Մուրադյանը, Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանը և «Դիլնետ սերվիս.» հկ-ի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը արժանացել են «Զբաղվածության պետական ծառայություն » գործակալության շնորհակալագրերի:

2013-05-10
Հանդիսավոր արարողություն նվիրված Հաղթանակների տոնին
Մայիսի 9-ին` հուշարձանային համալիրում հազարավոր դիլիջանցիներ էին մասնակցում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-ամյակին և Շուշիի ազատագրման և արցախյան բանակի կազմավորման 21-ամյակին նվիրված տոնական արարողությանը: Քաղաքապետարանի, զինվորականության, աշխատանքային կոլեկտիվների և կազմակերպությունների կողմից ծաղիկներ և ծաղկեպսակներ դրվեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված դիլիջանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան գոյամարտում ընկած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Զոհվածների հիշատակին խոնարհումի խոսք ասաց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Ելույթ ունեցան նաև զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Գյոզալյանը, հրամանատարի տեղակալ, կապիտան Վահան Ստեփանյանը, Դիլիջանի վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանը և Հաղարծնի վանահայր Արիստակես վարդապետ Այվազյանը: Բանակ-հասարակություն կապի ամրապնդման և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար զորամասի հրամանատարության կողմից Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը արժանացել է շնորհակալագրի, իսկ մի խումբ վետերաններ` պատվոգրերի, որոնք հանադիսավոր պայմաններում հանձնեց զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Գյոզալյանը: Պատվոգրեր և շքանշաններ հանձնվեցին մարտական բարձր պատրաստությամբ աչքի ընկած զինվորներին և սպաներին: Զինվորները ցուցադրեցին նաև ռազմական վարժանքի հմտություններ:

Միջոցառումը եզրափակվեց զինվորականների հանդիսավոր քայլերթով:

2013-05-03
Ծառատունկ «Դիլիջան» ազգային պարկում
ՀՀ բնապահպանության նախարարարությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ Մայիսի 1-ին`, աշխատավորների միջազգային օրը «Դիլիջան» ազգային պարկում կատարել ծառատունկ: Մայիսի 1-ը, ինչպես նշեց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը` ընտրված էր աշխատանքը փառաբանելու և բնության նկատմամբ հոգատարութուն դրսևորելու խորհրդով:
Նախաձեռնությանը միացել էին Տավուշի մարզպետրանը, Դիլիջանի քաղաքապետարանը, միջազգային դպրոցի ծրագիրն իրականացնող «Քեմպ Վենչուրս» ընկերությունը, «Դիլիջան» ազգային պարկի կոլետիվը: Այդ օրը Պարզ լճի հանգստյան գոտու 5-րդ կիլոմետրում տնկվեց շուրջ 1000 ծառ: Ծառատունկին մասնակցում էին և ներկաներին տոնի առթիվ շնորհավորեցին ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, «Քեմպ Վենչուրս» ընկերության տնօրեն Էդգար Մանուկյանը: Նրանք միջոցառման ավարտին պատասխանեցին նաև հանրապետական և տեղական լրատվամիջողների ներկայացուցիչների հարցերին, որոնք հիմնականում ուղղված էին անտառվերականգնման խնդիրներին: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նշեց, որ որպես առողջարանային քաղաք, մշատպես քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է կանաչ տարածքների պահպանման և ավելացման խնդիրը և բացի ազգային պարկի իրականացված աշխատանքներից, համայնքի միջոցներով նույնպես յուրաքանչյուր տարի կատարվում է ծառատունկ: Այս գարնանը նույնպես քաղաքի տարբեր հատվածներում տնկվել է 1000-ից ավել ծառ և թուփ:

2013-04-23
Հայաստանի «Դիլիջան» միջազգային դպրոցում երեխաների մոտ 70 տոկոսն անվճար կրթություն կստանա. Ռուբեն Վարդանյան
Հայաստանի «Դիլիջան» միջազգային դպրոցում երեխաների մոտ 70 տոկոսն անվճար կրթություն կստանա, քանի որ դա ոչ թե կոմերցիոն, այլ բարեգործական նախագիծ է։ Այս մասին ասել է «Տրոյկա Դիալոգի» նախկին ղեկավար, Sberbank SIB-ի համաղեկավար, «Դիլիջան» միջազգային դպրոց նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ Ведомости-ին տված հարցազրույցում:

««Դիլիջան» նախագծում, որ ես ու կինս իրականացնում ենք Հայաստանում, երեխաների 70 տոկոսն անվճար կրթություն է ստանալու, քանի որ նրանց վճարումներ են արվելու մասնավոր կարգով հավաքված կրթաթոշակային ֆոնդից: Մեզ համար դա ոչ թե կոմերցիոն, այլ բարեգործական նախագիծ է»,- ասել է Վարդանյանը՝ նշելով, որ այսօր բազմամշակութային դաստիարակությունը կրթության կարևոր բաղադրիչ է դառնում, իսկ ինքը՝ համակարգը՝ ոլորտ, որտեղ մեծ գումար է ներդրվում՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր:

Հայաստանի «Դիլիջան» միջազգային դպրոցը կդառնա Հայաստանի և ԱՊՀ տարածքի առաջին էլիտար դպրոց-պանսիոնը: Այնտեղ սովորելու են 13-18 տարեկան տղաներ և աղջիկներ: Դպրոցի կոնցեպցիան ենթադրում է բարձր ակադեմիական ուսում, ընդհանուր իդեալներ և կյանքի ուղղորդիչներ ունեցող ստեղծագործ, պատասխանատու անձանց ձևավորում: Այստեղ ուսուցումը վարվելու է անգլերենով, արտասահմանից հրավիրված մասնագետների կողմից:

Նախագծի իրականացումը համակարգում են նաև մասնագետներ՝ Անգլիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հայաստանից և Ռուսաստանից:

Ռուբեն Վարդանյանն ու իր տիկինն այս նախագիծը ներառել են հայկական գյուղերի և քաղաքների վերածնման նախագծերի շարքում: Նախատեսվում է, որ մինչև 2020 թ. դպրոցում 600 երեխա կսովորի, նրանցից 200-ը՝ ՀՀ քաղաքացիներ:


tert.am

2013-04-05
01.01.2013թ. – 01.04.2013թ. ընկած ժամանկահատվածում քաղաքապետարանի կատարած աշխատանքները
Դիլիջան համայնքի 2013թ. բյուջեն մշակվել է` հիմք ունենալով համայնքի 2013-2016թթ. քառամյա զարգացման ծրագիրը:
Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից:
2013թ. առաջին եռամսյակում տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ հավաքագրվել է 71655.8 հազ.դրամի եկամուտ, որը հնարավորություն է տալիս ավելի իրատեսորեն կանխագծելու առաջիկա անելիքները:
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները: 13 անապահով ընտանիքների տրվել է դրամական օգնություն:
Յուրաքանչյուր նորածին երեխաների համար 30 ընտանիքի տրվել է միանվագ դրամական օգնություն:
Դիլիջան քաղաքում գործող ՙՀույսի Կամուրջ՚ հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար համայնքի բյուջեից յուրաքանչյուր ամիս ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն:
Հայրենական մեծ պատերազմի կին մասնակիցներին մարտի 8-ի կապակցությամբ տրամադրվել է դրամական օգնություն:
Պատվիրվել է Երաժշտականա դպրոցի վերանորոգման աշխատանքների,Մյասնիկյան փողոցի քաղաքային շուկայի հատվածից դեպի Մ. Գորկի փողոց տանող ոլորապտույտին հարակից հենապատի վերանորոգման աշխատանքների, Հակոբջանյան և Մյասնիկյան փողոցների հատման հատվածից մինչև Շահումյան փողոցի վերջնամասի կամուրջն ընկած փողոցների, Գետափնյա և Կալինինի փողոցների մայթերի հիմնանորոգման և գազոնների վերականգնման աշխատանքների, քաղաքի ներհամայնքային նշանակության ճանապարհների ավտրտրանսպորտի երթևեկելի մասի փոսային նորոգման աշխատանքների, ինչպես նաև Անդրանիկի թաղամասի որոշ հատվածների փողոցային լուսավորության ցանցի վերակառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերիթղթերի կազմումը:
Հիմնանորոգվել է Շահումյան փող. թիվ 22 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի տանիքը: Կատարվել է Գետափնյա փ. Բնակելի շենքերի շքամուտքերի պատուհանների և դռների փոխման աշխատանքներ:
Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում իր ենթակայության ենթակառույցների նյութատեխնիակական բազայի ամրապնդման ուղղությամբ:
Զգալի աշխատանքներ են իրակնացվել լուսավորության, աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման, այն առողջարանային քաղաքին վայել կազմակերպեու ուղղությամբ:
Քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ ուշադրություն է ցուցաբերվում սպորտի զարգացմանը :

2013-03-26
Դիլիջանը կհյուրընկալի շախմատի կանանց միջազգային մրցաշարի մասնակիցներին
Հունիսին Դիլիջանը գտնվելու է աշխարհի շախմատասերների ուշադրության կնտրոնում: ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի կանանց Գրան Պրի նոր շրջափուլի վեց մրցաշարերի անցկացման վայրերն ու ժամկետները: Համաձայն ՖԻԴԵ-ի որոշման այս կարևորագույն միջազգային մրցաշարի փուլերից մեկը կանցկացվի Դիլիջանում:

2013-03-22
Դիլիջան քաղաքի շրջակա միջավայրի իրավիճակի վերլուծություն
Մարտի 21-ին և 22-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում կայացավ «Կովկասյան տարածաշրջանային բնապահպանական կենտրոն»-ի փորձագետների հերթական հանդիպումը շահագրգիռ կազմակերպությունների, համայնքի ավագանու, հասարակական կազմակերպությունների և լրատվության ներկայացուցիչների հետ: Փորձագետների կողմից ներկայացվեց և քննարկվեց Դիլիջան քաղաքի շրջակա միջավայրի իրավիճակի վերլուծությունը և կատարվեց տվյալների վերանայում: Քննարկման ընթացքում մշակվեց գործողությունների պլան: Բնապահպանական խնդիրները գործողությունների ծրագրում առավել արդյունավետ ընդգրկելու նպատակով փորձագետներն առանձին հանդիպում–քննարկումներ անցկացրեցին նաև կենտրոնական բանկի ուսումնամեթոդական կենտրոնի և քոթեջային համալիրի շինարարությունն իրականացնող «Ռենկո-ԱրմԷստեյդ» ընկերության, ինչպես նաև քաղաքում աղբահանություն կատարող և շինարարություն իրականացնող այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

2013-03-18
Համագործակցության լայն հեռանկարներ
Մարտի 15-ին Սևծովյան երկրների համագործակցության ծրագրի շրջանակներում Դիլիջան ժամանեց Ռումինիայի, Մոլդովայի և Վրաստանի 23 քաղաքների քաղաքապետերի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին նաև ճարտարապետներ և քաղաքապետարանների պատասխանատու աշխատակիցներ: Այցը կազմակերպվել էր Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, որն իրականացնում է ԵՄ կողմից ֆինանսավորվող միջազգային ծրագիր` որի կարևոր նպատակներից է ուղիղ կապեր ստեղծել Հայաստանի, Ռումինիայի, Մոլդովայի և Վրաստանի քաղաքների միջև` եվրոպական ստանդարտներին համապատասխան քաղաքային զարգացման համատեղ ծրագրեր նախանշելու նպատակով: Այցին նախորդել էր Երևանում կազմակերպված կոնֆերանսը` նշված երկրների քաղաքների պատվիրակությունների մասնակցությամբ: Դիլիջանի քաղաքապետարանում ` Դիլիջանի, Վրաստանի Ցխալտուբո և Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքների միջև ստորագրվեց բարեկամության հուշագիր: Եռակողմ հուշագրով քաղաքները հռչակվում էին քույր քաղաքներ, նշված էին փոխգործակցության ոլորտներն ու հիմնական անելիքները: Հուշագիրը ստորագրեցին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Վադուլ Լուի Վոդայի քաղաքապետ Յուրի Օնոֆռիչուկը և Ցխալտուբոյի փոխքաղաքապետ Դավիթ Չիրգադձեն:
Քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությունից հետո հյուրերը քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ շրջեցին քաղաքում, այցելեցին ՀՀ կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» նորաբաց կենտրոն, «Հին Դիլիջան» պատմամշակութային համալիր և երկրագիտական թանգարան:


2013-02-27
Մեկնարկը տրված է
Փետրվարի 27-ին Դիլիջանում տրվեց սոցիալական բնակարանաշինության ծրագրի մեկնարկը:
Այս կապակցությամբ Դիլիջան էին ժամանել նաև ԱՍԲԱ-ի ներկայացուցիչները Հոլանդիայից: Քաղաքապետարանում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ԱՍԲԱ-ի խորհրդի նախագահ Ռուդի դե Յոնգը, սոցիալական բնակարանաշինության նիդեռլանդական ծրագրի ղեկավար Մարկ վան Վիիսը, Վոնբրոն կազմակերպության ներկայացուցիչ Դիկ Ռեյնդերը, ԱՍԲԱ հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանը, Աֆինա Պալադի շինարարական ընկերության տնօրեն Արթուր Գրիգորյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հանդիպումից հետո մասնակիցները ուղևորվեցին Շամախյան թաղամաս և շինտեղամասում կատարվեց հիմնարկեքի արարողություն:
ԱՍԲԱ հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանի խոսքով` Դիլիջանում մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ այս տարի նախատեսվում է կառուցել 20-25 բանկարան, ծրագրի առաջին փուլի շրջանակներում` 50-52 բնակարան:
Դիլիաջնում կառուցվող բնակարանները անժամկետ վարձակալության են տրվելու ցածր և միջին եկամուտնոր ունեցողներին, քաղաքում ժամանակավորապես բնակվողներին: Շահառուները հնարավորությւոն են ունենալու նաև ձեռք բերել այդ բանկարանները:
Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը իր խոսքում նշեց, որ բացի այն կարևոր հանգամանքից, որ ունենալու է ծրագիրը քաղաքի բնակարանային խնդիրների լուծման գործում, նաև նպաստելու է նոր աշխատատեղերի ստեղծմանը: Քաղաքապետն ավելացրեց, որ ծրագրում ընգրկվելու համար արդեն քաղաքապետարան են դիմել շուրջ 200 բնակիչներ, որոնց մի մասն էլ ցանկություն է արտահայտել ներգրավվելու շինարարությունում:
Հանդիպման և հիմնարկեքի արարողության ընթացքում կողմերը նաև իրենց գոհունակությունն արտահայտեցին համագործակցության վերաբերյալ և հույս հայտնեցին , որ շինարարական աշխատանքները կընթանան պահանջվող ժամկետներում:

2013-02-12
Դիլիջանի գեղարվեստի դպրոցը` միջազգային մրցույթում
Դիլիջանի` Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցը մշտապես ակտիվ մասնակցություն է ունենում հանրապետական և միջազգային գեղանկարչական մրցույթներին և արժանանում բարձր պարգևների ու դրվատանքի: Հերթական հաղթանակը չուշացավ: Դպրոցը 2012թ-ին մասնակցելով Չեխիայի Լիդիցե քաղաքում կայացած միջազգային նկարչական 40-րդ հոբելյանական մրցույթին` ունեցավ մեծ ձեռքբերումներ: Միջազգային մրցույթին ներկայացվել էին 67 երկրների երեխաների 26 հազար աշխատանքներ: Դպրոցի յոթամյա սան Աննա Գևորգյանը լավագույն գեղանկարչական ստեղծագործության համար արժանացել է մրցանակաբաշխության ամենաբարձր պարգևին` «Լիդիցե վարդ» մեդալին և դիպլոմին: Նույն դպրոցի սաներ Էռնա Զանդյանը և Եվա Բոջիկյանը արժանացել են դիպլոմների: Լավագույն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ ներկայացնելու համար «Լիդիցե» մեդալի է արժանացել նաև գեղարվեստի դպրոցը: Փետրվարի 11-ին Դիլիջանի` Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցում կատարվեց պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Հայաստանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան, արվեստագետներ, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հանձնելով պարգևները` պրն. Միկիսկան նշեց մրցույթի ողջ կարևորությունը և բարձր գնահատեց Դիլիջանի գեղարվեստի դպրոցի ամենամյա ակտիվ մասնակցությունը միջազգային այդ ստուգատեսին և հույս հայտնեց, որ առաջիկայում ևս ակնկալվում են մեծ հաջողություններ:Պարգևատրվածներին և ներկաներին ջերմորեն շնորհավորեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:Իր ելույթում դրվատանքի խոսքեր ասելով գեղարվեստի դպրոցի գործունեության վերաբերյալ` նա միաժամանակ անդրադարձավ երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման ուղղությամբ քաղաքում ստեղծվող նոր մեծ հնարավորություններին: Միջոցառումը եզրափակվեց գեղարվեստի դպրոցի նորաբաց պարի խմբի սաների ելույթներով:

2013-02-04
Գործարար-բարերար Արմեն Աբգարյանը արժանացել է Պատվավոր Տավուշեցու կոչման
Գործարար-բարերար, Դիլիջանի պատվավոր քաղաքացի Արմեն Ցոլակի Աբգարյանը մարզում ունեցած ծառայությունների և գործարարության համար մարզխորհրդի որոշմամբ արժանացել է Պատվավոր Տավուշեցու կոչման: Արմեն Աբգարյանը նաև արժանացել է մարզի գործարարների միության «2012թ. լավագույն գործարար» մրցանակին: Փետրվարի 2-ին` «Հաղարծին» հուրանոց-ռեստորանային համալիրի նորաբաց սրահում կատարվեց պարգևների հանձնման արարողություն: Պատվավոր Տավուշեցու հավաստագիրը հանձնեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Գործարար-բարերարին շնորհավորեցին և հետագա հաջողություններ մաղթեցին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Տավուշի հոգևոր թեմի առաջնորդ տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, մարզի գործարարների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը: Միջոցառմանը ներկա էին Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, Տավուշի մարզի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Վարդգես Հովակիմյանը, ԵԿՄ մարզային կառույցի ղեկավար Ռուդիկ Դավթյանը, Մատենադարանի գիտաշխատակից, Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանը, գործարարներ, մտավորականության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

2013-01-29
Դեպի ապահով Հայաստան
Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին այցելեց ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնամեթոդական կենտրոն: Նա շրջեց նորակառույց համալիրում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու նախաձեռնությունը պատկանում է հանրապետության նախագահին։ Ուսումնամեթոդական կենտրոնը կառուցվել է ռեկորդային ժամկետներում և բացի իր կարևոր գործառույթներից, նաև ճարտարապետական իմաստով եզակի կառույց է։
Սերժ Սարգսյանը նաև ներկա գտնվեց «Տավուշ» բժշկական կենտրոնի բացմանը: Կենտրոնը ստեղծվել է նախկին պոլիկլինիկայի բազայի հիման վրա։
Կենտրոնի հիմնադիր Հարություն Քուշկյանի հավաստմամբ բժշկական կենտրոնի բոլոր բժիշկներն ու բուժքույրերը համապատասխան վերապատրաստում են անցել: Կենտրոնը հագեցած է ժամանակակից, ունիկալ սարքավորումներով` ճշգրիտ ախտորոշում կատարելու եվ ճշգրիտ բուժում իրականացնելու համար:
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվեց նաև «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը:
Նախկին գրադարանի շենքում, որը հիմնանորոգվել է Կենտրոնական բանկի միջոցներով, ստեղծվել է էլկեկտրոնային գրադարան, դրամների թանգարան, գործելու է նաև պատանեկան ստեղծագործական կարողությունների զարգացման կենտրոնը։

2012-12-27
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ
Հարգելի համաքաղաքացիներ.
Քաղաքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ, մաղթում եմ Ձեզ անձնական երջանկություն և արգասաբեր աշխատանքային գործունեություն:
Թող նոր` 2013 թվականը լինի բոլորիս հույսերի և նպատակների իրականացման տարի:
Մենք ապրում ենք քաղաքի զարգացման անչափ պատասխանատու փուլում;
Դիլիջանում իրականացվող ծրագրերը, ոչ միայն իրենց մասշտաբներով, այլև իրենց նշանակությամբ մեծապես նպաստելու են մեր քաղաքի տարբեր ոլորտների արագ և դինամիկ զարգացմանը, նրա համբավի էլ ավելի մեծացմանը:
Դիլիջանի առողջարանային համբավին ավելանալու է տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի համբավը, իսկ միջազգային դպրոցը, որի կառուցման աշխատանքները գտնվում են ակտիվ շինարարական փուլում, ոչ միայն նպաստելու է քաղաքի ավելի լայն ճանաչմանը, այլև մեր պատանիների և աղջիկների համար աննախադեպ հնարավորություն է ստեղծելու հարազատ քաղաքում ստանալու միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն: Արդեն 2013թ քաղաքային գրադարանում գործելու են պատանեկան ստեղծագործական կենտրոններ, որոնք մեծապես կնպաստեն մեր պատանիների և երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացմանը, պատրաստ լինելու համահունչ քայլելու 21-րդ դարի առաջընթացին:
Քաղաքի զարգացումը մեծապես նպաստելու է նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի նվազեցմանը:
Մենք նոր` 2013թ-ին կանենք հնարավորը թեթևացնելու Ձեր հոգսերը և համոզված եմ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի լուծել մեր առջև դրված կարևոր խնդիրները և նոր առաջընթաց արձանագրել ինչպես քաղաքի զարգացման, այնպես էլ մեր ապրելակերպի բարելավման ուղղությամբ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ` մաղթում նորանոր հաջողություններ:

2012-12-26
2012թ. քաղաքապետարանի կատարած աշխատանքների մասին
2012թ. ընթացքում հավաքագրվել է 290000.0 հազ.դրամի եկամուտ, ինչն ուղղվել է համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Համայնքային ենթակայության 13 ոչ առևտրային կազմակերպությունների, քաղաքապետարանի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի, աղբահանության և սանիտարական մաքրման, ինչպես նաև լուսավորության սպասարկման բնագավառներում ֆինանսավորումները կատարվել են ժամանակին` ծրագրով նախատեսված ծախսերին համապատասխան:
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները: Անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարը ապահովել է քաղաքապետարանը, այդ նպատակով հատկացվել է 939.4հազ. դրամ:
Յուրաքանչյուր նորածին երեխաjի համար ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն:
Դիլիջան քաղաքում գործող «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար համայնքի բյուջեից յուրաքանչյուր ամիս ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն:
«Հույսի կամուրջ» Հ/Կ հաճախող սահմանափակ կարողություններով թվով 48 երեխաների համար, ինչպես նաև նախադպրոցական հասակի 33 երեխաների համար ձեռք են բերել և տրվել նվերներ:
«Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող անապահով ընտանիքների 20 հաշմանդամ երեխաների հատկացվել է գումար քաղաքային տրանսպորտից օգտվելու խնդիրները հօգալու համար: Դիլիջանի թիվ 4 դպրոց հաճախող հենաշարժողական խնդիր ունեցող երեխաների համար դպրոցի մուտքի մոտ կառուցվել է թեքահարթակ:
Դիլիջանի համայնքային ենթակայության նախադպրոցական հիմնարկությունների ավագ նախադպրոցական խմբեր հաճախող թվով 170 երեխաների ավարտական հանդեսի, իսկ 600 երեխաների Ամանորի միջոցառման համար ձեռք են բերվել և տրվել նվերներ:
ՀՀ Զինված ուժերում ծառայության մեկնող զորակոչիկների տրվել են նվերներ, կազմակերպվել է Ամանորի տոնական միջոցառում:
Դիլիջան քաղաքային համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկությունների թվով 85 աշխատողների տրվում է ֆինանսական աջակցություն հերթական բժշկական ստուգումների անցկացման համար:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների կարիքներին:
Մեծ շուքով կազմակերպվում է և անցկացվում Հայրենական եծ պատերազմում տարած հաղթանակի տոնը: Հայրենական մեծ պատերազմի վետերաններ անվճար կերպով օգտվում են քաղաքային տրանսպորտից, ազատված են գույքահարկից, մշակույթի պալատում գործում է բարեգործական հիմնադրամ, որի միջոցով 60 հոգու տրվում է անվճար սննունդ: Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում իր ենթակայության ենթակառույցների նյութատեխնիակական բազայի ամրապնդման ուղղությամբ: Իրականացվել է ՈՒսանողական, Աբովյան, Մյասնիկյան, Հակոբջանյան, Հովսեփյան, Օրջոնիկիձե փողոցների ավտոտրանսպորտի երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներ:
Կատարվել է Շամախյան, Թախտա թաղամասերի, Թբիլիսյան խճուղու, Կամո, Անդրանիկի, Կալինինի, Հովսեփյան, Մխիթարյան, Սովետների, 26 Կոմիսարների, Զինվորական ավանի շրջակայքի փողոցների, Օրջոնիկիձե1-ին նրբ. դեպի բազմաբնակարան շենքեր տանող ճանապարհահատվածի ավտոտրանսպորտի երթևեկելի մասի ասֆալտի ջարդոնով փոսալցման և հարթեցման աշխատանքներ:
Շամախյան 2 բ և 3 բ հասցեների բազմաբնակարան շենքերի հարակից տարածքները բետոնացվել են: Վերակառուցվել են Առաջին փողոցի 25 հասցեի տանը, Հովսեփյան փողոցի թիվ 18 հասցեի տանը և 26 կոմիսարների 23, 25, 27, 29 տներին սպասարկող աստիճանները: Գետափնյա, Սայաթ-Նովա, Մյասնիկյան, Շահումյան փողոցներում կատարվել է փողոցների նշագծում և ավտոտրանսպորտի երթևեկելի մասում տեղադրվել են ռետինե արգելափակոցներ և ռետինե գունավոր տարբերանշաններ: Վերանորոգվել է Գետափնյա փողոցի վերջնահատվածում գտնվող և Շլորկուտի գերեզմանատներ տանող ճանապարհները: Բարեկարգվել է Շահումյան փողոցի վերջնահատվածից դեպի Պարզ լիճ տանող ճանապարհը, քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են ծաղկամաններ:
Վերանորոգվել է «Առյուծների աստիճաններ» կոչվող շքասանդուղքի մի հատվածը:
Թիվ 2 մանկապարտեզին հարակից տարածքում կառուցվել է հետիոտնի անցուղի: Իրականացվել է Մյասնիկյան 117 և Մյասնիկյան 144 Ա, Շամախյան 118 հասցեների տներին հարակից հենապատերի վերակառուցում, ինչպես նաև Կալինինի 255 հասցեի տանը հարակից պաշտպանիչ պատի կառուցում: Հենապատեր են կառուցվել նաև Սայաթ-Նովա, ՈՒսանողական, փողոցներում:
Հիմնանորոգվում են Շամախյան 3Ա և Գետափնյա 6, 8 և 12 հասցեների բազմաբնակարան շենքերի վերելակները: Վերականգնվել է Օրջոնիկիձե փողոցի թիվ 65 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի վնասված ճակատային մասը: Գետափնյա 2,4,6,8,10 և 12 հասցեների շենքերի համար ձեռք են բերվել և տեղադրվել մուտքի դռներ ու պատուհաններ: Ամբողջովին հիմնանորոգվել է Շահումյան 22 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի տանիքը: Շահումյան, Մյասնիկյան, Գայի, Կալինինի, Օրջոնիկիձե, Հակոբջանյան, Վ.Անանյանի և Այգեստան փողոցներում իրականացվել է փողոցային լուսավորության համակարգի հիմնանորոգում և համալրում:
ՀՊԾ-ի Սնունդ Աշխատանքի դիմաց» ծրագրի շրջանակներում Դիլիջանի համայնքների միության կողմից հաստատվել և ներկայացվել է ծրագիր, որի շրջանակներում կատարվում է Դիլիջան քաղաքային համայնքի ենթակայության թիվ 5 մանկապարտեզի մասնակի վերանորոգման աշխատանքներ, Շահումյան, Շամախյան փողոցների հեղեղատարի, Մոլդովական փողոցի ջրահեռացման համակարգի և Հակ ոբջանյան, Գայի փողոցների հենապատի վերակառուցման աշխատանքներ: Դիլիջան քաղաքային համայնքի ներդրումը նշված ծրագրերին կատարվել է նյութերի տեսքով:
Մաքսիմ Գորկի հասցեում կառուցվում է քաղաքային զուգարան:
Ձեռք է բերվել և քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել 17 մանկական խաղահրապարակներ: Քաղաքն առավել բարետես դարձնելու, ինչպես նաև զբոսաշրջության սեզոնին նախապատրաստելու նպատակով քաղաքի տարբեր մասերում տեղադրվել են նստարաններ և աղբամաններ: Թաղամասերում տեղադրվել են 21 զրուցատաղավարներ: Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում իր ենթակայության ենթակառույցների նյութատեխնիակական բազայի ամրապնդման ուղղությամբ:
ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան կազմակերպության հետ համատեղ իրականացվել է Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներ:
Թիվ 1 մանկապարտեզում կատարվել է սան.հանգույցների վերանորոգման աշխատանքներ: Մանկապարտեզների համար ձեռք է բերվել փափոկ գույք,ինչպես նաև մահճակալներ:

Դիլիջանի քաղաքային զբոսայգին նոր սեզոնին նախապատրաստելու, ինչպես նաև բնակիչների ակտիվ հանգիստը առավել հարմարավետ և անվտանգ դարձնելու նպատակով իրականացվել է զբոսայգու խաղային ատրակցիոնների վերանորոգման աշխատանքներ:
Իրականացվել է հնգաթև հուշարձանի և օղակաձև խաչմերուկի հարակից տարածքների բարեկարգում և ճարտարապետական ձևավորում:
Տեղադրվել են լուսատուներ և շատրվանների եռագույն լուսադիոդային լուսավորման համակարգ: Զգալի աշխատանքներ են իրակնացվել լուսավորության, աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման, այն առողջարանային քաղաքին վայել կազմակերպեու ուղղությամբ: Կազմակերպվել և անց է կացվել սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման միամսյակ: Քաղաքային հրապարակում կազմակերպվել են համաքաղաքային միջոցառումներ նվիրված Երեխաների իրավունքների միջազգային պաշտպանության օրվան և վերջին զանգին: Քաղաքային ամֆիթատրոնում Արտավազդ արվստների ընկերության հետ համատեղ կազմակերպվել է պարային խմբերի հանրապետական փառատոն, շուրջ 1700 մասնակցով:
«Լույս» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել է միջոցառումների շարք` ցուցահանդես, համերգ, քայլերթ:
«Երկրագիտական թանգարանում կազմակերպվել է բաց դռների օր «Ճանապարհ» խորագրով(ցուցահանդես, հանդիպում արվեստագետի հետ, ասմունքի ցերեկույթ): Կազմակերպվել է միջոցառումների շարք նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան: Կազմակերպվել են Դպրության և գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներ, առաջին դասարան հաճախող 200 երեխաների տրվել են պայուսակներ և գրենական պիտույքներ: Հունվարի 27-ին Դիլիջանի զորամասում համայնքի ղեկավարի աջակցությամբ կազմակերպվել է համերգ-հանդիպում նվիրված բանակի օրվան: Հայրենական մեծ պատերազմի կին մասնակիցներին մարտի 8-ի կապակցությամբ տրամադրվել է դրամական օգնություն:
Հիշատակի արարողություն կազմակերպվեց և ծաղկեպսակներ դրվեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարին: Մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ և Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպվեց միջոցառում, հազարավոր դիլիջանցիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհվածների հիշատակին:
Դիլիջանի երկրագիտական թանգարանում Բրիտանական խորհուրդը ներկայացրեց «Նորաձևության ճանապարհ` երկխոսության սահմանների խաչմերուկում» ծրագրի շրջանակում եվրոպացի և հայ մոդելավորողների ստեղծած հագուստի հավաքածուն: «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում «Դիլիջան» միջազգային փառատոնի մասնակիցները հյուրընկալվեցին Դիլիջանում: Քաղաքապետարանի կողմից ուշադրություն է ցուցաբերվում սպորտի զարգացմանը: Ապահովվում է դիլիջանցի մարզիկների մասնակցությունը հանրապետական միջոցառումներին, նրանց ցուցաբերվում է նյութական և բարոյական աջակցություն: Քաղաքապետարանի միջոցներով կազմակերպվում են մարզախաղեր և օլիմպիադաներ: Զգալի գործունեություն է ծավալվել քաղաքի երիտասարդական կյանքն ակտիվացնելու, երիտասարդական ներուժը համախմբելու ուղղությամբ: Քաղաքի երիտասարդների ու ՏԻՄ միջև համագործակցությունը ընդգրկել է մի շարք ոլորտներ, որոնց թվում բնապահպանություն, ոչ-ֆորմալ կրթություն, տեղեկատվության բարձրացում, մասնագիտական կողմնորոշում, քաղաքաշինություն, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլն:

2012-12-20
Համերգ` Քո ուշադրությունը հաշմանդամներին խորագրով
1992 թվականին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամների միջազզգային օր, իսկ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարվել է Հաշմանդամների շահերի, իրավունքների պաշտպանության միամսյակ, որի նպատակն է վեր հանել նրանց հիմնախնդիրները բարձրացնել իրազեկությունը հասարակության մեջ:Այս տարի իրականացվեց այդ ծրագիրը համերգի տեսքով:
«Արվեստը սահմաններ չի ճանաչում, արվեստի միջոցով ջարդենք մարդկանց մեջ ծառացած կարծրատիպերը և ասենք ոչ’ կարծրատիպ մտածելակերպին և ընդունել նրանց»: Սա է ծրագրի կարգախոսը:
Ծրագրի շրջանակներում տեղի ունեցան Վաչե Գրիգորյանի մենահամերգները և սեմինարները Դիլիջանում և նրա հարակից համայնքներում:
Համերգին մասնակցում էին «Հույսի Կամուրջ» հկ-ի «Մեղեդի» երգի-պարի համույթը և «Հայացք» պարի համույթը: Ելույթների մեկնարկը սկսվեց նոյեմբերի 23-ին Գոշ համայնքում, իսկ դեկտեմբերի 3-ին մասնակիցները եղան Թեղուտում, դեկտեմբերի 6-ին` Հաղարծնում:
Համերգի ընթացքում հնչեցին սիրված հեղինակային և ժողովրդական կատարումներ Վաչե Գրիգորյանի կատարմամբ, այնուհետև ցուցադրվեց «Օղակից ներս» բնապահպանական ֆիլմը Վաչեի մասին պատմող ռեպորտաժով:
Դեկտեմբերի 19-ին կայացավ ծրագրի փակման արարողությունը:

2012-11-23
Փոխվարչապետի այցը
Նոյեմբերի 23-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը այցելեց Դիլիջան: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ կառավարության ռեզերվային ծրագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներին, նախանշել առաջիկա անելիքները: Փոխվարչապետը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը այցելեցին Դիլիջանի պետական քոլեջ, կենտրոնական գրադարանի շինարարություն, թիվ 2 դպրոց, Կենտրոնական բանկի բնակելի շենքերի շինարաարություն, նախկին պոլիկլինիկա: Պետական քոլեջում կատարվել է տանիքի վերանորոգում, սակայն խնդիրներ կան շենքի վերանորոգման և ջեռուցման հետ կապված: Գրադարանում հիմնանորոգումը գրեթե ավարտված է, ընթացքի մեջ են կահավորման աշխատանքները: Թիվ 2 դպրոցի հետ կապված ասվեց, որ առաջիկայում տարածքի սեյսմիկ իրավիճակի ստուգումից հետո կիրականացվեն հիմնանորոգման աշխատանքներ: Նախկին պոլիկլինիկայում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, որի ավարտից հետո պոլիկլինիկան կծառայի որպես բուժ ախտորոշման կենտրոն` ապահովված գերհագեցած սարքավորումներով և յուրաքանչյուր ամիս հանրապետության լավագույն բժիշկները կկատարեն քաղաքացիների ընդունելություն: Կենտրոնը ապահովված է լինելու շտապ օգնության նորագույն մեքենաներով, անհրաժեշտության դեպքում հիվանդներին կարող են տեղափոխել Երևան: Հիշյալ կենտրոնը ունենալուէ նաև ատամնաբուժական ժամանակակից կաբինետներ, որտեղ մասնագետները կկատարեն դիմածնոտային վիրաբուժական գործողություններ և իմպլատալոգիա:



2012-11-15
Նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
Նոյեմբերի 15-ին կայացավ Դիլիջանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Մինչ նիստի օրակարգին անցնելը, քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը ջերմորեն շնորհավորեց ավագանու անդամներին` նրանց մաղթելով ակտիվ և բեղմնավոր գործունեություն: Քաղաքապետը նաև շնորհակալությունը հայտնեց նախկին ավագանու անդամներին, քաղաքի առջև դրված խնդիրների լուծման գործում նրանց ներդրած ջանքերի համար: Նիստում հաստատվեցին քաղաքապետարանի աշխատակազմի և ենթակա կազմակերպությունների կառուցվածքը, հաստիքացուցակը և պաշտոնական դրույքաչափերը: Հաստատվեցին տեղական տուրքերը և դրանց դրույքաչափերը: Քննարկվեցին և որոշումներ ընդունվեցին աղբահանության, որոշ բազմաբնակարան շենքերի վերանորոգման, փողոցների մասնակի բարեկարգման հարցերի վերաբերյալ: Ավագանու նիստում որոշում ընդունվեց առաջարկություն ներկայացնելու Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանակոչելու հայ մշակութային ականավոր գործիչ էդվարդ Միրզոյանի անվամբ` հաշվի առնելով ոչ միայն ազգային երաժշտական արվեստին մատուցած նրա ծառայությունները, այլև այն, որ մեծանուն կոմպոզիտոր է, Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան հիմնադիրը:


2012-11-12
Հանդիսավոր արարողություն թիվ 4 մանկապարտեզում
Նոյեմբերի 9-ին տոնական տրամադրություն էր տիրում քաղաքի թիվ 4 մանկապարտեզում. հանդիսավորությամբ նշվեց հիմնանորոգման աշխատանքների ավարտը: Երեխաները մեծ ուրախությամբ դիմավորեցին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին և USAID Հայաստանի տարածաշրջանի ղեկավար Քերրեն Հիլարդին: Միջոցառմանը ներկա էին, ծնողներ, հանրության, հկ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ներկաները շրջեցին մանկապարտեզի բոլոր սենյակներով մոտիկից ծանոթանալով QOUNTERPART INTERNATIONAL-ի, USAID-ի և Դիլիջանի քաղաքապետարանի համատեղ ներդրումներով կատարված հիմնանորոգմանը: Քերրին Հիլարդը իր գոհունակությունը հայտնելով կատարված աշխատանքների վերաբերյալ միաժամանակ ավելացրեց.

-Ժողովրդին օգնելը մեր առաքելությունն է: Մենք համագործակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որն այս պարագայում շատ արդյունավետ եղավ: Համայնքը բացահայտել է կարիքը`մենք տրամադրեցինք օգնություն և համատեղ աշխատանքի շնորհիվ տեսնում ենք արդյունքները, որի համար շատ գոհ ենք և ուզում ենք նշել, որ ծրագիրը լինելու է շարունակական…Ինչպես նշեց Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավի ընթացքում «Ժողովրդի քաղաքացիական վերաբերմունքը չի ավարտվում քվեատուփի առաջ» այն պետք է շարունակելի լինի իր պահանջներով և ղեկավարության հետ համագործակցությամբ: Դուք Արմեն Սանթրոսյանին որպես քաղաքապետ ընտրել եք երեք անգամ, ինչը խոսում է նրա մասին, որ ձեր համագործակցությունը ավելի ամուր և ավելի արդյունավետ պետք է լինի:
Քաղաքապետն էլ իր խոսքում փաստեց, որ USAID-ի հետ իրականացրել են երեք ծրագիր, իսկ չորրորդի համար ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն, որը ենթադրում է թիվ 4 մանկապարտեզի կահավորման խնդրի լուծումը: Պաշտոնատար անձանց ելույթներից հետո ներկաները ունկնդրեցին երեխաների գեղարվեստական կատարումները: Ներկաները շատ տպավորված հեռացան վերադարձի խոստումով…








2012-11-05
Միջոցառում թիվ 3 մանկապարտեզում
Նոյեմբերի 2-ին Դիլիջանի քաղաքապետարանի և ՙՍեյվ դը չիլդրեն՚ կազմակերպության
կողմից կազմակերպեց երեխայի պաշտպանությանը նվիրված ՙԾնողական և մանկական սրճարաններ՚ համայնքային խորագրով միջոցառում: Միջոցառմանը ներկա էին ՄՀԵՓԱ (Միավորվենք հանուն երեխաների փրկենք ապագան) ծրագրում ընդգրկված նախադպրոցական հաստատության սաները, նրանց ծնողները, մասնագետներ, պետական ու հասարակական կառույցների, ԶԼՄ-երի ներկայացուցիչներ, քաղաքացիներ, Սեյվ դը չիլդրեն-ի ծրագրի պատասխանատուները:
Անց կացվեցին երեխայի իրավունքների, երեխայի հանդեպ բռնության հետևանքների, դրական ծնողավարության վերաբերյալ փոքրիկ դասընթացներ, որոնք վարեցին ՄՀԵՓԱ/ ծրագրով վերապատրաստված դասընթացավարները:
ՙՍեյվ դը չիլդրենի՚ կողմից տրամադրվել էին գրականություն, գրենական և այլ պարագաներ: Կարևորելով նման օգտակար նախաձեռնությունները, կազմակերպությունն այլ համայնքների իշխանությունների հետ նույնպես ձեռնամուխ է եղել միջոցառումների կազմակերպմանը: Միջոցառումը կազմակերպվեց ՄՀԵՓԱ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ,,Բաց հասարակության հիմնադրմաներ-Հայաստան,,-ի համաֆինանսավորմամբ:

2012-11-01
Ֆրանկոֆոն դեսպանների խմբի այցը Դիլիջան
Հոկտեմբերի 31-ին Ֆրանկոֆոն դեսպանների խումբը, խմբի նախագահ` Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկու գլխավորությամբ այցելեց Դիլիջան: Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն, Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան, ՀՀ ԱԳ նախարարի
Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Օննո Սիմոնիսը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Պատվիրակությանն ընդունեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ քաղաքի փոխգործակցության հնարավորություննրին` բազմակողմանի ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:
Քաղաքապետը ներկայացրեց քաղաքի հիմնական ցուցանիշները, առանձնապես կարևորելով խոշոր ռեգիոնալ ծրագրերի առկայությունը և արդեն առաջիկա տարիներին դրանց հետ կապված տարբեր ոլորտների, այդ թվում առողջարանային և զբոսաշրջային ոլորտների արագ զարգացման հնարավորությունները:
Քաղաքապետը ներկայացրեց նաև եվրոպական երկրների քաղաքների հետ Դիլիջանի ունեցած կապերը, նշելով նաև, որ նախապատրաստական փուլում է գտնվում Ֆրանսիայի Էքս
- Պրովանս քաղաքի հետ փոխգործակցության համաձայնագիրը:
Կայացավ հետաքրքիր և գործնական քննարկում, որի ընթացքում պարզաբանվեցին տարբեր ոլորտների վերաբերյալ հյուրերին հետաքրքրող հարցերը:
Դեսպանների խումբը քաղաքապետի ուղեկցությամբ այցելեց քաղաքի ավագ դպրոց, ուր կայացավ քննարկում ֆրանսերենի ուսուցման ներդրման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու շուրջ: Քննարկմանը մասնակցում էր նաև Տավուշի մարզի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը: Հյուրերը եղան նաև երկրագիտական թանգարան- պատկերասրահում, և Հաղարծնի պատմամշակութային համալիրում:

2012-09-25
2012թ. սեպտեմբերի 23-ին կայացան ՏԻՄ ընտրություններ
2012թ. սեպտեմբերի 23-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներն են`
Համայնքի ղեկավարի ընտրություններ.
Ընտրողների ընդհանուր թիվ -14589
Մասնակիցների ընդհանուր թիվ -8283
Անվավեր-243
Հարությունյան Գուրգեն Ռուստամի 428
Սահաբալյան Ժորա Մկրտիչի 2 824
Սանթրոսյան Արմեն Վովայի 4 688

2012-09-10
ԱՍԲԱ-ի ծրագիրը գործնական փուլում է
2012թ. ապրիլի 23-ին ԱՍԲԱ-ի և Հոլանդական Միջազգային Բնակարանային Երաշխիքներ (DIGH) կազմակերպության միջև ստորագրվեց անդրանիկ ներդրումային ծրագրի աջակցման համաձայնագիրը: Այս համաձայնագրի շնորհիվ առանց պետական երաշխիքների, զգալի օտարերկրյա ֆինանսական ռեսուրսներ են ներդրվում Դիլիջանում մատչելի բնակարանների ֆոնդի ձևավորման և հետագա շահագործման համար: Ծրագրի արդյունքում 2013-2014թթ. Դիլիջանում շուրջ 50 ընտանիքներ կապրեն նոր սոցիալական բնակարաններում, իսկ հետագայում այդ մատչելի սոցիալական բնակարանների ֆոնդը կընդլայնվի ևս 150 նոր բնակարաններով:
ԱՍԲԱ հիմնադրամի տնօրինության և Դիլիջանի քաղաքապետարանի միջև աշխատանքների 2-րդ` շինարարական փուլին անցնելու կապակցությամբ օգոստոսի 8-ին կնքվեց փոխգործակցության համաձայնագիր:
Համաձայնագրի կնքման արարողությունը կատարվեց հենց շինտեղամասում, հիմնանորագման ենթակա բազմաբնակարան շենքի բակում: Համաձայնագրի կնքման արարողությանը ներկա էին շահառուներ, թաղամասի բնակիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Շահառուների և բնակիչների հարցերին հանգամանալից պատասխաններ տրվեցին Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանի և ԱՍԲԱ հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանի կողմից: Մի քանի օրից կհայտարարվի շինարարության մրցույթ: Նախատեսվում է հոկտեմբերից սկսել շինարարական աշխատանքները: Շինարարության համար հատկացվել է 10 000 քառ մետր տարածք:

2012-08-31
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հարգելի ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ.
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարան ոտք դրած մեր փոքրիկներին,որոնց կյանքում այս օրը մնալու է որպես քաղցր հիշողություն: Համոզված եմ, որ մեր սովորողները ըստ արժանավույն կգնահատեն գիտելիքի դերն ու նշանակությունը և ջանք չեն խնայի ձեռք բերելու ոչ միայն բարձր գիտելիքներ, այլև լավագույնս կտիրապետեն ժամանակակից տեխնիկական միջոցներին, որը հուսալի հիմք կհանդիսանա դիմակայելու մեր արագ զարգացող դարի մարտահրավերներին:
Մենք ապրում ենք Դիլիջանի զարգացման շատ կարևոր և պատասխանատու փուլում: Մեր քաղաքում իրագործվում են տարաբնույթ խոշոր ծրագրեր, այդ թվում կրթական ոլորտի` որոնք էական ազդեցությում են ունենալու քաղաքի զարգացման գործում և մեծ հեռանկարներ են բացում մեր պատանիների և երիտասարդության համար: Դիլիջանում է կառուցվում hանրապետությունում առաջին միջազգային դպրոցը, որը նախատեսվում է տալ միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն և այդ դպրոցում սովորելու համար լայն հնարավորություններ են ստեղծված մեր առավել աչքի ընկնող պատանիների համար:
Լիահույս ենք, որ ձեռք բերելով որակյալ կրթություն և հայեցի դաստիարակություն` կդառնաք հայրենասեր, բանիմաց, ազնիվ քաղաքացիներ և միշտ բարձր կպահեք հարազատ քաղաքի անունը:

2012-08-27
Հանրային քննարկում
Օգոստոսի 24-ին քաղաքապետարանում կայացավ ԱՍԲԱ-ի «Մատչելի սոցիալական բնակարանային համալիր» ծրագրի հանրային քննարկում: Քննարկմանը մասնակցում էին Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, ԱՍԲԱ հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանը, Դիլիջանի գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանը, քաղաքապետարանի և ծրագրի հիմնադրամի պատասխանատու աշխատակիցներ, հանրության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը և հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանը, նախ ներկաներին տեղեկացրին, որ ծրագիրը արդեն մտնում է գործնական փուլ. լուծված է հողահատկացման հարցը, օրերս կհայտարարվի շինարարական կազմակերպությունների մրցույթ և որ ծրագրի առաջին փուլի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Նրանք կրկին անդրադարձան ծրագրի էությանը, այն է` մատչելի վարձու բնակարններ առաջարկել ազգաբնակչության միջին և համեմատաբար ոչ ապահով խավերին, նպաստել բնակչության բնակարանային խնդրի լուծմանը: Նախագծի պարզաբանմամբ հանդես եկավ ճարտարապետական նախագծի հեղինակած ընկերության ներկայացուցիչ Մարինե Հայրապետյանը: Ցուցադրվեց նոր թաղամասի ճարտարապետական տեսքը, պարզաբանումներ տրվեցին ճարտարապետական լուծումների վերաբեյալ: Բնակելի նոր հատվածը կառուցվելու է Շամախյան թաղամասում։ Առաջին փուլում, որը մտադիր են ավարտել 2013-ը գարնանը, կառուցվելու են երկհարկանի քոթեջատիպ կցաշենքեր և վերակառուցվելու է մեկ բազմաբնակարան շենք: Կիրառվելու է շինարարական երկու մոդել՝ փոքր և մեծ բնակարանների: Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից տարբեր հարցեր բարձրացվեցին և առաջարկություններ արվեցին ճարտարապետական նախագծի վերաբերյալ, մասնավորապես ծածկերի հուսալիության, ինսոլացիայի էֆեկտիվության և դիլիջանյան ճարտարապետական ոճի տարրերի ընդգրկման անհրաժեշտության վերաբերյալ: Քննարկվեցին նաև շահառուների ընտրության սկզբունքների,վարձավճարների մոտավոր չափերի, կոմունալ սպասարկման վերաբերյալ հարցեր։
Քննարկման արդյունքներն ամփոփեցին հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանը և փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը:
Հավելենք, որ սոցիալական բնակարանաշինության այս ծրագիրը առաջինը իրականացվում է Դիլիջանում։

2012-08-27
Միջազգային դպրոցի ծրագրիը մտնում է նոր փուլ
Միջազգային դպրոցի ծրագրիը մտնում է նոր փուլ
Օգոստոսի 16-ին քաղաքապետարանում կայացավ միջազգային դպրոցի ծրագրի հետ կապված քաղաքի խնդիրները թեմայով խորհրդակցություն, որին մասնակցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, կառույցի ճարտարապետ Թիմ Քլինը, շինարարության պետ Դմիտրի Լետովը, ՌՎՎՑ հիմնադրամի մարկետինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զառա Զեյթունցյանը, քաղաքի հյուրանոց ռեստորանային համալիրների և հյուրատների, առողջարանների և բուժ հաստատությունների, կրթամշակութային և սպասարկման ոլորտների կազմակերպությունների տնօրեններ, հկ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Զառա Զեյթունցյանը ներկայացրեց ծրագրի ընթացքը, անդրադառնալով նաև դպրոցի նշանակությանը, սովորողների ընդունելության սկզբունքներին, պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին: Դպրոցի դերին ու նշանակությանը, ինչպես և ծրագիր հետ կապված քաղաքի խնդիրներին անդրադարձան Տավուշի մարզպետ Արմեն Ղուլայանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:


2012-08-06
ՀՀ առողջապահության նախարարի այցը Տավուշի մարզ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը օգոստոսի 3-ին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցելության շրջանակներում եղավ նաև «Դիլիջան» բժշկական կենտրոնում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատանքների վիճակին: Նախարարը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի և բժշկական կենտրոնի տնօրեն Սիլվա Պետրոսյանի հետ շրջեց բոլոր բաժանմունքներում, հետաքրքրվեց ծառայությունների վիճակով, զրուցեց բուժ անձնակազմի հետ:
Դերենիկ Դումանյանը անբավարար գնահատեց հիվանդանոցի նյութատեխնիկական բազան, միաժամանակ դրական բնութագրելով մասնագիտական սպասարկման ուղղությամբ կոլեկտիվի ներդրած ջանքերը, մասնագիտական կադրերով ապահովվածությունը: Բուժ անձնակազմի հետ ունեցած զրույցում նախարարը միաժամանակ նշեց, որ դեռևս բավարար չեն օգտագործվում ինքնաֆինանսավորման հնարավորությունները, որը կարող է մեծապես նպաստել ֆինանսական խնդրիների ավելի արդյունավետ լուծմանը:
Ինչպես բուժանձնակազմի, այնպես էլ լրագրողների հետ ունեցած զրույցում նախարարը անդրադարձավ նաև Դիլիջանի կուրորտի զարգացման խնդիրներին` նշելով,որ արդեն 80-ական թվականներին կառավարությունը մտադրվել էր լուրջ ծրագրեր իրականացնել այդ ուղղությամբ, սակայն հայտնի իրադարձությունների պատճառով այն չիրագործվեց: Նախարարը նշեց,որ կուրորտի զարգացման ուղղությամբ ներկա պայմաններում մեծ դերակատարում կարող է ունենալ մասնավոր հատվածը, որին անշուշտ կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն:

2012-07-26
Հակասողանքային ծրագիրը գործողության մեջ
Հայտնի է, որ Դիլիջանը հանրապետության սողանքային լուրջ խնդիրներ ունեցող բնակավայրերից մեկն է: Այդ իսկ պատճառով, դեռևս խորհրդային իշխանության տարիներին ամենալավ մասնագիտորեն հետազոտված և ուսումնասիրված քաղաքն է: Նախկին ԽՍՀՄ-ի վարչապետի կարգադրությամբ 11 մլն խորհրդային ռուբլու նախագծային արժեքով 70-ական թվականներին իրականացրել են խոշոր ծավալի աշխատանքներ, որը հիմնականում հանգում էր խոշոր դրենաժային կառուցվածքների` թունելների միջոցով կանխել սողանքային ակտիվությունը: Չնայած աշխատանքները լիովին չավարտվեցին, այնուամենայնիվ հիշյալ կառուցվածքները կարևոր նշանակություն ունեցան սողանքային երևույթների մեղմացման առումով: Հետագա տարիներին աշխատանքները ոչ միայն չշարունակվեցին, այլև փակվեցին թունելախորշերի մուտքերը, քանդվեցին որոշ հատվածներ,այդ իսկ պատճառով արդեն վերջին տարիներին նման իրավիճակում գտնվող հակասողանքային կառույցներով հնարավոր չէր պայքարել սողանքների ակտիվացման դեմ: Քաղաքապետարանը ինչպես ընդհանուր իրավիճակի, այնպես էլ առանձին հատվածներում ակտիվացող սողանքների վերաբերյալ պարբերաբար տեղեկացրել է վերադաս մարմիններին` ակնկալելով անհրաժեշտ աջակցություն,զուգահեռաբար սեփական միջոցներով հենապատերի կառուցման, առանձին հատվածների ամրացման և այլ աշխատանքներով, փորձելով մասնակիորեն մեղմացնել սողանքները: Քաղաքապետարանի և անձամբ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետևողականության, նախաձեռնողականության և հանրապետության նախագահի անձնական մեծ աջակցության շնորհիվ արդեն իսկ իրականացվում է հակասողանքային միջոցառումների մեծ ծրագիր: Աշխատանքները սկսվել են 2011 թ-ից, այն իրականացնում է «Արփա-Սևանշին» ՓԲԸ «Թունել» շինտեղամասը: Այն սկսվել է կենտրոնական բանկի բնակելի վարչական շենքից(հին շուկայի տարածք): Սկզբնական խնդիրը եղել է 260 գծամետրի աշխատանք, սակայն տեսնելով արդյունքը, քաղաքապետի նախաձեռնությամբ հիմք նախապատրաստվեց շարունակելու աշխատանքները, որը 2- րդ փուլով շարունակվեց 2012 թ-ից: Այս փուլով նախատեսված է իրականացնել 667 գծամետր վերականգնողական աշխատանքներ: Նշենք նաև, որ գործող թունելը լիովին վերակառուցվելու է: Մաքրվելու և վերականգնվելու է նաև ավտոկայանի հատվածում գտնվող թունելախորշը և արդեն գործելու է դրենաժային հուսալի համակարգ: Ինչպես պատմեց «Արփա-Սևանշին» ՓԲԸ «Թունել» շինտեղամասի պետ Համլետ Մովսիսյանը, հաջողվում է օրական միջինը ապահովել 1,5 գծամետր վերակառուցման աշխատանքներ, որից հետո կատարվում է լցում և հորատանցքերի հորատացում: Ներկայումս թունելի շինարարության մեջ ընդգրկված են մոտ 90 աշխատողներ, որից շուրջ մեկ տասնյակը մեր համաքաղաքացիներն են:
Շինտեղամասի պետի հավաստմամբ օգտագործվում է բացառապես որակյալ շինանյութ:

2012-07-17
17.07.12 01.04.2012թ. – 01.07.2012թ. ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանի կատարած աշխատանքները
Դիլիջան համայնքի 2012թ. բյուջեն մշակվել է համայնքի 2009-2012թթ. քառամյա զարգացման ծրագրի հիման վրա:
Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից:
2012թ. երկրորդ եռամսյակում տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ հավաքագրվել է 128297.1 հազ.դրամի եկամուտ, որը հնարավորություն է տալիս ավելի իրատեսորեն կանխագծելու առաջիկա անելիքները:
Համայնքային ենթակայության 13 ոչ առևտրային կազմակերպությունների, քաղաքապետարանի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի,
աղբահանության և սանիտարական մաքրման, ինչպես նաև լուսավորության սպասարկման բնագավառներում ֆինանսավորումները կատարվել են ժամանակին` ծրագրով նախատեսված ծախսերին համապատասխան:
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց պարբերաբար տրվում է դրամական օգնություն:
Յուրաքանչյուր նորածին երեխաների ընտանիքների (թվով 66),՝ տրվել է միանվագ դրամական օգնություն:
Դիլիջան քաղաքում գործող «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար համայնքի բյուջեից յուրաքանչյուր ամիս ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն:
Գարնանային զորակոչով ՀՀ Զինված ուժերում ծառայության մեկնող զորակոչիկներին տրվել են նվերներ:Դիլիջանի համայնքային ենթակայության նախադպրոցական հիմնարկությունների ավագ նախադպրոցական խմբեր հաճախող թվով 170 երեխաների ավարտական հանդեսի միջոցառումների համար ձեռք են բերվել նվերներ:
Իրականացվում է ՈՒսանողական, Աբովյան, Մյասնիկյան, Հակոբջանյան, Հովսեփյան և Օրջոնիկիձե փողոցների ավտոտրանսպորտի երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներ: Կատարվել է Պապանինո թաղամասի գերեզմանատուն տանող ճանապարհի կառուցման աշխատանքներ: Բարեկարգվել է Շահումյան փողոցի վերջնահատվածից դեպի Պարզ լիճ տանող ճանապարհը, քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են ծաղկամաններ: Վերանորոգվում է «Առյուծների աստիճաններ» կոչվող շքասանդուղքի մի հատվածը: Թիվ 2 մանկապարտեզին հարակից տարածքում կառուցվել է հետիոտնի անցուղի:
Իրականացվել է Մյասնիկյան 117 և Մյասնիկյան 144 Ա հասցեների տներին հարակից հենապատերի վերակառուցում, ինչպես նաև Կալինինի 255 հասցեի տանը հարակից պաշտպանիչ պատի կառուցում;:
Հիմնանորոգվում են Շամախյան 3Ա և Գետափնյա 8 հասցեների բազմաբնակարան շենքերի վերելակները:
Շահումյան, Վ.Անանյանի և Այգեստան փողոցներում իրականացվել է փողոցային լուսավորության համակարգի հիմնանորոգում:
ՀՊԾ-ի «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրի շրջանակներում Դիլիջանի համայնքների միության կողմից հաստատվել և ներկայացվել է ծրագիր, որի շրջանակներում կատարվում է Դիլիջան քաղաքային համայնքի ենթակայության թիվ 5 մանկապարտեզի մասնակի վերանորոգման աշխատանքներ, Գայի փողոցի հենապատի և Շամախյան փողոցի հեղեղատարի վերանորոգման աշխատանքներ: Դիլիջան քաղաքային համայնքի ներդրումը նշված ծրագրերին կատարվել է նյութերի տեսքով:
Ձեռք են բերվել և քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել վեց մանկական խաղահրապարակներ: Քաղաքն առավել բարետես դարձնելու, ինչպես նաև զբոսաշրջության սեզոնին նախապատրաստելու նպատակով քաղաքի տարբեր մասերում տեղադրվել են նստարաններ և աղբամաններ:
Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում իր ենթակայության ենթակառույցների նյութատեխնիակական բազայի ամրապնդման ուղղությամբ:
ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան կազմակերպության հետ համատեղ իրականացվում է Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:
Դիլիջանի քաղաքային զբոսայգին նոր սեզոնին նախապատրաստելու, ինչպես նաև բնակիչների ակտիվ հանգիստը առավել հարմարավետ և անվտանգ դարձնելու նպատակով իրականացվել է զբոսայգու խաղային ատրակցիոնների վերանորոգման աշխատանքներ:
Զգալի աշխատանքներ են իրականացվել լուսավորության, աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման, այն առողջարանային քաղաքին վայել կազմակերպեու ուղղությամբ: Կազմակերպվել և անց է կացվել սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման միամսյակ:
Քաղաքային հրապարակում կազմակերպվել են համաքաղաքային միջոցառումներ` նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան և վերջին զանգին:
Ամֆիթատրոնում անցկացվեց «Պարի տոն Դիլիջանում» հանրապետական փառատոնը որին մասնակցում էին մայրաքաղաքից և տարբեր մարզերից ժամանած շուրջ 40 պարային խմբեր;
Հիշատակի արարողություն կազմակերպվեց և ծաղկեպսակներ դրվեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարին: Մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ և Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպվեց միջոցառում, հազարավոր դիլիջանցիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհվածների հիշատակին:
Դիլիջանի երկրագիտական թանգարանում Բրիտանական խորհուրդը ներկայացրեց «Նորաձևության ճանապարհ` երկխոսության սահմանների խաչմերուկում» ծրագրի շրջանակում եվրոպացի և հայ մոդելավորողների ստեղծած հագուստի հավաքածուն:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում «Դիլիջան» միջազգային փառատոնի մասնակիցները հյուրընկալվեցին Դիլիջանում:
Քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ ուշադրություն է ցուցաբերվում սպորտի զարգացմանը: Մարզադպրոցում կազմակերպվեց մարզական խաղերի եզրափակիչ մրցումներ:


2012-06-29
«Պարի տոն Դիլիջանում» հանրապետական փառատոն
2012 թվականի հուլիսի 1-ին ժամը 11-ին քաղաքի բացօթյա ամֆիթատրոնում կազմակերպվելու է «Պարի տոն Դիլիջանում» հանրապետական փառատոն` Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերից ժամանած ավելի քան 45 պարային խմբերի մասնակցությամբ:

2012-06-12
Ամերիկյան «Դիլիջանը»՝ պլյուս աշխարհահռչակ արտիստներ
Հունիսի 12-ին Դիլիջանի արվեստի պետական քոլեջը հյուրընկալեց Լոս Անջելեսի «Դիլիջան» միջազգային փառատոնին, որի հիմնադիրն է ամերիկահայ ճանաչված երաժիշտ Մովսես Պողոսյանը: Վերջինս 2011-ին ստացել է «ֆորտե» մրցանակ՝ կատարողական արվեստում ունեցած նշանակալի ձեռքբերումների, նոր եւ ժամանակակից երաժշտության զարգացման համար:


Հայաստանում առաջին անգամ է «Դիլիջանը» նման ներկայացուցչական կազմով (Քիմ Քաշքաշյան, Միշել Զուկովսկի, Թոնի Արնոլդ, Վլադիմիր Չերնով, Կյունգ-Հի Կիմ-Սյուտր, Կունիկո Կատո, Ռոհան դե Սարամ եւ այլք): «Բոլորը հնչեղ անուններ, մոտ 19 երաժիշտ, որոնք 8 համերգի շրջանակներում շուրջ 12 հայազգի կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողները կլինեն Հայաստանում:


Արդի երաժշտության ասպարեզում ունեցած ձեռքբերումների և Դիլիջան քաղաքի համբավի տարածմանը նպաստելու համար «Դիլիջան» միջազգային փառատոնը պարգևատրվեց Դիլիջանի քաղաքապետարանի պատվոգրով:

2012-05-25
Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
Սիրելի՛ շրջանավարտներ.
Շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ գեղեցիկ ավանդույթի վերածված տոնական այս օրը հարազատ կրթօջախում հնչող վերջին զանգն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում՝ հաճելի ու բարի հիշողություններ արթնացնելով դպրոցական մտերմիկ ու ջերմ միջավայրի, դասընկերների, սիրելի ուսուցիչների մասին:
Հուսով եմ, որ դպրոցական տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու ունակությունները կօգնեն ձեզ վստահորեն ոտք դնելու մեծ կյանքի ասպարեզ, իբրեւ պետության արժանավոր քաղաքացիներ՝ ձեր նպաստը բերելու մեր պետության հետագա զարգացման ու հզորացման գործում՝ արդարացնելով ձեր ծնողների եւ ուսուցիչների հույսերն ու ակնկալիքները, իրականություն դարձնելով ձեր ձգտումներն ու երազանքները:
Բարի երթ ու կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ հետագա ողջ կյանքի ընթացքում, հաջողություն ձեր բոլոր հետագա ձեռնարկումներին:

2012-05-21
Ռոմանի եւ Դիլիջանի միջեւ հաստատվեցին եղբայրական կապեր
Ռումինիայի Ռոման քաղաքի քաղաքապետ Լաուրենցիու Դան Լեորեանուն եւ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նախօրեին ստորագրեցին երկու քաղաքների միջեւ համագործակցության համաձայնագիր: Ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էր Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Այս համաձայնագրով առաջին անգամ պաշտոնապես եղբայրական կապ է հաստատվում Ռումինիայի եւ Հայաստանի քաղաքների միջեւ:

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն մշակույթի, գիտության, գեղարվեստի եւ սպորտի բնագավառներում, զբոսաշրջության զարգացման ծրագրերի կազմում, երկու քաղաքների բնակչության միջեւ տարաբնույթ կապերի հաստատում, համատեղ միջոցառումների կազմակերպում, երիտասարդության շրջանում համագործակցության ծրագրերի իրականացում եւ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացում:

Քաղաքների եղբայրացման մասին պայմանավորվածությունը կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերի վերջին, երբ Ռումինիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ռումինական Պիտեշտ, Ռոման, Ֆոկշան, Գեռլա, Դումբրավեն եւ Ֆրումոասա քաղաքների քաղաքապետներն այցելել էին Հայաստան եւ ծանոթացել Գյումրի, Իջեւան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան եւ Այրում քաղաքներին:

Քաղաքապետեր Լեորենաուն եւ Սանթրոսյանը, ինչպես նաեւ դեսպան Գասպարյանը Քաղաքային այգում Մանկական քաղաքի բացման արարողությանը հայտարարեցին, թե հայկական հազարամյա ներկայությունից հետո երկու ժողովուրդների միջեւ այժմ բարեկամության եւ համագործակցության նոր էջ է բացվում: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

hetq.am



2012-05-17
Ընտանիքի միջազգային օրը Դիլիջանում
1993 թ.-ից մայիսի 15-ը աշխարհը նշում է ընտանիքի օրը: Այն մեր տոնացույցում ամրագրվեց 2011 թ. ԱԺ-ի որոշմամբ` լրացումներ կատարելով համապատասխան օրենքում: Մայիսի 16-ը Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզում տոնական տրամադրությունն էր համակել: Միջոցառումը նախաձեռնել էր մանկապարտեզի դաստիարակ Ա.Սիմոնյանը և մի խումբ մանկավարժներ` տնօրեն Լ.Խալաֆյանի անմիջական աջակցությամբ: Ա.Սիմոնյանը վերապատրատվել է Սեյվ դը չիլդրեն-ի «Միավորվենք հանուն երեխաների.փրկենք ապագան» ծրագրում` երեխայի պաշտպանությունը բռնություններից թեմայով: Միջոցառման նպատակն էր ներկայացնել երեխայի հանդեպ հոգատարության կարևորությունը ընտանիքում, երեխայի պաշտպանությունը տարատեսակ բռնություններից: Ներկա էին Սեյվ դը չիլդրեն-ի, հկ-ների ներկայացուցիչները, ծնողներ, մանկավարժներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և երեխայի հետ առնչվող մասնագետներ: Հանդիսությունը կայացավ Սեյվ դը չիլդրեն-ի և քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ հիմնանորոգված մանկապարտեզի դահլիճում: Իր ողջույնի խոսքում տիկին Խալաֆյանը մասնավորապես նշեց. ,, Սեյվ դը չիլդրեն-ը աշխատանք է տանում երեխայի իրավունքների և նրա բարեկեցությունը պատշաճ մակարդակի հասցնելու համար: Ամենուրեք աշխարհի բոլոր երեխաների համար ապահովում է կայուն և անհրաժեշտ բարեփոխումներ: Կազմակերպությունը փորձում է ստեղծել մի այնպիսի աշխարհ, որտեղ կհարգվի և կարժևորվի յուրաքանչյուր երեխա, երեխայի ձայնը լսելի կլինի բոլորին: Սեյվ դը չիլդրեն-ի աշխատանքներին մենք քաջածանոթ ենք, իսկ հիմա մենք հանդիպում ենք կազմակերպության մեկ այլ ծրագրի շրջանակներում: Այսօր մենք ներկայացնում ենք երեխայի իրավունքների պաշտպանության և նրա անվտանգության ապահովման խորագրով միջոցառումը` ընտանիքի օրվա շրջանակներում,,: Երեխաները ներկայացրեցին երեխայի իրավունքները` հանգստի, խաղալու, կարծիք հայտնելու, բռնությունից ազատ լինելու: Միջոցառումը ինտերակտիվ էր: Ծնողները ևս քննարկեցին ընտանիքում և երեխայի միջավայրում բռնության տեսակների տարածվածության մասին: Բռնության թեման պարունակող թատերական մանրապատումներով երեխաները հանդիսատեսին հասցրեցին օրվա խորհուրդը` չպետք է անտեսվի ոչ մի երեխա առանց խտրականության: Ներկայացվեց նաև երեխայի իրավունքների կոնվենցիայի հիմնարար դրույթները: Հետաքրքիր փաստեր բերվեցին տարբեր երկրներում երեխայի իրավունքների պաշտպանության երեխաների ակտիվ խմբերի գործուենության մասին,որոնք պայքարում են բռնության կանխարգելման համար: Երեխաներից մեկը ասաց, որ պետք է պատժել նրանց,ովքեր երեխաներին աշխատաեցնում են ու վնասում: Երեխաները նաև նկարների միջոցով ցուցադրեցին, թե ինչպես պետք է երեխան պաշտպանված լինի ընտանիքում: Հատկանշանական է, որ ներկաներից շատերը կարծիք հայտնեցին, որ իրոք երեխայի երջանկությունը ընտանիքում կարևորագույն է, որին հասնելու համար պետք է բացառել բռնությունը իր բոլոր դրսևորումներով: Սեյվ դը չիլդրեն-ի ներկայացուցիչներ Ա.Ալիխանյանը և Գ.Մատիաշվիլին շնորհավորեցին ընտանիքի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնեցին մանկապարտեզի տնօրեն Լ.Խալաֆյանին, Ա.Սիմոնյանին, աշխատակիցներին և հատկապես մանուկներին հրաշագեղ միջոցառման համար և հույս հայտնեցին, որ բռնությունը ընտանիքներում նվազեցնելու և կանխելու վերաբերյալ տեղեկատվությունը կտարածվի նաև համայնքի հասարակության շրջանում: Սեյվ դը չիլդրեն-ի կողմից կազմակերպիչները շնորհակալագրերի արժանացան, իսկ երեխաները նվերներ ստացան:
Միջոցառումը անցկացվել է ,,Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան,, /ՄՀԵՓԱ/ ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի համաֆինանսավորմամբ:

2012-04-28
Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Տավուշի մարզ
Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը՝ ապրիլի 27-ին, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Դիլիջանի նոր կառուցվող միջազգային դպրոց, դիտել շինարարական աշխատանքների ընթացքը: Նախագահին ներկայացվել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը, որի ստեղծման նպատակն է կազմակերպել տարածաշրջանային ուսումնական գերազանցության կենտրոն՝ տրամադրելով ազգային հարուստ կրթական ավանդույթներով և միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից որակյալ կրթություն, իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2014թ. ամռանը: Ընթացիկ տարվա հունիս ամսին կսկսվեն դպրոցի շինարարական լայնածավալ աշխատանքները: Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման նախագիծը ծրագրված է ավարտել 2016թ.: Դպրոցը նախատեսված է 13-18 տարեկան 650 աշակերտի համար:
Աշխատանքային այցի ընթացքում Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաև ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի, Դիլիջանի քաղաքային գրադարանի, «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների ընթացքի մասին:
Քաղաքի երկրագիտական թանգարան-պատկերասրահում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարը ծանոթացել է նորակառույց, ժամանակակից հարմարություններով ապահովված Դիլիջանի թանգարանային նոր շենքի պայմաններին, դիտել թանգարան-պատկերասրահում պահվող ստեղծագործություններն ու դարերի վաղեմություն ունեցող հնագիտական, ազգագրական ցուցանմուշները:
Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմնանորոգված և ասֆալտապատված միջպետական ավտոճանապարհից Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհը, նշվել է, որ կառուցվել է ջրատար, գազատար, անցկացվել է հոսանքագիծ: Սերժ Սարգսյանը Հաղարծին եկեղեցական համալիրում ծանոթացել է եկեղեցու վերակառուցման աշխատանքներին ևս:Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահին զեկուցվել է մարզում 2012-2013թթ. իրականացվելիք գազաֆիկացման աշխատանքների մասին:

2012-04-25
Հարգանքի տուրք Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին հուշարձանային համալիրում հազարավոր դիլիջանցիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1915թ Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հոգևոր արարողությունից հետո, որը սպասարկում էր Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը, քաղաքապետարանի, հիմնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան- խաչքարին: Հիշատակի արարողությանը մասնակցում էրն Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

2012-04-25
Օրհնության կարգ
Ապրիլի 24-ին Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի կողմից կատարվեց Պապանինո թաղամասի գերեզմանատանը կառուցված Սբ. Սարգիս մատուռի օրհնության արարողակարգ: Մատուռը կառուցվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի անմիջական աջակցությամբ:
Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը նախ կարևորեց օրվա խորհուրդը, աղոթք հնչեցրեց եղեռնի զոհերի և բոլոր ննջեցյալների համար ,ապա մասնակիցներին դիմեց մեր ժողովրդի հոգևոր արժեքները սրբորեն պահպանելու հորդորով, կարևորելով հասարակության համախմբման գործում պետության և եկեղեցու դերը:
Մատուռի օծման արարողությանը մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետ, ՀՀԿ շրջանային կազմակերպության նախագահ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, Դիլիջանի պատվավոր քաղաքացի,գործարար Արմեն Աբգարյանը, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Սովորույթի համաձայն մատուցվեց սուրբ մատաղ:

2012-04-23
Համաքաղաքային շաբաթօրյակ
Սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման միամսյակի շրջանակներում ապրիլի 21-ին Դիլիջանում անցկացվեց համաքաղաքային շաբաթօրյակ: Այն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծվել էր հանձնաժողով փոխքաղաքապետ Արմեն Մակարյանի նախագահությամբ: Առաջադրանքները հիմնականում ներառում էին հիմնարկների և դրանց հարակից տարածքները, ինչպես նաև քաղաքի այլ հատվածներ: Առանձնապես լուրջ սանմաքրման աշխատանքներ իրականացվեցին Գետափնյա, Շահումյան փողոցներում, «Առյուծների աստիճաններում» և այլ վայրերում: Կատարվեցին նաև ծառատնկման աշխատանքներ:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցները շրջում էին բոլոր հատվածներում, ծանոթանում աշխատանքների վիճակին` տեղում կարգավորում առաջացած հարցերը:
Շաբաթօրյակին առավել ակտիվ իրենց դրսևորեցին քաղաքի դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները, Էլցանցի, «Դիլիջան» ազգային պարկի կոլեկտիվները:
Օրվա վերջում ամփոփվեցին կատարված աշխատանքները:

2012-04-19
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր
Ապրիլի 18-ին «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա» կապակցությամբ քաղաքապետարանում կազմակերպվել է Կիևյան նախաձեռնության` «Մշակութային ժառանգության վերականգնումը պատմական քաղաքներում» պիլոտային ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների իրազեկում: Միջոցառմանը մասնակցել են քաղաքապետարանի աշխատակիցներ, կրթամշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ծրագրի մասին տեղեկատվություն տվեց ծրագրին աջակցող փորձագիտական խմբի անդամ, քաղաքի գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանը:
Ստացված բրոշյուրները հատկացվել են «Դիլիջան ազգային պարկին» և կրթամշակութային կազմակերպություններին, էլեկտրոնային փաստաթուղթը` տեղադրվել է համայնքի վեբ կայքում:

2012-04-06
Դիլիջանի քաղաքային համայնքում կազմավորվել են ընտրական տեղամասային կենտրոններ
2012թ. մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին նախապատրաստվելու համար Դիլիջանի քաղաքային համայնքում կազմավորել 10 ընտրական տեղամասային կենտրոններ.


թիվ 1` Թիվ 3 մանկապարտեզ, Մոլդովական 46
թիվ 2` Ակումբ, Շամախյան 27/1
թիվ 3` Թեյարան, Կալինինի 237ա
թիվ 4` Արվեստի պետական քոլեջ, Կալինինի 57
թիվ 5` Թիվ 6 հիմնական դպրոց, Կամո 131
թիվ 6` Մշակույթի պալատ, Մյասնիկյան 53
թիվ 7` Թիվ 4 մանկապարտեզ, Օրջոնիկիձե 63/1
թիվ 8` Պետական քոլեջ, ՈՒսանողական 70
թիվ 9` «Մանուշակ» կինոթատրոն, Շահումյան 12/1
թիվ 10` Թիվ 4 հիմնական դպրոց, Շահումյան 6


2012-03-26
Գործնական քննարկում
Մարտի 22-ին Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ Երևանում կայացավ «Գործընկերություն հանուն սոցիալական բնակարանների» խորագրով միջազգային համաժողով, որին մասնակցում էին նաև ոլորտի առաջատար մասնագետներ Նիդեռլանդներից, Շվեյցարիայից, Մոնտենեգրոյից, Բուլղարիայից և Ռումինիայից: Հայաստանը ներկայացնում էին գործընկեր նախարարությունների, ՏԻՄ-երի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սոցիալական բնակարաշինության գործընթացը իրականացվելու է Դիլիջանում, այնուհետև ծրագրում ընդգրկվելու են այլ քաղաքներ: Նախորդ տարում կատարվել են բավականին նախապատրաստական աշխատանքներ և այդ հարցերի մասին խորհրդաժողովում ելույթ ունեցավ Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը: Մարտի 23-ին ԱՍԲԱ ծրագրի աշխատանքային խումբը Նիդեռլանդների իրենց գործընկերների և եվրոպական փորձագետների հետ` ծրագրի տնօրեն Արա Նազինյանի գլխավորությամբ, Դիլիջանի քաղաքապետարանում մասնակցեցին աշխատանքային քննարկմանը: Քաղաքապետարանի կողմից քննարկումներին մասնակցում էին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Սա աշխատանքային հերթական հանդիպումն էր և ճարտարապետ Մարտինո Պեդրոզզին հանգամանալից ներկայացրեց նախորդ քննարկաման ընթացքում քաղաքապետարանի կողմից արված առաջարկություններով վերափոխված գլխավոր հատակագիծը: Քննարկվեցին աշխատանքային առաջին փուլի վերաբերյալ ակտուալ հարցեր: Աշխատանքների ավարտից հետո հյուրերը այցելեցին երկրագիտական թանգարան- պատկերասրահ:


2012-03-06
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ
Սիրելի կանայք.
Քաղաքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ`Կանանց միջազգային օրվա`Մարտի 8-ի առթիվ: Մաղթում եմ ձեզ անձնական երջանկություն, անսահման սեր և բարեկեցություն ձեր ընտանիքներին: Գարնանային այս գեղեցիկ օրը միշտ տոնական է բոլորիս համար,որովհետև օրվա խորհուրդը հայ կինն է` մեր ազգային լավագույն ավանդույթների պահպանողն ու հետագա սերունդներին փոխանցողը և տոնը լավագույն առիթներից է կրկին մեր բոլորի ակնածանքն ու երախտագիտությունն արտահայտելու համար: Մեծ և անուրանալի է ձեր ներդրումը ինչպես երկրի, այնպես էլ մեր քաղաքի զարգացման գործում: Այն հատկապես նշանակալից է կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտներում,որտեղ աշխատողների մեծ մասը կանայք են: Այսօր մենք ոչ միայն ականատեսը,այլև ակտիվ մասնակիցն ենք Դիլիջանում իրականացվող խոշորամասշտաբ ծրագրերի և վստահ եմ,որ ինչպես միշտ` ձեր մեծ ներդրումն եք ունենալու մեր քաղաքի զարգացման այս անչափ պատասխանատու փուլում: Տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի ձևավորումը ոչ միայն ավելի է մեծացնելու առողջարանային մեր քաղաքի համբավը, այլև մեծ խթան է հանդիսանալու քաղաքի սոցիալ- տնտեսական խնդիրների լուծման, հատկապես նոր աշխատատեղերի ստեղծման առումով: Բոլորիս նպատակը մեկն է` շենացնել Դիլիջանը, հուսալի երաշխիքներ ստեղծել մեր ազգաբնակչության բարեկեցիկ կյանքի համար: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, մաղթում առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ:




2012-02-27
Դիլիջանյան սիրով և ներշնչանքով
Փետրվարի 24-ին Հայաստանի նկարիչների տան մեծ ցուցասրահում բացվեց մեր համաքաղաքացի՝ գեղանկարիչ Համլետ Ասատրյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։
Բազմամարդ արարողությունը ՀՆՄ շնորհավորագրի հրապարակմամբ բացեց միության նախագահ Կարեն Աղամյանը։ Ստեղծագործական միավորումը, ջերմորեն ողջունեց իր արժանավոր 65–ամյա անդամի մեծածավալ ցուցահանդեսը. «Սիրում եւ բարձր ենք գնահատում Ձեր կենսախինդ եւ պայծառ արվեստը։ Այսուհետև էլ թող որ նույն եռանդով շարունակվի Ձեր ստեղծագործական գործունեությունը»։
Այնուհետև պրն Աղամյանն ասաց. «Միշտ իրար կողքի ենք, միշտ իրար հետևում ենք, միշտ իրար օգնում ենք, խորհուրդներ տալիս, միմյանցով ուրախանում եւ հպարտանում։ Նրա արվեստը կենսախինդ է, նա մարդ է, ով սիրում է իր բնաշխարհը, այն հողը, որտեղ ծնվել, մեծացել ու կազմավորվել է որպես անհատ, որպես նկարիչ։ Եվ այս ամենը սիրով, ջերմորեն ու քնքշանքով արտահայտվել է իր նկարչության մեջ»։
Համլետ Ասատրյան մարդու եւ կերպարվեստագետի մասին խոսք ասացին գեղանկարիչներ Ղարիբ Եղիազարյանը, Հրանտ Թադևոսյանը, Գագիկ Ավետիսյանը, Լենմիր Բաղդասարյանը եւ ուրիշներ։
Նկարչին ողջունեց նաև բեմադրիչ, պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանը՝ մասնավորապես անդրադառնալով մեկ տասնյակից ավելի բեմադրա–նկարչական համատեղ աշխատանքներին։
Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ նկարիչն ասաց, որ «կյանքում շատ քննություններ եմ հանձնել, բայց առաջին անհատական մեծ քննությունը տալիս եմ այսօր, որը բավականին բարձր է ու դժվարին»։ Երախտագետ նկարիչը հիշեց և մեծարանքի խոսքեր ասաց իր ուսուցչի՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանի հասցեին։
Հ. Ասատրյանը ծնվել է Դիլիջանում, մասնագիտական կրթություն է ստացել Երևանում և Մոսկվայում։ Վարել է տարբեր պաշտոններ՝ Դիլիջանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ, Տավուշի մարզպետարանի մշակույթի վարչության պետ և այլն։ Աշխատանքները պահվում են տարբեր երկրների թանգարաններում, մասնավոր հավաքածուներում ։ Ստեղծագործությունների մեջ իր ուրույն տեղն ունի «Հին Դիլիջան» թեմայով ստեղծագործությունների շարքը։
«Էտյուդնիկն ուսիցս կախ չափչփել եմ Հայաստանն ու Արցախը, բայց միեւնույն է, ոչ ես, ոչ մեկ ուրիշ նկարիչ չենք կարող սպառել բնությունը, աղբյուրն ինչպե՞ս սպառես։ Ըստ իս, գեղանկարչությունը քնարերգություն է՝ տեսանելի, պոեզիան՝ լսելի գեղանկարչություն» ասում է Համլետ Ասատրյանը։
Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին և հեղինակին շնորհավորեցին ու հետագա ստեղծագործական հաջողություններ մաղթեցին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը և նրա արվեստի երկրպագու մեր համաքաղաքացիները։

2012-02-20
Դիլիջանյան ձմեռ
Փետրվարի 18-ին մարզական տոն էր Դիլիջանում: Հարյուրավոր դիլիջանցիներ մասնակցեցին ՙԴիլիջանյան ձմեռ՚ միջոցառմանը: Դրանով վերականգնվեց մեր քաղաքի գեղեցիկ ավանդույթներից ևս մեկը,որի նախաձեռնողը և հովանավորն էր Դիլիջանի քաղաքապետ, ՀՀԿ շրջանային կազմակերպության նախագահ Արմեն Սանթրոսյանը: Մարզատոնն անցկացվեց քաղաքային մարզադաշտում և նրան հարող տարածքում: Ծրագիրը ընդգրկում էր ձմեռային մարզաձևեր և ազգային ավանդական խաղեր: Հաղթող թիմերը և անհատները արժանացան քաղաքապետարանի շնորհակալագրերի և դրամական պարգևների,որոնք հանձնեց քաղաքապետը: Միջոցառումը ուղեկցվում էր մշակույթի տան փողային նվագախմբի, գեղարվեստական խմբերի, ինչպես նաև անհատ կատարողների ելույթներով:

2012-01-30
Նվիրված էր Հայոց ազգային բանակի ստեղծման 20-ամյակին
Հունվարի 27-ին` Հայոց ազգային բանակի 20-ամյակի կապակցությամբ Արցախի ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողում կատարվեց պսակադրության արարողություն: Քաղաքապետարանի, զինվորականության և հանրության ներկայացուցիչների կողմից ծաղկեպսակներ և ծաղիկներ դրվեցին հուշակոթողին:
Զորամասում անցկացվեց հոբելյանին նվիրված ռազմական շքերթ:
Ողջույնի խոսքով հանդես եկան տանկային զորամասի շտաբի պետ մայոր Ա. Բանաշյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչ Ա. Սիմոնյանը, քաղաքի վետերանների խորհրդի նախագահ Լ. Ջառահյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան Ժ. Ժամհարյանը:
Հանդիսավոր պայմաններում` ծառայության մեջ աչքի ընկած զինվորները և սպաները ստացան ՀՀ պաշտպանության նախարարության և Դիլիջանի քաղաքապետարանի կողմից տրված պարգևներն ու նվերները:
Ակուբում միջոցառման մասնակիցների համար համերգային ծրագրով հանդես եկան քաղաքի մշակույթի պալատի համույթը, ավագ դպրոցի և ՙՀույսի կամուրջ՚ հասարակական կազմակերպության սաները:


2012-01-16
2011թ. քաղաքապետարանի կատարած աշխատանքների մասին
2011թ. ընթացքում հավաքագրվել է 502342.8 հազ.դրամի եկամուտ, ինչն ուղղվել է համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները: Անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարը ապահովել է քաղաքապետարանը, այդ նպատակով հատկացվել է 887.5 հազ. դրամ:
Յուրաքանչյուր նորածին երեխաների համար ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն:
Դիլիջան քաղաքում գործող «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար համայնքի բյուջեից յուրաքանչյուր ամիս ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն: «Հույսի կամուրջ» Հ/Կ հաճախող սահմանափակ կարողություններով թվով 48 երեխաների համար, ինչպես նաև նախադպրոցական հասակի 33 երեխաների համար ձեռք են բերել և տրվել նվերներ: Գարնանային և աշնանային զորակոչով ՀՀ Զինված ուժերում ծառայության մեկնող զորակոչիկների, համայնքի տարբեր ոլորտներում զբաղված թվով 50 լավագույն աշխատակիցների տրվել են նվերներ, կազմակերպվել է Ամանորի տոնական միջոցառում: Դիլիջանի համայնքային ենթակայության նախադպրոցական հիմնարկություններ հաճախող թվով 566 երեխաների տրվել է ամանորյա նվերներ:
Դիլիջան քաղաքային համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկությունների թվով 85 աշխատողների տրվել է ֆինանսական աջակցություն հերթական բժշկական ստուգումների անցկացման համար:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Հիմնանորոգվել է Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանի անմար կրակի տարածքը: Մեծ շուքով կազմակերպվում է և անցկացվում Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնը: Հայրենական մեծ պատերազմի կին մասնակիցներին մարտի 8-ի կապակցությամբ տրամադրվել է դրամական օգնություն: Հայրենական մեծ պատերազմի վետերաններն անվճար կերպով օգտվում են քաղաքային տրանսպորտից, ազատված են գույքահարկից, մշակույթի պալատում գործում է բարեգործական հիմնադրամ, որի միջոցով 60 հոգու տրվում է անվճար սննունդ: Վերանորոգվել է և համալրվել նոր գույքով Կամո թաղամասի վետերանների շենքը:
Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում իր ենթակայության ենթակառույցների նյութատեխնիակական բազայի ամրապնդման ուղղությամբ:
«Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն ինկ» կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի և Դիլիջանի քաղաքապետարանի միջոցներով իրականացվել է քաղաքի թիվ 3 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներ: Հիմնանորոգվել է «Հ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ շենքը:
Պետ.բյուջեից թիվ 4 մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցման համար հատկացվել է 8100,0 հազ.դրամ: Պետ.բյուջեի միջոցներով իրականացվել է նաև նշված մանկապարտեզի մասնաշենքի վերակառուցում տարրական դպրոցի:
Քաղաքում իրականացվում են շինարարական աշխատանքներ բարեկարգման, կենտրոնական հատվածի ճարտարապետական ամբողջական ձևավորման ուղղությամբ:
Ավարտվում է լուսավորության ցանցի վերականգնումը: Վերականգնվել է Այգեստան փողոցի, Ուսանողական փողոցի նրբանցքների, Մյասնիկյան փողոցի 1-ին նրբ. և Կալինինի փողոցի 2-րդ փակուղու փողոցային լուսավորության համակարգը: Վերակառուցվել է Հովսեփյան փողոցի վերջնահատվածի փողոցային լուսավորության համակարգը: Ձեռք են բերվել և տեղադրվել լուսարձակներ կախովի /33 հատ/ և լուսարձակներ սյուներին ամրացվող /62 հատ/:
Իրականացվել է Շահումյան փողոցի և Շահումյան և Սայաթ-Նովա փողոցներն իրար միացնող Շահումյան փ. 3-րդ նրբ. ճանապարհի ավտոտրանսպորտի երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներ: Կատարվել է Մյասնիկյան փ. /հատված կմ 1+000 - կմ 1+250/ ճանապարհահատվածի ավտոտրանսպորտի երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի փոսային նորոգման աշխատանքներ: Խճապատվել է Շամախյան թաղամասի Վ. Անանյան և Այգեստան փողոցը միացնող և ակումբի շենքից մինչև Վ. Անանյան փողոցին միացնող հատվածների ավտոտրանսպորտի երթևեկելի մասը: Կալինինի, Գետափնյա, Մյասնիկյան և Շահումյան փողոցներում կատարվել է ճանապարհային նշնանների տեղադրում և հետիոտնի համար նախատեսված անցումների նշագծում: Գետափնյա փողոցի ավտոտրանսպորտի երթևեկելի մասում տեղադրվել են ռետինե տարբերանշաններ: Իրականացվել է Շամախյան թաղամասի Վ. Անանյանի փ. 1-ին նրբ., Շամախյան փ. վերջնահատվածի, Վ. Անանյանի փ., Շամախյան փ. 1ին նրբ., Այգեստան փ. և Այգեստան փ. 1ին նրբ. գազաֆիկացման աշխատանքները: ՀՊԾ-ի «Սնունդ Աշխատանքի Դիմաց» ծրագրի շրջանակներում Դիլիջանի համայնքների միության կողմից ներկայացվել է ծրագիր, որի շրջանակներում կատարվել է Դիլիջան քաղաքային համայնքի ենթակայության թիվ 2, թիվ 3, թիվ 5 մանկապարտեզների և երաժշտական դպրոցի մասնակի վերանորոգման աշխատանքներ: Դիլիջան քաղաքային համայնքի ներդրումը նշված ծրագրին կազմում է 1786160 դրամ` նյութերի տեսքով: ՀՊԾ-ի «Սնունդ Աշխատանքի Դիմաց» ծրագրի շրջանակներում իրականացվել է նաև կենտրոնից դեպի հիվանդանոց տանող հետիոտն ճանապարհի վերանորոգման աշխատանքներ:
Մանկապարտեզների համար ձեռք է բերվել գույք` մահճակալ, սեղան, աթոռ: Թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներում տեղադրվել է խաղահրապարակ և կատարվել ցանկապատի վերականգնում:
Նորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ, մուտքեր: Հիմնանորոգվել են Շամախյան փ. թիվ 2Ա շենքի և Կալինինի փ. թիվ 243 շենքի վերելակները:
Փլված հենապատերի վերակառուցման զգալի աշխատանքներ են կատարվել: Վերակառուցվել և ամրացվել են Կալինինի փ. թիվ 144Ա հասցեի, Սայաթ-Նովա 121, Կալինինի փ. թիվ 144Ա , Օրջոնիկիձե փ.թիվ 35 , Իվանովո փ. թիվ 35, Սայաթ-Նովա 121, 106 և 108 տներին հարակից հենապատերը:
Դիլիջան քաղաքի կենտրոնական հրապարակն առավել գեղեցիկ դարձնելու համար ձեռք է բերվել և տեղադրվել լուսադիոդային ժամացույց – ջերմաչափ:
Զգալի աշխատանքներ են իրականացվել աղբահանության և սանիտարական մաքրման ուղղությամբ: Ձեռք են բերվել և տեղադրվել 70 հատ աղբարկղներ:
Քաղաքապետարանը անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում առողջապահական ծրագրերի իրականացմանը, քաղաքացիների բուժսպասարկման բարելավմանը: Պարբերաբար կազմակերպում են բուժհետազոտությունների անվճար ակցիաներ:
Քաղաքապետարանի կողմից ուշադրություն է ցուցաբերվում սպորտի զարգացմանը: Ապահովվում է դիլիջանցի մարզիկների մասնակցությունը հանրապետական միջոցառումներին, նրանց ցուցաբերվում է նյութական և բարոյական աջակցություն: Քաղաքապետարանի միջոցներով կազմակերպվում են մարզախաղեր և օլիմպիադաներ:
Զգալի գործունեություն է ծավալվել քաղաքի երիտասարդական կյանքն ակտիվացնելու, երիտասարդական ներուժը համախմբելու ուղղությամբ: Քաղաքի երիտասարդների ու ՏԻՄ միջև համագործակցությունը ընդգրկել է մի շարք ոլորտներ, որոնց թվում բնապահպանություն, ոչ-ֆորմալ կրթություն, տեղեկատվության բարձրացում, մասնագիտական կողմնորոշում, քաղաքաշինություն, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլն:

2011-12-23
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ
Հարգելի համաքաղաքացիներ, քաղաքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ և երջանկություն մաղթում ձեր ընտանիքներին: Նոր տարին նաև առիթ է գնահատելու նախորդ տարվա կատարվածը և լիովին հստակեցնելու մեր առաջիկա անելիքները: Մեր համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողվեց առաջընթաց իրականացնել սոցիալ–տնտեսական ոլորտներում, նպաստել մեր համաքաղաքացիների կարիքների որոշակի բավարարմանը: Դրանք հիմնանորոգված մանկապարտեզներն են, ասֆալտապատված ու բարեկարգված փողոցները, մանկական խաղահրապարակները: Անցնող տարվա ամենամեծ ձեռքբերումներից են հարյուրավոր աշխատատեղերը: Ակտիվացել է քաղաքի հոգևոր կյանքը:
2012թ. մեր ակնկալիքները կապված են առաջին հերթին համապետական և այլ խոշոր ծրագրերի հետ, որոնք գտնվում են ակտիվ շինարարական փուլում, իսկ ավարտից հետո ոչ միայն մեր քաղաքին ապահովելու են հարյուրավոր աշխատատեղերով, այլև մեծապես նպաստելու են քաղաքի տարբեր ինֆրաստրուկտուրաների և քաղաքային կյանքի զարգացմանը, նրա բարձր համբավի էլ ավելի տարածմանը:
ՀՀ Կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի շահագործումը, որը նախատեսված է 2012թ վերջին, Դիլիջանը որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու ամենակարևոր նախապայմանն է, որը ուղեկցվում է քաղաքում ֆինանսա- բանկային գործընթացների ակտիվ զարգացմամբ: Ակտիվ շինարարական փուլ են թևակոխում տարածաշրջանում առաջին միջազգային դպրոցի և պետեկամուտների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները, գարնանից Շամախյան թաղամասում կսկսվի ԱՍԲԱ հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական բնակարանաշնության ծրագիրը, որը նույնպես առաջինն է հանրապետությունում:
Մենք ապրում ենք քաղաքի պատմության շատ պատասխանատու մի շրջանում և մեր համատեղ աշխատանքից ու նվիրումից է կախված, թե որքանով կկարողանանք արժանին հատուցելու Դիլիջանի բարձր համբավին, մեր պապերի ու հայրերի ստեղծած արժեքներին ու բարի ավանդույթներին:
Համոզված եմ, որ ձեռք-ձեռքի տված կշենացնենք մեր հարազատ քաղաքը և 2012թ, կլինի մեծ ձեռքբերումների ու հաջողությունների տարի:
Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ:

2011-12-12
Կարողությունների գնահատում
Սոցիալական բնակարանաշինության ծրագրի հետ կապված դեկտեմբերի 9-ին ԱՍԲԱ հիմնադրամի կողմից «Բեստ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճում կազմակերպվեց սեմինար «Դիլիջան քաղաքի քաղաքապետարանի կարողությունների գնահատում» թեմայով։ Ինչպես տեղեկացվել է նախորդ հրապարակումներում, ծրագիրը մտել է գործնական փուլ և քննարկումը նպատակ ուներ վերլուծելով քաղաքապետարանում կատարված ուսումնասիրության արդյունքները, գործնականորեն քննարկել ԱՍԲԱ- քաղաքապետարան փոխգործակցության ներուժը, նպաստել քաղաքապետարանի հնարավորությունների ռացիոնալ օգտագործմանը։ Քննարկմանը իրենց տեսակետներն արտահայտեցին հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանը, քաղաքաշինության բաժնի պետ Նվեր Դանիելյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետներ Եղիշե Ավագյանը, Լամարա Մանթաշյանը, Սոնա Եգանյանը, Ռոբերտ Չապուխյանը, Լիլիթ Սաղաթելյանը։ Քննարկման արդյունքներն ամփոփեցին հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանը և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։

2011-12-12
Հանդիսավոր արարողություն
Դեկտեմբերի 9-ին տոնական տրամադրություն էր տիրում Շամախյան թաղամասի թիվ 3 մանկապարտեզում։
Հիմնանորոգման աշխատանքների ավարտի հետ կապված հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը, «Վաղ մանկության զարգացում» ծրագրի տնօրեն Սարգիս Մուրադյանը, շինարարության տեխնիկական վերահսկիչ Սուսաննա Գզիրյանը, քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, ծնողներ, թաղամասի բնակիչներ, լրատվության ներկայացուցիչներ։
«Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան գրասենյակի ներդրումներով և Դիլիջանի քաղաքապետարանի մասնակցությամբ, «Վաղ մանկության զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվել են մանկապարտեզի երեք կորպուսների հիմնանորոգում և կահավորում, ստեղծվել է լոկալ ջեռուցման համակարգ։ Այս ամենի շնորհիվ զարգացման մեծ հեռանկարներ ունեցող Շամախյան թաղամասում ստեղծվել են լիարժեք պայմաններ նախադպրոցական ցանցի ընդլայնման ուղղությամբ։
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նաև մանկապարտեզի աշխատակազմի և ծնողական համայնքի վերապատրասման դասընթացներ։
Հանդիսավոր արարողությանը քաղաքապետը շնորհակալական խոսքեր ասաց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ղեկավարությանը, ինչպես նաև «Դիլիմաք» ընկերության տնօրեն Գագիկ Թովմասյանին հիմնանորոգման աշխատանքները բարձր որակով և պահանջված ժամկետում իրականացնելու համար։
Միջոցառման մասնակիցներին ուրախ երգ ու պարով ողջունեցին մանկապարտեզի սաները։

2011-11-28
Նախագահն այցելեց Դիլիջան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզից աշխատանքային այցով մեկնեց Տավուշի մարզ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այցելեց սեպտեմբերին շահագործման հանձնված «Բեսթ վեսթերն փարադայզ» հյուրանոց, ծանոթացավ կատարված աշխատանքերին:
«Բեսթ վեսթերն փարադայզը» շահագործման է հանձնվել 2011-ի սեպտեմբերին` հիմնանորոգումից հետո: 2002-ին շինությունը սեփականաշնորհվել էր, սակայն ֆիզիկական մաշվածության պատճառով այն ենթակա չէր շահագործման: Շուրջ 4 տարի տևած շենքի վերակառուցման և տեխնիկական վերազինման համար ներդրվել է 7 մլն ԱՄՆ դոլար, հյուրանոցի ողջ գույքը և տեխնիկական միջոցները ներկրված են արտերկրից` հատուկ պատվերով, և կրում են ընկերության պիտակավորումը:
Հյուրանոցային համալիրն ունի 58 հարմարավետ և բարձրակարգ համար, ռեստորան, բացօթյա սրճարան, 120 անձի համար նախատեսված նիստերի դահլիճ, լողավազան, մարզասրահ, մանկական խաղասրահ և այլն:
Հյուրանոցային համալիրն ապահովում է 50-70 աշխատատեղ` ցածր զբաղվածության սեզոնի ժամանակ, և մինչև 120 աշխատատեղ` բարձր զբաղվածության սեզոնի ժամանակ:
Աշխատակազմի 90 տոկոսից ավելին համալրված է տեղական աշխատուժով, ովքեր մշտապես և հետևողականորեն անցնում են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան որակավորման դասընթացներ:
«Բեսթ վեսթերնը» աշխարհի խոշորոգույն հյուրանոցային ցանցերից է, որը գործում է ավելի քան 80 երկրում և ընդգրկում 4000-ից ավելի հյուրանոց:
Այնուհետև երկրի ղեկավարն այցելեց Կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի» շինհրապարակ, որտեղ նրան ներկայացվեցին կատարված ու ընթացիկ աշխատանքներն ու նախագծերը:

Կենտրոնի կառուցման հիմնական նպատակն է ստեղծել ժամանակակից տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներով հագեցած ինստիտուտ, որտեղ կիրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխան տնտեսագիտության ու ֆինանսների բնագավառներին առնչվող տարածաշրջանային ու միջազգային կոնֆերանսներ, ուսումնական ծրագրեր և այլն: Կենտրոնի շինաշխատանքները կավարտվեն 2013-ին:

Լրագրողների հետ զրույցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ կենտրոնում միջազգային ճանաչում ունեցող տնտեսագետների հետ կանցկացվեն ազգային ու տարածաշրջանային դասընթացներ: Նա նշեց, որ արդեն պայմանավորվածություններ կան այնպեսի հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Եվրոպայի զարգացման բանկը և այլն: Նախատեսվում է, որ այդ կենտրոնում տարեկան կանցկացվի 30 միջազգային սեմինարն:

ԿԲ նախագահը հույս հայտնեց, որ այդ ծրագրերը հնարավորություն կտան հայ մասնագետներին նոր գիտելիքներ ստանալ և փորձ ձեռք բերել արտասահմանցի գործընկերներից:

Նշվեց նաև, որ նախատեսվում է կենտրոնում աշխատող ԿԲ աշխատակիցների համար կառուցել բազմաբնակարան շենք, որի առաջին հարկում կտեղակայվեն մանկապարտեզ և առևտրային կենտրոններ:

Կենտրոնում տարածքներ կհատկացվեն առևտրային բանկերին ու վարկային կազմակերպություններին: ԿԲ կողմից կառուցվում է նաև Դիլիջանի նախկին գրադարանի շենքը, որտեղ նախտեսվում է ստեղծել ժամանակակից «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն, որտեղ գործելու է տեխնիկապես հագեցված և արդի տեղեկատվական տեխնոլագիաներով կառավորվող ժամանակակից քաղաքային գրադարան:

2011-11-24
Իմպուլսը հաղթահարեց ՀՀ գավաթի քառորդ եզրափակչի արգելքը
Նոյեմբերի 23-ին Դիլիջանի «Իմպուլսը» Ֆուտբոլի ՀՀ գավաթի քառորդ եզրափակչի պատասխան խաղում, ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկի վրա ընդունել էր ներկայիս առաջնության բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարին»: Հիշեցնենք, որ առաջին խաղում, Կապանում «Իմպուլսը» առավելության էր հասել նվազագույն հաշվով` 1-0: Միակ գոլի հեղինակ էր դարձել Արթուր Բարսեղյանը: Պատասխան խաղի հենց սկզբից «Իմպուլսի» խաղացողները տիրեցին նախաձեռնությանը: Խաղի 5-րդ րոպեին Նորայր Գյոզալյանը հարվածեց մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն հյուրերին օգնության հասավ դարպասաձողը: 13-րդ րոպեին կրկին Գյոզալյանը կարող էր աչքի ընկնել. Արթուր Բարսեղյանի հարվածից հետո հակառակորդի պաշտպանի ոտքին դիպչելով գնդակը հայտնվեց Գյոզալյանի մոտ, սակայն վերջինս նպաստավոր դիրքից վրիպեց: 62-րդ րոպեին մրցակցի պաշտպանների սխալից չկարողացավ օգտվել Զավեն Բադոյանը: 77.-րդ րոպեին Բադոյանի գերազանց փոխանցումից հետո Գյոզալյանը մեն-մենակ դուրս եկավ «Գանձասարի» դարպասապահի դիմաց և բացեց հաշիվը` 1-0: 90-րդ րոպեին կրկին Բադոյանի հիանալի փոխանցումից հետո Արտակ Հովհաննիսյանը մեն-մենակ մնաց մրցակցի դարպասապահի դեմ, սակայն Լևան Բուբուտեիշվիլին փրկեց դրությունը: «Իմպուլսը» իր համար շատ կարևոր հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Երևանի «ՈՒլիսի» հետ: Վերջինս պայքարից դուրս էր թողել Երևանի «Արարատին»: Կիսաեզրափակչի երկրորդ զույգը Միկան է, որը երկու խաղերի արդյունքում հաղթեց «Փյունիկին» և «Շիրակը», որը պայքարից դուրս թողեց «Բանանցին»:

2011-11-19
«Հույսի կամուրջը» 15 տարեկան է
Արդեն 15 տարի է, հանրապետությունում գործում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը: Դիլիջանի նրա մասնաճյուղը սկսել է գործել 2000 թվականից:
Դիլիջանյան կազմակերպությունը ակտիվ գործունեություն է ծավալում ոչ միայն քաղաքում, այլև Դիլիջանի տարածաշրջանի գյուղական համայնքներում:
Նոյեմբերի 18-ին կազմակերպության կողմից երկրագիտական թանգարան- պատկերասրահում կազմակերպվեց տոնական միջոցառում նվիրված կազմակերպության ստեղծման 15-ամյա հոբելյանին:
Միջոցառմանը մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, համայքի ավագանու անդամներ, քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, գործարարներ, կրթամշակութային և այլ հաստատությունների տնօրեններ, ՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Հույսի կամուրջ» Հկ-ի նախագահ Ս. Մատինյանը ողջունելով ներկաներին, համառոտակի ներկայացրեց կազմակերպության անցած ուղին: Ելույթը զուգորդվում էր համապատասխան բովանդակության տեսահոլովակի ցուցադրմամբ: Նա իր երախտագիտությունն արտահայտեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին կազմակերպության կարիքների նկատմամբ մշտապես ուշադիր և հոգատար վերաբերմունք դրսևորելու համար: Արդեն մի քանի տարի է քաղաքապետարանը իր բյուջեից ֆինանսավորում է կազմակերպության ողջ կոմունալ ծախսերը:
Ս. Մատինյանը նաև իր շնորհակալությունը հայտնեց գյուղական համայնքների ղեկավարներին փոխգործակցության և աջակցության համար: Ելույթում դրվատանքի խոսքեր ասվեցին նաև մշակութային և մարզական ուսումնական հաստատություններին, տեղաշարժման խնդիրներ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների կապակցությամբ:
Կազմակերպության հոբելյանի առթիվ իրենց շնորհավորական խոսքն ասացին Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը, ՀՕՄ-ի ներկայացուցիչ Է. Զարգարյանը, «Դիլնետ սերվիս» ՀԿ-ի նախագահ Ա. Հովհաննիսյանը և ուրիշներ:
Քաղաքապետը շնորհավորելով կազմակերպությանը հոբելյանի առթիվ, իր ելույթում նաև նշեց, որ համայնքի նյութական աջակցությունը կազմակերպութիյանը ավելի կմեծանա, 2012թ. համայնքի բյուջեի նախագծում նախատեսված է ոչ միայն վճարել կազմակերպության կոմունալ ծախսերը, այլև հոգալ երեխաների երթևեկության ծախսերը:
Թանգարանի տոնականորեն զարդարված բակում ներկաների առջև իրենց գեղարվեստական համարներով հանդես եկան կազմակերպության սաները:

2011-11-18
ՀՀ ՏԻՄ ձևավորման 15-ամյակը
ՀՀ ՏԻՄ ձևավորման 15-ամյակի կապակցությամբ «Հայաստանի Համայնքների Միության» վարչության որոշմամբ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը պարգևատրվել է Միության ոսկե մեդալով:


2011-11-18
Համերգ- հանդիպում
Նոյեմբերի 17-ին Դիլիջանի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ համերգ-հանդիպում հայ անվանի կոմպոզիտորների հետ: Միջոցառման նպատակն էր հանրությանը ծանոթացնել արդի մանկական երաժշտությանը: Հանդիպմանը մասնակցում էին կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Վահրամ Բաբայանը, Երվանդ Երկանյանը, Լևոն Չաուշյանը, Արզաս Ոսկանյանը: Միջոցառման հանդիսավարն էր կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:
Հանդիսատեսը մեծ բավականությամբ ունկնդրեց նրանց մանկական ստեղծագործությունները, որոնց բարձրարվեստ կատարումներով հանդես եկան ջութակահար Գևորգ Վարդանյանը և դաշնակահար Աիդա Եսայանը: Վերջինիս կատարմամբ հնչեցին նաև Էդվարդ Միրզոյանի «Առավոտ», «Մարիամ», «Մտորում» «Տխուր վալս» մանկական ստեղծագործությունները: Իր հեղինակած «Սփոփանք դաշնամուրի համար» ստեղծագործության կատարմամբ հանդես եկավ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:

2011-11-17
Ռաֆիկ Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը Դիլիջանում
Նոյեմբերի 16-ին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում կայացավ մեր համաքաղաքացի` Հանրապետության վաստակավոր լրագրող, քաղաքական մեկնաբան, հայ- ռուսական համալսարանի դոցենտ, Ռաֆիկ Հովհաննիսյանի «Սեփական ոտնահետքերով» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը հովանավորել էր Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
Գիրքը երկհատորյա հուշապատում է, որում տեղ են գտել հեղինակի հարուստ հիշողությունները հայրենի քաղաքի սովորությունների, մարդկանց, մարդկային փոխհարաբերությունների, բարքերի մասին: Նրանում նաև
ուշագրավ հիշողություններ կան հանրապետության ճանաչված արվեստագետների և պետական գործիչների մասին:
Միջոցառման հանդիսավար Անուշ Գրիգորյանը շնորհավորելով հեղինակին, համառոտ ներկայացրեց ստեղծագործության բովանդակությունը, ապա շնորհալի ասմունքող Գայանե Գրիգորյանը ընթերցեց առանձին հատվածներ, որոնք մեծ հուզմունքով և ծափահարություններով էին ընդունվում ներկաների կողմից:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը իր ելույթում բարձր գնահատելլլով անվանի լրագրողի ծառայությունները, գրքի լույս ընծայման առթիվ նրան հանձնեց քաղաքապետարանի շնորհավորագիրը:
Միջոցառմանը իրնց ճանաչված համաքաղաքացուն ջերմ խոսքեր ասացին և հետագա ստեղծագործական հաջողություններ մաղթեցին քաղխորհրդի նախկին նախագահ Ն. Չեպելը, Դիլիջանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Հ. Մկրտումյանը, «Դիլնետ սերվիս» ՀԿ-ի նախագահ Ա. Հովհաննիսյանը, «Դիլիջան» թերթի խմբագիր Ա. Սիմոնյանը:

2011-11-16
Հանրային քննարկում
Նոյեմբերի 15-ին Օրհուսի կենտրոնում, կենտրոնի նախաձեռնությամբ և մի շարք հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվեց Դիլիջան համայնքի 2012թ բյուջեի և 2012-2022թթ. համայնքի ռազմավարական պլանավորման նախագծերի քննարկումներ:
Քննարկմանը մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, աշխատակազմի ղեկավար Արա Մարտիրոսյանը, ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանը, Օրհուսի խորհրդի անդամներ, կրթական հիմնարկների տնօրեններ, ՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանը համառոտակի ներկայացրեց քննարկվող փաստաթղթերի բովանդակությունը , կարևորագույն դրույթների վերաբերյալ տվեց անհրաժեշտ պարզաբանումներ:
Անդրադարձ եղավ նաև 2008- 2012թթ. քառամյա ծրագրի իրականացման ընթացքին, փաստվեց, որ նախատեսված հարցերը գրեթե լիովին կատարված են արդեն:
Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը իր ելույթում առանձնացնելով նախագծերում պարունակվող հիմնական խնդիրները, ներկաների ուշադրությունը հրավիրեց ծրագրերի սոցիալական ուղղվածության վրա: Նա անդրադարձավ նաև քաղաքում իրականացվող համապետական ծրագրերի կատարմանը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով դրանց հետ կապված սոցիալական խնդիրների լուծմանը` հատկապես նոր աշխատատեղերի ստեղծման առումով:
Քննարկման ընթացքում նշվեց, որ համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզները ապահովված են ջեռուցմամբ, ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և հանգստի պատշաճ ձևով կազմակերպելու համար, իսկ զորամասի մանկապարտեզում բարեգործական հիմունքներղվ բավականին աշխատանքներ է իրականացրել «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը:
Փաստաթղթերի նախագծերի քննարկմանը իրենց հարցադրումներն ու առաջարկություններն արեցին թիվ 4 դպրոցի տնօրեն Ծ. Մկրտչյանը, Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Գ. Թամրազյանը, «Դիլնետ սերվիս» կազմակերպության նախագահ Ա. Հովհաննիսյանը, համայնքի ավագանու անդամ, Դիլիջանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Հ. Մկրտումյանը, Օրհուս կենտրոնի համակարգող Ա. Հարոյանը, «Դիլիջան» ազգային պարկի աշխատակից Ռ. Բեգլարյանը:
Առաջարկությունները հիմնականում հանգում էին քաղաքի առանձին հատվածների բարեկարգման, բազմաբնակարան շենքերի տանիքների, կանգառների վերանորոգման, լրատվամիջոցների ընդլայնման, զբոսաշրջության համար բարենպաստ միջավայր ստեղծելու վերաբերյալ խնդիրներին:Կրկին
արծարծվեց եկեղեցու կառուցման խնդիրը:
Համայնքի ղեկավարի հավաստմամբ բոլոր օգտակար առաջարկությունները կքննարկվեն ավագանու նիստում և հավանության արժանանալու դեպքում կնդգրկվեն հիմնական փաստաթղթերում: Եկեղեցու վերաբերյալ ասվեց, որ անհրաշեշտ աշխատանք է տարվում գարնանից շինարարական աշխատանքները սկսելու համար:

2011-11-15
Գործնական քննարկում
Նոյեմբերի 14-ին «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Դիլիջանում կազմակերպվեց կլոր սեղան կապված փախստականների հիմնախնդիրների հետ: Ներկա էին Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, ՀԿ-ների, մտավորականության, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փախստականներ:
«Հայկական սահմանադրական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մանուկյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ կազմակերպությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացնում է «Փախստականների իրավազորում` ուսուցման և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագիրը, որի շրջանակներում էլ հանրապետությունում անց են կացվում համանման միջոցառումներ:
Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը ողջունելով ներկաներին նշեց, որ 2011թվականը հոբելյանական է փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտի համար, հիշատակելով «Փախստականների կարգավիճակի մասին» 1951թ. Ժնևի համաձայնագիրը, «Անքաղաքացիության կրճատման մասին» 1961թ. համաձայնագիրը և Ազգերի լիգայի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150- ամյա հոբելյանը:
Փոխքաղաքապետը խոսելով փախսատականներին քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող աջակցության մասին, միաժամանակ նշեց, որ նրանց հարցերի լուծման գործում դեռևս բավարար չէ համապատասխան պետական մարմինների փոխգործակցությունը: Նա նաև նշեց որ փախստականի կարգավիճակում գտնվող մեր հայրենակիցների բնակարանային հարցի լուծմանը կարող է նպաստել արդեն իսկ գործողության մեջ դրված, Հոլանդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող սոցիալական բնակարանայի ծրագիրը, որի շինարարական աշխատանքները սկսվելու են գարնանից:
Քննարկման ընթացքում ելույթներ ունեցան Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցները, մեր համաքաղաքացի, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչ Ռուսլան Հարությունյանը, «Դիլնետ սերվիս» ՀԿ-ի նախագահ Ա.Հովհաննիսյանը: Քննարկման մասնակիցները եկան այն եզրակացության , որ փախստականների հարցերի լուծմանը մեծապես կարող է նպաստել տեղում համապատասխան հասարակական կազմակերպության ստեղծումը, իսկ Ա. Հովհաննիսյանը խոստացավ ըստ ամենայնի օգնել և աջակցել դրա կայացմանը և հետագա գործունեությանը:

2011-10-18
«Միմինո» արձանախմբի բացում Թբիլիսիում
Թբիլիսիի պատմական Հավլաբար թաղամասում` Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի մոտակայքում գտնվող պուրակում, բացվել է «Միմինո» կինոնկարի հերոսների և այդ ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիային նվիրված հուշարձանները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով են ասել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, խմբաքանդակի հեղինակ Զուրաբ Ծերեթելին և Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն:
Հանդիսավոր արարողությանը պատվավոր հյուրերի թվում ներկա էր Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը:
Միջոցառմանը ներկա Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ Դիլիջանի քաղաքապետարանի որոշմամբ՝ ֆիլմի դերասան Վախթանգ Կիկաբիձեին շնորհվել է Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչում:

2011-10-10
Տոնական Դիլիջան
Հոկտեմբերի 8-ին Դիլիջանում անցկացվեց համաքաղաքային տոնախմբուէյուն նվիրված քաղաքի օրվան: Մեծ շուքով նշվեց քաղաքի հիմնադրման 467-ամյակը:
Հանդիսավոր արարողությանը տոնի առթիվ հյուրերին և համաքաղաքացիներին և հյուրերին շնորհավորեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Ողջույնի խոսքում անդրադարձ եղավ նաև քաղաքում իրականացվող համապետական ծրագրերի. Հատկապես ֆինանսական կենտրոնի ձևավորման հետ կապված քաղաքի հետագա զարգացման լուրջ հեռանկարին:
Ներկաներին ողջունեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Տավուշի առաջնորդական փոխանորդ Թորգոմ վարդապետ Տոնիկյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը:
Դիլիջանի զարգացման գործում ունեցած ներդրման և քաղաքի հիմնադրման 467-ամյակի կապակցությամբ նախկին քաղաքապետ Ժորա Հենրիկի Պետրոսյանն արժանացավ Դիլիջանի պատվավոր քաղաքացի կոչմանը, պատվոգրերի և այլ պարգևների արժանացան կրթության և առողջապահության ոլորտի աշխատակիցներ:
Համաքաղաքային տոնախմբությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ՀՀ կառավարության առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարարներ Պավել Սաֆարյանը և Սուրեն կարայանը, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Սերգեյ Օվերչենկոն, Հայաստանի վետերանների խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը, Ռուսաստանի հայրենակիցների օգնության և համագործակցության ֆոնդի տնօրեն Իվան Սեմյոնովը, երևանաբնակ դիլիջանցիներ, հանրապետության ճանաչված արվեստագետներ…

2011-10-08
Դիլիջանի օրը
Սիրելի դիլիջանցիներ.
Սիրով հրավիրում ենք մասնակցելու Դիլիջան քաղաքի հիմնադրման 467-ամյակին նվիրված համաքաղաքային տոնախմբությանը, որը կկայանա 2011թ. հոկտեմբերի 8-ին:
Ծրագրում տեղ են գտել հետևյալ միջոցառումները.
ժ. 11.00-ին երկրագիտական թանգարան-պատկերասրահում դիլիջանցի աշխատանքների ցուցահանդեսը,
ժ.14-00-ին քաղաքային հրապարակում՝ EXPO-ցուցահանդես,
ժ.15-30 ին ամֆիթատրոնում համերգ արվեստի պետական քոլեջի, մանկական երաժշտական դպրոցի, մշակույթի պալատի և Մայր Աթոռ Էջմիածնի «հայորդաց տան» սաների և անհատ կատարողների մասնակցությամբ,
ժ.18.00-ին քաղաքային հրապարակում՝
-հանդիսավոր արարողություն
-տոնական համերգ
-դիսկոտեկ
-խաղարկություններ և մրցանակներ
-հրավառություն

2011-10-05
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը ուսուցչի օրվա առթիվ
Սիրելի մանկավարժներ.
Քաղաքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից սիրով և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ` մասնագիտական տոնի` ՈՒսուցչի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն: Մեր հասարակությունը միշտ բարձր է գնահատել ուսուցչի աշխատանքը, որից մեծապես կախված է մեր աճող սերնդի նկարագիրը:
Գոհունակությամբ պետք է նշել, որ մեր դպրոցների մանկավարժական կոլեկտիվները հաջողությամբ են իրականացնում կրթական ոլորտի բարեփոխումները, որոնք միտված են այն արդիականացնելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում նորանոր հաջողություններ` ձեր անչափ շնորհակալ աշխատանքում:

2011-10-03
Կարևոր հաղթանակ ետնապահի հետ խաղում.
Հոկտեմբերի 1-ին և 2-ին կայացան ֆուտբոլի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները: Տուրի առաջին հանդիպումը կայացավ «Հրազդան» մարզադաշտում, որտեղ Երևանի «Արարատը» հյուրընկալել էր Դիլիջանի «Իմպուլսին»: Առաջին խաղակեսը անցավ հավասար պայքարում, առանց դարպասի գրավման: Հանդիպման 54-րդ րոպեին Նորայր Գյոզալյանը նպաստավոր դիրքից շեշտակի հարվածով առաջ մղեց «Իմպուլսին»` 0-1: Խփած գոլից հետո «Իմպուլսի» խաղացողներն ավելի ակտիվացան: 58-րդ րոպեին Արթուր Մինասյանը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, սակայն «Իմպուլսի» առաջատար Զավեն Բադոյանի 11 մետրանոց հարվածից հետո տանտերերի դարպասապահը կարողացավ որսալ գնդակը: 82-րդ րոպեին Բադոյանը մեն-մենակ հայտնվեց մրցակցի դարպասապահի դեմ դիմաց, սակայն կրկին անհաջող հարվածեց: Երևում է այդ օրը բախտը երես էր թեքել նրանից: 84-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Վահագն Այվազյանը սուր անկյան տակ, հեռահար հարվածով կրկնապատկեց հաշիվը` 0-2: Մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին Վաչիկ Եղիազարյանի հեռու տարածությունից կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և դուրս եկավ դաշտի սահմաններից: Հանդիպումն այսպես էլ ավարտվեց և «Իմպուլսը» ավելի մոտեցավ լավագույն եռյակին:
Տուրի մյուս հանդիպումների արդյունքները. Փյունիկ-ՈՒլիս` 0-0, Շիրակ-Գանձասար`1-0, Բանանց-Միկա` 3-1:
«Իմպուլսը» հաջորդ հանդիպումն անց է կացնելու հոկտեմբերի 14-ին ժ. 15:00-ին` հյուրընկալվելով Երևանի «Փյունիկին»: Հիշեցնենք, որ սա ՀՖՖ գործկոմի որոշմամբ 22-րդ տուրի վերախաղարկվող հանդիպումն է:

2011-09-26
Կամային հաղթանակ «Շիրակի» նկատմամբ
Ֆուտբոլի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում Դիլիջանի «Իմպուլսը» հյուրընկալել էր Գյումրիի «Շիրակին»: Խաղի սկզբում ակտիվ էին հյուրերը: Հանդիպման 28-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը, խաղընկերոջից ստանալով հաշվենկատ փոխանցումը, մեն-մենակ հայտնվեց «Իմպուլսի» դարպասապահի դիմաց գրավեց դարպասի աջ հեռավոր անկյունը` 0-1: Սակայն «Իմպուլսին» արագ հաջողվեց հավասարեցնել հաշիվը: 31-րդ րոպեին տուգանային հարվածի խաղարկումից հետո, «Շիրակի» դարպասապահ Իգոր Լոգվինովը անհաջող դուրս եկավ և չկարողացավ ետ մղել գնդակը, որը հայտնվեց Ալհասան Իլիասուի մոտ, ով արագ կողմնորոշվելով, մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը: 2-րդ խաղակեսում «Իմպուլսի» ֆուտբոլիստներն սկսեցին ավելի ակտիվ գործել: Հանդիպման 63-րդ րոպեին նպաստավոր դիրքից, թաց խոտածածկի պատճառով, վրիպեց Բադոյանը: 71-րդ րոպեին Բադոյանի փոխանցումից հետո, Նորայր Գյոզալյանը շեղ հարվածեց: 86-րդ րոպեին հյուրերը կարող էին առաջ անցնել հաշվի մեջ: Ռաֆայել Պալտաջյանը մոտ տարածությունից գլխով շեղ հարվածեց: Այդ դիրքից ավելի հեշտ էր գրավել դարպասը քան վրիպել: 88-րդ րոպեին կրկին իր «սև գործը» կատարեց Զավեն Բադոյանը: Խաղընկերոջից ստանալով փոխանցումը, նա մեն-մենակ հայտնվեց «Շիրակի» դարպասապահի դիմաց: Լոգվինովը մատների ծայրերով մի փոքր շեղեց հարվածի ուղղությունը, սակայն գնդակը հայտնվեց դարպասում` 2-1: Խաղն ավարտվեց, առանց հաշվի մեջ նոր փոփոխությունների: Զուգահեռաբար ընթացող խաղում «Միկան» 2-0 հաշվով հաղթեց «Արարատին»:
Հավելենք, որ նախորդ տուրում կայացած «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը, որն ավարտվել էր 1-0 հաշվով` հօգուտ դաշտի տերերի, ՀՖՖ գործկոմի բացառիկ որոշմամբ պետք է վերախաղարկվի: Հիշեցնենք, որ այդ հանդիպման 2-րդ խաղակեսում Արթուր Բարսեղյանը խաղընկերոջից ստանալով գնդակը, մեն-մենակ հայտնվեց «Փյունիկի» դարպասապահի դիմաց և գրավեց դարպասը, սակայն հանդիպման մրցավարը անհասկանալի պատճառներով, արձանագրեց խաղից դուրս վիճակ և դեղին քարտ ցույց տվեց «Իմպուլսի» հարձակվողին, սուլիչից հետո գնդակին հարվածելու համար: Այս դրվագում մրցավարի գործողություններում միտում նկատվեց, քանի որ Բարսեղյանը փողանցման պահին դեռ գտնվում էր սեփական կիսադաշտում, իսկ նրանից առաջ էին «Փյունիկի» 2 պաշտպանները:
Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 1-ին ժամը 16:00-ին «Իմպուլսը» կհյուրընկալվի Երևանի «Արարատին»:

2011-09-05
Հիշատակի արարողություն
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 66-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 3-ին Հայաստանի վետերանների խորհրդի, ՀՀ-ում Ռուսաստանյան ֆեդերացիայի դեսպանատան և Դիլիջանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանային համալիրում տեղի ունեցավ հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ՌԴ դեսպանատան պատասխանատու աշխատակիցներ, հանրապետության Վետերանների խորհրդի անդամներ, վետերաններ, հասարակայնության, հանրապետական և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանին և եղբայրական գերեզմանին: Ելույթ ունեցան Դիլիջանի քազաքապետ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Սերգեյ Օվերչենկոն, դեսպանի խորհրդական Վիկտոր Կրեվոպոսկովը, Հայաստանի վետերանների խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը, Ռուսաստանի հայրենակիցների օգնության և համագործակցության ֆոնդի տնօրեն Իվան Սեմյոնովը: Ելույթ ունեցողները անդրադարձան նաև հուշահամալիրում իրականացված վերականգնողական աշխատանքներին: Այս աշխատանքները տարիներ շարունակ իրականացվել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Հայաստանում վետերանների խորհրդի, Դիլիջանի քաղաքապետարանի և Ռուսաստանի հայրենակիցների օգնության և համագործակցության ֆոնդի համատեղ ուժերով: Մեծ աջակցություն է ցուցաբերել ՎՏԲ Արմենիա բանկը, որի տնօրեն Վալերի Օվսյաննիկովը պարգևատրվեց Դիլիջանի քաղաքապետարանի շնորհակալագրով: Հիշյալ կազմակերպությունների կողմից ստորագրվեց հետագա աշխատանքների փոխգործակցության համաձայնագիր:

2011-08-22
Հաղթանակ փոխչեմպիոնի նկատմամբ
Օգոստոսի 20-ին ֆուտբոլի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում Դիլիջանի «Իմպուլսը» հյուրընկալել էր Երևանի «Բանանցին», որը հաղթանակի դեպքում միավորներով հավասարվում էր «Իմպուլսին»: Հանդիպման սկզբում, «Բանանցի» գրոհից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: 6-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Իմպուլսի կիսապաշտպան Նարեկ Դավթյանը մոտ տարածությունից գրավեց «Բանանցի» դարպասը` 1-0: 17-րդ րոպեին, «Իմպուլսի» երիտասարդ հարձակվող Ռումյան Հովսեփյանի փոխանցումից հետո Նորայր Գյոզալյանը մեն-մենակ մնաց «Բանանցի» դարպասապահի դիմաց: Վերջինիս հարվածից հետո Դմիտրի Նեպոգոդովը կարողացավ ետ մղել գնդակը, սակայն ուղիղ դեպի Նարեկ Դավթյանը, ով իր անվան դիմաց այսօրվա խաղում ձևակերպեց դուբլ` 2-0: 41-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Արթուր Եդիգարյանը շեշտակի հարվածով կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը` 2-1: Հանդիպման 78-րդ րոպեին աջ եզրով լավ անցում կատարեց Վահագն Այվազյանը, ում փոխանցումը եզրափակեց փոխարինման դուրս եկած Սամվել Հակոբյանը` 3-1: Սա նրա 3-րդ գոլն էր ներկայիս առաջնությունում, ընդ որում 3-էլ փոխարինման դուրս գալուց հետո: Այս դրվագում հարկ է նշել գլխավոր մրցավար Արման Ամիրխանյանի բարձր կարգը. Վահագն Այվազյանին աջ եզրում դիմավորեցին «Բանանցի» երկու պաշտպանները և փորձում էին չթույլատրված հնարքով կասեցնել նրա առաջխաղացումը, եզրային մրցավարը բարձրացրեց դրոշակը արձանագրելով տուգանային հարված, սակայն քանի որ գնդակը մնաց Այվազյանի մոտ, որն իր ետևում ձեռնունայն թողեց Բանանցի պաշտպաններին, գլխավոր մրցավարի սուլիչը լռեց, թույլատրելով զարգացնել գրոհը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց:
Տուրի մյուս հանդիպումների արդյունքները. Փյունիկ-Շիրակ` 1-0, Գանձասար-Միկա` 2-2, ՈՒլիս-Արարատ` 5-0:
19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվել են հետևյալ կերպ. առաջին տեղում ընթանում է Գանձասարը` 37 միավորով, նույնքան միավոր ունի ՈՒլիսը, 3-րդ տեղում ընթացող Փյունիկն ունի 33 միավոր, 4-րդը Իմպուլսն է` 28 միավորով, 5-րդը Միկան 27 միավորով: 6-րդ տեղում ընթացող Բանանցը վաստակել է 22 միավոր, 7-րդ և 8-րդ տեղում ընթացող Շիրակն ու Արարատը համապատասխանաբար ունեն 13 և 10 միավորներ:
Հաջորդ տուրում, օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ին «Իմպուլսը» կհուրընկալի առաջատար «Գանձասարին»:

2011-08-16
Դիլիջանը 5-րդ համահայկական խաղերում
Դիլիջանի մարզիկները մասնակցում են օգոստոսի 13-21-ը Երևանում անցկացվող համահայկական 5-րդ խաղերին: Օգոստոսի 13-ին քաղաքի 30 հոգուց բաղկացած պատվիրակությունը քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ մասնակցեցին Երևանի Վ.Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Պատվիրակության կազմում էին սպորտի վետերաններ, երիտասարդ մարզիկներ: Մեր մարզիկները իրենց ուժերը կչափեն թենիս, շախմատ, թեթև ատլետիկա մարզաձևերում:

2011-08-09
Կամային հաղթանակ. կրկին 4-րդ հորիզոնականում
Օգոստոսի վեցին և յոթին կայացան ֆուտբոլի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի հանդիպումները: Դիլիջանի «Իմպուլսը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր Երևանի Արարատին: Խաղի սկզբում «Արարատը» տիրեց նախաձեռնությանը: Արդեն հանդիպման 5-րդ րոպեին Վ. Մարտիրոսյանը գլխի հարվածով հաշիվը դարձրեց 0-1: Սա սառը ցնցուղ էր «Իմպուլսի» խաղացողների համար: Հետզհետե «Իմպուլսը» կարողացավ տիրել նախաձեռնությանը: Զավեն Բադոյանը շրջանցեց «Արարատի» երկու պաշտպաններին և մեն-մենակ էր հայտնվում մրցակցի դարպասապահի դիմաց, սակայն «Արարատի» վերջին պաշտպանը քաշեց Բադոյանի օձիքից` տապալելով նրան գետնին: Մրցավարի սուլիչը լռեց: Առաջին խաղակեսի վերջնամասում Արթուր Բարսեղյանի հեռվից կատարած հուժկու հարվածից հետո գնդակը ակնհայտորեն դիպավ մրցակցի պաշտպանի ձեռքին: Այս անգամ մրցավարը նշանակեց 11 մետրանոց տուգանային հարված, որը հստակորեն իրացրեց «Իմպուլսի» առաջատար Զավեն Բադոյանը` 1-1: «Արարատի» դարպասապահը կռահել էր հարվածի ուղղությունը, սակայն հարվածը այնքան ուժեղ էր, որ նա չկարողացավ որսալ գնդակը: Երկրորդ խաղակեսում «Իմպուլսը» սկսեց ավելի ակտիվ գործել: Մի քանի անգամ կարող էին աչքի ընկնել Ջուլիանո Հիմենեսը, Նորայր Գյոզալյանը, Զավեն Բադոյանը: Հանդիպման 54-րդ րոպեին, մրցակցի տուգանային հրապարակում, աջ եզրով գեղեցիկ անցում կատարած Ռումյան Հովսեփյանից ստանալով ճշգրիտ փոխանցումը, Նորայր Գյոզալյանը գլխի գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Իմպուլսին»` 2-1: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց:
Տուրի մյուս հանդիպումների արդյունքները. Գանձասար-Շիրակ` 4-0, ՈՒլիս-Փյունիկ` 1-1, Միկա-Բանանց` 0-0:
Հիշեցնենք, որ «Իմպուլսը» հաջորդ հանդիպումը անց է կացնելու օգոստոսի 14-ին ժ. 18:00-ին` հյուրընկալվելով Երևանի «Միկային»:

2011-08-02
«Միկան» կրկին թիկունքում զգաց «Իմպուլսի» շնչառությունը
Ս/թ. հուլիսի 30-ին ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում Դիլիջանի «Իմպուլսը» Իջևանում հյուրընկալվել էր Գյումրիի «Շիրակին»:
Առաջին խաղակեսը անցավ հավասար պայքարում: Հանդիպման 30-րդ րոպեին Բադոյանը լավ անցում կազմակերպեց, սակայն տանտերերի դարպասապահը կարողացավ չեզոքացնել վտանգը: 35-րդ րոպեին գյումրեցիները ստացան տուգանային հարվածի իրավունք: Անդրանիկ Բարիկյանը հարվածեց և գրավեց «Իմպուլսի» դարպասի հեռավոր անկյունը` 1-0: Անկասկած իր մեղքի բաժինն ուներ մեր դարպասապահ Գոռ Էլյազյանը, ով հեռավոր անկյունը պաշտպանելու փոխարեն կանգնել էր այն անկյունում, որ անկյունը փակում էին պատում կանգնած ֆուտբոլիստները: Առաջին խաղակեսի վերջնամասում «Իմպուլսը» սկսեց ավելի ակտիվ գործել: 39-րդ րոպեին, Արթուր Բարսեղյանը խաղընկերոջից ստանալով գնդակը, մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից շեշտակի հարվածով գրավեց «Շիրակի» դարպասի աջ, ներքին անկյունը: 44-րդ րոպեին անկյունային հարվածից հետո Իմպուլսի փորձառու պաշտպան Ջուլիանո Հիմենեսը առաջինը հասավ գնդակին և մոտ տարածությունից գլխով հարվածեց մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն դարպասապահը մեծ դժվարությամբ կարողացավ մի փոքր ետ մղել գնդակը, որն էլ հայտնվեց իր նորամուտը «Իմպուլսում» նշած Նորայր Գյոզալյանի մոտ, ով գլխի հարվածով առաջ մղեց «Իմպուլսին»` 1-2: Հանդիպման 80-րդ րոպեին քիչ առաջ փոխարինման դուրս եկած Սամվել Հակոբյանը հաշիվը դարձրեց 1-3: Մրցակցի դարպասապահ Լոգվինովը մի փոքր առաջ էր կանգնած և չհասցրեց հասնել իր գլխավերևով անցնող գնդակին: 89-րդ րոպեին մեր դարպասապահի կոպիտ սխալից կարողացան օգտվել դաշտի տերերը. Կարեն Ալեքսանյանի հարվածից հետո հաշիվը դարձավ 2-3 և մինչև հանդիպման ավարտը մնաց անփոփոխ: «Իմպուլսը» տարավ իր համար շատ կարևոր կամային հաղթանակ և օգտվելով «Արարատ»-«Միկա» խաղի արդյունքից (1-1), մրցաշարային աղյուսակում ընդհուպ մոտեցավ վերջինիս:
Տուրի մյուս հանդիպումների արդյունքները. «Բանանց»-«ՈՒլիս»` 2-1, «Փյունիկ»-«Գանձասար»`1-1:

2011-07-25
01.04.2011թ. – 01.07.2011թ. ընկած ժամանկահատվածում քաղաքապետարանի կատարած աշխատանքները
2011թ. երկրորդ եռամսյակում տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ հավաքագրվել է 69700.0 հազ.դրամի եկամուտ և նպատակաուղղվել քաղաքի սոցիալ-տնտեսական, հոգևոր մշակութային և առողջարանային ոլորտների հետագա առաջընթացի ապահովմանը:
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները: 01.04.2011-01.07.2011թ. ընկած ժամանակահատվածում 30 անապահով ընտանիքների տրվել է դրամական օգնություն:
Թվով 55 նորածին երեխաների ընտանիքներից յուրաքանչյուրին տրվել է միանվագ դրամական օգնություն:
Դիլիջան քաղաքում գործող «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար համայնքի բյուջեից յուրաքանչյուր ամիս ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն:
Սկսվել է «Հ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ շենքի վերանորոգման աշխատանքները:
Պատվիրվել են Շահումյան փողոցի և Շահումյան և Սայաթ-Նովա փողոցներն իրար միացնող Շահումյան փ. 3-րդ նրբ. ճանապարհի ավտոտրանսպորտի երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և մշակման աշխատանքները:
Իրականացվում է Կամո 52 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գրադարանի և ակումբի համար նախատեսված շենքի վերանորոգման աշխատանքների, Երկրագիտական թանգարանի պատկերասրահի հնագիտության և ազգագրության սրահների ցուցադրության կազմակերպման և կահավորման աշխատանքների, Կալինինի 243 և Շամախյան 2Ա հասցեների բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսությունների վերակառուցման, Մյասնիկյան 53Ա հասցեում գտվող զուգարանի շենքի վերակառուցման և ավտոկայանին հարակից տարածքում քաղաքային զուգարանի կառուցման աշխատանքների, Այգեստան, Ուսանողական, Մյասնիկյան փողոցների և Կալինինի փողոցի 2-րդ փակուղու փողոցային լուսավորության համակարգի վերանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և մշակման աշխատանքներ:
ՀՊԾ-ի «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրի շրջանակներում Դիլիջանի համայնքների միության կողմից հաստատվել և ներկայացվել է ծրագիր, որի շրջանակներում կատարվում է Դիլիջան քաղաքային համայնքի ենթակայության թիվ 2, թիվ 3, թիվ 5 մանկապարտեզների և երաժշտական դպրոցի մասնակի վերանորոգման աշխատանքներ: Դիլիջան քաղաքային համայնքի ներդրումը նշված ծրագրին կազմում է 1786160 դրամ` նյութերի տեսքով: Մանկապարտեզների համար ձեռք է բերվել գույք` մահճակալ, սեղան, աթոռ: Թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներում տեղադրվել է խաղահրապարակ և կատարվել ցանկապատի վերականգնում:
Դիլիջանի քաղաքային զբոսայգին նոր սեզոնին նախապատրաստելու, ինչպես նաև բնակիչների ակտիվ հանգիստը առավել հարմարավետ և անվտանգ դարձնելու նպատակով իրականացվել է զբոսայգու խաղային ատրակցիոնների վերանորոգման աշխատանքներ: Կատարվել է բազմաբնակարան շենքերի տանիքների, մուտքերի նորոգման և Կամարինի 1-ին նրբ. թիվ 20 տան մոտով անցնող հեղեղատարի վերակառուցման աշխատանքներ:
Զգալի աշխատանքներ են իրականացվել լուսավորության, աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման, այն առողջարանային քաղաքին վայել կազմակերպելու ուղղությամբ: Ձեռք է բերվել և քաղաքի տարբեր փողոցներում տեղադրվել թվով 70 աղբաման:
Քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ ուշադրություն է ցուցաբերվում սպորտի զարգացմանը: Դիլիջանում անցկացվեց դպրոցականների հանրապետական 20-րդ սպարտակիադայի եզրափակիչ փուլը:

2011-07-25
Իմպուլսը ձեռքից բաց է թողնում հաղթանակը
Հուլիսի 23-ին վերսկսվեց ֆուտբոլի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ խաղաշրջանը: Այդ օրը Դիլիջանի «Իմպուլսը» Իջևանի «Արնար» մարզադաշտում հյուրընկալել էր Երևանի «Փյունիկին»:
Ամառային տրանսֆերի ժամանակ «Իմպուլսից» հեռացել էին մի շարք փորձառու խաղացողներ: Մասնավորապես` Գագա Տիբիլաշվիլին, Ռոման Հարկուշան, Արթուր Պետրոսյանը, Սեմյոն Զլատևը, Ալեքսանդրու Մորոզովը: «Իմպուլսի» միակ հաջող ձեռքբերումը Գանայի հավաքականի փորձառու պաշտպան Իլիասու Շիլան է, ով չկարողացավ մասնակցել այս խաղին տրանսֆերի բացակայության պատճառով: Իլիասուն ՀՀ առաջնություններում խաղացած միակ ֆուտբոլիստը կլինի, ով մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Խաղին չէր մասնակցում նաև Էլտոն Կարդոսոն, որը 3 դեղին քարտ էր ստացել: Վնասվածքի պատճառով բացակայում էր նաև Նարեկ Դավթյանը: Թվում էր թե նրանց փոխարեն խաղադաշտ մտած նորեկները, որոնք հրավիրվել էին Իմպուլս 2-ից, կտապալեն խաղը: Սակայն մարզադաշտում ծավալվեց հավասար պայքար:
Հանդիպման 8-րդ րոպեին Էդգար մանուչարյանը խաղընկերոջ կատարած կատարյալ փոխանցումից հետո դուրս եկավ «իմպուլսի» դարպասապահի դիմաց, սակայն նպաստավոր դիրքից այնքան թույլ հարվածեց, որ մեր դարպասապահը ձեռքերի մեջ ֆիքսեց գնդակը: 10-րդ րոպեին գնդակը դիպավ Սարգիս Հովսեփյանի ձեռքին: Զավեն Բադոյանի կատարած տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ պատում կանգնած ֆուտբոլիստներից մեկի գլխին և մի փոքր շեղությամբ դուրս եկավ դարպասի մոտով: Երկրորդ կեսում «Իմպուլսն» ավելի կազմակերպված սկսեց գործել: Բադոյանը 2 անգամ կարող էր աչքի ընկնել. առաջին հարվածից հետո դարպասապահը հաջող գործեց, իսկ երկրորդ դեպքում գնդակը անցավ մրցակցի ինյակի կողքով: Հանդիպման 71-րդ րոպեին Վահագն Այվազյանը սեփական կիսադաշտում, խաղընկերոջից ստանալով գնդակը, աջ եզրով շարժվեց առաջ, շրջանցեց մրցակցի պաշտպանին և դարպասապահի մոտով փոխանցում կատարեց դեպի դարպասային հրապարակ: Այնտեղ գտնվող Սամվել Հակոբյանին մնում էր միայն գնդակն ուղարկել անպաշտպան դարպասը, ինչը և նա արեց` 1-0: Սակայն փորձի պակասի հետևանքով, «Իմպուլսին» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը. 80-րդ րոպեին Հովհաննես Հովհաննիսյանը գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը` 1-1:
Տուրի մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները. Միկա-Շիրակ՝ 4-1, Արարատ-Բանանց՝ 0-5, Գանձասար-ՈՒլիս՝ 0-1:
Հաջորդ տուրում՝ Հուլիսի 30-ին, ժամը 19:00-ին Իջևանի «Արնար» մարզադաշտում «Իմպուլսը» կհյուրընկալվի Գյումրիի «Շիրակին»:

2011-07-04
Ֆրունզը, Կիկաբիձեն և Լեոնովը կրկին հանդիպեցին Դիլիջանում
Մհեր Մկրտչյանի 81-ամյակին «Միմինո» ֆիլմին նվիրված հուշարձան բացվեց ֆիլմում Մհեր Մկրտչյանի մարմնավորած հերոսի՝ Ռուբիկ Խաչիկյանի հայրենի Դիլիջան քաղաքում։ Բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ։ Հուշարձանը բացեցին ՌԴ և Վրաստանի դեսպանները Հայաստանում։

Հուշարձանը երեք քանդակների կոմպոզիցիա է։ Առաջին պլանում հայ և վրացի ընկերներն են՝ Մհեր Մկրտչյանն ու Վախթանգ Կիկաբիձեն։ Հետին պլանում հայրենական պատերազմի վետերան Վոլոխովին մարմնավորած Եվգենի Լեոնովն է։

tert.am

2011-06-30
Հրավիրում ենք
Հարգելի համաքաղաքացիներ.
Բոլորիդ սիրով հրավիրում ենք մասնակցելու «Միմինո» արձանի բացման արարողությանը, որը կկայանա օղակաձև ճանապարհային հանգույցի` քաղաքային լճին հարող հատվածում, հուլիսի 4-ին, ժամը 3-ին:
Բացման արարողությունից հետո մշակույթի պալատում կցուցադրվի «Միմինո» ֆիլմը, այնուհետև բացօթյա ամֆիթատրոնում կկայանա համերգ վրացի անվանի դերասան եւ երգիչ Վախթանգ Կիկաբիձեի մասնակցությամբ:

2011-06-27
Սպարտակիադայի եզրափակիչ փուլը Դիլիջանում
Հունիսի 25-ին և 26-ին Դիլիջանում անցկացվեց Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված դպրոցականների հանրապետական 20-րդ սպարտակիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին հանրապետության բոլոր մարզերի և Երևանի շուրջ 400 պատանի մարզիկներ: Քաղաքային մարզադաշտում կազմակերպված մեկնարկի հանդիսավոր արարողությանը պատանի մարզիկներին ողջունեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը:
Մեկնարկի հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, հանրապետության մարզական ընկերությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անվանի մարզիկներ: Մրցումներն անցկացվեցին քաղաքային մարզադաշտում,մարզադպրոցում, ավագ և թիվ 2 դպրոցներում: Այն ընդգրկում էր 4 մարզաձև: Մրցամարտն անցավ ակտիվ պայքարում: Հանդբոլ մարզաձևից առաջին տեղը գրավեցին Երևանի տղաների և աղջիկների հավաքական թիմերը, բասկետբոլից առաջին տեղը գրավեցին Երևանի տղաների և Գյումրիի աղջիկների թիմերը, վոլեյբոլից հաղթողի պատվանդանին կրկին Երևանի տղաների թիմն էր, իսկ աղջիկների մրցումներում հաղթող ճանաչվեց Սիսիանի հավաքականը: Ֆուտբոլ մարզաձևից բողոքարկման պատճառով արդյունքները չամփոփվեցին:
Հաղթողներին հանդիսավոր պայմաններում հանձնվեցին գավաթներ և համապատասխան դիպլոմներ:

2011-06-26
Ուխտագնացություն
ԵԿՄ- ի հանրապետական վարչության նախաձեռնությամբ կազմակերպված «Ուխտագնացություն հայոց աշխարհով» երթի մասնակիցները հունիսի 26-ին այցելեցին Դիլիջան: Մասնակիցները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձանին, որից հետո քաղաքային ամֆիթատրոնում տրվեց համերգ:
Հայրենասիրական երգերի կատարումներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարության Զորական էջմիածնի քաղաքապետարանի «Վաղարշապատ», գուսանական երգերի «Հայկազունք» և «Պատանի երկրապահ» համույթները: Անհատ կատարումներով հանդես եկան աշուղ Ռազմար Սասունցին և երգչուհի Կարինե Մկրտչյանը:

2011-06-23
Հարգանքի տուրք
Հունիսի 22-ին «Վշտի և հիշատակի» օրվա կապակցությամբ Դիլիջանի հուշարձանային համալիրում կատարվեց հիշատակի արարողութուն նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Արարողությանը մասնակցելու համար Դիլիջան էին ժամանել Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ռուս համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ այլ հյուրեր:
Մասնակիցների կողմից ծաղկեպսակներ դրվեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողին և եղբայրական գերեզմանում թաղված զինվորների շիրիմներին:
Միջոցառմանը ելույթներ ունեցան «Ռուսաստանի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամի» տնօրեն Իվան Սեմյոնովը, Հայաստանի միավորման խարհրդի նախագահ,գնդապետ Սիմոն Եսայանը, Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, Հայրենական պատերազմի վետերանների կոմիտեի նախագահ, պահեստի գնդապետ Պետրոս Պետրոսյանը, վետերան, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Պավել Միրզոյանցը, Դիլիջանի վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանը: Միջոցառումը եզրափակվեց Գալինա Հայրապետյանի՝ վետերաններին նվիրված բանաստեղծության արտասանությամբ:
Հիշատակի արարողությանը մասնակցում էին Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդի ավագ օգնական, գնդապետ Վյաչեսլավ Գլագոլևը և դեսպանի խորհրդական Սերգեյ Կաշիրինը:

2011-06-14
Համայնքապետերի հանդիպում Դիլիջանում
Դիլիջանի քաղաքապետարանի աշխատանքային փորձին ծանոթանալու նպատակով հունիսի 11-ին կայացավ հանրապետության քաղաքային համայնքների ղեկավարների և Հայաստանի համայնքների ասոցիացիայի անդամների հանդիպում:
Միջոցառման ընթացքում Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը համառոտակի ներկայացրեց համայնքում իրականացվող աշխատանքների մասին, պատասխանելով ներկաներին հետաքրքրող հարցերին:
Այնուհետև հյուրերը քաղաքապետի ուղեկցությամբ եղան վերջին տարիներին միայն համայնքի միջոցներով կառուցված մշակութային օբյեկտներում: Նրանք առանձնապես տպավորված էին ամֆիթատրոնով և նորաբաց պատկերասրահ-թանգարանով:

2011-06-13
Պարտություն` հյուրընկալվելիս…
Հունիսի 11-ին ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Իմպուլսը» հյուրընկալվել էր Երևանի «Բանանցին»: Խաղն ընթացավ հավասար պայքարում: Հանդիպման 11-րդ րոպեին առաջին վտանգավոր պահն ստեղծվեց «Բանանցի» դարպասի մոտ, սակայն Տիգրան Ոսկանյանի գլխի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողից: Դաշտի տերերը կարող էին երկու անգամ աչքի ընկնել, սակայն «Իմպուլսի» փորձառու պաշտպան Ջուլիանո Հիմենեսը կարողացավ չեզոքացնել վտանգը: Այնուամենայնիվ 20-րդ րոպեին Բրունո Կորրեայի շնորհիվ «Բանանցին» հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել` 1-0: «Իմպուլսի» պատասխանը երկար սպասեցնել չտվեց. 40-րդ րոպեին Ռոման Հարկուշան տուգանային հարվածից անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ` գնդակը մխրճելով մրցակցի դարպասի ինյակը: Սակայն 50-րդ րոպեին «Բանանցը», այս անգամ Արտակ Դաշյանի շնորհիվ կրկին առաջ մղեց իր թիմին: Տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ ամբողջ հանդիպմանը դրականորեն աչքի ընկած Ջուլիանոյի և հայտնվեց դարպասում` 2-1: Հանդիպման վերջնամասն անցավ «Իմպուլսի» բուռն գրոհներով: Զավեն Բադոյանի և Վահագն Այվազյանի վտանգավոր հարվածները կարողացավ որսալ «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանը: Խաղն ավարտվեց` առանց հաշվի մեջ նոր փոփոխությունների: «Իմպուլսի» պարտությունից կարող էր օգտվել Երևանի «Միկան» և հաղթանակի դեպքում մրցաշարային աղյուսակում շրջանցել Դիլիջանցիներին, սակայն հանդիպման վերջին րոպեին սեփական հարկի տակ գոլ բաց թողնելով Կապանի «Գանձասարից» մնաց նույն տեղում: Իսկ ահա վերջինս հաղթելով, շրջանցեց «ՈՒլիսին» և դուրս եկավ առաջին հորիզոնական, քանի որ «ՈՒլիսը» ոչ-ոքի` 1-1 խաղաց Երևանի «Արարատի» հետ: Իսկ գործող չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով զիջեց Գյումրիի «Շիրակին»:
Հաջորդ տուրում, հունիսի 19-ին ժ. 19:00-ին «Իմպուլսը» կհյուրընկալվի առաջատար Կապանի «Գանձասարին»:

2011-06-07
Արժանացել Է ՀՀ նախագահի մրցանակի
Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի ուսանող Հարություն Հովակիմյանը «Երբ մենք չաղոթեցինք» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի` 2010թ. երիտասարդական մրցանակին:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորում է Հարություն Հովակիմյանին` գրականության ոլորտում Հայաստանի Հանրապետության նախագահի 2010թ. երիտասարդական մրցանակին արժանանալու կապակցությամբ և մաղթում ստեղծագործական հետագա հաջողություններ:

2011-06-06
Գրական նորություններ
Լույս է տեսել մեր համաքաղաքացի` Հայաստանի վաստակավոր լրագրող, ՀՀ ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր, հանրահայտ հրապարակախոս, քաղաքական մեկնաբան, Ռուս-հայկական պետական համալսարանի դոցենտ Ռաֆիկ Հովհաննիսյանի «Սեփական ոտնահետքերով» խորագրով երկհատորյա հուշագրությունը: Գրքում ներկայացված են հեղինակի կյանքը, Հայոց ցեղասպանության զոհ դարձած նրա գերդաստանի պատմությունը, նաև իր հարուստ կենսագրության ընթացքում հանդիպած բազմաթիվ նշանավոր մարդկանց մասին հիշողությունները:

2011-06-06
Լույս է տեսել
Լույս է տեսել մեր համաքաղաքացի, երևանաբնակ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, պահեստի փոխգնդապետ Հենրիկ Խառատյանի «Անվանի դիլիջանցիներ» կենսագրական բառարանի հերթական հատորը: Գրքում ներկայացված են 38 կենսագրություններ: Գիրքը ունի ճանաչողական նշանակություն քաղաքի պատմության ուսումնասիրության համար:

2011-05-30
Տեղերի փոխանակում «Միկայի» հետ
Մայիսի 30-ին Դիլիջանի «Իմպուլսը» Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի 11-րդ տուրի շրջանակներում, Աբովյանի մարզադաշտում հյուրընկալել էր Երևանի «Միկային»: Հենց խաղի մեկնարկից «Իմպուլսը» տիրեց նախաձեռնությանը: Մի քանի րոպեի ընթացքում Հովհաննես Գոհարյանը երկու անգամ կարող էր աչքի ընկնել: Սակայն սկզբից նա իրենից շատ առաջ թողեց գնդակը, իսկ երկրորդ դեպքում մրցակցի դարպասապահ Գևորգ Կասպարովը ավելի շուտ հասավ գնդակին: ԵՎ ոչ մի վտանգավոր գոլային պահ «Իմպուլսի» դարպասի մոտ: 2-րդ խաղակեսում «Իմպուլսը» ավելի սուր սկսեց գործել: Կրկին իրեն գերազանց կողմերով դրսևորեց Զավեն Բադոյանը: Հարձակման ձախ թևում, խույս տալով մրցակցի պաշտպանի սահընկումից, հասավ «Միկայի» տուգանային հրապարակի ձախ եզրը և այնտեղից սուր փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակ: Միանգամից «Իմպուլսի» երկու խաղացողներ կարող էին եզրափակել փոխանցումը: Սակայն սկզբից Արտակ Հովհաննիսյանը և հետո Էլտոն Կարդոսոն վրիպեցին: 65-րդ րոպեին Բադոյանը «Միկայի» փորձառու պաշտպան Ալեքսից փախցնելով գնդակը արագություն հավաքեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ և գեղեցիկ, պտտեցրած հարվածով գրավեց «Միկայի» դարպասի հեռավոր անկյունը: Դարպասապահ Կասպարովը գեղեցիկ ցատկով փորձեց ետ մղել հարվածը, սակայն նա միայն մատների ծայրերով դիպավ գնդակին և չկարողացավ շեղել հարվածի ուղղությունը` 1-0: «Միկան» հանդիպան վերջում տուգանային հարվածով կարողացավ գրավել «Իմպուլսի» դարպասը, սակայն մրցավարը իրավացիորեն ֆիքսեց կանոնների խախտում` մեր դարպասապահի հետ կոպիտ խաղալու համար: Առաջին խաղաշրջանի պարտության դիմաց «Իմպուլսը» ռևանշի հասավ: Նշենք նաև, որ «Իմպուլսի» փորձառու դարպասապահ Մայիս Ազիզյանը անցած խաղում կարմիր քարտ էր ստացել և նրան փոխարինում էր երիտասարդ Գոռ Էլիազյանը, ով այս խաղով իր նորամուտն էր նշում բարձրագույն խմբում և լավ տպավորություն թողեց: Պետք է նաև արժանին մատուցել «Իմպուլսի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, ով կարողացավ այս կարճ ժամանակահատվածում թիմի խաղամակարդակի մեջ դրական փոփոխություն մտցնել: Բազմաթիվ մասնագետների կարծիքով «Իմպուլսը», այս տարվա առաջնության թիմերի հետ համեմատած, ամենադիտարժան և կազմակերպված խաղն է ցուցադրում:
Տուրի մյուս հանդիպումների արդյունքները. «Փյունիկ»-«Բանանց»` 1-1, «Գանձասար»-«Արարատ»` 5-0, «ՈՒլիս» -«Շիրակ» 1-0:

2011-05-24
Բարեգործը Դիլիջանում
Մայիսի 24-ին Դիլիջան այցելեց ամերիկահայ գործարար-բարեգործ Ալեքսանդր Էրքիլեթյանը: Արդեն երկրորդ տարին է,որ նրա ընտանիքի անդամների ֆինանսավորմամբ Դիլիջանում գործում է բարեգործական ճաշարան: Քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը համայնքի անունից իր խորին երախտագիտությունն արտահայտեց Էրքիլեթյան ընտանիքի կողմից իրականացվող բարեգործական գործունեության համար: Այդ կապակցությամբ բարեգործական ընտանիքն արժանացավ քաղաքապետարանի շնորհակալագրի:

2011-05-23
Պարտություն` հետնապահի հետ խաղում
Մայիսի 21-ին Դիլիջանի «Իմպուլսը» «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալվել էր Երևանի «Արարատին»: Վերջին 5 հանդիպումներում չպարտված թիմը թվում էր հեշտությամբ կհաղթահարի «Արարատի» արգելքը, սակայն տեղի ունեցավ հակառակը.
Նախ 14-րդ, ապա 18-րդ րոպեներին Արարատցիներ Արա Հակոբյանը և Ռաֆայել Սաֆարյանը հաշիվը դարձրին 2-0: Առաջին կեսում «Իմպուլսը» չկարողացավ ոչ մի վտանգավոր պահ ստեղծել տանտերերի դարպասի մոտ: Երկրորդ կեսում եղան մի քանի վտանգավոր պահեր, սակայն միայն 75-րդ րոպեին Արտակ Հովհաննիսյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը` 2-1: Իսկ խաղավերջում «Իմպուլսի» փորձառու դարպասապահ Մայիս Ազիզյանը, ով հասել էր մրցակցի տուգանային հրապարակ, թիմակիցների հետ խաղը փրկելու համար, ստացավ կարմիր քարտ` մրցակցի դարպասապահին հայհոյելու համար: Սա «Արարատի» առաջին հաղթանակն էր ներկայիս առաջնությունում:
Տուրի մյուս հանդիպումների արդյունքները. «Փյունիկ»-«ՈՒլիս»` 3-1, «Շիրակ»-«Գանձասար»` 0-2, «Բանաց»-«Միկա»` 2-2:
Հաջորդ տուրում , մայիսի 29-ին ժ. 18:00-ին «Իմպուլսը» կհյուրընկալի Երևանի «Միկային»:

2011-05-16
5-րդ խաղը՝ առանց պարտության
Մայիսի 15-ին Դիլիջանի «Իմպուլսը» հյուրընկալել էր Գյումրիի «Շիրակին»: Վատ խոտածածկի պատճառով, խաղը Իջևանի «Արնար» մարզադաշտից տեղափոխվել էր Աբովյանի մարզադաշտ: Հանդիպման սկզբնամասում հյուրերն ակտիվ էին սկսել և ուզում էին տիրել նախաձեռնությանը, սակայն 5-րդ րոպեից սկսած «Իմպուլսին» հաջողվեց բեկել խաղը: Հանդիպման 6-րդ րոպեին Հովհաննես Գոհարյանը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից փոխանցում կատարեց ավելի նպաստավոր դիրք, որտեղ գտնվում էր Զավեն Բադոյանը, սակայն վերջինիս հարվածը մի փոքր շեղ ստացվեց: 11-րդ րոպեին տուգանային հրապարակից կատարած հուժկու հարվածը դարպասային գծի վրայից գլխով ետ մղեց «Շիրակի» պաշտպանը: 17-րդ րոպեին Գոհարյանի գլխի հարվածը մեծ ջանքերի գնով կարողացավ որսալ Շիրակի դարպասապահ Լոգվինովը: 30-րդ րոպեին Գագա Թբիլաշվիլին շրջանցեց Օսեյանին, սակայն շեղ հարվածեց: 37-րդ րոպեին Բադոյանի գլխի հարվածը մի փոքր բարձր էր: Իմպուլսը անընդհատ գրոհներով մրցակցին սեղմել էր սեփական տուգանային հրապարակում: Հյուրերը շեշտը դրել էին հակահարձակման վրա: Նրանց առաջատար Անդրանիկ Բարիկյանը 2 խաղով որակազրկված էր և չէր մասնակցում խաղին: Գյումրեցիների խաղում հոգնածություն էր նկատվում: Վերջապես հանդիպման 39-րդ րոպեին Նարեկ Դավթյանի աջ եզրից կատարած փոխանցումը հասավ Հովհաննես Գոհարյանին, ով մրցակցի դարպասապահի ընթացքին հակառակ գրավեց «Շիրակի» դարպասը՝ 1-0: Հարկ է նշել, որ այստեղ իր մասնակցությունն ունեցավ «Շիրակի» պաշտպան Արմեն Տիգրանյանը, ում կոպիտ սխալից էլ օգտվեց Իմպուլսի հարձակվողը: 43-րդ րոպեին Նարեկ Դավթյանը Գոհարյանից ստացավ գնդակը, սակայն հարվածը դարձյալ շեղ էր: 60-րդ րոպեին Բադոյանը կենտրոնից ճեղքեց պաշտպանությունը: նրա փոխանցումից հետո միանգամից Իմպուլսի 2 խաղացող հայտնվեցին մրցակցի դարպասապահի դիմաց, վերջին հարվածի իրավունքը իր վրա վերցրեց Գոհարյանը և դարձավ դուբլի հեղինակ՝ 2-0: Հյուրերն սկսեցին ավելի ակտիվ գործել. 65-րդ րոպեին Մկրտիչ Նալբանդյանը մեն-մենակ դուրս եկավ «Իմպուլսի» դարպասապահի դիմաց և գրավեց դարպասը՝ 2-1: Ազիզյանը այստեղ չկարողացավ փրկել իր թիմին: Գյումրեցիներին ավելին անել չհաջողվեց: «Իմպուլսը» հանդիսատեսի համար շատ դիտարժան ֆուտբոլ ցուցադրեց և շարունակեց անպարտելի հանդիպումների շարքը:
Տուրի մյուս հանդիպումների արդյունքները. ՈՒլիս-Բանանց՝ 1-0, Գանձասար-Փյունիկ՝ 1-3, Միկա-Արարատ՝ 2-1:

2011-05-13
Անվանի կոմպոզիտորը Դիլիջանում
Մայիսի 12-ին լրացավ հայ մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի
ծննդյան 90-ամյակը: Իր ապրած բազմաբովանդակ կյանքը, ստեղծագործությունների
պատմությունը, որպես Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ 36-ամյա գործունեությունը մեծ արվեստագետը ամփոփել է «Едуард Мирзоян-Фрагменты» ինքնակենսագրական գրքում:
Անվանի կոմպոզիտորի նախկին սան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի նախաձեռնությամբ մայիսի 15-ին Դիլիջանում կազմակերպված գրքի շնորհանդեսին մասնակցում էին հեղինակը, Երևանից ժամանած արվեստագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Դիլիջանցիների ջերմ վերաբերմունքը Էդուարդ Միրզոյանի նկատմամբ պայմանավորված է ոչ միայն հայրենի մշակույթին նրա մատուցած ծառայություններով, այլև Դիլիջանի համար ունեցած նրա ներդրմամբ:
1960-ականներին, այդ նրա նախաձեռնության ու ջանքերի շնորհիվ էր, որ Դիլիջանում կառուցվեց ԽՍՀՄ կոմպոզիտորների ստեղծագործական տունը, որտեղ հանգստացել և ստեղծագործել են աշխարհահռչակ շատ արվեստագետներ, որոնք իրենց հետ տարել են դիլիջանյան անկրկնելի բնության և անզուգական հանգստի տպավորությունները, նպաստելով մեր առողջարանային քաղաքի բարձր համբավի էլ ավելի տարածմանը:
Իսկ այստեղ կազմակերպվող նախկին ԽՍՀՄ-ի և միջազգային երաժշտական փառատոններն ու համերգները, մշտական շփումները հայտնի երաժիշտների հետ իրենց բարերար ազդեցությունն են գործել քաղաքի երաժշտական կյանքի զարգացման ու մշակութային ավանդույթների ձևավորման վրա:
Գրքի շնորհանդեսին` օգտվելով առիթից վաստակաշատ կոմպոզիտորին ծննդյան հոբելյանի առթիվ շնորհավորեցին և իրենց բարի մաղթանքները տվեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների ընկերության նախագահի տեղակալ, կոմպոզիտոր Դմիտրի Առաքելյանը, աշխատանքային այցով Տավուշի մարզ այցելած ՀՀ պաշտպանության նախարարության բանակի ռազմական գլխավոր տեսուչ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը Էդուարդ Միրզոյանին հանձնեց Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալու վերաբերյալ վկայագիրը: Միջոցառման ընթացքում Արզաս Ոսկանյանը և Դիլիջանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մկրտումյանը ներկաներին ծանոթացնում էին գրքի բովանդակությանը, ընթերցելով առանձին հատվածներ: Իսկ բովանդակությունը շատ ընդգրկուն էր, սկսած ստեղծագործական գործունեությունից, 36-ամյա կազմակերպչական աշխատանքից մինչև արտասահման ուղևորություններր` ընդհուպ ընդունելություն Ջոն Քենեդիի և Ժակլին Քենեդիի մոտ, անմիջական տպավորություններ նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ ղեկավար աշխատողներից, նրանց բնութագրող յուրահատուկ հակիրճ ձևով:
Միջոցառման մասնակիցները դեռ երկար ժամանակ դժվարավում էին բաժանվել սիրված կոմպոզիտորից, շրջապատել էին նրան, անկեղծ և անկաշկանդ զրույցի բռնվել նրա հետ:

2011-05-11
Իտալիայի պատվիրակության այցը
ՀՀ կառավարության և Տավուշի մարզպետարանի հրավերով Հայաստան ժամանած
Իտալիայի Հանրապետության Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա նահանգի պատվիրակությունը` նահանգապետ Ռենտո Տոնդոյի գլխավորությամբ մայիսի 11-ին այցելեցին Տավուշի մարզ: Պատվիակության կազմում էին նահանգային ադմինիստրացիայի բարձրաստիճան պաշտոնյաներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ՀՀ–ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին: Այցի նպատակն էր Հայաստանում, հատկապես Տավուշի մարզում իրականացնել գործարար ծրագրեր, ստեղծել համատեղ ձեռնարկություններ, լայն փոխգործակցություն իրականացնել գիտամշակութային ոլորտներում: Մարզպետարանում երկու մարզերի միջև կնքվեց փոխգործակցության հուշագիր, ապա հյուրերը այցելեցին Դիլիջան:
Դիլիջանի քաղաքային զբոսայգում կազմակերպված տոնական միջոցառմանը կատարվեց այգու` հայ-իտալական բարեկամության այգու վերանվանման հուշաքարի բացման հանդիսավոր արարողություն: Ելույթներ ունեցան Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա նահանգի նահանգապետ Ռենտո Տոնդոն, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին:
Հյուրերին ողջունեցին Դիլիջանի և Իջևանի պարային խմբերը: իտալական երգի բարձրասրվեստ կատարմամբ հանդես եկավ շնորհալի երգչուհի Աիդա Ուլիխանյանը:
Հյուրերը նաև ծանոթացան քաղաքին, եղան Հաղարծնի վանքային համալիրում և Դիլիջանի պատկերասրահ- թանգարանում:
Երկու մարզերի բարեկամական կապերը սկզբնավորվել են 2008թ. Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա նահանգի Ուդինե քաղաքում հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի բացման արարողողության կապակցությամբ Հայաստանի պատվիրակության այցելությամբ Պատվիրակության կազմում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Միջոցառման ընթացքում Դիլիջանը և Ուդինեն հռչակվեցին քույր քաղաքներ:


2011-05-09
Կամային ոչ-ոքի
Մայիսի 7-ին մեկնարկեց ֆուտբոլի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ խաղաշրջանը: Այդ օրը Դիլիջանի Իմպուլսը «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվել էր առաջնության գործող չեմպիոն Երևանի «Փյունիկին»:
Խաղի սկիզբը վատ դասավորվեց «Իմպուլսի» համար.
Էդգար Մանուչարյանը 8-րդ և Մարկոսը 19-րդ րոպեին րոպեներին հաշիվը դարձրին 2-0: Թվում էր, որ կգրանցվի խոշոր հաշիվ, սակայն «Իմպուլսը» իր բարձր կամային հատկանիշների շնորհիվ դուրս եկավ անելանելի վիճակից և բեկել խաղի ընթացքը: 26-րդ րոպեին Ռոման Հարկուշան հեռու տարածությունից հարվածեց «Փյունիկի» դարպասի ուղղությամբ, սակայն դարպասապահը մեծ դժվարությամբ որսաց գնդակը:
27-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում Հովհաննես Գոհարյանը խաղընկերոջից ստանալով գնդակը, գեղեցիկ շարժումով շրջանցեց Տարոն Ոսկանյանին և գրավեց Կարեն Իսրայելյանի պաշտպանած դարպասը՝ 2-1: Հանդիպման 40-րդ րոպեին
Զավեն Բադոյանի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: 2-րդ խաղակեսը «Իմպուլսն» ավելի ակտիվ սկսեց: Ալբերտ Հովակիմյանի հարվածը բարձր ստացվեց: 69-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը մեն-մենակ հայտնվեց «Իմպուլսի» դարպասապահի դիմաց, սակայն հարվածը շեղ ստացվեց: Հանդիպման 74-րդ րոպեին «Իմպուլսն» ստացավ տուգանային հարված իրացնելու իրավունք: Նարեկ Դավթյանի կատարած փոխանցումից հետո Ջուլիանո Խիմենեսը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 2-2: Հանդիպման վերջնամասը անցավ «Փյունիկի» առավելությամբ. Սկզբից Էդգար Մալաքյանը, հետո Վարդան Բակալյանը մեն-մենակ հայտնվեցին Մայիս Ազիզյանի դիմաց, սակայն 2 դեպքերում էլ մեր փորձառու դարպասապահն իր բարձրության վրա էր: Հանդիպումն ավարտվեց, առանց հաշվի մեջ նոր փոփոխությունների: Սա 2-րդ դեպքն էր, երբ «Իմպուլսը» պարտվելով «Փյունիկին» 2 գնդակի տարբերությամբ, ցուցադրում է իր մարտական ոգին և կարողանում է հավասարեցնել հաշիվը (նախորդ տարվա առաջնության վերջին շրջանի խաղում «Իմպուլսը» պարտվում էր 3-1 հաշվով, սակայն Ալբերտ Հովակիմյանի և Գևորգ Նռանյանի գոլերի շնորհիվ հաշիվը հավասարվեց 3-3):
Տուրի մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները. ՈՒլիս-Գանձասար՝ 0-0, Բանաց-Արարատ՝ 2-1, Շիրակ-Միկա՝ 1-0:

2011-05-09
Հաղթանակի և խաղաղության տոնը
Մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ հազարավոր դիլիջանցիներ այցելեցին հուշարձանային համալիր իրենց հարգանքի տուրքը մատուցելով Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակին:
Հայրենական մեծ պաերազմում տարած հաղթանակի 66-ամյակի և Շուշիի ազատագրման 19- ամյակի արարողությանը ելույթ ունեցան Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հ. Հակոբյանը, քաղաքի զինկոմ Գ.Ապինյանը, վետերանների տարածքային կազմակերպության նախագահ Լ. Ջառահյանը, զինծառայող Գ. Գևորգյանը:
Քաղաքապետարանի, զինվորականության, աշխատանքային կոլեկտիվների ու կազմակերպությունների կողմից ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:
Արարողությունը եզրափակվեց զինվորականների պատվո քայլերթով:

2011-05-06
Դիլիջանում մեկնարկեց ՀՀ դպրոցականների շախմատի 6-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը
Մայիսի 5-8-ը Դիլիջանում անց է կացվում ՀՀ դպրոցականների շախմատի 6-րդ
օլիմպիադայի եզրափակիչ փուլը:
Մայիսի 5-ին, քաղաքի մշակույթի պալատում տրվեց օլիմպիադայի հանդիսավոր մեկնարկը:
Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Կարեն Վարդանյանը և Միքայել Վարդանյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, մարզասերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Մասնակիցներին ողջունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ելույթ ունեցան նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը և գլխավոր մրցավար Վահագն Խաչատրյանը:
Միջոցառումը եզրափակվեց Դիլիջանի արվեստի պետական քոլեջի ժող գործիքների խմբի համերգով:
Օլիմպիադան անց է կացվում Դիլիջանի պատկերասրահ- թանգարանում, ուր հաղթողի կոչման համար պայքարում են հանրապետության 18 դպրոցների 72 պատանի շախմատիստներ:

2011-05-02
Հաղթանակ առաջատարի նկատմամբ
Ապրիլի 30-ին ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում Դիլիջանի «Իմպուլսը» արտագնա խաղում ուժերը չափեց ներկայիս առաջնության առաջատար Երևանի «ՈՒլիսի» հետ: Առաջին խաղակեսը անցավ հավասար պայքարում: Բացի հեռահար հարվածներից, այլ վտանգավոր պահեր չեղան կողմերի դարպասների մոտ:
Երկրորդ խաղակեսում, հանդիպման 55-րդ րոպեին «Իմպուլսն» ստացավ տուգանային հարված իրացնելու իրավունք: Ռոման Հարկուշայի հարվածից հետո գնդակը դիպավ «ՈՒլիսի» խաղացողներից մեկին և շեղվելով իր ուղեգծից, հայտնվեց դարպասում՝ 0-1: Հանդիպման 72-րդ րոպեին դաշտի տերերը կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն «Իմպուլսին» «օգնության եկավ» դարպասաձողը: 81-րդ րոպեին հեռահար, գեղեցիկ հարված կատարեց Նարեկ Դավթյանը և դարպասաձողերով հավասարեցրեց հաշիվը: Խաղավերջում հանդիպման մրցավարը 5 րոպե ավելացրեց, սակայն «Իմպուլսի» փորձառու դարպասապահ Մայիս Ազիզյանը, ով այս խաղում շատ հուսալի էր գործում, պաշտպանների հետ միասին խաղը հասցրեցին տրամաբանական ավարտին: Առաջնության առաջատարը կրեց իր առաջին պարտությունը, այն էլ սեփական հարկի տակ, Իսկ «Իմպուլսը» կրկնեց իր նախորդ տարվա առաջին խաղաշրջանի ցուցանիշը՝ 7 խաղ 10 միավոր:
Տուրի մյուս խաղերի արդյունքները՝ Փյունիկ-Միկա 0-1, Գանձասար Բանանց 2-0, Շիրակ-Արարատ 1-1:
Հաջորդ տուրի շրջանակներում, մայիսի 7-ին, ժամը 19:00-ին «Իմպուլսը» կյուրընկալվի հանրապետության գործող չեմպիոն Երևանի Փյունիկին:

2011-04-28
Քննարկում քաղաքապետարանում
Ապրիլի 27-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ Նատալյա Երիցյանը և Եվրախորհրդի ծրագրերի վարչության փորձագետներ, քննարկվեցին քաղաքի զարգացման ռազմավարությանն առնչվող խնդիրներ:
Հայաստանն այս տարի առաջին անգամ ընդգրկվել է համայնքների ռազմավարական պլանների կազմմանն ու իրագործմանը աջակցելու Եվրոխորհրդի
ծրագրերի վարչության կողմից իրականացվելիք աշխատանքներում:
Հանրապետությունում ընտրվել է 5 համայնք այդ թվում ` Դիլիջանը:
Հաշվի է առնվել քաղաքի ցուցանիշները, զարգացման տեմպերն ու հեռանկարները:
Մինչ այժմ մի քանի մասնագիտական հանդիպումներ են եղել, իսկ ներկա հանդիպման նպատակն էր տեղում ծանոթանալ համայնքի ներուժին, օգնել 10-ից 15 տարվա ռազմավարական ծրագրերի կազմմանը, որին հաջորդելու է Եվրոխորհրդի ծրագրերի վարչության աջակցությամբ համապատասխան դոնոր կազմակերպությունների միջոցով ֆինանսավորման խնդիրների լուծումը:
Ծրագրի հետ առնչվող համայնքի զարգացման խնդիրների վերաբերյալ ծավալվեց լայն քննարկում, ուր կարևոր նշանակություն էր տրվում հատկապես տուրիզմին աջակցելուն:
Քննարկմանը մասնակցում էին և իրենց տեսակետներն արտահայտեցին կրթամշակութային հաստատությունների և զբոսաշրջային ոլորտին առնչող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, քաղաքապետարանի աշխատակիցները, համայնքի ավագանու անդամները:
Քննարկման արդյունքներն ամփոփեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, ըստ որի ընթացիկ տարում ավարտելու են ներկայացվելիք ծրագրի նախապատրաստական աշխատանքները, որը 2012 թվականին հավանության արժանանալու դեպքում կդրվի գործողության մեջ:


2011-04-26
ԵՎս մեկ միավոր (մարտական ոչ-ոքի)
Ապրիլի 23-ին կայացան ֆուտբոլի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի հանդիպումները: Այդ օրը Դիլիջանի «Իմպուլսը» Իջևանի «Արնար» մարզադաշտում հյուրընկալել էր Կապանի «Գանձասարին»: Խաղը դրամատիկ ընթացք ունեցավ և անցավ հիմնականում հավասար պայքարում: Հանդիպման 62-րդ րոպեին «Իմպուլսի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը, ով իր բարձրակարգ խաղով անընդհատ լարվածության մեջ էր պահում մրցակցի պաշտպաններին, տուգանային հրապարակի մատույցներում ստանալով գնդակը, առանց կասեցնելու նրա ընթացքը, պտտեցրած գեղիցիկ հարվածով գրավեց «Գանձասարի» դարպասը: Մրցակցի դարպասապահի տեսադաշտը փակ էր և նա չկարողացավ ոչինչ անել: Խփած գոլից հետո խաղն ավելի լարվեց: 76-րդ րոպեին Վլադիմիր Մատիչը կենտրոնից անարգել մոտեցավ «Իմպուլսի» տուգանային հրապարակին և հուժկու հարված կատարեց «Իմպուլսի» դարպասի ուղղությամբ: «Իմպուլսի» դարպասապահ Մայիս Ազիզյանը չպատկերացնելով, որ գնդակը թաց է, այդ իսկ պատճառով նաև ծանր, փորձեց բռունցքների թեթև հարվածով հետ մղել այն, սակայն վերջինս դիպչելով նրա ձեռքերին, գլորվելով հատեց դարպասային գիծը (1-1): 86-րդ րոպեին «Իմպուլսի» դարպասային հրապարակից ետ մղված գնդակը «նստեց» Նոա Կասուլեի ոտքին և հակառակ ուղղությամբ ընթացավ դեպի «Իմպուլսի» դարպասի աջ անկյունը (1-2): Հարվածը, ինչ խոսք, շատ գեղեցիկ ստացվեց: Թվում էր խաղը այդպես էլ կավարտվի: Արդեն հանդիսականներից ոմանք լքում էին խաղադաշտը: Սակայն «Իմպուլսը» դրսևորեց մեծ կամային հատկանիշներ. դարպասապահ Ազիզյանը, զգալով ընդունած գոլերի իր մեղքի բաժինը, նետվեց առաջ: Հանդիպման ավելացրած 4-րդ րոպեին «Իմպուլսը» ստացավ անկյունային հարվածի իրավունք: Ազիզյանը ստացավ խաղընկերոջ փոխանցումը և մրցակցի տուգանային հրապարակի ձախ անկյան մատույցներից բարձրից փոխանցում կատարեց դարպասի ուղությամբ, այն հույսով, որ որևէ մեկը կեզրափակի փոխանցումը: Նա չսխալվեց և դարձավ գոլային փոխանցման հեղինակ. Արտակ Հովհաննիսյանը, գլխով շեղելով փոխանցումը, հաշիվը դարձրեց 2-2: Տուրի մյուս հանդիպումների արդյունքները.
Միկա-ՈՒլիս` 2-3, Արարատ-Փյունիկ` 1-4, Բանանց-Շիրակ` 2-2:
Հաջորդ փուլում ապրիլի 30-ին, ժամը 17:00-ին Իմպուլսը կհյուրընկալվի Երևանի ՈՒլիսին:

2011-04-26
Ոգեկոչման արարողություն
Ապրիլի 24-ին Դիլիջանի հուշարձանային համալիրում կատավեց ոգեկոչման արարողություն նվիրված 1915 թ. Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Ծաղիկներ և ծաղկեպսակներ դրվեցին քաղաքապետարանի, աշխատանքային կոլեկտիվների և քաղաքացիների կողմից:
Դիլիջանի հոգևոր հովիվ տեր Շավարշ քահանա Սիմոնյանի կողմից մատուցվեց ոգեկոչման աղոթք` եղեռնի զոհ դարձած նահատակների հոգու հանգստության համար:


2011-04-21
Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ
Ապրիլի 18-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ հայ-ռուսական արդյունաբերական նորարարությունների միջտարածաշրջանային ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Այն անց էր կացվում «Դեպի նոր տնտեսական հեռանկարներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» խորագիրը կրող առաջին համաժողովի շրջանակներում: Ցուցահանդեսին մասնակցում էին երկու երկրների մարզերի նոր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող 100-ից ավելի ընկերություններ: Դիլիջանը ցուցահանդեսում ներկայացված էր «Դիլիջան» և «Դիլիջան Ֆրոլովա» հանքային ջրերի, «Դիլիջան» առողջարանային համալիրի, «Հաղարծին» հյուրանոց–ռեստորանային համալիրի տաղավարներով: Քաղաքապետարանի կողմից ցուցադրվեցին տեսանյութեր` քաղաքի դիտարժան վայրերի վերաբերյալ: Տաղավարներում ներկայացված էին քաղաքի պատմության, տուրիզմի, առողջարանային ոլորտների վերաբերյալ բուկլետներ: «Դեպի նոր տնտեսական հեռանկարներ հայ- ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին համաժողովին մասնակցող ՌԴ Կրասնոդարի երկրամասի պատվիրակները ապրիլի 20-ին այցելեցին Դիլիջան, ծանոթոցան տնտեսական, առողջարանային և տուրիզմի ոլորտներում համագործակցության քաղաքի հնարավորություններին: Պատվիրակության կազմում էին երկրամասի արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Օլեգ Սելիվանովսկին, նրա առաջին տեղակալ` դեպարտամենտի առողջարանային և տուրիզմի ոլորտի պատասխանատու Ալեքսանդր Դեշուկը, երկրամասի ադմինիստրացիայի տնտեսական տարբեր ոլորտների պատասխանատուներ Իգոր Չերնիխը, Իգոր Զագրեբան, Ալեքսանդր Նովակովսկին և Էդուարդ Յավորսկին: Պատվիրակության կազմում էին «Ռադուգա» ընկերության գլխավոր տնօրեն Գևորգ Դեմիրճյանը, «Կրոպոտկինսկի մեքենաշինական գործարան» ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլայ Երեմյանը և Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության հյուպատոսության աշխատակից Արթուր Պողոսյանը:
Հյուրերը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ եղան Գոշավանքում, «Դիլիջան» առողջարանային համալիրում և երկրագիտական թանգարանում:

2011-04-18
Վերելք մեկ աստիճանով
Ապրիլի 16-ին և 17-ին կայացան Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի հանդիպումները: Դիլիջանի Իմպուլսը այս անգամ հյուրընկալել էր նախորդ տարվա փոխչեմպիոն Երևանի Բանանցին: Խաղը դիտարժանությամբ աչքի չընկավ:
Մինչև առաջին կեսի 21-րդ րոպեն երկու թիմերն էլ հուսալի պաշտպանվում էին:
Հենց այդ ժամանակ էլ Իմպուլսը իրար ետևից երկու անկյունային հարվածի իրավունք ստացավ: Երկրորդ անկյունայինի խաղարկումից հետո Բանանցի պաշտպաններին հաջողվեց մի փոքր հեռացնել գնդակը, սակայն այն հայտնվեց Նարեկ Դավթյանի մոտ: Վերջինիս փոխանցումից հետո Արթուր Պետրոսյանը Բանանցի դարպասապահ Ստեփան Ղազարյանի հետ օդային միկրոմենամարտում հաղթող դուրս եկավ և գլխի գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 1-0` հօգուտ Իմպուլսի: Մինչև հանդիպման ավարտը հյուրերը ցանկացան հետ բերել կորցրածը, սակայն Իմպուլսի պաշտպանները նրանց ազատ տարածություն չտվեցին` վտանգավոր գոլային պահեր ստեղծելու: Խաղն այդպես էլ ավարտվեց: Տուրի մյուս երկու` Գանձասար-Միկա և Փյունիկ-Շիրակ հանդիպումներում նույնպես գրանցվեց նույն հաշիվը` 1-0: Իսկ ահա ՈՒլիս- Արարատ խաղում գրանցվեց խոշոր հաշիվ 3-0: Այս հաղթանակով Իմպուլսը կարողացավ շրջանցել Շիրակին և չեմպիոնական մրցավազքում մեկ աստիճան վերև բարձրացավ:
Հաջորդ տուրում` ապրիլի 23-ին ժամը 16:00-ին Իմպուլսը Իջևանում կընդունի Կապանի Գանձասարին, որը այս տարվա առաջնությունում դեռ չի «Ճաշակել» պարտության համը:

2011-04-08
Հարգանքի տուրք
Ապրիլի 7-ին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի նախաձեռնությամբ կազմակերպվեց այցելություն հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Գարեգին Նժդեհի մոր` Տիրուհի Տեր-Հարությունյանի շիրիմին:
Դիլիջանի քաղաքային հին գերեզմանատանը, ուր թաղված է ազգի նվիրյալի մայրը, կատարվեց հիշատակի արարողություն. ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության երիտասարդական կառույցի, Երևանի բժշկագիտական համալսարանի, Դիլիջանի մանկավարժական քոլեջի, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի պատվիրակությունների կողմից ծաղկեպսակներ դրվեցին շիրիմին: Այնուհետև հնչեցին ելույթներ, ուր անդրադարձ եղավ նաև հայ ազգային ականավոր գործչի կյանքին և գործունեությանը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում նժդեհյան ազգապահպան գաղափարների կարևորությանը:

Ալբերտ Հարոյան
ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության
երիտասարդական թևի նախագահ

2011-04-04
Առաջին հաղթանակը, առաջին միավորները
Ապրիլի երկուսին և երեքին կայացան ֆուտբոլի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի հանդիպումները: Դիլիջանի Իմպուլսը սեփական հարկի տակ հյուրընկալել էր այս տարի Բարձրագույն խումբ վերադարձաց Երևանի Արարատին: Չնայած վատ եղանակին, խաղն անցավ դիտարժան պայքարում: առաջին խաղակեսում Իմպուլսը մի քանի անգամ կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն մոտ տարածության կատարված բոլոր հարվածները շեղ էին ստացվում: Մեկ անգամ էլ կարող էին աչքի ընկնել հյուրերը: Առաջին կեսի վերջին րոպեին Տիգրան Ոսկանյանի աջ եզրից կատարած փոխանցումը եզրափակեց Հովհաննես Գոհարյանը` հաշիվը դարձնելով 1-0: Արարատի դարպասապահը միայն հայացքով ուղեկցեց գնդակի ընթացքը:
Երկրորդ խաղակեսը սկսվեց Իմպուլսի բուռն գրոհներով: Հանդիսատեսների կարծիքով, օրվա լավագույն խաղացող ճանաչված Զավեն Բադոյանը մոտ տարածությունից բարձր հարվածեց: Վերջապես 72-րդ րոպեին Զավեն Բադոյանը հասավ իր նպատակին` 2-0: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց:
Տուրի մյուս հանդիպումների արդյունքները. Միկա-Բանանց 0-0, Ուլիս-Փյունիկ 1-0, Գանձասար- Շիրակ 1-0: Հիշեցնենք, որ Իմպուլսը հաջորդ հանդիպումը անց է կացնելու ապրիլի 9-ին ժ. 16:00-ին` հյուրընկալվելով Երևանի Միկային:


2011-03-31
01.01.2011թ. – 01.04.2011թ. ընկած ժամանկահատվածում քաղաքապետարանի կատարած աշխատանքները
Դիլիջան համայնքի 2011թ. բյուջեն մշակվել է` հիմք ունենալով համայնքի 2009-2012թթ. քառամյա զարգացման ծրագիրը:
Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից:
2011թ. բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղություններն են՝
• Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով հողի հարկի և գույքահարկի բազաները և բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը:
• Բարձրացնել բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների մակարդակը և որակը:
• Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, գույքային վերազինման աշխատանքներ:
• Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության, բարեկարգման և ճանապարհային տնտեսության բնագավառներում:
• Սոցիալական բնակարանային հիմնադրամի հետ համատեղ մեկնարկել սոցիալական բնակարանների գործնական ծրագիր և հետագայում ընդգրկել 2012-2016թթ. քառամյա ծրագրում:
• Աշխուժացնել համայնքի մշակութայի, մարզական և հասարակական կյանքը:
• Իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր: Դիլիջան համայնքի 2011 թ. բյուջեն նպատակաուղղվել է ապահովել քաղաքի կայուն զարգացումը, ռեալ նախադրյալներ ստեղծել սոցիալ-տնտեսական, հոգևոր մշակութային և առողջարանային ոլորտների հետագա առաջընթացի համար:
2011թ. առաջին եռամսյակում տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ հավաքագրվել է 135000.0 հազ.դրամի եկամուտ, որը հնարավորություն է տալիս ավելի իրատեսորեն կանխագծելու առաջիկա անելիքները:
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները: 01.01.2011-01.04.2011թ. ընկած ժամանակահատվածում 25 անապահով ընտանիքների տրվել է դրամական օգնություն:
Յուրաքանչյուր նորածին երեխաների համար 35 ընտանիքի տրվել է միանվագ դրամական օգնություն:
Դիլիջան քաղաքում գործող «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար համայնքի բյուջեից յուրաքանչյուր ամիս ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն:
Դիլիջան քաղաքային համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկությունների թվով 85 աշխատողների տրվել է ֆինանսական աջակցություն հերթական բժշկական ստուգումների անցկացման համար:
Հունվարի 27-ին Դիլիջանի զորամասում համայնքի ղեկավարի աջակցությամբ կազմակերպվել է համերգ-հանդիպում նվիրված բանակի օրվան: Հայրենական մեծ պատերազմի կին մասնակիցներին մարտի 8-ի կապակցությամբ տրամադրվել է դրամական օգնություն:
«Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն ինկ» կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի և Դիլիջանի քաղաքապետարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է աջակցել Դիլիջան քաղաքի թիվ 12 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 43000.0 հազ.դրամ է, որից 20000.0հազ.դրամը համայնքի ներդրումը:
«Հ.Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ շենքի վերանորոգման և քաղաքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքների համար մշակվել և կազմվվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր:
Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում իր ենթակայության ենթակառույցների նյութատեխնիակական բազայի ամրապնդման ուղղությամբ: «Դիլիջանի երկրագիտական թանգարան» ՀՈԱԿ նորակառույց շենքում աշխատակիցների կանոնավոր գործունեությունն ապահովելու նպատակով թանգարանի շենքը համալրվել է նոր գույքով:
Զգալի աշխատանքներ են իրակնացվել լուսավորության, աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման, այն առողջարանային քաղաքին վայել կազմակերպեու ուղղությամբ:
Քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ ուշադրություն է ցուցաբերվում սպորտի զարգացմանը:

2011-03-23
Քննարկում քաղաքապետարանում
Մարտի 21-ին Դիլիջանի քաղաքապետարանում կայացավ Քաունթերփայթ ինթերնեյշլ հասարակական կազմակերպության, ԱՄՆ ՄԶԳ քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման ծրագրի պատասխանատուների
հանդիպումը Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի և համայնքի ավագանու անդամների հետ:
Քննարկվեցին քաղաքում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Հանդիպմանը Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման
ծրագրի տնօրեն Արսեն Ստեփանյանը նշեց որ ծրագրիը հիմնականում նպատակաուղղված է հանրապետությունում տնտեսական ապակենտրոնացման խնդիրների լուծման աջակցությանը, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի համատեղ աշխատանքների իրականացման խթանմանը, սփյուռքի ներկայացուցիչներին համայնքային ծրագրերում ներգրավվանը:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը ներկայացրեց միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերում համայքի մասնակցությունը և սփյուռքի մեր հայրենակիցների կողմից քաղաքի խնդիրներին ցուցաբերված աջակցությունն ու օժանդակությունը:
Ներկայացվեց քաղաքի զարգացման ներկա վիճակը, տնտեսական հնարավորությունները և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Անդրադարձ եղավ նաև քաղաքապետարանի կողմից քաղաքացիների սպասարկման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, կարևորելով քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությունը:
Հանդրպման ավարտին պր-ն Ստեփանյանը նշեց, որ առաջիկայում համաձայնությում ձեռք բերելու դեպքում կոնկրետ կճշտվեն ոլորտներն ու կողմերի ներդրումների ծավալները:
Քննարկմանը մասնակցում էին Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Մարտիրոսյանը, ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանը և այլ պատասխանատու աշխատակիցներ:

2011-03-22
Նամակ Ամենայն հայոց կաթողիկոսին
Դիլիջանի բնակիչները նամակով դիմել են Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ. Ծ.Տ. Տ Գարեգին Բ-ին, որով իրենց մտահոգությունն են արտահայտել Դիլիջանի եկեղեցու կառուցման խնդրի անհարկի ձգձգումների վերաբերյալ, առաջիկայում այդ ուղղությամբ Մայր Աթոռի կողմից գործնական քայլերի իրականացման ակնկալիքով:
Նամակը ստորագրել են ավելի քան 2700 քաղաքացիներ:

2011-03-16
Դուրս մնաց հետագա պայքարից
Մարտի 14-ին և 15-ին կայացան ֆուտբոլի ՀՀ գավաթի խաղարկության ¼ եզրափակչի պատասխան հանդիպումները: Դիլիջանի Իմպուլսը «սեփական» հարկի տակ, Բանանցի մարզադաշտի արհեստական խոտածածկի վրա հյուրընկալել էր Երևանի Միկային: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2-2 հաշվով: Հիշեցնենք, որ առաջին խաղում հաղթել էին Միկայի ֆուտբոլիստները` 3 անպատասխան գնդակ ուղարկելով Իմպուլսի դարպասը: Կիսաեզրափակչի մյուս 3 ուղեգրերը շահեցին Բանանցը, որը ուժերը կչափի Միկայի հետ և ՈՒլիսն ու Շիրակը: Վերջինս ¼ եզրափակչում պայքարից դուրս թողեց հանրապետության գործող չեմպիոն և գավաթակիր Երևանի Փյունիկին:

2011-03-09
Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի 20-րդ առաջնության մեկնարկ
Մարտի 5-ին մեկնարկեց ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի 20-րդ առաջնությունը: Մեկնարկային խաղերում Երեվանի «Միկան» սեփական հարկի տակ ընդունել էր Գյումրիի «Շիրակին», իսկ Բարձրագույն խմբի նորեկ Երևանի «Արարատը»` Հանրապետության փոխչեմպիոն Երևանի «Բանանցին»: Երկու խաղերում էլ գրանցվեց ոչ-ոքի արդյունքը` համապատասխանաբար 0-0 և 1-1:
Մարտի 6-ին Դիլիջանի «Իմպուլսը» հյուրընկալել էր Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկին»: Ըստ նախնական պայմանավորվածության խաղը պետք է կայանար Իջևանի «Արնար» մարզադաշտում (հիշեցնենք, որ Իմպուլսը այս տարվա բոլոր տնային խաղերը պետք է անցկացնի Իջևանում), սակայն վերջինիս ոչ պատրաստ լինելու հետ կապված, տեղափոխվել էր Արարատի «ԱՅԳ» մարզաբազա, որի խոտածածկը գտնվում էր ոչ բարվոք վիճակում:
Խաղն դիտարժանությամբ աչքի չընկավ և անցավ կոշտ պայքարում: Հենց խաղի մեկնարկից պարզ դարձավ, որ Իմպուլսը նախընտրել է հակահարձակման տարբերակը: Հարձակման գծում գործում էր միայն Բելոռուսի «Բատեից» տեղափոխված, Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Գոհարյանը, որին աչալուրջ հսկում էին Փյունիկի պաշտպանները: Փյունիկը առաջին խաղակեսում մի քանի անգամ կարող էր առաջ անցնել հաշվի մեջ: Իմպուլսի կիսապաշտպան Զավեն Բադոյանը հեռվից հարված կատարեց, սակայն այն թույլ էր, և Փյունիկի դարպասապահը հանգիստ որսաց գնդակը: Վերջապես Փյունիկի հարձակումները տվեցին իրենց արդյունքը` հանդիպման 45-րդ րոպեին Իմպուլսի տուգանային հրապարակի աջ հատվածում, հյուրերը ստացան տուգանային հարվածի իրավունք: Մարկոսը տուգանայինից գնդակն ուղարկեց Իմպուլսի դարպասային հրապարակ, վրա հասած Վարազդատ Հարոյանը մոտ 4 մետրից գլխի հարվածով գրավեց Իմպուլսի դարպասը: Մեր թիմի փորձառու դարպասապահ Մայիս Ազիզյանը անկարող էր հետ մղել գնդակը:
2-րդ խաղակեսը անցավ առաջինի սցենարով. հանդիպման 51-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը մեն մենակ դուրս եկավ Իմպուլսի դարպասի դիմաց, սակայն հարվածը բավականին շեղ ստացվեց:
Երկրորդ խաղակեսի միջնամասում Իմպուլսի ավագ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ուժեղացրեց հարձակման գիծը: Խաղավերջում Իմպուլսը ակտիվացել և մեծ ուժերով գրոհում էր, սակայն հաշվի մեջ այդպես էլ փոփոխություններ չեղավ: Արդարության համար պետք է նշենք, որ Փյունիկն ավելի լավ էր նախապատրաստվել այս հանդիպմանը և արժանի հաղթանակ տարավ:
Տուրի մյուս` Գանձասար-ՈՒլիս հանդիպումը հետաձգվել է և կկայանա մարտի 24-ին:
Հավելենք, որ Իմպուլսն Իջևանում առաջնության 2-րդ տուրում, մարտի 20-ին ուժերը կչափի Գյումրիի Շիրակի հետ, իսկ մինչ այդ ՀՀ գավաթի խաղարկության շրջանակներում, ¼ եզրափակիչի պատասխան խաղում մարտի 15-ին կհանդիպի Երևանի Միկային (առաջին խաղը կայանալու է մարտի 11-ին Երևանի «Միկա» մարզադաշտում): Հուսանք որ մեր թիմը հաճելի անակնկալներ կմատուցի իր երկրպագուներին:

Ռոբերտ Չապուխյան

2011-03-04
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ
Սիրելի մայրեր, կանայք, քույրեր…
Քաղաքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գարնանային գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի առթիվ, ցանկանում եմ անձնական երջանկություն և հաջողություններ:
Այս տոնը նաև առիթ է կրկին մեր սերն ու երախտագիտությունն արտահայտելու կյանքի տարբեր ոլորտներում ձեր անուրանալի ներդրման առթիվ:
Դարեր շարունակ հայ կինը եղել է մեր ընտանեկան ազգային լավագույն ավանդույթների պահպանողը և նոր սերունդներին փոխանցողը:
Մեծ է կանանց դերը հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: Այն հատկապես նշանակալից է կրթության, առողջապահության և մշակույթի բնագավառներում, ուր աշխատողների մեծ մասը կանայք են: Այդ ձեզ ենք պարտական մեր մատաղ սերնդի որակյալ կրթության և հայեցի դաստիարակության, մեր ազգաբնակչության առողջության պահպանման համար:
Չնայած մեր կյանքում տեղի ունեցող նկատելի առաջընթացին, մենք չենք կարող անտեսել այն բազմապիսի սոցիալ-տնտեսական խնդիրները, որ այսօր ծառացած են բնակչության առջև և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը, մեր գործունեության առաջնայնություններից են:
Վստահորեն կարող եմ ասել, որ արդեն իսկ իրականություն է դառնում Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու կառավարության ծրագիրը, քաղաքում իրականացվում են միջազգային խոշոր ծրագրեր, այդ թվում սոցիալական բնակարանաշինության ոլորտի, որոնք մեծապես կնպաստեն ոչ միայն քաղաքի զարգացմանն ու նրա բարձր առողջարանային համբավի էլ ավելի տարածմանը, այլև` ազգաբնակչության բնակարանային, զբաղվածության և այլ սոցիալական հրատապ խնդիրների լուծմանը:
Համոզված եմ, որ քաղաքի զարգացման այս պատասխանատու փուլում ևս, ունենալու եք ձեր ակնառու ներդրումը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, երջանկություն մաղթում ձեր ընտանիքներին:

2011-03-01
Արդյունքների ամփոփում
Փետրվարի 15-ին Դիլիջանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի 15 ամյակին նվիրված կլոր-սեղան համաժողով և Դիլիջանի կանանց լիդերության դպրոցի ավարտական վկայականների հանձման արարողություն: Վերջինս վարում էին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Դիլիջանի մասնաճյուղի նախագահ Ծովինար Մկրտչյանը, ասոցիացիայի փոխնախագահ Գայանե Արմաղանովան և Դիլիջանի կանանց լիդերության դպրոցի համադասող Աիդա Աթաբեկյանը: Միջոցառմանը ներկա էին Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Նարինե Դավթյանը, ասոցիացիայի Դիլիջանի մասնաճյուղի անդամները և կանանց լիդերության դպրոցի մասնակիցները:
Միջոցառման սկիզբում համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Դիլիջանի մասնաճյուղի նախագահ Ծովինար Մկրտչյանը ներկաներին շնորհավորեց ասոցիացիայի 15 ամյակի կապակցությամբ, ներկայացրեց ասոցիացիայի հիմնական առաքելությունը, կառուցվածքը, 15 տարիների աշխատանքը:
Ասոցիացիայի փոխնախագահ Գայանե Արմաղանովան անդրադարձավ Պեկինի խորհրդաժողովին, դրան հաջորդած ասոցիացիայի կազմավորմանը, առանձնացրեց կանանց լիդերության դպրոցի աշխատանքները, նշանակությունը և արդյունքները: Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը նույնպես ողջունեց կանանց լիդերության դպրոցի նախաձեռնությունը, նշեց ասոցիացիայի կարևորությունը համայնքի կենսագործունեության բոլոր ոլորտներում և քաղաքապետարանի կողմից Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի 15 ամյակի կապակցությամբ պատվոգրեր հանձնեց ասոցիացիայի Դիլիջանի մասնաճյուղի առավել ակտիվ անդամներին:
Միջոցառումը շարունակեց Դիլիջանի կանանց լիդերության դպրոցի համադասող Աիդա Աթաբեկյանը: Վերջինս ներկայացրեց լիդերության դպրոցի աշխատանքները, բոլոր այն ծրագրերը, որոնց ակտիվորեն մասնակցում են դպրոցի “սաները” , կոչ արեց կանաց և աղջիկներին երբեք չընկրկել, հաստատուն լինել իրենց համոզմունքներում և ստացած գիտելիքներն ու հմտությունները կիրառելով` իրենց շրջապատում որևէ դրական փոփոխություն մտցնել:
Միջոցառման վերջում Դիլիջանի փոխքաղաքապետը կանանց լիդերության դպրոցի բոլոր մասնակիցներին ավարտական վկայականներ հանձնեց և քաղաքապետարանի կողմից պատրաստակամություն հայտնեց` աջակցելու ասոցիացիայի, ինչպես նաև համայնքի խնդիրների լուծմանն ուղղված հասարակական կազմակերպությունների և բոլոր ակտիվ միավորումների նախաձեռնություններին:
Աիդա Աթաբեկյան

2011-02-16
Այցելեք Artbridge գրախանութ-սրճարան
Artbridge գրախանութ-սրճարանը փետրվարի 15-25-ը հայտարարում է 7-20% զեղչ Հովհաննես Թումանյանի բոլոր ստեղծագործությունների վաճառքի համար :

2011-01-26
Պարգևատրում
Հուշամեդալների հանձնում Դիլիջանի քաղաքապետ
Արմեն Սանթրոսյանին և «Ռուսաստանի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամի» տնօրեն Իվան Սեմյոնովին

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը և մեր համաքաղաքացի`
«Ռուսաստանի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամի» տնօրեն Իվան Սեմյոնովը «Հաղթանակ» ռուսական կազմակերպական կոմիտեի կողմից, որի նախագահն է ՌԴ ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, պարգևատրվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65- ամյակին նվիրված հուշամեդալով և կրծքանշանով:
Հունվարի 25-ին պարգևները Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը հանդիսավոր պայմաններում նրանց հանձնեց մեր երկրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Այդ բարձր պարգևին նրանք արժանացել են վետերանների հետ ակտիվ աշխատանքի, քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության և Հաղթանակի 65- ամյակի տոնակատարությունների նախապատրաստման ու անցկացման գործում ունեցած մեծ ներդրման համար:

2010-12-29
Նոր տարվա ուղերձ
Սիրելի դիլիջանցիներ.

Շուտով պատմություն կդառնա 2010 թվականը և միասին կդիմավորենք Նոր տարին, նոր ծրագրերի ու նպատակների իրականացման ակնկալիքներով:
Քաղաքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ, մաղթում եմ երջանկություն և ձեր լավագույն իղձերի ու ցանկությունների իրականացում:
Վերջին տարիներին մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ հաջողվել է լուրջ առաջընթաց ապահովել քաղաքաշինության, սոցիալ-տնտեսական և հոգևոր ոլորտներում, որի շնորհիվ արդեն իսկ Դիլիջանը ներկայանում է իր առողջարանային բարձր համբավին վայել ճարտարապետական տեսքով, մշակութային նորակառույցներով:
Ապագան ավելի խոստումնալից է: Ֆինանսական կենտրոնի ձևավորումը, մեզ մոտ իրականացվող մյուս խոշոր ծրագրերը ոչ միայն մեծ հեռանկարներ են բացում քաղաքի զարգացման համար, այլև հարյուրավոր նոր աշխատատեղեր են ապահովում:
Համոզված եմ, որ 2011 թվականին նույնպես ձեռք-ձեռքի տված կկառուցապատենք ու կշենացնենք մեր սիրելի քաղաքը, արժանին հատուցելով նրա անկրկնելի բնությանը, առողջարանային բարձր համբավին, պատմամշակութային հարուստ ժառանգությանը:
Մշտապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները: Աշխատելու ենք հնարավորինս բարեկեցիկ և ապահով դարձնել մեր համաքաղաքացիների կյանքը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և երջանկություն մաղթում ձեր ընտանիքներին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

2010-11-24
Աշնանային ծառատունկ Դիլիջանում
ՀՀ կառավարության, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID), Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ իրականացվող «Անգին է ջրի կաթիլը…» ծրագրի շրջանակներում ս.թ նոյեմբերի 19-ին, Դիլիջան քաղաքի տարածքով հոսող Աղստև գետի երկյանքով կազմակերպվեց ծառատունկ: Ծառատունկի ընթացքին հետևեցին և տնկիներ տնկեցին նաև Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերության ներկայացուցչներ Կարինե Սարկիսյանը, Արա Բրուտյանը, Վարդուհի Գրիգորյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ, UNDP) հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերքը, ՄԱԶԾ համայնքային ծրագրերի համակարգող Բաբկեն Բաբինյանը, Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ծառատունկին ներգրավված էին համայնքի բոլոր դպրոցների ու քոլեջների աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, բնակիչներ, Օրհուս կենտրոնի կամավորներ, «Արևորդի» բնապահպանական ակումբի սաները: Մասնակցություն ոնեցան նաև «Փրկենք Աղստևը» շարադրությունների մրցույթի հաղթղ ճանաչված աշակերտները: Տնկիները տրամադրել էր «Դիլիջան» ազգային պարկի տնօրինությունը, իսկ ծառատունկին անհրաժեշտ որոշ պարագաները` Դիլիջանի քաղաքապետարանը:

Միջոցառման նպատակն էր բնապահպանական միջոցառումների միջոցով Աղստև գետի էկոլոգիական վիճակի հանդեպ հասարակայնության և ՏԻՄ-երի, գործընկեր կազմակերպությունների ուշադրության գրավումն է և գետի ափամերձ տարածքների կանաչապատումը:

2010-11-01
«Փրկենք Աղստևը» շարադրությունների մրցույթի մրցանակաբաշխություն
ՀՀ կառավարության, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID), Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ իրականացվող «Անգին է ջրի կաթիլը…» ծրագրի շրջանակներում ս.թ հոկտեմբերի 29-ին, Դիլիջանի Վ.Շարամբեյանի անվ. մանկական գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին հայտարարված «Փրկենք Աղստևը» շարադրությունների մրցույթի մրցանակաբաշխությունը և «Անգին է ջրի կաթիլը…» ֆիլմի ցուցադրություն-քննարկման միջոցառումը: Հրավիրված էին էին Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերության ներկայացուցչներ Կ.Սարկիսյանը, Ա.Բրուտյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) համայնքային ծրագրերի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հ.Մանուկյանը, Տավուշի մարզպետարանի ներակայացուցիչ Ս.Գևորգյանը, Դիլիջանի քաղաքապետ Ա.Սանթրոսյանը, փոխքաղաքապետ Ա.Մակարյանը, ՏԻՄ-երի այլ պաշտոնյաներ, առողջապահության, կրթության, արվեստի ոլորտների, պետական այլ կառույցների, սանիտհակահամաճարակային ծառայության, բանկերի, գործարար հատվածի, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վետերանների խորհրդի նախագահ Լ.Ջառահյանը, աշակերտներ, ուսանողներ, բնակիչներ: ընկերության իրականացվեց շաբաթօրյակ-աղբահանություն: Ներկա էին մոտ 220 հոգի:

Միջոցառման նպատակն էր հասարակայնության և կառավարման մարմինների ներկայացնել ծրագրով նախատեսված բնապահպանական գործողությունների իրականացման ընթացքում արձանագրված արդյունքները, հանձնել մրցանականեր դպրոցներում հայտարարված շարադրությունների մրցույթի հաղթող ճանաչված աշակերտներին, ցուցադրել Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ նկարահանված «Անգին է ջրի կաթիլը…..» ֆիլմը և ծավալել քննակում խնդրի վերաբերյալ:
Հաղթողներ ճանաչվեցին Ռ.Պետրոսյանը (թիվ 4 դպրոց, 9-րդ դաս.), Ասպրամ Խառատյանը (ավագ դպրոց, 8-րդ դաս.), Հ.Պապյանը (թիվ 2 դպրոց, 8-րդ դաս.), Լ.Սանթրոսյանը (ավագ դպրոց, 10-րդ դաս.), Մ.Վարդանյանը (թիվ 6 դպրոց, 8-րդ դաս.), Ք.Ասատրյանը (ավագ դպրոց, 10-րդ դաս.), որոնք պարգևատրվեցին նվերներով և հավաստագրերով:

Հաղթողներ ճանաչվեցին Ռ.Պետրոսյանը (թիվ 4 դպրոց, 9-րդ դաս.), Ասպրամ Խառատյանը (ավագ դպրոց, 8-րդ դաս.), Հ.Պապյանը (թիվ 2 դպրոց, 8-րդ դաս.), Լ.Սանթրոսյանը (ավագ դպրոց, 10-րդ դաս.), Մ.Վարդանյանը (թիվ 6 դպրոց, 8-րդ դաս.), Ք.Ասատրյանը (ավագ դպրոց, 10-րդ դաս.), որոնք պարգևատրվեցին նվերներով և հավաստագրերով:




2010-10-25
Հրավեր
Հարգելի դիլիջանցիներ.
հոկտեմբերի 28-ին, ժամը 15.00-ին Դիլիջանի արվեստի պետական քոլեջում տեղի կունենա երաժշտության տոն` նվիրված հայ երաժշտության երախտավոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ժողովրդական արտիստուհի, պրոֆեսոր Էմմա Ծատուրյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին:
Մուտքն ազատ է:

2010-10-21
01.07.2010թ. – 01.11.2010թ. ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանի կատարած աշխատանքները
Դիլիջանի քաղաքապետարանը նշված ժամանակահատվածում նախադրյալներ է ստեղծել սոցիալ-տնտեսական, հոգևոր մշակութային և առողջարանային ոլորտների հետագա առաջընթացի համար: Արդեն իսկ առկա է նշանակալի առաջընթաց քաղաքաշինության և հիշատակված ոլորտների զարգացման ուղղությամբ և ստեղծված են հնարավորություններ հետագա ծավալուն ծրագրերի իրականացման համար: Նշված ժամանակահատվածում տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ հավաքագրվել է 192378.6 հազ. դրամի եկամուտ, որը հնարավորություն է տալիս ավելի իրատեսորեն կանխագծելու առաջիկա անելիքները:
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները:01.07.2010.-01.10.2010թ. ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր նորածին երեխաների համար 35 ընտանիքի տրվել է միանվագ դրամական օգնություն:
Հիմնանորոգվում են քաղաքային նշանակության ճանապարհները: Իրականացվում է Մյասնիկյան փողոցի «Ակբա» բանկից մինչև Երկրագիտական թանգարան ընկած ավտոճանապարհի երթևեկելի մասի հիմնանորոգումը: Շարունակվում է Անդրանիկի թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
Զգալի աշխատանքներ են կատարվել շենքերի ներքին կոմունիկացիոն ցանցերի վերանորոգման ուղղությամբ: Վերանորոգվել են 4 բազմաբնակարան շենքերի տանիքներ: Վերակառուցվել է Օրջոնիկիձե 30 տանը հարակից հենապատը:
Դիլիջանի քաղաքապետարանի և Սոցիալական բնակարանային հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության նախնական համաձայնագիր: Այն վերաբերում է համայնքում բնակարանային համալիր կառուցելու նախագծին, որը հովանավորում է Հոլանդիայի կառավարությունը և իրականացնում է Սոցիալական բնակարանային հիմնադրամը:
Զգալի գործունեություն է ծավալվել քաղաքի երիտասարդական կյանքն ակտիվացնելու, երիտասարդական ներուժը համախմբելու ուղղությամբ: Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ երկրագիտական թանգարանի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:
Աշխատանքներ են իրակնացվել և իրականացվում աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման, կանաչապատման, այն առողջարանային քաղաքին վայել կազմակերպեու ուղղությամբ:


2010-10-14
Հուզիչ հանդիպում
Հոկտեմբերի 13-ին Հայ օգնության միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Դիլիջանի հատուկ դպրոցում կայացավ Ավստրալիայից ժամանած ՀՕՄ-ի ներկայացուցիչների հանդիպումը դպրոցի սաների հետ: Մինչ միջոցառման սկսվելը հյուրերը ծանոթացան երեխաների ուսման և կենցաղի կազմակերպման պայմաններին, դիտեցին շնորհալի սաների գեղանկարչական և ասեղնագործական աշխատանքների ցուցահանդեսը:
Իր բացման խոսքում ՀՕՄ-ի դիլիջանյան գրասենյակի ատենապետ Էսմա Զարգարյանը ողջունելով հյուրերին, համառոտակի անդրադարձավ կազմակերպության հայրենասիրական գործունեությանը, ինչպես նաև այն ուշադիր և հոգատար վերաբերմունքին, որ ցուցաբերվում է դպրոցում սաների նկատմամբ:
Անդրադարձ եղավ նաև մեր քաղաքի զարգացմանը և բանախոսը իր երախտագիտությունը հայտնեց քաղաքապետին:
Ներկաներին ողջունեց և կազմակերպության կողմից երեխաներին ցուցաբերվող օգնության համար իր երախտագիտությունն արտահայտեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
Ավստրալիայից ժամանած մեր հայրենակիցները ջերմ հուզմունքով ունկնդրեցին դպրոցի շնորհալի սաների գեղարվեստական ելույթները:


2010-10-14
Արժանացավ բարձր մրցանակի
Երևանի Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանի կողմից հոկտեմբերին կազմակերպած «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասածության երկրորդ փառատոնում մեր համաքաղաքացի, աշխատանքի վետերան Կոլյա Սիմոնյանը արժանացել է մրցանակի` պարգևատրվելով հատուկ մեդալով:
Մրցույթի երկրորդ` եզրափակիչ փուլում նա իր ուժերը չափել է 16 ուժեղագույն ասմունքողների հետ, հանդես եկել հասարակության առջև, արժանանալով նրանց ջերմ համակրանքին:
Շնորհավորենք մեր հարգարժան Կոլյա Սիմոնյանին և շնորհակալություն հայտնենք այդ բարդ ժանրում մեր քաղաքի պատիվը բարձր պահելու համար:

2010-10-11
Հանդիսավորությամբ նշվեց Դիլիջանի տոնը
Հոկտեմբերի 9-ին քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ համաքաղաքային
Տոնախմբություն` նվիրված Դիլիջանի օրվան:
Համայնքի ավագանու որոշմամբ յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ շաբաթը նշվելու է որպես քաղաքի տոն:
Լեփ լեցուն քաղաքային մարզադաշտում հազարավոր դիլիջանցիներ ուրախ տրամադրությամբ նշեցին հարազատ քաղաքի տոնը:
Ողջույնի խոսքով հանդես եկան ԴԻլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, պետական մրցանակի դափնեկիր Արզաս Ոսկանյանը և քաղգործկոմի նախկին նախագահ Հասմիկ Տոնոյանը:
Տոնի առթիվ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ոստիկանության բարձրագույն պարգևներ հանձնեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին:
Տեղի ունեցավ «Դիլիջանի պատվավոր քաղաքացու» կոչման շնորհման հանդիսավոր արարողություն: Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հրապարակեց համայնքի ավագանու որոշումը, համաձայն որի, քաղաքի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչմանն են արժանացել անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, ՀՀ Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, քաղգործկոմի նախկին նախագահներ Նադեժդա Չեպելը և Հասմիկ Տոնոյանը, «Դիլիջանշին» տրեստի նախկին կառավարիչ, պետական մրցանակի դափնեկիր Յուրի Մանթաշյանը, քաղաքի նախկին ճարտարապետ Սեյրան Ավետիսյանը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Աշոտ Աղաբաբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարարներ Պավել Սաֆարյանն ու Սուրեն Կարայանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաններ և մայրաքաղաքից ժամանած պատվավոր հյուրեր:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ –ում Ռուսաստանի հյուպատոս Եվգենի Կոնիշևը, ՌԴ դեսպանության ռազմական կցորդի օգնական Սերգեյ Կոչեմազովը, «Ռուսաստանի օգնության և աջակցության հիմնադրամի» տնօրեն Իվան Սեմյոնովը:
Տոնակատարությանը մասնակցում էին նաև Դիլիջան ժամանած մեր հյուրերը` Ֆրանսիայի Մարսել և Էքս Պրովանս, Լյուքսեմբուրգի Պետանժ քաղաքներից և Շվեյցարայից:
Համերգային ծրագրով հանդես եկան մայրաքաղաքից հրավիրված հայտնի երգիչ-երգչուհիները:
Հանդիսատեսը մեծ բավականությամբ ունկնդրեց սիրված երգիչներ Սոֆիին, Սոֆի Մխեյանին,Արամեին,Սիլվա Հակոբյանին, Գագիկ Համբարձումյանին, Հայկոյին, Սիլվա Հակոբյանին, Դավիթ Սասունցուն:
Տոնակատարությունն ավարտվեց ճոխ հրավառությամբ:

2010-10-11
Բարեկամական այց
Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում հոկտեմբերի 9-ին և 10-ին Դիլիջանում էր գտնվում ֆրանսիական Մարսել և Էքս Պրովանս քաղաքների պատվիակությունը Մարսելի հայ- ֆրանսիական առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Անժելա Մելքոնյանի գլխավորությամբ: Հյուրերի թվում էին ներկայացուցիչներ Լյուքսեմբուրգի Պետանժ քաղաքից և Շվեյցարիայից:
Ի պատիվ հյուերի Դիլիջանի քաղաքապետարանում հոկտեմբերի 9-ին կազմակերպվեց հանդիսավոր ընդունելություն: Հյուրերը ծանոթացան քաղաքին, մասնակցեցին Դիլիջանի օրվան նվիրված տոնախմբությանը:
Հոկտեմբերի 10-ին քաղաքապետարանում, քննարկվեցին մշակութային և տուրիզմի ոլորտներում Դիլիջանի և Էքս Պրովանսի փոխգործակցության խնդիրները:
Հանդիպմանը մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, քաղաքապետականի աշխատակազմի ղեկավար Արա Մարտիրոսյանը, գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանը, հյուրերից` հայ –ֆրանսիական առևտրա-արդյունաբերական պալատի փոխնախագահ Բեռնար Հաթեմյանը, պալատի ներկայացուցիչ Սերժ Նորանյանը, Էքս- Պրովանսի փոխքաղաքապետ Վիկտոր Թոնեն, քաղաքապետարանի տուրիզմի հարցերով պատասխանատու տիկին Քոթեն:
Հանդիպումը անցավ ջերմ և գործարար մթնոլորտում, ուղենշվեցին հետագա փոխգործակցության ուղիները և հեռանկարները:


2010-10-01
Թանգարանը բացեց իր դռները
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ երկրագիտական թանգարանի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Թանգարանի նոր, գեղեցիկ շենքի բակում հավաքվել էին հարյուրավոր դիլիջանցիներ, մայրաքաղաքից ժամանած ճանաչված արվեստագետներ: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, կառավարության անդամներ, այլ հյուրեր:
Ներկա էր նաև նշանավոր քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, որի կերտած քանդակները յուրահատուկ հմայք են հաղորդում այդ նրբաճաշակ կառույցին:

2010-09-29
Ստորագրվեց նախնական համաձայնագիր
Սեպտեմբերի 29-ին Դիլիջանի քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքապետարանի և Սոցիալական բնակարանային հիմնադրամի միջև համագործակցության նախնական համաձայնագրի ստորագրման արարողություն:
Այն վերաբերում է համայնքում բնակարանային համալիր կառուցելու նախագծին, որը հովանավորում է Հոլանդիայի կառավարությունը և իրականացնում է Սոցիալական բնակարանային հիմնադրամը:
Ինչպես նշեց հիմնադրամի տնօրեն պր-ն Արա Նազինյանը, շուտով կսկսվեն նախապատրաստական աշխատանքները, իսկ եկող տարվանից` բնակարանաշինությունը:

2010-09-14
ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը մասնակցել է «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային համաժողովին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 12-ին Դիլիջանում մասնակցել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային երկօրյա համաժողովի եզրափակիչ նիստին:
Հանրապետության ղեկավարին են ներկայացվել Հայաստանի տնտեսության հետճգնաժամային զարգացման հեռանկարների ու հնարավորությունների, այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի մասին քննարկումների ամփոփ արդյունքները: Նախագահ Ս.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի համաժողովին մասնակցող բարձրաստիճան ներկայացուցիչներին նման կարեւոր միջոցառման անցկացմանն աջակցելու համար:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ ոլորտի միջազգային հեղինակավոր մասնագետների եւ նրանց հայաստանյան գործընկերների երկօրյա շահագրգիռ ու արդյունավետ քննարկումները դրական մեծ ազդեցություն կունենան, որպեսզի Հայաստանը կարողանա համաշխարհային տնտեսության հետճգնաժամային իրողություններին համահունչ զարգացում ապահովել:
Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համաժողովի մասնակիցներին քննարկումների արդյունքում նախանշված նպատակները, դրանց իրագործման մոտեցումները հստակ ծրագրերի վերածելու եւ կյանքի կոչելու գործում: Հանրապետության ղեկավարը վստահեցրել, որ ՀՀ իշխանությունները կանեն հնարավորը` դրանք ժամանակին եւ արդյունավետությամբ իրականացնելու համար:

2010-08-10
Խոսք շնորհակալանքի
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը քաղաքապետարանի, համայնքի ավագանու և քաղաքի ազգաբնակչության անունից իր խորին շնորհակալությունն է հայտնում զորամասի հրամանատար, փոխգնդապետ` Աշոտ Ղազարյանին և զորամասի անձնակազմին օգոստոսի 4-ին` քաղաքի անտառային հատվածում բռնկված հրդեհի մարման ժամանակ ցուցաբերած անձնուրաց օգնության համար:

2010-08-09
Հրդեհը մարվեց
Օգոստոսի 4-ին, ժամը 19:30-ի սահմաններում, «Դիլիջան» ազգային պարկի վարչական շենքից ոչ հեռու, չոր, խոտածածք տարածքում, դեռևս չբացահայտված պատճառներով հրդեհ բռնկվեց, որն արագ տարածվելով ընդգրկեց շուրջ 2 հա. տարածք և արդեն մոտեցել էր մոտակա եղևնուտին: Հրդեհը արագ կերպով չմարելու դեպքում այն կարող էր ահավոր չափեր ընդունել և անդառնալի հետևանքներ ունենալ:
Չնայած կարճ ժամանակում արդեն դեպքի վայրում էր հրշեջ փրկարարների մեկ մարտական ջոկատ, որը ազգային պարկի աշխատակիցների հետ փորձում էր մարել հրդեհը, սակայն տեղանքի անհարմարության պատճառով հնարավորություն չստեղծվեց տեխնիկա օգտագործել և արդյունավետ գործողություններ իրականացնել: Իսկ հրդեհն արագ տարածվում էր:
Ահազանգ ստանալուց հետո հենց սկզբից դեպքի վայրում գտնվող Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը արագ գնահատելով իրադրությունը անմիջապես օգնություն խնդրեց զորամասի հրամանատարից: Հաշվված րոպեների ընթաքցքում զորամասի հրամանատար, փոխգնդապետ Աշոտ Ղազարյանի գլխավորությամբ դեպքի վայր հասան տանկային գումարտակի զինվորները, որոնք անձնուրացաբար, բահերով և այլ միջոցներով սկզբում լոկալիզացրեցին, ապա արդեն
9:30-ի սահմաններում հրշեջների հետ լրիվ հանգցրին հրդեհը: Դեպքի վայրում էր և աշխատանքների կազմակերպմանը մասնակցում էր նաև զինվորական կորպուսի շտաբի պետ` գնդապետ Կ.Այդինյանը: Հրդեհը մարելուց հետո փոխքաղաքապետն առաջարկեց, որպեսզի գիշերը ազգային պարկի և հրշեջ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից հերթապահություն սահմանվի, վտանգի կրկնությունը բացառելու համար: Նրա անհանգստությունը տեղին էր: Գիշերը կրկին բռնկվեց նոր հրդեհ, որն անմիջապես մարվեց:

2010-07-01
Առաջընթաց տեմպերով (01.04.2010թ. – 01.07.2010թ. ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանի կատարած աշխատանքները)
Դիլիջան համայնքի 2010թ. բյուջեն նպատակաուղղվել է ապահովել քաղաքի կայուն զարգացումը, բարելավել բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները հետևողականորեն բարեփոխումներ անցկացնելու ճանապարհով:
Նշված ժամանակահատվածում տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ հավաքագրվել է 253507.9 հազ.դրամի եկամուտ, որը հնարավորություն է տալիս ավելի իրատեսորեն կանխագծելու առաջիկա անելիքները:
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները:01.04.2010.-01.07.2010թ. ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր նորածին երեխաների համար 40 ընտանիքի տրվել է միանվագ դրամական օգնություն: Կամո թաղամասի Հայրենական պատերազմի վետերանների և բնակիչների ազատ ժամանցի, ինչպես նաև տարաբնույթ միջոցառումների կազմակերպման համար ձեռք է բերվել նոր շենք:Հիմնանորոգվել է Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանի անմար կրակի տարածքը: Մեծ շուքով կազմակերպվել է և անցկացվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված տոնակատարությունը:
Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում իր ենթակայության ենթակառույցների նյութատեխնիակական բազայի ամրապնդման ուղղությամբ:Քաղաքային համայնքի ենթակայության մանկապարտեզների նախադպրոցական խմբեր հաճախող թվով 158 երեխաների համար ձեռք են բերվել նվերներ:
Հիմնանորոգվում են քաղաքային նշանակության ճանապարհները, հիմնանորոգվել է 26կոմիսարների փողոցից մինչև Մյասնիկյան 84 բազմաբնակարան շենքն ընկած հատվածի ճանապարհը,ավարտվել է Այգեստան փողոցի 2 բ շենքին հարակից բակի բարեկարգման աշխատանքները: Կազմվել են Անդրանիկի թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը:
«Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրի շրջանակներում Դիլիջանի համայնքների միության և ԳՏՀ ԱԻԿՀԿ Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվել են Գետափնյա փողոցին հարակից տարածքի ճանապարհի վերանորոգման և Հակոբջանյան փողոցի հենապատի հիմնանորոգման աշխատանքները:
Զգալի աշխատանքներ են կատարվել շենքերի ներքին կոմունիկացիոն ցանցերի վերանորոգման ուղղությամբ: Վերանորոգվել են 3 բազմաբնակարան շենքերի տանիքներ: Վերակառուցվել է Սայաթ-Նովա 16 տանը հարակից հեղեղատարը:
Կազմակերպվող միջոցառումներն առավել արդյունավետ և հետաքրքիր դարձնելու նպատակով նորակառույց ամֆիթատրոնի համար ձեռք է բերվել տեսացուցադրման սարք: Զգալի գործունեություն է ծավալվել քաղաքի երիտասարդական կյանքն ակտիվացնելու, երիտասարդական ներուժը համախմբելու ուղղությամբ:
Քաղաքում կազմակերպվել և անց է կացվել համաքաղաքային սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման միամսյակ: Աշխատանքներ են իրականացվել և իրականացվում աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման, կանաչապատման, այն առողջարանային քաղաքին վայել կազմակերպեու ուղղությամբ:

2010-06-28
Նշվեց մ եծ շուքով
Հունիսի 26-ին Դիլիջանի Արվեստի պետական քոլեջի դահլիճում նշվեց կրթօջախի հիմնադրման 65- ամյա հոբելյանը: Իր բաման խոսքում հաստատության տնօրեն Հասմիկ Մկրտումյանը համառոտակի անդրադարձավ կրթօջախի անցած ուղուն, որը եղել է արգասաբեր և որի վկայությունը այն բարձր համարումն է որ ունի հանրապետությունում: Երաժշտական դպրոցը իր գործունեության ընթացքում տվել է ավելի քան 3 հազար շրջանավարտ և կոլեկտիվի նվիրական աշխատանքի և տնօրինության ջանքերի շնորհիվ 1992 թվականին վերակազմավորվել է միջին մասնագիտական կրթական հաստատության` արվեստի պետական քոլեջի:
Ինչպես իր ելույթում նշեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, արվեստի պետական քոլեջը մարզում միակ նման կարգավիճակ ունեցող հաստատությունն է, որի բարձր համարումը նվաճվել է կոլեկտիվի քրտնաջան աշխատանքի և տնօրեն Հասմիկ Մկրտումյանի հմուտ մասնագիտագիտական ղեկավարման և բարձր կազմակերպչական ունակությունների շնորհիվ: Այդ ամենն արտահայտված էր նաև մարզպետի ուղերձում,որը ներկայացվեց նրա կողմից:
Արվեստի պետական քոլեջի կոլեկտիվի և տնօրենի արգասաբեր աշխատանքի մասին իր դրվատանքի խոսքն ասաց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Նա իր ելույթում կարևորեց նաև կրթօջախի սաների ձեռքբերումները հանրապետական և միջազգային մրցութ- փառատոներում և նորանոր հաջողություններ մաղթեց կոլեկտիվին, այդ անչափ պատվաբեր և շնորհակալ աշխատանքում:
Հոբելյանական միջոցառմանը ելույթ ունեցավ և կոլետիվի ու նրա վաստակաշատ, բազմաշնորհ տնօրենի մասին իր դրվատանքի խոսքն ասաց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը նախարարության բարձրագույն պարգևը`«Ոսկե հուշամեդալը» հանձնելով Հասմիկ Մկրտումյանին, որին նա արժանացել է կրթության և գիտության ոլորտում երկարամյա արգասաբեր գործունեության համար և կրթօջախի 65- ամյակի կապակցությամբ:
ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների պատվոգրերով, մարզպետարանի շնորհակալագրերով, Հայաստանի երգչախմբային ընկերության և Դիլիջանի քաղաքապետարանի պատվոգրերով պարգևատրվեցին կրթօջախի դասատուներ, տնօրինության ներկայացուցիչներ, միջազգային և հանրապետական փառատոներում մեծ ձեռքբերումներ ունեցող սովորողներ:
Ելույթներ ունեցան և հոբելյանի առթիվ իրենց շնորհավորական խոսքն ասացին Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, ՀՀ կոմպոզիտորների միության փոխնախագահ` կոմպոզիտոր Դմիտրի Առաքելյանը, մշակույթի նախարարւթյան պատասխանատւ աշխատակից Կարո Վարդանյանը, Գուգարաց հոգևոր թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, մեր համաքաղաքացի, դպրոցի նախկին սան, պետական մրցանակի դափնեկիր, Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ,պրոֆեսոր Արզաս Ոսկանյանը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ՀՀ հատուկ հանձարարությունների դեսպան, մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԵՊՀ-ի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Սարգսյանը, Գուգարաց թեմի Տավուշի հոգևոր փոխառաջնորդ տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը, մեծանուն երաժիշտ Անժելա Աթաբեկյանը, ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների պատասխանատու աշխատողներ, հյուրեր:
Միջոցառումը եզրափակվեց քոլեջի համույթների և անհատ կատարողների բարձրարվեստ ելույթներով:

2010-06-28
ՌԴ նախարարի այցելությունը
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ ներքին գործոց նախարար Ռաշիդ Նուրգալիևը հունիսի 26-ին այցելեց Տավուշի մարզ: ՀՀ ոստիկանապետ, գեներալ- մայոր Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը եղավ Դիլիջանում, Իջևանում և Գոշավանքի պատմաճարտարապետական համալիրում:

2010-06-24
Ի պաշտպանություն երեխաների
Հունիսի 24-ին «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության նախաձեռնությամբ Դիլիջանի թիվ 1 հատուկ դպրոցում անցկացվեց «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի քննարկում: Եռամյա ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումները հիմնված կլինեն երեխաների պաշտպանության խնդիրների գնահատման արդյունքում ձեռք բերված փաստերի վրա և կներառեն երեխաների, նրանց ծնողների, վերջիններիս հետ աշխատող ներուժի զարգացում և բնակչության լայն շրջանակների իրազեկության բարձրացում`կանխարգելելու երեխաների իրավունքների ոտնահարումը և նպաստելու տարբեր մակարդակներում երեխաների պաշտպանությանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության և «Բաց հասարակության ինստիտուտ» կազմակերպության կողմից:
Քննարկմանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, քաղաքապետարանների` ոլորտին առնչվող բաժինների պատասխանատուներ, Դիլիջանի թիվ 1 հատուկ դպրոցի և ոստիկանության Դիլիջանի բաժանմունքի անչափահասների տեսչության աշխատակիցներ, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տեղի ունեցավ ուսումնասիրման արդյունքների գնահատում, հիմնախնդիրների քննարկում և լուծումների առաջադրում, կազմվեց գործողությունների պլան: Միջոցառմանը մասնակցում էին «Սեյվ դը չիլդրեն» ծրագրի ազգային ղեկավար Աիդա Գրիգորյանը, ծրագրի պատասխանատու աշխատակիցներ, «Վոլդ Վիժըն Հայաստան» երեխաների պաշտպանության ծրագրերի պատասխանատու Անահիտ Գրիգորյանը:

2010-06-15
Համոզիչ հաղթանակ
Ավարտվեց «Շանթ» հեռուստաընկերւթյան կողմից կազմակերպված «Թաքնված տաղանդ» մրցույթը, որի հաղթող ճանաչվեց մեր համաքաղաքացի Սամվել Հարությունյանը: Ավելի քան երեք ամիս տևած հեռուստանախագծում, որին մասնակցում էին մեր հանրապետության արվեստի, սպորտի և այլ ոլորտների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, ընթանում էր շատ լարված պայքար, իսկ հեռուստադիտողները և դահլիճում գտնվողները ականատես եղան բացառիկ հետաքրքիր համարների: Հենց սկզբից Սամվելի բարդ կատարումները գրավեց հանդիսատեսի ուշադրությունը և մեր համաքաղաքացիները չէին կասկածում նրա հաջողություններին:
Սամվել Հարությունյանը եզրափակիչում ունեցած դիտարժան ու բարդ կատարումներով ուղղակի ապշեցրել էր ոչ միայն հանդիսատեսին, այլև օրիգինալ ժանրի ներկայացուցիչներին:
Եվ ահա հունիսի 12-ին ժյուրին հայտնեց մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով Սամվել Հարությունյանին: Նա, ինչպես և նախատեսված էր, բացի դիպլոմից ստացավ նաև Կիպրոսում մեկշաբաթյա հանգստի ուղեգիր:
Իհարկե իր համաքաղաքացիների համար Սամվելը «թաքնված» տաղանդ չէ. մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել և հիացել այդ բարդ ժանրում նրա տաղանդի բազմաթիվ դրսևորումներին:
Եկեք շնորհավորենք նրան այդ հեղինակավոր մրցույթում հաղթելու առթիվ և ցանկանանք նորանոր հաջողություններ:

2010-06-02
Նվիրված էր երեխաներին
«Հանուն հայության հարատևման» շարժման դիլիջանյան գրասենյակի նախաձեռնությամբ, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի շրջանակներում, հունիսի 1-ին անցկացվեց երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում: Նորակառույց ամֆիթատրոնում հյուրընկալվել էին հեքիաթների ու մուլտֆիլմերի հանրաճանաչ հերոսները: Նրանք ներկայացրին թատերականացված զվարճալի ծրագիր` երգեցին, պարեցին, շուրջպար բռնեցին երեխաների հետ: Միջոցառումն ավարտվեց կավճանկարի մրցույթով:
Օրվա երկրորդ կեսին սովորականից ավելի մարդաշատ էր նաև քաղաքային լճի ափամերձ հանգստի գոտին: Երեխաների իրավունքների պաշտապանության միջազգային օրվան նվիրված համերգային հարուստ ծրագրով այստեղ ելույթ ունեցան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները` ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի ղեկավարությամբ: Ներկայացվեցին հայկական ժողովրդական, էստրադային, դասական երգերի կատարումներ, որոնք ընդունվեցին հանդիսականների բուռն ծափահարություններով:
Այս միջոցառման կազմակերպմանը նույնպես իր աջակցությունն էր ցուցաբերել «Հանուն հայության հարատևման» շարժման գրասենյակը` «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի շրջանակներում:

2010-05-24
Վերջին զանգի արարողություն
Մայիսի 24-ին տոնական տրամադրություն էր տիրում քաղաքի հանրակրթական դպրոցներում: Հնչեց վերջին զանգը և մեր 169 շրջանավարտներ ուսուցիչների, ծնողների և աշակերտների բարի մաղթանքների ներքո հրաժեշտ տվեցին հարազատ դպրոցներին:
Տոնական միջոցառումները շարունակվեցին նորակառույց Կանաչ ամֆիթատրոնում, ուր շրջանավարտներին իրենց երաժշտական ողջույնը հղեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները և տեղի երգի ու պարի խմբերն ու անհատ կատարողները:
Երեկոյան` հրապարակում կազմակերպվեց համաքաղաքային տոնախմբություն, ուր յուրաքանչյուր դպրոց հանդես եկավ գեղարվեստական կատարումներով:
Շրջանավարտներին ողջունեցին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, համայնքի հոգևոր հովիվ հայր Արիստակեսը:
Տոնախմբությանը մեծ շուք հաղորդեցին մայրաքաղաքից հրավիրված ճանաչված գեղարվեստական համույթների բարձրարվեստ կատարումները:
Միջոցառումը եզրափակվեց տոնական հրավառությամբ:

2010-05-23
Լոռու մարզի օրեր Տավուշում
ՀՀԿ Լոռու և Տավուշի մարզային կազմակերպությունների նախաձեռնությամբ մայիսին անցկացվող «Լոռու մարզի օրեր Տավուշում» միջոցառման շրջանակներում մայիսի 23-ին Դիլիջանում կազմակերպվեց միջոցառումների շարք:
Միջոցառումները նվիրված էին ՀՀԿ-ի հիմնադրման 20-ամյա հոբելյանին:
Դիլիջանի մշակույթի պալատում երեխաների համար հետաքրքրի ներկայացումներ ցուցադրեց Վանաձորի տիկնիկային թատրոնի կոլեկտիվը: Ապա գեղարվեստական բարձր կատարումներով հանդես եկան Վանաձորի «Հորովել» երգի–պարի պետական համույթը, քաղաքապետարանի երգի պետական թատրոնը և Ալավերդու «Լազուր» ժող գործիքների համույթը:
Մշակույթի տան մուտքի մոտ և նախասրահում ներկայացված էին Լոռու մարզի պատանի նկարիչների ստեղծագործությունները: Քաղաքի թիվ 1 դպրոցում շախմատային պարտիա խաղարկեցին Վանաձորի և Դիլիջանի պատանի շախմատիստները:
Մշակույթի պալատում միջոցառման մասնակիցներին ողջունեցին ՀՀԿ փոխնախագահ, Աժ-ում ՀՀԿ-ի խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

2010-05-22
Նա սերունդներ է կրթել ու դաստիարակել…
Մայիսի 21-ին Դիլիջանի մշակույթի պալատում մեր հարյուրավոր համաքաղաքացիներ էին մասնակցում անվանի մանկավարժ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Արտուշ Սահակյանի մեծարման երեկոյին: Համաքաղաքացիներն ու նախկին աշակերտները եկել էին իրենց սրտի խոսքն ասելու 84-ամյա մանկավարժին , մի մարդու` ով իր կյանքի ավելի քան 60 տարիներն անմնացորդ նվիրաբերել է մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը:
Անվանի մանկավարժին իրենց սիրո և երախտագիտության խոսքն ուղղեցին նրա նախկին աշակերտները` Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Հանրապետության վաստակավոր լրագրող, «Արմենիա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, Հայ- ռուսական համալսարանի դասախոս, դոցենտ`Ռաֆիկ Հովհաննիսյանը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Հայրապետյանը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոս, մաթեմատիկական գիտություններ թեկնածու Մանվել Զաքարյանը, Դիլիջանի թիվ 1 դպրոցի տնօրեն Արա Արամյանը, դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ծովինար Մուրադյանը, դպրոցի շրջանավարտ Անի Թորոսյանը, ՀՀ պետեկամուտների նախարարության Դիլիջանի տարածքային վարչության աշխատակից Կարինե Գասպարյանը և «Դիլնետ սերվիս» ՀԿ- ի նախագահ Աշոտ Հովհաննիսյանը:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հանդիսավոր պայմաններում հրապարակեց համայնքի ավագանու որոշումը` Արտուշ Սահակյանին Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին:
Անվանի մանկավարժն իր խորին շնորհակալությունը հայտնեց միջոցառման նախաձեռնող, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին, կազմակերպչին` շնորհալի ասմունքող Անուշ Գրիգորյանին և մեր համաքաղաքացիներին`իր աշխատանքը բարձր գնահատելու համար:
Միջոցառմանն իրենց երաժշտական ողջույնը հղեցին Արվեստի պետական քոլեջի ժող գործիքների համույթը, շնորհալի պատանի երգիչներ Արման Ուլիխանյանը և Աիդա Ուլիխանյանը, թիվ 2 դպրոցի երգ-երաժշտության ուսուցչուհի Մարիետա Առուստամյանը: Իր սիրելի ուսուցչին և նախկին գործընկերոջը երաժշտական ողջույն հղեց երգիչ- երգահան Սամվել Ղասաբյանը:
Քաղաքի հասարակայնությանն ու միջոցառման կազմակերպիչներին իր շնորհակալական խոսքն ասաց Արտուշ Սահակյանի որդին` Երևանի պետ համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից- անդամ Արթուր Սահակյանը:


2010-05-21
Ֆրանսիայի նախարարի այցը
Տավուշի մարզում կառուցված հայ- ֆրանսիական բարեկամության ջրանցքի բացման արարողությանը մասնակցելու կապակցությամբ Հայաստան ժամանած Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար Պատրիկ Դեվեջյանը մայիսի 21-ին այցելեց Դիլիջան: Բարձրաստիճան հյուրին դիմավորեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Պատրիկ Դեվեջյանը նախ այցելեց Դիլիջանի քաղաքապետարան, ուր քաղաքապետը հյուրին հիմնական կողմերով ծանոթացրեց քաղաքին և նրա զարգացման հեռանկարներին, ապա մարզպետի և քաղաքապետի ուղեկցությամբ եղավ «Հին Դիլիջան» պատմաճարտարապետական համալիրում և Գոշավանքում:

2010-05-10
Հաղթանակների և խաղաղության տոնը
Մայիսի 9-ին Դիլիջանի հուշարձանների համալիրում մեծ շուքով նշվեց Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 65-ամյա և Շուշիի ազատագրման 18- ամյա հոբելյանները:
Հազարավոր դիլիջանցիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում զոհվածներին` ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:
Ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին վետերանների կողմից ներկայացրած Ռայխստագի գրավման սցենարը:
Ելույթներ ունեցան Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, քաղաքի զինկոմ` փոխգնդապետ Արմեն Բրսիկյանը, N զորամասի հրամանատարի տեղակալ մայոր Գագիկ Գուլքանյանը, Հաղարծնի վանքի հոգևոր հովիվ` հայր Արիստակեսը, վետերանների քաղաքային խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանը:
Քաղաքի զինկոմ Արմեն Բրսիկյանը հանդիսավոր պայմաններում վետերաններին հանձնեց Հաղթանակի 65- ամյակին նվիրված հուշամեդալները:
Վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանը հրապարակեց հանրապետական խորհրդի որոշումը` վետերանների նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգատարության համար Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին և գործարար- բարերար, Դիլիջանի պատվավոր քաղաքացի Արմեն Աբգարյանին վետերանների հանրապետական խորհրդի պատվոգրով պարգևատրելու մասին:
Հանդիսավոր պսակադրությունից հետո արարողությունը եզրափակվեց զինվորական պատվո քայլերթով:

2010-05-10
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուր
Մայիսի 7 -ին կրկին բազմամարդ էր Դիլիջանի քաղաքային մարզադաշտը, որտեղ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում Դիլիջանի «Իմպուլսը» սեփական դաշտում հյուրընկալեց Ղափանի «Գանձասարին»: Խաղն անցավ անչափ հետաքրքիր և լարված պայքարում և ավարտվեց «Իմպուլսի» հաղթանակով` 1:0:
60-րդ րոպեին Սերգեյ Ռավինայի աջ եզրից կատարած փոխանցումը գլխի գեղեցիկ հարվածով եզրափակեց Գևորգ Նռանյանը:

2010-04-20
Նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին
Ապրիլի 16-18-ը Դիլիջանի քաղաքապետարանի մարզահամալիրի մարզադահլիճում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի քաղաքի բաց առաջնություն` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին:
Պատանի ըմբիշները նախ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ հայրենականում զոհվածներին` ծաղկեպսակ դնելով նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Մրցաշարին մասնակցեցին 134 պատանի մարզիկներ, որնք ժամանել էին մայրաքաղաքից և հանրապետության տարբեր մարզերից: Իրենց ուժերը չափեցին Դիլիջանի մարզադպրոցի, Երևանի «Դինամո» մարզական ընկերության, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի, «Հայաստան» մարզական ընկերության ըմբշամարտի մասնագիտացված դպրոցի, Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի, Էջմիածնի, Վարդենիսի, Ստեփանավանի, Գյումրիի պատանի ըմբիշները:
Մրցումներն անցան մարզական թեժ պայքարում:
Հաղթողներն արժանացան համապատասխան պատվոգրերի, մեդալների, տրվեցին հուշանվերներ: Հուշանվերների արժանացան նաև սահմանված յոթ անվանակարգերում հաղթողները:
Մեր մարզիկներից գերազանց արդյունքի հասավ 58 կգ քաշային կարգում հանդես եկող Վարդան Մելյանը`գրավելով առաջին տեղը: Իսկ 56 կգ և 54 կգ քաշային կարգերում հանդես եկած մեր երկու մարզիկներ` Նարեկ Բեգլարյանը և Վահե Թամրազյանը համապատասխանաբար գրավեցին 2-րդ և 3-րդ տեղերը:

2010-04-19
Ֆուտբոլ
Ապրիլի 17-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի «Կիլիկիա»-«Իմպուլս» հանդիպումը «Հրազդան» մարզադաշտում: Խաղն ավարտվեց «Իմպուլսի» հաղթանակով` 0:1 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ Ռոմեո Ջենեբյանը:

2010-04-19
Համաքաղաքային շաբաթօրյակ
Ապրիլի 17-ին Դիլիջանում անցկացվեց համաքաղաքային շաբաթօրյակ: Այն նախապատրաստելու և անցկացնելու համար քաղաքապետարանում ստեղծվել էր համապատասխան հանձնաժողով` փոխքաղաքապետ Արմեն Մակարյանի նախագահությամբ: Մշակվել էր ծրագիր, որտեղ ներառված էին հիմնարկ – ձեռնարկությունների կոնկրետ առաջադրանքները` առանձնացվել կարևոր տեղամասերը:
Առավոտյան ժամը 9-ից արդեն ողջ քաղաքում աշխատանքային եռուզեռ էր: Կատարվեց բավականաչափ աշխատանք, թարմացան և ավելի մաքուր տեսք ստացան հիմնարկությունների և բազմաբնակարան շենքերի բակերն ու շրջակայքը:
«Դիլիջանշին ԲԲԸ» և «Բարեկարգում ՓԲԸ» կազմակերպությունների կողմից արագ կերպով տեղափոխվում էր կուտակված աղբը:
Շաբաթօրյակին բարձր ակտիվություն ցուցաբերեցին հատկապես կրթամշակութային հաստատությունները: Կատարվեց նաև ծառատունկ:
«Դիլիջան» ազգային պարկի կողմից Գետափնյա և Կալինին փողոցներում տնկվեց 150 ծառ:
Դրական համարելով քաղաքի մաքրության և կանաչ տարածքների նկատմամբ մեր բնակչության մեծ մասի վերաբերմունքը, չի կարելի չնշել նաև ոմանց նույնքան անհոգի վերաբերմունքի մասին: Այլապես ինչով բացատրել, որ յուրաքանչյուր տարի որոշ հատվածներում` հատկապես Հակոբջանյան փողոցի դեպի Թախտա տանող հատվածում (նախկիկին պրոֆտեխուսումնարանի շենքի մոտ) մշտապես աղբի կուտակումներ են լինում:
Նույնպիսի անպատասխանատու վերաբերմունք են դրսևորում նաև բազմաբնակարան շենքերի որոշ բնակիչներ` աղբը թափելով շենքերի միջև ընկած հատվածներում. այդ այն դեպքում երբ քաղաքի բոլոր հատվածներում դրված են աղբամաններ, հատուկ կառույցների մեջ:
Չնայած խնդրի բազմիցս արծարծմանը, որոշ բեռնատարների վարորդներ շարունակում են շինարարական աղբը թափել Պարզ լիճ տանող ճանապարհին:
Դիլիջանը մեր տունն է և այն ավելի մաքուր պահելու համար պետք է շահագրգռված լինենք բոլորս:


2010-04-12
Այս անգամ ոչ-ոքի
Ապրիլի 10-ին հանրապետության բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում
«Իմպուլսը» կրկին հյուրընկալեց 2009 թ. առաջնության չեպիոն` Երևանի «Փյունիկին»: Հավասար պայքար էր ընթանում և խաղը խիստ լարված ընթացք ունեցավ:
Եղան մի քանի գոլային պահեր, սակայն թիմերից ոչ մեկը չկարողացավ իր հաշվին արդյունք գրանցել: 1-ին խաղակեսում Զավեն Դադոյանը մեն –մենակ հայտնվելով «Փյունիկի» դարպասի մոտ, չկարողացավ գրավել այն: 2-րդ խաղակեսում նույնպիսի իրավիճակում վրիպեց նաև Գևորգ Նռանյանը:
Իրենց հերթին հյուրերը նույնպես կորցրին գոլային հնարավորությաուններ: 2-րդ խաղակեսում նրանց չհաջողվեց իրացնել 11-մետրանոցը: Հայաստանի հավաքականի պաշտպան Սարգիս Հովսեփյանի հարվածը հաջողությամբ հետ մղեց «Իմպուլսի» փորձառու դարպասապահ Մայիս Ազիզյանը:
Եվ այսպես, խաղն ավարտվեց ոչ- ոքի: «Իմպուլսն» այս խաղով ապացուցեց, որ կարող է ցուցաբերել բարձրակարգ ֆուտբոլ և հաղթանակը վիճարկել ցանկացած թիմի` այդ թվում հանրապետության չեմպիոնի հետ:

2010-04-09
Հանրապետության նախագահի այցը
Տավուշի մարզում իրականացվող հանրապետական և տարածաշրջանային մասշտաբի խոշոր ծրագրերի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով ապրիլի 9-ին Իջևան, ապա Դիլիջան այցելեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Դիլիջանում ընթացքի մեջ է կենտրոնական բանկի ֆինանսաբանկային համալիրի կառուցումը, նախապատրաստվում է աշխատակիցների համար բնակելի շենքի շինարարությունը, տրված է միջազգային դպրոցի ստեղծման մեկնարկը:
Հանրապետության նախագահը նախ այցելեց այստեղ կառուցվող ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսաբանկային համալիրի տարածք: Համալիրի կառուցումը նախատեսվում է ավարտել 2013 թվականի փետրվարին: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ համալիրը կառուցվում է պետական ֆինանսներով` ԿԲ-ի կապիտալ ներդրումների միջոցով: Ներկայումս կատարվում են հողային և համալիրի կմախքի երկաթբետոնե աշխատանքներ:Նա հավաստեց, որ աշխատել են այն սկզբունքով, որ բնությունը չտուժի. շինարարության վայրում եղած ծառերը խնամքով տեղափոխվել են: Համալիրի կոնստրուկտորական- նախագծային և ճարտարապետական լուծումները հեղինակել է «Հայնախագիծ» ընկերությունը, շինարարությունն իրականացնում է «Ռենկո-Արմեստեյտ» կազմակերպությունը, աշխատանքներում ընդգրկված է ավելի քան 150 շինարար: Համալիրի կառուցման համար նախատեսված տարածքը 3,67 հեկտար է, շենքի մակերեսը` 29 000 քմ: Ծրագրված է, որ յոթ հարկանի շենքը կունենա երկու ստորգետնյա հարկ: Համալիրում կլինեն 250 աշխատակիցների սենյակները, միջոցառումների և խորհրդակցությունների դահլիճները,գրադարանը, ԿԲ ուսումնական կենտրոնի դասասենյակները, դիլինգ կենտրոնը և այլն: Նոր համալիրում իրականացվելու են ուսումնական բազմաթիվ ծրագրեր, նախնական պայմանավորվածություններ կան Վիեննայի և Լոնդոնի գործընկերների հետ: Շինարարության ավարտից հետո կենտրոնական բանկի որոշ գործառույթներ արդեն կիրականացվեն Դիլիջանում: Դիլիջան կտեղափոխվեն ԿԲ-ի որոշ ստորաբաժանումներ` իրենց աշխատակիցներով և նրանց ընտանիքներով:Խոսքն այն գործառույթների մասին է, որ կարելի է իրականացնել նաև Երևանից դուրս`գիտահետազոտական կենտրոնը, արտաքին ռեզերվների կառավարման,SS ստորաբաժանումները: Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց նաև բանկի աշխատակիցների համար նախատեսված բնակելի շենքի կառուցման համար նախատեսված տարածք: Վեց հարկանի շենքի առաջին հարկում կլինեն առաջին անհրաժեշտության սպասարկման տարածքներ, 120 երեխայի համար մանկապարտեզ և այլն: Շենքը կունենա 80 բնակարան, նաև ավտոկայանատեղի`70 մեքենայի համար: Ընդհանուր առմամբ Դիլիջան կտեղափոխվի 250-300 մարդ, բացառապես կամավորության սկզբունքներով: ԿԲ-ի նախագահը նաև նշեց, որ արդեն կան տեղափոխվել ցանկացողներ :
Հանրապետության նախագահը մասնակցեց նաև Կանաչ ամֆիթատրոնի բացման արարողությանը: Ամֆիթատրոնը դիլիջանցիների համար ունի նաև անցյալի հարուստ մշակութային ավանդույթները վերականգնելու խորհուրդ:Այն քաղցր հիշողություններ է արթնացնում 20-րդ դարի առաջին 3 տասնամյակում գործած ամառային թատրոնի` հռչակավոր Ռոտոնդայի մասին, որը եղել է կովկասահայ մտավորականության նշանավոր հավաքատեղիներից մեկը` ուր հայ բեմի մեծանուն վարպետների կողմից ներկայացվել են հայ և համաշխարհային դասական դրամատուրգիայի լավագույն շատ ստեղծագործություններ: Արարողության ժամանակ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հանրապետության նախագահին նվիրեց Կանաչ ամֆիթատրոնի պատկերով գեղանկար: Ինչպես այս յուրահատուկ կառույցի, այնպես էլ նույնքան ինքնատիպ, երկրագիտական թանգարանի նոր շենքի նախագծի հեղինակը քաղաքի գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանն է: Չնայած խիստ անձրևային եղանակի պատճառով համերգը հետաձգվեց, սակայն շուտով մեր համաքաղաքացիները կվայելեն նորակառույց ամֆիթատրոնում համերգ կամ թատերական ներկայացում դիտելու հաճույքը: Մեր արվեստասեր հասարակությունը վստահ է,որ կարճ ժամանակահատվածում ամֆիթատրոնը դառնալու է հանրապետության լավագույն թատերախմբերի և երաժշտախմբերի ելույթների աշխույժ արենա և յուրահատուկ կոլորիտ է հաղորդելու ամառային Դիլիջանին: Իսկ երկրագիտական թանգարանի նոր շենքի շահագործմամբ քաղաքի կենտրոնական հատվածը կստանա ամբողջական տեսք,միմյանց հաջորդող գեղեցիկ մշակութային կառույցներով և առողջարանային քաղաքին վայել ձևավորմամբ:
Հանրապետության նախագահը եղավ նաև «Հին Դիլիջան» պատմաճարտարապետական համալիրում, որից հետո այցելեց նախկին տուրիստական հանգրվանի տարածք`տեղում ծանոթանալու միջազգային ինտերնատ- դպրոցի կառուցման նախապատրաստական աշխատանքներին:
Արդեն 2013 թվականին Դիլիջանում կգործի Հայաստանում առաջին միջազգային ինտերնատ- դպրոցը: Այն նախատեսված է 13 -18 տարեկան շուրջ 600 սովորողների համար,որտեղ ընդգրկված պատանիներն ու աղջիկները կստանան համակողմանի և բարձրակարգ կրթություն`աշխարհում ընդունված լավագույն կրթական համակարգերի կիրառմամբ: Թեև ուսուցումն այս դպրոցում վճարովի է լինելու, լավագույն աշակերտներին հնարավորություն կտրվի սովորել անվճար և ստանալ կրթաթոշակ: Դասընթացները կլինեն անգլերեն, դասավանդող կազմը հիմնականում կհրավիրվի արտասահմանից` մասնավորապես եվրոպական երկրներից: Այս նախագծի գաղափարի հեղինակները և ծրագրի հիմնադիրները «Տրոյկա դիալոգ» ռուսաստանյան խոշորագույն ներդրումային խմբի խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը և նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդն են: Դրվատանքի խոսքեր ասելով ծրագրի հեղինակներին, հանրապետության նախագահը նշեց , որ նման հաստատությունը պատիվ կբերեր նաև մայրաքաղաքին:
Ռուբեն Վարդանյանի հավաստմամբ, նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են և մայիս-հունիսին կսկսվի բուն շինարարությունը:
Դպրոցի հիմնադրումը խորհրդանշող երևույթ դարձավ նախագահի մասնակցությամբ գիտության ծառի տնկումը, որը միջազգային դպրոցի խորհրդանիշն է:

2010-03-29
Մեկնարկը տրված է
Մարտի 27-ին մեկնարկեց հանրապետության ֆուտբոլի բարձրագույն խմբի 19-րդ առաջնությունը:
Այդ օրը Դիլիջանի «Իմպուլսը» հյուրընկալեց Երևանի «Ուլիսին»:
Խաղաշրջանի բացման կապակցությամբ օրհներգի հանդիսավոր հնչյունների ներքո մարզադաշտում բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը:
Չնայած անսովոր ցուրտ եղանակին, հարյուրավոր ֆուտբոլասերներ եկել էին դիտելու բարձրագույն խմբում «Իմպուսի» առաջին հանդիպումը` հաղթանակի ռեալ ակնկալիքով: Սակայն, ցավոք, այս անգամ հաջողությունը չուղեկցեց մեր ֆուտբոլիստներին:
Հենց սկզբից խաղը դրամատիկ ընթացք ստացավ: Առաջին խաղակեսի 3-րդ րոպեին մեր լավագույն ռմբարկու Արման Մինասյանը չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը, որն իր որոշակի հոգեբանական ազդեցությունը թողեց խաղի ողջ ընթացքի վրա: Իսկ 11-րդ րոպեին «Ուլիսի» հարձակվող Արտյոմ Ադամյանը գրավեց «Իմպուսի» դարպասը: Առաջին խաղակեսի վերջին «Ուլիսին» հաջողվեց խփել ևս մեկ գնդակ:
Գոլի հեղինակը Գոգա Թբիաշվիլին էր: Վերջինս երկրորդ խաղակեսի սկզբում իր թիմի հաշվին գրանցեց ևս մեկ գոլ և այդպես, չնայած «Իմպուլսի» ձեռնարկած ակտիվ հակագրոհներին, խաղն ավարտվեց 3 : 0 հաշվով` հoգուտ «ՈՒլիսի»:
Հուսով ենք, որ մեր ֆուտոլասերներն առաջիկա խաղերում ականատեա կլինեն սիրված թիմի հաջողություններին:


2010-03-29
Ապահովել կայուն զարգացում
(01.01. 2010թ- 01. 04 2010. թ. ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանի
կատարած աշխատանքները)


Դիլիջան համայնքի 2010 թվականի բյուջեն նպատակաուղղվել է ապահովելու քաղաքի կայուն զարգացումը, ռեալ նախադրյալներ ստեղծելու սոցիալ- տնտեսական, հոգևոր- մշակութային և առողջարանային ոլորտների հետագա առաջընթացի համար:
Նշված ժամանակահատվածում տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ հավաքագրվել է 130923, 4 հազ. դրամի եկամուտ, որը հնարավորություն է տալիս ավելի իրատեսորեն կանխագծելու առաջիկա անելիքները:
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները: 1.01. – 01. 04. ընկած ժամանակահատվածում սոցիալապես անապահով 10 ընտանիքների տրվել է դրամական օգնություն: Նորածին երեխաների համար միանվագ դրամական օգնություն է տրվել 65 ընտանիքների:
Պահանջվող ուշադրություն է դարձվում քաղաքաշինական խնդիրներին, մշակութային օբյեկտների կառուցմանը, հիմնանորոգմանը, քաղաքապետարանի ենթակայության ենթակառույցների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը:
Ընթացքի մեջ է երկրագիտական թանգարանի նոր շենքի կառուցումը, իրականացվում են շենքի պահպանության, հրդեհի և տագնապի ահազանգման համակարգի ապահովման և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները:
Ապահովվել է թիվ 12 մանկապարտեզի գազամատակարարումը: Թիվ 11 և 12 մանկապարտեզների գույքը համալրվել է նոր մահճակալներով, մանկական սեղան- աթոռներ Շարունակվում են բազմաբնակարան շենքերի տանիքների և վերելակների վերանորգման աշխատանքները: Վերանորոգվել են բազմաբնակարան 2 շենքերի տանիքներ, հիմնանորոգվում է Կալինինի 241 շենքի վերելակը:
Անհրաժեշտ ուշադրություն է ցուցաբերվում քղաքի երիտասարդական կյանքն ակտրվացնելուն, երիտասարդական ներուժի համախմբմանը, ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանը: Քաղաքապետարանի միջոցներով կազմակերպվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի քաղաքային բաց առաջնություն:
Զգալի աշխատանքներ են իրականացվել աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման, այն առողջարանային քաղաքին վայել կազմակերպելու ուղղությամբ:

2010-03-24
«Փյունիկ» - «Իմպուլս»` 1:0
Երեկ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին խաղում բարձրագույն խմբի նորեկ Դիլիջանի «Իմպուլսը» հյուրընկալվեց Երևանի «Փյունիկի» կողմից: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով «Փյունիկի» հաղթանակով: Միակ գոլը 59-րդ րոպեին խփեց Մարկոսը:
«Մենք սպասում էինք, որ լարված խաղ կլինի: Գավաթում թույլ մրցակիցներ չեն լինում: Առաջին հանդիպման համար ես գոհ եմ թիմի խաղից, միայն վերջին 20 րոպեներին զգացնել տվեց հոգնածությունը: «Իմպուլսը» լավ տպավորություն թողեց: Ուրախալի է, որ մեր ֆուտբոլում նման նոր թիմ է հայտնվել: Համոզված եմ, որ «Իմպուլսը» լուրջ մրցակից կլինի բոլորի համար», - խաղից հետո հայտարարեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Իմպուլսի» մարզիչ Ստեփան Բաղդասարյանն ասաց, որ թիմն ավելի լավ կարող էր խաղալ, բայց զգացնել տվեց մեկնարկային լարվածությունը. «Արամ Հակոբյանի վնասվածքից հետո մեր գրոհների թափը մի փոքր թուլացավ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն, որ սա մեր առաջին լուրջ հանդիպումն էր, իսկ մրցակիցն էլ հանրապետության ուժեղագույն թիմը, մենք գոհ ենք տղաների խաղից: Կաշխատենք պատասխան խաղում ցույց տալ մեր ողջ ներուժը, համենայնդեպս, թիմերի հաջորդ փուլ մտնելու շանսերը հավասար եմ գնահատում»:
Ավելացնենք, որ հանդիպումը դիտելու համար Դիլիջանից մեկնել էին բազմաթիվ ֆուտբոլասերներ:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին Դիլիջանի քաղաքային մարզադաշտում:


2010-03-04
Քաղաքապետ Ա. Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ
Գարնան գալու և բնության զարթոնքի հետ մեկտեղ, առաջին տոնը, որը մենք նշում ենք, նվիրված է Ձեզ՝ սիրելի կանայք, մայրեր և քույրեր։
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ։ Ի սրտե ցանկանում եմ անսահման սեր և երջանկություն, ընտանեկան ջերմություն ու խաղաղություն։
Մարտի 8-ը մեզ համար գեղեցկության, հիացմունքի ու մեծարանքի օր է։ Մենք հպարտանում ենք Ձեզնով, քանի որ Դուք եք, որ պարգևում եք մեզ սիրո քաղցրություն, երեխայի բերկրանք ու մայրական հոգատարություն։ Ձեր անսահման սիրո, նվիրվածության և խորիմաստության շնորհիվ է, որ ամուր է հայ ընտանիքը, հաստատուն է հայոց օջախի ծուխը։
Լինելով ընտանեկան օջախի և հայրենիքի պաշտպան, դուք կրթում ու դաստիարակում եք սերունդներին, ակտիվորեն մասնակցում մեր անկախ պետականության կերտման գործին, ուժ ու եռանդ եք հաղորդում մեզ, ոգեշնչում եւ մղում նոր ձեռնարկումների:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և ցանկանում, որ միշտ լինեք առողջ ու գեղեցիկ, ապրեք լիության ու բարօրության մեջ` շրջապատված անհուն սիրով ու հոգատարությամբ:

2010-03-04
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ Դիլիջանի մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը
Մարտի 5-ին ժամը 11.00-ին տեղի կունենա Ամերիաբանկի Դիլիջանի մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա կլինեն ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ-գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը և այլ պաշտոնատար հյուրեր:


2010-02-15
Հանրային լսումներ. «Դիլիջան» տարածաշրջանային ֆինանսաբանկային համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը
Շրջակա միջավայրի վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցության կանխարգելման, միջավայրի կայունության պահպանման համար զգալի նշանակություն ունի նախատեսված գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության ճշգրիտ և ամբողջական գնահատումը: Գործունեության բնապահպանական գնահատումը ներառում է ուղղակի և անուղղակի ազդեցության կանխորոշումը, նկարագրությունը և այն հիմք է դառնում այդ ազդեցությունների կանխման ու նվազեցման միջոցառումներ մշակելու համար: Սա նաև օրենքի պահանջ է, որն ամրագրված է ՀՀ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում», որի համաձայն բոլոր այն նախատեսվող գործունեության տեսակները, որոնք ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա, պարտադիր կարգով ենթակա են բնապահպանական փորձաքննության: Փետրվարի 12-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում կազմակերպվեց ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջան տարածաշրջանային ֆինանսաբանկային համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հարցերի վերաբերյալ հանրային լսումներ: Համալիրը կառուցվում է քաղաքի բարձրադիր գեղատեսիլ վայրում (կառուցման ժամկետը` 49 ամիս): Հրավիրված էին վերոհիշյալ կառույցի շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Ա. Խալաֆյանը, պետական կառույցների, քաղաքապետարանի համապատասխան բաժինների, հասարակական կազմակերպությունների, տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, բնակիչներ: Գնահատումը իրականացվել է «Էկո թիմ» ՍՊԸ-ի կողմից: Ներկայացվեց շինարարության գործունեության նպատակը, տարածքի երկրաբանական կառուցվածքը, մթնոլորտի վրա ազդեցությունը շինարակական աշխատանքների ժամանակ, փոշու և դիզվառելիքի հետ կապված արտանետումների, ինչպես նաև շրջակա կենսաբազմազանության վրա ներազդման ուսումնասիրությունները: Հարցեր ուղղվեցին նաև համալիրի շինարարության ընթացքը վերահսկող ներկայացուցչին: Նա նշեց, որ բոլոր աշխատանքներն ընթանում են պահպանելով շրջակա միջավայրի վրա ազսդոեղցության սահմանված նորմերը և վերահսկվում է ցանկացած գործողություն, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա: Քանի որ այն վարչական համալիր է, հետևաբար վնասակար արտանետումների վտանգ չկա: Ա.Խալաֆյանը հավաստիացրեց, որ շինարարության ողջ ժամանակահատվածում չեն թույլ տրվի բացթողումներ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը բացաելու և ամեն գործունեություն կիրականացվի օրենքի շրջանականերում: Մասնակիցները նշեցին, որ մեծածավալ ու ցանկացած շինարարություն իրականացնելու համար հանրային լսումները կարևոր են, քանի որ լսելի է դառնում բնակչի կարծիքը և շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցության հնարավոր հետևանքները կարող են հասցվել նվազագույնի:
Հավելենք, որ տնտեսական շահը ևս առաջնահերթ է և չպետք է այն գերակա համարվի բնական միջավայրի հավասարակշռության պահպանման շահերից: Այնուամենայնիվ, Դիլիջանի ֆինանսաբանկային համալիրի կառուցումը զգալի տեղ է զբաղեցնում քաղաքի` տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու գործընթացում և այն թույլ կտա իրականացնել մեծածավալ ներդրումային և ֆինանսատնտեսական գործունեություն:

2010-02-15
Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հարցազրույցը «Տեսանկյուն» թերթին
Դիլիջանում վերջին տարիներին դրական փոփոխությունները տեսանելի են, քաղաքը կառուցապատվում է: Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նշելով առողջարանային քաղաքի առաջընթացը` չի թաքցնում հիմնախնդիրները, նշելով նաեւ դրանց լուծման գործում իշխանությունների աջակցությունը:


- Պարոն քաղաքապետ, որքա՞ն էր Դիլիջան քաղաքի 2009-ի բյուջեն:

- 2009 եւ 2010 թվականների բյուջեն հիմնականում նույնն է` շուրջ 600 միլիոն դրամ,որից վարչական բյուջեն` 295 միլիոն դրամ: Անցյալ տարվա բյուջեն կատարվեց գրեթե ամբողջությամբ` 99.8 տոկոսով: Անցյալ տարի համայնքի բյուջեի մեջ պետական լրավճարը 130 միլիոն դրամ էր, իսկ այս տարի այն նախատեսվում է 150 միլիոն դրամի չափով: Պետբյուջեից լրավճարի աճ է եղել, այս առթիվ շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը:

- Քաղաքապետարանում եւ դրա ենթակայության ներքո քանի՞ աշխատող ունեք, որքա՞ն է աշխատավարձի ֆոնդը:

- Քաղաքապետարանում 41 աշխատող կա, ունենք գեղավեստի եւ երաժշտական դպրոցներ, 6 մանկապարտեզ, մշակույթի պալատ, գրադարան, թանգարան, մարզադպրոց, քաղաքային զբոսայգի: Մշակույթի ոլորտում առկա է 102 աշխատող, 105 մարդ է աշխատում կրթության բնագավառում` մանկապարտեզներում : 2010թ. քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գտնվող հիմնարկությունների աշխատավարձի ընդհանուր ֆոնդը 165 միլիոն 232 հազար դրամ է:

- Այս տարվա բյուջեով, քաղաքում ի՞նչ ծրագրեր են իրականացնելու:

- Նախատեսվում է ավարտել Դիլիջանի երկրագիտական թանգարանի եւ պատկերասրահի եռահարկ շենքի շինարարությունը: Այն ամբողջովին կառուցվում է համայնքի միջոցներով: Նախատեսվում է կառույցը գործարկել ընթացիկ տարվա մայիսի վերջին: Շինարարությունը սկսվել է 2008թ.-ին: Այս տարի համայնքի բյուջեից կհատկացվի 11 միլիոն դրամ` հիմնականում կառույցի արտաքին հարդարման համար: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 230 միլիոն դրամ: Համայնքի բյուջեի մնացած միջոցները կուղղվեն քաղաքի ավտոճանապարհների հիմնանորոգմանը, Սայաթ- Նովա փողոցն ամբողջությամբ կասֆալտապատվի, զբոսաշրջության զարգացման նպատակով կբարելավվեն քաղաքի ենթակառուցվածքները: Դիլիջանը ֆինանսական կենտրոն դառնալու հետ կապված մեծ շինարարություն է սկսվել: 2008թ. կառավարության որոշմամբ Դիլիջանի նախկին հիվանդանոցի շենքը հատկացվեց ՀՀ կենտրոնական բանկին: Այժմ մեծ թափով ընթանում է կենտրոնական բանկի նոր շենքի շինարարությունը: Ֆինանսական այդ կառույցի շինարարությունում կընդգրկվի 220 աշխատող:

- Քաղաքում ուրիշ ի՞նչ շինարարություններ են ընթանում:

- «Ամերիա» բանկի հետ համատեղ, «2020» ծրագրի շրջանակներում, «Տրոյկա դիալոգ» ընկերության կողմից (ղեկավար` հայտնի գործարար Ռուբեն Վարդանյան) 550 երեխայի համար կառուցվում է անգլիական դպրոց` Թայլանդի թագավորական դպրոցի նման: Սա մեծ ծրագիր է, կարելի է ասել, որ քաղաքի մեջ քաղաք կկառուցվի` բոլոր հարմարություններով: Հավելեմ, որ Դիլիջանում մասնավոր սեկտորը աշխույժ շինարարություն է իրականացնում` հյուրանոցներ, հանգստյան տներ, առողջարաններ:

- Դիլիջանում որքա՞ն է հողի կադաստրային արժեքը:

- Այստեղ հողի կադաստրային 2 արժեք է գործում ` քառակուսի մետրը 1300 եւ 2000 դրամ:

- Սողանքի վնասների մասին...


________________________________________


- Դիլիջան քաղաքի ամենամեծ հիմնախնդիրը սողանքն է: Համայնքը իր ֆինանսական հնարավորություններով չի կարող լուծել այս խնդիրը: «Ռոտոնդո» թաղամասը բլրի վրա է, այն ամբողջությամբ գտնվում է սողանքային գոտում: Քաղաքի տարբեր հատվածներում կան սողանքային գոտիներ, սակայն սա առավել ակտիվ, վտանգավոր տարածքն է:Դիմել ենք կառավարություն, հույս ունենք, որ այս հարցում կօժանդակի:

- Խորհդային շրջանում, Նիկոլայ Կոսիգինի վարչապետության շրջանում 11 միլիոն ռուբլով հակասողանքային թունելներ են կառուցվել, որոնք այդպես էլ չեն գործարկվել: Դրանք հիմա կարո՞ղ են օգտագործվել:

-Մեծ թունելներ են, որոնց շինարարությունը խորհրդային շրջանում այդպես էլ չավարտվեց, դրանք շահագործման չհանձնվեցին: Դրենաժային այդ 3 թունելների ընդհանուր երկարությունը 1700 մ է: 2008թ. կառավարությունը հանձնաժողով ստեղծեց, ուսումնասիրություներ կատարվեցին: Մեծ հանձնախումբ էր ստեղծվել, որի մեջ ընդգրկվել էին քաղաքաշինության նախարարության, «Արփա-Սեւան» ընկերության ներկայացուցիչները, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, Դիլիջանի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի աշխատակիցները, քաղաքի ճարտարապետը: Բայց գործը կիսատ մնաց: 2009 թվականին, կապված ֆինանսական ճգնաժամի հետ, սույն նպատակով գումարներ չհատկացվեցին: Այդ թունելները միմյանց միացված չեն: Մնում է մասնագետների կողմից որոշակի ուսումնասիրություն, դրենաժները գործարկելու համար ներդրում կատարել, եւ այն քաղաքի համար կարող է փրկություն լինել:

- Առողջարանային քաղաքում խմելու ջրի խնդիրն ինչպե՞ս է լուծվում:

-2008-2009թթ. քաղաքում փոխվել է խմելու ջրագծի շուրջ 30 կմ ներքին ցանց: Ներկայումս Դիլիջանը, բացի Շամախյան թաղամասից, կարելի է ասել, շուրջօրյա ջուր է ստանում: Ջրի որակը նորմալ է : Սակայն քաղաքը սնուցվում մակերեսային ջրերից, անձրեւներից հետո ջրի որակն ընկնում է: Գործում են մաքրման 2 կայաններ, պարզապես դրանց կարողությունները ողջ քաղաքին մաքուր ջուր ապահովելու համար չեն բավարարում: Հնարավոր է` հետագայում մեծացվի խմելու ջրի մաքրման կայանների քանակը:

- 2009-ի ամռանը, կապված տնտեսական ճգնաժամի եւ անկայուն եղանակի հետ, Դիլիջան տուրիստների մեծ հոսք չեղավ: Ի՞նչ է սպասվում այս տարի:

- Չգիտեմ` այս տարի ֆինանսական ճգնաժամը կամ եղանակն ինչպես կազդի: Նշեմ միայն, որ ամանորին Դիլիջանի հանգստյան տներում, առողջարաններում, մասնավոր կացարաններում ազատ սենյակ չկար: Բայց 2009-ի ամռանը, 2008-ի համեմատ, զբոսաշրջիկների հոսքը 20 տոկոսով պակաս էր: Քաղաքում հանգստյան սենյակների գները տարբեր են` կախված հարմարություններից, միջինը օրական 7-8 հազար դրամ ` ներառյալ նախաճաշը:

Քաղաքապետի զրուցից հետո շրջելով Դիլիջանում` ականատես եղա շինարարության, նաեւ «Ռոտոնդո» թաղամասում սպառնալից չափերի հասած սողանքի: Նորովի կառուցված Մատինովի աղբյուրի պատը սողանքից երկու տեղում ճեղք է տվել, քանդվել է ուղեւորների սպասասրահը: Սողանքից քանդված ճանապարհի հենապատի դիմաց հայկական ավանդական ոճով գրախանութ է : «Արտբրիջ» ընկերության գրախանութի երիտասարդ վաճառողուհի Սանամ Քոչարյանը նկարչական գեղեցիկ ալբոմների, Դիլիջանի մասին պատկերազարդ գրքերի հետ երաժշտական սկավառակներ եւ մագնիս-կախիչներ է վաճառում` յուրաքանչյուրը 2500 դրամով: Հիմնական գնորդները արտասահմանցի զբոսաշրջիկներն են: Ամռան գալով, առողջարանային քաղաքի աշխուժացման հետ, գրախանութում վաճառքը կաճի:

Ոսկան Սարգսյան


2010-02-02
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի այցը Տավուշի մարզ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել էր Տավուշի մարզ` ծանոթանալու տեղի կրթական հիմնախնդիրներին: Համաձայն օրակարգի` նախարարի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Տավուշի մարզպետարանում. խորհրդակցությանը մասնակցում էին մարզի ղեկավարությունը, ինչպես նաև հանրակրթական ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ:

Բացելով խորհրդակցությունը` նախարարը նշեց, որ, համաձայն կրթական վիճակագրության, Տավուշի մարզի հիմնական ցուցանիշները միջին հանրապետական ցուցանիշից բարձր են, իսկ մարզային ցուցանիշներից` առավել ևս: Նախարարն անդրադարձավ նախադպրոցական կրթության, դպրոցաշինության, մանկավարժական կադրերի ապահովման, սահմանամերձ դպրոցների խնդիրներին: Նախարարը ներկաներին տեղեկացրեց նաև, որ այս տարի կգործի տնօրենների հավաստագրման կարգը. «Մեր կրթական համակարգի թիվ մեկ խնդիրներից մեկը կառավարման որակն է, և տնօրենների հավաստագրման կարգն այն գործիքն է, որը թույլ կտա նախարարությանը հսկողության տակ պահել հանրակրթական համակարգի կառավարման գործընթացը` ապահովելով հավակնորդների համար նվազագույն չափորոշիչների համապատասխանություն»,-նշեց նախարարը և հավելեց, որ վերապատրաստման կարգը ներառելու է համապատասխան մոդուլային ծրագիր, որի հիմնական ուղղություններն են` տնտեսաիրավական գիտելիքներ, կառավարչական հմտություններ և մանավարժահոգեբանական պատրաստավածություն: Նախարարը ներկաներին տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ընդլայնվելու է նաև դպրոցների` համակարգիչներով ապահովման ծրագիրը. այս տարի ԿՏԱԿ-ր նախատեսում է ևս 300 դպրոց միացնել համակարգչային ընդհանուր ցանցին` դրանց թիվը հասցնելով 900-ի: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև մարզի նախնական և միջին, ինչպես նաև բարձրագույն մասնագիտական կրթության, մասնավորապես, մասնավոր բուհերի լիցենզիաների տրամադրման պայմանների խստացման և կրթության որակի ապահովման խնդիրներին:
Նախարարի հաջորդ հանդիպումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների, ծնողների և դասախոսների հետ էր: Նախարարը ներկայացրեց բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը և պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին շրջանավարտների ապագա աշխատատեղերին, մագիստրոսական կրթությանը, ուսխորհուրդների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Հանդիպման ավարտին նախարարը ՀՀ Նախագահի կողմից սահմանված Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Մոնթե Մելքոնյանի անվանական կրթաթոշակներ հանձնեց բուհի լավագույն ուսանողներին:
Այցի շրջանակում նախարարը հանդիպումներ ունեցավ Իջևանի պետական քոլեջի և թիվ 1 միջնակարգ դպրոցի, ինչպես նաև Դիլիջանի ավագ և ներառական կրթություն իրականացնող թիվ 2 դպրոցների մանկավարժական կոլեկտիվների հետ:

2010-01-26
Սոչիում ամրագրվել է ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններում
Սոչիում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական և այս տարվա առաջին եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։ Հանդիպման երկրորդ մասին մասնակցել են նաև երեք երկրների արտգործնախարարները։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Սոչիի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2010թ. առաջին շփումն է և չորրորդը նման ձևաչափով` Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ։

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Այնուհետև Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպումը շարունակվել է ոչ ֆորմալ միջավայրում. երեք նախագահները միասին ճաշել են։

Ըստ բանակցություններին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյայի` քննարկված պրիամբուլայում ամրագրվել է բանակցությունների հետագա փուլում ԼՂՀ մասնակցության հրամայականը, ինչպես նաև ազգերի ինքնորոշման իրավունքի առաջնահերթությունը հակամարտության կարգավորման գործում:

Սոչիում նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի և Ռոբերտ Բրադտկեի հետ։
Այսօր ուշ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը կվերադառնա Երևան։

2009-12-29
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Նոր տարվա առթիվ
Հարգելի համաքաղաքացիներ.
Քաղաքապետարանի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդի առթիվ, երջանկություն և հաջողություններ եմ մաղթում ձեր ընտանիքներին:

Չնայած 2009 թվականին ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով մեր աշխատանքների ծավալները նույնպես նվազեցին, այնուամենայնիվ ձեզ հետ համատեղ, դիմակայելով դժվարություններին ռեալ նախադրյալներ ստեղծեցինք 2010 թվականին տնտեսական կայունություն ապահովելու համար: Ձեր աչքի առաջ կառուցվել և կառուցվում են քաղաքի բարձր համբավին վայել բարձրակարգ կառույցներ: Դիլիջանը կերպարանափոխվում է, նորովի ներկայանալով հազարավոր զբոսաշրջիկների և հանգստացողների:
Գործողության մեջ է Դիլիջանը տարածաշրջանային կենտրոն դարձնելու կառավարության ծրագիրը, ակտիվացել է կենտրոնական բանկի կառուցման և հանրապետությունում գործող բանկերի մասնաճյուղերի ստեղծման գործընթացը:
Վստահ եմ, որ 2010 թվականը լինելու է մեր քաղաքի համար հաջողությունների տարի: Ամրապնդելով ձեռք բերած հաջողությունները` մեր արժանի ներդրումը կունենանք հայրենիքի և հարազատ քաղաքի զարգացման ու շենացման գործում:

2009-12-21
01.10.2009 – 22.12.2009թ. ընկած ժամանկահատվածում քաղաքապետարանի կատարած աշխատանքների մասին
Դիլիջանի քաղաքապետարանը նշված ժամանակահատվածում ռեալ նախադրյալներ է ստեղծել սոցիալ-տնտեսական, հոգևոր մշակութային և առողջարանային ոլորտների հետագա առաջընթացի համար: Նշված ժամանակահատվածում տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ հավաքագրվել է 56000.0 հազ.դրամի եկամուտ, որը հնարավորություն է տալիս ավելի իրատեսորեն կանխագծել առաջիկա անելիքները:
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները: 01.10.2009-22.12.2009թթ. ընկած ժամանակահատվածում 15 անապահով ընտանիքների տրվել է դրամական օգնություն:
Յուրաքանչյուր նորածին երեխայի ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն (1035.0հազ.դրամ):
Քաղաքի համայնքային ենթակայության մանկապարտեզներ հաճախող թվով 500 երեխաների համար ձեռք է բերվել ամանորյա նվերներ:
Ընթացքի մեջ է երկրագիտական թանգարանի նոր կառուցվող շենքի ջեռուցման լոկալ համակարգի կառուցման աշխատանքները: Շարունակվում է կենտրոնական գրադարանի հիմնանորոգումը:
Ավարտվեց լճափից մինչև հրապարակ ընկած տարածքի ճարտարապետական ձևավորում, մայթերի դեկորատիվ պարապետի կառուցում «Առյուծների աստիճանների» և նրան հարակից այգու վերակառուցման աշխատանքների ծրագիրը, որը իրականացվեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ, որում նշանակալի է քաղաքի ներդրումը:
ՎՀԱ-ի ծրագրի շրջանակներում և համայնքի ներդրմամբ իրականացվեց քաղաքային զբոսայգու ցանկապատման աշխատանքներ:
Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում իր ենթակայության ենթակառույցների նյութատեխնիակական բազայի ամրապնդման ուղղությամբ: Ակտիվ աջակցություն է ցուցաբերում կրթօջախների վերանորոգման աշխատանքներին: Թիվ 1 մանկապարտեզում իրականացվել է գազաֆիկացման և ջեռուցման լոկալ համակարգի կառուցման աշխատանքներ: Թիվ 10 մանկապարտեզում կատարվել է տանիքի ջրահեռացման խողովակների վերանորոգման աշխատանքներ:
Կատարվել է քաղաքային նշանակության ճանապարհների փոսային նորոգում և ասֆալտապատում: Ավարտվել է Շամախյան 4-րդ նրբ. 1կմ 16մ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, որը իրականացվել է ԻՖԱԴ-ի ծրագրի հետ համատեղ:
Վերանորոգվել են Օրջոնիկիձե 69, 65, Գայի 78, Կալինինի 243, Շամախյան 2Ա բազմաբնակարան շենքերի տանիքները և Գետափնյա 10 բազմաբնակարան շենքը սնուցող ջրագիծն ու կոյուղին: Համայնքների միության հետ համատեղ իրականացվում է Մյասնիկյան փողոցի վերջնահատվածի կոյուղագծերի վերանորոգում:
Զգալի աշխատանքներ են իրակնացվել աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման ուղղությամբ:


2009-12-16
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ
Դեկտեմբերի 15-ին գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի ունեցավ կոնֆերանս` «Տեղեկատվական հանակարգերի ներդրման գործընթացը և հեռանկարները տեղական ինքնակառավարման մարմիններում»թեմայով:
Կոնֆերանսը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության և «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից:
Կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման, արդարադատության և ֆինանսների նախարարությունների աշխատակիցներ, ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովի փորձագետներ, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, համայնքային ծառայողներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության, ՀՀ վիճակագրական ծառայության աշխատակիցներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ:
Կոնֆերանսի հիմնական նպատակն էր ներկայացնել վերջին 3 տարիների ընթացքում տեղական ինքնակառավարման համակարգի տեղեկատվայնացման ոլորտում ՀՀ պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերի արդյունքները, բացահայտել խնդիրները և նախանշել տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման հեռանկարները:
Դիլիջանի քաղաքապետարանից կոնֆերանսին մասնակցում էին քաղաքապետ Ա.Սանթրոսյանը, մասնագետներ Գ.Դավթյանը, Լ.Մանթաշյանը, Ս.Եգանյանը:
«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության պատվոգրերով պարգևատրվեցին էին քաղաքապետ Ա. Սանթրոսյանը, Գ. Դավթյանը, Լ. Մանթաշյանը, Ս. Եգանյանը, Լ. Սաղաթելյանը, Ս. Մարկոսյանը:

2009-11-19
Հանգանակություններ «Դիլիջանի եկեղեցի» հիմնադրամին
Ընդառաջ գնալով «Դիլիջանի եկեղեցի հիմնադրամի» նպատակների իրականացմանը, իրենց հանգանակություններն են կատարել Տեր Վիգենը սփյուռքից` 300 ամերիկյան դոլար, Դիլիջանի համայնքի ղեկավարի աշխատակազմը` 383000 դրամ, Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզի կոլեկտիվը` 6000 դրամ:

Անհատները և կազմակերպությունները կարող են փոխանցել ցանկացած չափի գումար` հայկական դրամ կամ ամերիկյան դոլար, քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող եկեղեցու կառուցման գործում:

2009-11-13
Հանրային քննարկում համայնքային 2010 թ. –ի բյուջեի նախագծի վերաբերյալ
Նոյեմբերի 11-ին Օրհուս կենտրոնում կայացավ հանրային քննարկում Դիլիջան համայնքի 2010 թ. բյուջեի նախագծի շուրջ: Նպատակն էր ապահովել հանրության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը և քննարկման արդյունքում ձևակերպված առաջարկությունները հնարավորության սահմաններում ներառել բյուջեի նախագծում: Հանդիպմանը հրավիրվել էին փոխքաղաքապետ Ա.Մակարյանը և քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Գ.Դավթյանը: Մասնակցում էին բնակիչներ, ՀԿ-երի ներկայացուցիչներ, մանկավարժներ, համայնքի ակտիվ երիտասարդական խմբերի անդամներ: Գ.Դավթյանը ներկայացրեց տեղական բյուջեի հավաքագրման աղբյուրները, հարկատեսակները, այլ մուտքերը, եկամուտների ու ծախսերի ծավալները: Տիկին Դավթյանը մատնանշեց կրթության, մշակույթի ոլորտների, համայնքի սանիտարական մաքրման, շրջակա միջավայրի ու տարաբնույթ միջոցառումների կազմակերպման համար բյուջեից հատկացվող ծախսերը և հավելեց, որ այդ գումարները բյուջե ներմուծվող տեղական հարկերի ու տուրքերի արդյունքն են: Նա կարևորեց բնակիչների կողմից հարկային պարտավորություններին պատասխանատվությամբ վերաբերվելու հանգամանքը, քանզի համայնքային շատ խնդիրներ լուծվում են տեղական հարկերի ու այլ վճարների շնորհիվ: Կապված ֆինանսա-տնտեսական համընդհանուր ճգնաժամի հետ, այս գալիք տարվա բյուջեն ևս կունենա ֆինանսական դժվարություններ, սակայն սկսված ձեռնարկումները անավարտ չեն մնա: Լիովին կֆինանսավորվեն սանմաքրման, աղբահանման, լուավորման, ասֆալտապատման, կանաչապատման աշխատանքները, որը պայմանավորված է քաղաքը տուրիզմի և ֆինանսական կենտրոն դարձնելու հանգամանքով: Նախատեսվում են նաև բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, որոշ փողոցների ու նրբանցքների լուսավորության ապահովման աշխատանքների կազմակերպման բյուջետային հատկացումներ: Փոխքաղաքապետ Ա.Մակարյանը շեշտեց, որ յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակցի, որ ժամանակին կատարելով հարկային պարտավորություններ, կարողանում ենք հաղթահարել համայնքի մտահոգ խնդիրները: Մասնակիցները հնչեցրին հարցեր, որոնցից կարելի է առանձնացնել նոր աղբավայրերի, շինարակական աղբի համար առանձին վայրերի ստեղծման, թաղամասերում մանր աղբամաննների ու նստարանների տեղադրման, երիտասարդական որոշ միջոցառումների ու ՙԵրիտասարդ Դիլիջան՚ թերթի համաֆինանսավորման, աստիճանների վերանորոգման աշխատանքները շարունակելու խնդիրները: Տիկին Դավթյանը հավաստիացրեց, որ առաջարկները կներառվեն բյուջեի նախագծում և կներկայացվի ավագանու քննարկմանը, որոնք հավանության արժանանալուց հետո կիրագործվեն: Պարոն Մակարյանը ավելացրեց, որ բնակչությունը պետք է արժանվույն մասնակցի նման քննարկումներին և տեղական ինքնակառավարմանը: ՙՄեր գործունեությունը բաց է, ապահովում ենք թափանցիկություն, ցանկացած առաջարկի և խորհրդի պատրաստ ենք լսելու ու աջակցելու: Դա է մեր գործունեության առանցքը: Անհրաժեշտ է կամք, որպեսզի երկխոսության միջոցով զարգացնենք մեր համայնքը՚, ասաց պարոն Մակարյանը: Ծավալված արդյունավետ քննարկումից հետո կենտրոնի համակարգողը շնորհակալություն հայտնեց ՏԻՄ ներկայացուցիչներին և մասնակիցներին, կարևորելով այս հանդիպման կայացումը` որպես հասարակության ակտիվության նախապայման: Նշեց նաև, որ համայնքային իշխանությունները մշտապես աջակցում են համայնքին վերաբերող խնդիրների լուծմանը, քանի որ իրենց գործունեության հիմքում ընկած է թափանցիկության սկզբունքը: Պարոն Մակարյանը և տիկին Դավթյանը ևս շնորհակալություն հայտնեցին քննարկումը նախաձեռնելու համար և ավելացրին, որ նման հանդիպումները իրապես նպաստում են քաղաքացիական պատասխանատվության ձևավորմանը և համայնք-հասարակություն կայուն հարաբերության ամրապնդմանը:

2009-11-02
Վարչական պատասխանատվությունը արտադրության և սպառման թափոնները բնական միջավայրում այրելու դեպքում
ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդված 85.1-ը, որը կարգավորում է շրջակա միջավայրի պահպանության առնչությամբ որոշակի հարցեր, այս տարի լրացվել է նոր իրավական դրույթներով: Մասնավորապես այդ հոդվածում լրացվել է հետևյալ բովանդակությունը.

Հոդված.58.1. Արտադրության և սպառման թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում այրելը.

Արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում այրելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձնանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:

Օրենսգրքում այս լրացումը, հատկապես կապված տերևաթափի թափոնների անվտանգ հեռացման հետ, նորություն է և իհարկե միտված է մարդկանց առողջության համար առողջ միջավայրի պահպանմանը: Սակայն ամեն օր մենք ականատես ենք լինում մանավանդ աշնանային շրջանում, թե ինչպես է բնակելի, մասնավոր և կրթական կառույցների շրջակայքում այրվում հավաքված տերևները: Այս չկարգավորվող պրակտիկան կիրառում են բոլորը` սկսած երեխաներից: Նշենք, որ չորացած տերևի այրումից մթնոլորտ է արտանետվում նրանում առկա բոլոր քիմիական միացությունները, որոնք թթվածնի հետ այրման դեպքում առաջացնում են դիոքսին: Այն մարդու առողջության համար որոշակի վտանգ է ներկայացնում: Նույնը կարելի է շեշտել կենցաղային թափոնների ոչ նախատեսված վայրերում այրելու դեպքում: Փաստորեն, մենք չենք գիտակցում, որ այս ամենը բացասաբար է անդրադառնում մեր առողջության վրա: Կարծում ենք, որ այրելով թափոնները մաքրում ենք շրջակայքը, իսկ արդյունքը լրիվ հակառակն է: Ժամանակն է, որ օրենսդրական այս նորմերը դրվեն կիրառության մեջ, ձևավորենք իրավական մշակույթ և կասկածի տակ չդնենք մեր առողջությունը: Ակնհայտ ճշմարտություն է, որ բնական միջավայրին առնչվող օրենքներին չհետևելը դարձել է սովորական իրականություն: Հստակ մեխանիզմ է, երբ իրավախախտման դեպքում կիրառվում է տուգանք: Բայց կարելի է խուսափել դրանից, եթե որոշակիորեն տիրապետող լինի իրավական մշակույթը, հարգանքը օրենքի հանդեպ:
Համոզված ենք, որ մեր համաքաղաքացիները և արտադրական ու բնական թափոնների տեղափոխմամբ զբաղվող կազմակերպությունները, և բոլորս միասին կհետևենք օրենքի պահանջներին, որը կապահովի մեր քաղաքի մաքուր միջավայրի պահպանումը և թունավոր արտանետումների կանխարգելումը:

Արարատ Ալիխանյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող

2009-10-02
Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
Հարգելի ուսուցիչներ.
Մեր ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ սեր ու պատկառանք է ունեցել ձեր նկատմամբ, գնահատել է սերունդներ կրթելու եւ դաստիարակելու ձեր հայրենանվեր գործը: Թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքի վաղվա քաղաքացին` մեծապես կախված է ձեզանից: ՈՒ դուք ձեր աշխատանքը կատարում եք պատասխանատվության զգացումով, բանիմացորեն: Գնահատելի է, որ հաջողվեց նոր ուսումնական տարում ներդնել ավագ դպրոցի համակարգը և վստահ եմ, որ կրթական նոր համակարգի հաջորդ փուլերը ևս ձեր մասնագիտական բարձր պատրաստվածության և աշխատանքին նվիրվածության շնորհիվ հաջողությամբ կիրականացվեն, ռեալ նախադրյալներ ստեղծելով մեր երեխաների կրթության որակի բարձրացմանը և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը:
Ձեր լավ աշխատանքի շնորհիվ է նաև, որ մեր դպրոցականները մասնակցելով հանրապետական և այլ մակարդակների կրթա-մշակութային միջոցառումներին, գրավում են պատվավոր տեղեր` բարձր պահելով հարազատ քաղաքի պատիվը:
Քաղաքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում քաջ առողջություն, անձնական երջանկություն եւ երկար տարիների բեղմնավոր աշխատանք:


2009-09-30
01.07.2009թ. – 01.10.2009թ. ընկած ժամանակահատվածում
Դիլիջանի քաղաքապետարանը նշված ժամանակահատվածում ռեալ նախադրյալներ է ստեղծել սոցիալ-տնտեսական, հոգևոր մշակութային և առողջարանային ոլորտների հետագա առաջընթացի համար: Նշված ժամանակահատվածում տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ հավաքագրվել է 60000.0 հազ. դրամի եկամուտ, որը հնարավորություն է տալիս ավելի իրատեսորեն կանխագծելու առաջիկա անելիքները:
Անհրաժեշտ ուշադրություն է դարձվել քաղաքի բարեկարգմանը, շարունակվել են կապիտալ և վերականգնողական շինարարական աշխատանքները: Ընթացքի մեջ է երկրագիտական թանգարանի նոր շենքի կառուցումը: Թիվ 1 մանկապարտեզում իրականացվել է շենքի տանիքի և սան.հանգույցի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ և ջրագծեր:
Կատարվել են քաղաքային նշանակության ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ: ԻՖԱԴ ծրագրի հետ համատեղ իրականացվում է Շամախյան 4-րդ նրբանցքի 1 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Նշված, ինչպես նաև ճարտարապետական ձևավորման հետ կապված աշխատանքների իրականացման համար 3-րդ եռամսյակում քաղաքապետարանի կողմից հատկացվել է շուրջ 74 մլն դրամ:
Զգալի աշխատանքներ են իրականացվել աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման, այն առողջարանային քաղաքին վայել կազմակերպելու ուղղությամբ:
Շարունակվում են գետի հունի մաքրման աշխատանքները: Ընթացքի մեջ են «Առյուծների աստիճանների» և նրա հանդիպակած մայթի հենապատի վերականգնման աշխատանքները: Շարունակվում է կենտրոնական գրադարանի հիմնանորոգումը: Եկեղեցու կառուցմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է «Դիլիջանի եկեղեցի» հիմնադրամը: Արդեն կատարվում են առաջին նվիրատվությունները:
Քաղաքապետարանի կողմից ակտիվ աջակցություն է ցուցաբերվում կրթօջախների վերանորոգման աշխատանքներին: Քաղաքի հանրակրթական դպրոցներում կատարվել են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Օգոստոսին շահագործման հանձնվեց թիվ 4 դպրոցի նոր մասնաշենքը, որի շնորհիվ դպրոցը ստացավ իր նախկին ավարտուն տեսքը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթական բարեփոխումների խնդիրներին: Ակտիվ աջակցություն է ցուցաբերվել ավագ դպրոցի կայացմանը:

Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները: 01.07.2009թ.-01.10.2009թ. ընկած ժամանակահատվածում 35 անապահով ընտանիքների տրվել է դրամական օգնություն:
Նյութական օգնություն է ցուցաբերվում նաև սոցիալապես անապահով ընտանիքների ԲՈՒՀ-երում սովորող երեխաներին:
Յուրաքանչյուր նորածին երեխայի համար ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն: Երրորդ եռամսյակում այդ նպատակով տրվել է 640, 0 հազար դրամ:
Քաղաքապետարանի կողմից առավձնահատուկ ուշարություն է դարձվում կրթա-մշակութային և մարզական միջոցառումների անցկացմանը, տարաբնույթ մրցույթ- ստուգատեսներին քաղաքի ներկայացուցիչների մասնակցության ապահովմանը, մասնակիցների նյութական և բարոյական խրախուսմանը:
Բոլոր հանրակրթական դպրցներում խանդավառությամբ նշվեց Գիտելիքի օրը: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից 177 առաջին դասարանցիներ ստացան պայուսակներ և գրենական պիտույքներ:
Սեպտեմբերին անցկացած մարզական փառատոնին մասնակցեցին ոչ միայն Դիլիջանի, այլև տարածաշրջանի ուսումնական հաստատությունների սաները:
Քաղաքի մարզական համալիրում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի հանրապետական առաջնություն` նվիրված Արցախի ազատամարտում զոհված դիլիջանցիների հիշատակին:
Ֆուտբոլի մանկա-պատանեկան թիմի հանրապետական առաջնության արտագնա խաղերի ֆինանսավորումը ամբողջությանբ իրականացնում է քաղաքապետարանը:
Քաղաքի ուսանողները և աշակերտները մասնակցում են ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մրցույթ-ցուցահանդեսների ու մրցույթ-փառատոների, արժանանում բարձր մրցանակների:

2009-09-28
Ի պատիվ պրոֆեսոր Ի. Աղաջանյանի ծննդյան 70-ամյա հոբելյանի
Սեպտեմբերի 25-ին և 26-ին «Դիլիջան» հյուրանոցում կայացավ Հայաստանի ուռոլոգիական ասոցիացիայի տարեկան գիտաժողովը, նվիրված ասոցիացիայի հիմնադիր նախագահ, Առողջապահության ազգային ինստիտուտի ուռոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆոսոր Իվան Գերասիմի Աղաջանյանի ծննդյան 70- ամյակին:
Հոբելյանական միջոցառմանը մասնակցում էին ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ արտասահմանյան ճանաչված բժիշկներ, գիտնականներ, առողջապահության բնագավառի ղեկավար աշխատողներ: Նրանք հանդես եկան ողջույնի խոսքով և հոբելյարին ջերմ մաղթանքներ հղեցին: Հանրապետությունում այդ բնագավառի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ներդրման համար արտասահմանյան գիտական հեղինակավոր բժշկական մի շարք ակադեմիաների անդամ, պրոֆեսոր Իվան Աղաջանյանին հանձնվեցին ՀՀ առողջապահության նախարարության Ոսկե մեդալ, Եվրոպական առողջապահության ակադեմիայի Ոսկե մեդալ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտության մեդալ», Ղարաբաղի ազգային ազատագրական շարժման 20- ամյակի հուշամեդալ, Առողջապահության ազգային ինստիտուտի, Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի, ՀԳԱ բժշկական ակադեմիայի, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի, Վրաստանի ուռոլոգիական ասոցիացիայի պատվոգրեր, հուշանվերներ:
Դիլիջանի առողջարանային ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար ականավոր գիտնականին հանձնվեց Դիլիջանի քաղաքապետարանի պատվոգիր:
Պրոֆեսոր Ի. Գ. Աղաջանյանը երախտագիտություն հայտնեց բոլոր կազմակերպությունների տնօրինություններին և գիտաժողովի մասնակիցներին` իր վաստակը բարձր գնահատելու, ինչպես նաև դիլիջանյան գիտաժողովի կազմակերպմանը աջակցելու համար: Ականավոր գիտնականը հանդես եկավ տղամարդու առողջության խնդիրների վերաբերյալ գիտական զեկուցմամբ:
Գիտաժողովում լսվեցին և քննարկվեցին մեկ տասյակից ավելի զեկուցումներ, որոնցով հանդես եկան ուռոլոգիայի բնագավառի հայրենական և արտասահմանյան մասնագետ-բժիշկները:
Բարձր գնահատելով Հայաստանի ուռոլոգների ասոցիացիայի գործունեությունը` գիտաժողովի մասնակիցները վստահություն հայտնեցին, որ համատեղ ջանքերի շնորհիվ այն կդառնա առավել արդյունավետ, և կնպաստի համաշխարհային բժշկագիտության վերջին նվաճումները Հայաստանում կիրառելու համար:

2009-09-23
Մարի Ակսել Նուբարյան
Գեղեցկությունը սուբյեկտիվ է, նրա ընկալումը` առավել ևս: Սակայն գեղեցկության մրցույթներն աշխարհում վաղուց արդեն սովորական բնույթ են կրում: Գեղեցկությունը գնահատելն ինքնին վիճահարույց զբաղմունք է, սակայն միշտ էլ հաճելի է, երբ նման մրցույթներում «ամենա…» տիտղոսին արժանանում է մեր համաքաղաքացին: Elite Model Look Armenia 2004 Մրցույթի հաղթող, Elite Model Look International մրցույթի եզրափակչի մասնակից, Ռուսաստանում Miss Penthouse 2005 մրցույթի «Տարվա աղջիկը», Miss Tourism 2008 մրցույթի հաղթող, Մալայզիայում Miss Tourism International 2008-ի լավագույն յոթնյակ, Top Model of the Armenia 2009, Top Model of the World 2009 մրցույթում լավագույն տասնյակ, Մալթայում Miss Bikini Look տիտղոս World Bikini Model International 2009 մրցույթում, Չինաստանում Miss Elegant տիտղոս Miss Tourism Queen International 2009 մրցույթում…. մի խոսքով` Մարի Ակսել Նուբարյան:
Մեր համաքաղաքացի, մոդելային արվեստում միջազգային ճանաչման արժանացած Մարի Ակսել Նուբարյանը մեծ հաջողություններ ունեցավ վերջերս կայացած միջազգային մրցույթներում, անսահման ուրախություն պատճառելով ոչ միայն իր հարյուր հազարավոր երկրպագուների, այլև օրինական հպարտությամբ լցրեց հայրնակիցների սրտերը:
Լիովին իրավացի է TV Մոլ հանդեսի թղթակիցը, երբ վերջերս նրա հետ ունեցած հարցազրույցի նախաբանում գրում է, որ 1905թ. հետո, երբ Հայաստանը զրկվեց գեղեցկության ներկայանալի մրցույթներին մասնակցելու իրավունքից, արտերկրի հարթակները «մոռացան» հայ գեղեցկուհիներին (եթե չհաշվենք Մարգարիտա Սարուխանյանին, ով «Աշխարհի թագուհի 2007» մրցույթում հայտնվել էր լավագույն տասնյակում): Գուցե մենք էլ շուտով մոռանայինք մեր «գեղեցկության ներուժի» մասին, գրում է թերթը, «Եթե վերջերս Մարի –Ակսել Նուբարյանը Մալթայում չծածաներ մեր եռագույնը` հաղթելով Miss European Tourism World Bikini Model International 2009 մրցույթում:
Դրան հաջորդեց օգոստոսի 7-30-ը Պեկինում անցկացված բարձր վարկանիշ ունեցող` Miss Tourism Queen international միջազգային մրցույթը, ուր մեր հայրնակցուհին ընդգրկվեց լավագույն տասնյակի մեջ և արժանացավ Miss Eleganse
պատվավոր տիտղոսին:
Հարցազրույցից տեղեկանում էնք որ կրկին Չինաստանում` նոյեմբերին Մարին մասնակցելու է Miss Bikini Model international մրցույթին: Նա միաժամանակ ավելացրել է, որ վերջինիս ժամկետը դեռ նախնական է, քանի որ միջազգային ճգնաժամը ազդել է նաև այդ մրցույթների վրա…
Ուրախալի է, որ թեև Մարին ապրում է Մոսկվայում, պատրաստակամություն է հայտնել առաջիկայում էլ պատվով ներկայացնել Հայաստանը, գեղեցկության միջազգային մրցույթներում, ինչու չէ նաև «Միսս աշխարհում»:
Նոր հաջողություններ մաղթենք նրան…

2009-09-22
Բարեգործական ևս մեկ ակցիա
ԱՄՆ միջազգային զարգացման գրոծակալության ֆինանսավորմամբ Բրիջ հանրային աշխատանքների ծրագրի շրջանակներում վերանորոգվեց և օրերս շահագործման հանձնվեց թիվ 1 մանկապարտեզի խոհանոցային տնտեսությունը: Մաքուր ու լուսավոր այդ հարկաբաժնում ստեղծվել են սննդամթերքների մշակման, ճաշատեսակների ու աղցանների պատրաստման լավագույն պայմաններ, պատշաճ ուշադրություն է դարձվելու սանիտարա-հիգիենիկ պահանջների անթերի կատարմանը:
Ծրագրի ղեկավար Նուբար Գուդսուզյանի ղեկավարությամբ Դիլիջան ժամանած ոլորտի պատասխանատուները բարձր գնահատեցին կատարված աշխատանքների որակը և վստահեցրին, որ այսուհետև ևս կշարունակնի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքում կիրականացվեն համայնքային ենթակառուցվածքային նոր ծրագրեր:
Հյուրերին մանկապարտեզի սաները դիմավորեցին երգ-պարով ու արտասանությամբ Նրանց շնորհակալական խոսքեր ուղղեց այդ հաստատության տնօրեն Անահիտ Աղաջանյանը:
Բարեգործական աշխատանքների կատարման համար Բրիջ հանրային աշխատանքների ծրագրի տնօրեն Նուբար Գադսուզյանին հանձնվեց Դիլիջանի քաղաքապետարանի պատվոգիր:

2009-09-04
Փրկարարի օրը
Այսօր Հայաստանում նշում են Փրկարարի օրը: Այս մասնագիտական տոնը հայտարարվել է 2008 թվականին` ՀՀ կառավարության որոշմամբ:
Նշենք, որ օրվա ընտրությունը պատահական չէ: Սեպտեմբերի 4-ին ստեղծվել է Հայաստանի արագ արձագանքման փրկարար ծառայությունը։
Փրկարարները ամենուրեք են, ուր անհրաժեշտ է օգնություն, ուր մարդու կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում: Երբեմն մարդկային կյանքի համար պայքարում նրանք անում են անհնարինը` անձնուրաց նվիրվելով իրենց կոչմանը:

Հրդեհ, երկրաշարժ, պայթյուն, ջրհեղեղ … սա է փրկարարի աշխատանքային միջավայրը, որը սովորական քաղաքացիների մոտ սարսափ է առաջացնում` նույնիսկ հեռուստատեսությամբ դիտելիս:
Բնական կամ տեխնածին աղետների դեմ պայքարում փրկարարները մարտահրավեր են նետում մահվանը և ավերվածություններին, երբեմն էլ, ավաղ, ստիպված են լինում մարդկային ողբերգության առաջին ականատեսը դառնալ:
Նույնիսկ այսօր, երբ Փրկարարի մասնագիտական տոնն է, նրանք հանգստանալու ժամանակ չունեն: Չէ՞ որ յուրաքանչյուր պահի կարող է լսվել փրկարարի համար այդքան սովորական դարձած «օգնեցեք» կանչը…
Այսօր` Փրկարարի օրվա առթիվ, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը քաղաքապետարանի շենքում հանդիսավոր շնորհավորեց և շնորհակալագիր հանձնեց Դիլիջանի Փրկարարական ջոկատի անդամներին:

2009-09-01
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը
2009-2010 Ուսումնական տարվա, գիտելիքի և դպրության տոնի առթիվ

Սիրելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ շնորհավորում եմ ձեզ գիտելիքի, գրի և դպրության տոնի և ուսումնական նոր տարվա առթիվ, ցանկանում եմ հաջողություններ և ամենայն բարիք:
Սեպտեմբերի 1-ը հատկապես հիշարժան է մեր առաջին դասարանցիների համար, որոնք սրտի թրթիռով են սպասում առաջին զանգին: Թող լավագույնս արդարանան նրանց սպասելիքները:
Մենք ամեն ինչ անում ենք մեր քաղաքի ուսումնական հաստատություններում ստեղծելու բոլոր անհրաժեշտ պայմանները 21-րդ դարի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հայեցի դաստիարակություն ստանալու համար:
Համոզված եմ, որ ոչ մի ջանք չեք խնայի արգասաբեր աշխատելու, լավ սովորելու և ձեր արժանի ավանդը ներդնելու հայրենիքի հզորացման ու հարազատ քաղաքի շենացման գործում:
Բարի երթ ու հաջողություններ ձեզ 2009-2010 ուսումնական տարում:




2009-08-28
Ֆուտբոլ. ԱՎԱՐՏՎԵՑ 3:1 ՀԱՇՎՈՎ
Օգոստոսի 28-ին քաղաքային մարզադաշտում կայացավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 1-ին խմբի հերթական հանդիպումը Դիլիջանի «Իմպուլս» և «Բանանց 2» թիմերի միջև: Խաղն անցավ հետաքրքիր պայքարում և ավարտվեց «Իմպուլսի» հաղթանակով` 3:1: Գոլերի հեղինակներ դարձան. «Իմպուլս»` 3 - Ռոմեո Ջենեբյան (27', 11 մետրանոց), Արման Մինասյան (42', 72' ), «Բանանց-2» 1 - Գևորգ Հ. Օհանյան (44', 11 մետրանոց):
Այժմ «Իմպուլսը» գլխավորում է առաջնության 1-ին խմբի աղյուսակը` 41 միավորով, իսկ ռմբարկուների ցուցակը` 15 գոլով գլխավորում է «Իմպուլսի» ավագ Արման Մինասյանը:
Հիշեցնենք, որ «Իմպուլսի» հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին Դիլիջանի քաղաքային մարզադաշտում «Միկա 2»-ի հետ:

2009-08-26
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ
Օգոստոսի 26-ին տեղի ունեցավ Դիլիջանի թիվ 4 միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնացում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը և այլ պաշտոնական անձինք, հոգևորականության ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ:
Իրենց ելույթներում դպրոցի տնօրեն Ծովիկ Մկրտչյանը, ծնող Ալիսա Հախվերդյանը, 11-րդ դասարանի աշակերտուհի Նանե Գրիգորյանը խոր երախտագիտություն արտահայտեցին կառավարությանը, անձամբ վարչապետին, մարզպետին և քաղաքապետին, կրթության և գիտության, քաղաքաշինության նախարարներին, մասնաշենքի կառուցման նկատմամբ ցուցաբերած հոգածության համար:
Շնորհավորելով ներկաներին հաճելի իրադարձության առթիվ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ դպրոցաշինությունը կառավարության գործունեության առաջնահերթ խնդիրներից է, մշտապես գտնվել և գտնվելու է ուշադրության կենտրոնում:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, շնորհավորելով մասնակիցներին նշեց, որ դպրոցների շենքային պայմանների բարելավումը մեծապես կարող է նպաստել կրթական բարեփոխումների ներկա փուլում կրտսեր, հիմնական և ավագ դպրոցների ստեղծման գործում:
Միջոցառման ավարտից հետո վարչապետը մարզպետի, քաղաքապետի և կառավարության անդամների ուղեկցությամբ այցելեց թիվ 1 դպրոց, կենտրոնական գրադարան, բացօթյա ամֆիթատրոն, երկրագիտական թանգարան` տեղում ծանոթանալով այնտեղ ընթացող վերանորոգման, կառուցողական աշխատանքներին:

2009-08-20
«ԴԻԼԻՋԱՆԻ ԵԿԵՂԵՑԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
«ԴԻԼԻՋԱՆԻ ԵԿԵՂԵՑԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ստեղծվել է 2009թ. հունիսի 5 –ին: Հիմնադրի (ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնք) կանոնադրության համաձայն հետապնդում է սոցիալական, բարեգործական և այլ հանրօգուտ նպատակներ` կառուցել եկեղեցի Դիլիջան քաղաքում, պահպանել պատմամշակութային հուշարձանները, վերականգնել հոգևոր–մշակութային կոթողները, իրականացնել ծրագրեր` ուղղված շնորհաշատ երեխաների կայացմանը, մատաղ սերնդի հայեցի և հոգևոր դաստիրակությանը և այլն:
Հիմնադրամը գտնվում է` 3901, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55 հասցեում:
Հիմնադրամի մասին տեղեկություններ ներկայացված է կայքի «Հիմնադրամներ» էջում:

Համախմբվենք ու մեր ներդրումն ունենանք քաղաքի համար այսքան երկար սպասված եկեղեցու կառուցման գործում, անմասն չմնանք հիմնադրամի նպատակների իրականացման գործընթացին:
Ապագա եկեղեցու նախագիծը ներկայացվում է:

«Դիլիջանի եկեղեցի» հիմնադրամ
ՀՎՀՀ 07614778
ԱՇԻԲ «Դիլիջան» Մասնաճյուղ
AMD 2472500528560010
EUR 2472500528560020
USD 2472500528560030
RUB 2472500528560040

2009-08-12
Այսօր Երիտասարդների միջազգային օրն է
Այսօր տարբեր ազգերի ու քաղաքակրթությունների երիտասարդներին միավորում է Երիտասարդության միջազգային օրը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1999թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր:
Երիտասարդության միջազգային օրը գալիս է շեշտելու, որ հասարակության ապագան երիտասարդների ձեռքում է և նրանց տեղեկացվածությունից ու հասարակությանը մաքսիմալ ինտեգրումից է բխում հետագա զարգացումների պատկերը:
Տեղեկացնենք, որ Երիտասարդների միջազգային օրը նշելու որոշումն ընդունվել է 1998թ. օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ` երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:
Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին:
Հայաստանը ոչ միայն նշում է Երիտասարդության միջազգային օրը, այլև մշտապես երիտասարդներին պահում է պետության ուշադրության կենտրոնում: Պարբերաբար կազմակերպվում են երիտասարդական տարբեր ու բազմաբովանդակ միջացառումներ:
Որպես երիտասարդական միջոցառումների վառ օրինակներ բավական է ներկայացնել «Բազե» համահայկական հավաքը, Համահայկական երիտասարդական համաժողովները, ինչպես նաև Համահայկական խաղերը: Այս բոլոր միջոցառումներն իրականացվում են պետության նախաձեռնությամբ ու աջակցությամբ և միտված են համախմբելու նախ և առաջ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի երիտասարդներին:
Այս միջոցառումների շրջանակներում ուշագրավ է նաև «Արի տուն» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում Սփյուռքում բնակվող հայազգի երիտասարդներին ծանոթանալու Հայաստանին և ընկերանալու այստեղ ապրող երիտասարդների հետ:
Երիտասարդների խնդիրները, նրանց ապագան բարեկեցիկ դարձնելու հարցերը կանգնած են ցանկացած պետության առաջ, որը ցանկանում է ամուր և անպարտ հասարակություն ու պետականություն ունենալ: Հենց երիտասարդներն են, որ հանդիսանում են հասարակության շարժիչ ուժը:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 18.00-ին, Դիլիջանի Երիտասարդական գործունեության ակումբն ու Դիլիջանի Երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ն նախաձեռնում են քայլարշավ քաղաքի կենտրոնական հատվածից դեպի քաղաքային արհեստական լճի տարածք, որտեղ էլ կլինի կենդանի համերգային ծրագիր, մրցութային խաղեր և այլն:

2009-08-06
Տեղեկատվության ազատության մասին օրենքի սեմինար-քննարկում Դիլիջանի Օրհուս կենտրոնում
Օգոստոսի 3-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում կայացավ ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» սեմինար-քննարկում: Այն վարում էին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ՀԿ խորհրդի նախագահ Բարսեղյանը և Քաղաքական մշակույթի «Շիրակ» կենտրոնի նախագահ Վ.Թումասյանը: Սեմինարի նպատակն էր ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների լուսաբանման միջոցով մասնակիցներին ներկայացնել ՏԻՄ ավագանու դերակատարությունը համայնքային կյանքում, քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունները տեղական ինքնակառավարման գործընթացում, վերջիններիս թափանցիկ աշխատանքների կազմակերպումն ապահովող օրենսդրության կիրառման արդյունավետության բարձրացումը: Ներկա էին Դիլիջանի փոխքաղաքապետ Ա.Մակարյանը, «Դիլիջան» Ազգային պարկի տնօրեն Ա.Դավթյանը, Դիլիջանի, Աղավնավանք և Թեղուտ համայնքների, կրթ.հաստատությունների, ՀԿ-երի, ԶԼՄ-երի, Դիլիջանի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչներ:
Վ.Թումասյանը ներկայացրեց ՏԻՄ-երի վերաբերյալ օրենսդրությունը, ընտրությունների փորձը և մեխանիզմները, ավագանու և համայնքի ղեկավարի իրավասությունները, կառավարման գործում հանրության մասնակցության հնարավորությունները: Նշվեց, որ պետք է ավագանու անդամների մի մասն ընտրվի քաղաքացիական կառույցներից, որպեսզի հետագա ՏԻՄ-հասարակություն կապը լինի առավել կայուն:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի և տեղական մակարդակում կիրառման անհրաժեշտության մասին ներկայացրեց Լ.Բարսեղյանը: Անդրադառնալով օրենքին, նա շեշտեց պետական ու ՏԻՄ-ի հրապարակային աշխատանքների ապահովումը` որպես հակակոռուպցիոն պայման: Ծանոթացվեց օրենքի կիրառման կարգը, հանրության տեղեկատվության ստանալու, հարցում անելու, մերժումը բողոքարկելու կարգին, ներկայացվեց օրենքի կիրարկման դատական նախադեպերը և ակումբի փորձը:
Ակտիվ քննարկման ընթացքում Դիլիջանի փոխքաղաքապետ Ա.Մակարյանը տեղեկացրեց, որ համայնքի տեղական իշխանությունները տեղեկատվության ազատության և մատչելիության ապահովման ոլորտում ունեն դրական փորձ, քանի որ արդեն գործում է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ, որից օգտվում են քաղաքացիները` ծանոթանում համայնքի ղեկավարի ու ավագանու նիստերի որոշումներին, բյուջեի կատարողականին, հաշվետվություններին, պլաններին, հարկերի մուտքերի ու ծախսերին և այլն:
Ծանոթություն եղավ նաև քաղաքապետարանի սպասարկման գրասենյակում գործող այդ համակարգի հետ: Համակարգի կառավարիչ Լ.Մանթաշյանը հյուրերին ծանոթացրեց համակարգից անհրաժեշտ տեղեկատվության ստացման կարգին, ինչպես նաև քաղաքացիների համար նախատեսված սենյակում համակարգչով ծանոթացան պարունակվող տեղեկատվությանը: Լ.Բարսեղյանը հավելեց, որ ներկայացվածը օրինակելի փորձ կարող է հանդիսանալ նաև այլ համայնքների համար:

2009-07-30
Ուշադրության կենտրոնում զոհված ազատամարտիկների ընտանիքներն են
ՀՀ պաշտպանության նախարարության և «Սոսե մայրիկ» բարեգործական
հիմնադրամի նախաձեռնությամբ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կազմակերպվում է հնգօրյա անվճար հանգիստ հանրապետության առողջարաններում:
Հուլիսի 29-ին այդ ակցիայի շրջանակներում Հանքավան հանգստի մեկնեցին
Դիլիջանցի զոհված ազատամարտիկների ընտանիքները:
Քաղաքի կենտրոնական հրապարակում մեկնողներին իրենց բարի մաղթանքները հղեցին քաղաքապետարանի ներկայացուցիչներ զինկոմի տեղակալ Ռ. Մանուչարյանը, «Սոսե մայրիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն` տիկին Մ. Ստեփանյանը:
Նրանք նշեցին, որ անկախ երկիր տնտեսական վիճակից, զոհված ազատամարտիկների սոցիալական հարցերը մշտապես գտնվում և գտնվելու են մեր պետության ուշադրության կենտրոնում, իսկ մեր և հաջորդ սերունդները երբեք
չեն կարող մոռանալ, որ ազատ ու անկախ երկրում ապրելով պարտական ենք
մեր հերոս զավակներին:
Հաճելի հանգիստ Հանքավանի գեղատեսիլ բնության մեջ:

2009-07-28
Դիլիջան քաղաքի սողանքները և դրանց կանխարգելումը
Հուլիսի 24-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «Դիլիջան քաղաքի սողանքները, վտանգավորությունը և հնարավոր պայքարը դրանց դեմ» թեմայով սեմինար: Սեմինարը վարեց ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Տ.Քեռյանը: Նպատակն էր ներկայացնել սողանքների առաջացման պատճառները, հնարավոր հետևանքները և դրանց կանխարգելման տարբերակները:
Հրավիրված էին Դիլիջանի փոխքաղաքապետ Ա.Մակարյանը, քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցներ, ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, բնապահպանական «Արևորդի» և այլ բնապահպանական ակումբների անդամներ, աշակերտներ, համայնքի բնակիչներ, կենտրոնի խորհրդի անդամներ: Թեման ներկայացվում էր համակարգչային սլայդների օգնությամբ:
Մասնակիցներին ծանոթացվեց «սողանք» հասկացությունը, բաղկացուցիչ մասերը, առաջացման հիմնական ազդակները` լանջի թեքություն, գրունտային ջրեր, սեյսմիկ տատանումներ, հորդառատ տեղումներ և ձյան հալոցք:
Գծապատկերների և լուսանկարների օգնությամբ ներկաները իմացան ՀՀ-ի տարբեր շրջաններում սողանքների տարածման շրջանների և վերջին տարիներին դրանց ակտիվացման հիմնական գործոնների, ինչպես նաև Դիլիջանի և շրջակա գյուղերի տարբեր հատվածներում` Բլդանի, Հովվաջրի, Պարզ լճի և Հաղարծնի սողանքային վայրերի մասին: Ընդգծվեց, որ ՀՀ-ում հաշվված է մոտ 5460 հա սողանքային գոտում հայտնված հողատարածք և ամեն տարի պատճառվում է մոտ 30 մլն ԱՄՆ դոլար վնաս:
Սեմինարավարը անդրադարձավ հակասոողանքային միջոցառումների կազմակերպման եղանակներին և առաջարկեց հետևյալ ճանապարհները.

* Բարելավել առավել սողանքավտանգ թաղամասերի ջրամատակարարման և ջրահեռացման կոմունիկացիաները` ջրի մուտքը երկրի խորք կանխելու համար

* խուսափել սողանքային զանգվածների վրա գտվող այգիների ոռոգումից

* ճանապարհների ամրացումը և պատնեշումը` ցնցումները թուլացնելու համար

* լանջերի անտառապատումը

Տեղի ունեցավ նաև ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին սեմինարավարին ու տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչներին, որոնք խոսեցին նաև քաղաքի սողանքների կանխարգելման հնարավոր ուղիների մասին:

2009-07-18
Վարդավառի տոնի մասին
Վարդավառը, որպես հնագույն արմատներ ունեցող եւ ժողովրդական ամենամեծ մասսայականություն վայելող տոներից մեկը, նշվում է Զատիկից 98 օր հետո եւ Նավասարդի տոնակատարությունների մի մասն է:
Հնում սա եղել է Անահիտ, ապա նաեւ Աստղիկ աստվածուհիների պաշտամունքային արարողություններից, որը ներառել է նաեւ ջուր ցողելու սովորույթը:
Այն իրականացվում է հենց բերքի եւ հունձքի ժամանակահատվածում` երկնքից հայցելով եւս մի քանի կաթիլ ջուր, որպեսզի բերքը վերջնականապես հասունանա, փաստորեն, այս տոնի հիմքում նաեւ ջրի պաշտամունքի գաղափարն է: Այս տոնակատարությունը դեռ մինչեւ նախորդ դարն ուղեկցվել է ուխտագնացություններով դեպի սրբավայրեր եւ ջրի ակունքներ, մատաղով: Ավելի վաղ ժամանակահատվածում այս տոնի ժամանակ նաեւ երիտասարդ աղջիկներին տղաները կարմիր խնձոր են նվիրել` ի նշան նրանց հավանելու: Եթե համակրանքը փոխադարձ է եղել և աղջիկը վերադարձրել է խնձորը զարդարված, ապա համարվել է, որ Վարդավառին «կապված պայմանը հավերժ է»:
19-րդ դարում այս տոնին եկեղեցիների շուրջ գտնվող պարտեզներում խնջույքներ են կազմակերպվել:
Վարդավառի ժամանակ ցողվող ջուրը մաքրող, աճեցնող զորություն ունի: Ջուր ցողելու արարողությունը, որն այժմ մեզանում իրականացվում է, ընդունել է որոշակի գռեհիկ երանգներ: Տոնի խորհրդի համաձայն` միմյանց վրա ջուր ցողել կարող են միայն իրար ճանաչողները, մտերիմները, իսկ մեզանում այդ տոնին իրականացվողը համարժեք չէ Վարդավառի բուն ծեսին:
Վարդավառը եղել է հեթանոսական տոն, որը հետագայում ընդունվել է Հայ եկեղեցու կողմից: Այն Հայ առաքելական եկեղեցու հին տաղավար տոներից է` Քրիստոսի պայծառակերպության եւ Պետրոս, Հովհաննես ու Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակի տոնը, որն, ըստ ավանդույթի, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

2009-07-16
ՀՀ կառավարության այսօրվա նիստում
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հուլիսի 18-ը` շաբաթ օրը, հայտարարել աշխատանքային, իսկ 20-ը` երկուշաբթին` ոչ աշխատանքային օր:
Այսօր կառավարության նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշման ընդունումը բացատրեց նրանով, որ երկուշաբթին եկեղեցին հայտարարել է Մեռելոց:


2009-07-13
ՀՀ բնապահպանության փոխնախարարի այցը Դիլիջանի Օրհուս կենտրոն
Հուլիսի 11-ին ՀՀ բնապահպանության փոխնախարար Ս. Պապյանը, Դիլիջանի քաղաքապետ Ա.Սանթրոսյանը, «Դիլիջան» ԱՊ-ի տնօրեն Ա.Դավթյանը և Կլիմայական փոփոխությունների տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ա.Գաբրիելյանը այցելեցին Դիլիջանի Օրհուս կենտրոն: Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնի գործունեությանը և քննարկում անցկացնել համայնքի բնապահպանական ոլորտի առկա հարցերի լուծման ուղղությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև կենտրոնի փորձագիտական խորհրդի անդամներ: Կենտրոնի համակարգող Ա.Ալիխանյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, ձեռք բերված արդյունքները, Օրհուսի կոնվենցիայի հիմնարար դրույթների տեղական մակարդակում իրականացման գործընթացը և լուծման անհրաժեշտ որոշակի հարցեր: Ա.Ալիխանյանը կարևորեց տեղական ինքնակառավարման մարմինների, «Դիլիջան» ԱՊ-ի ղեկավարության, ՀՀ բնապահպանության նախարարության, Օրհուս կենտրոնների ու ՀԿ-ների, կրթ.հաստատությունների, այլ կառույցների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության կայացումը և համատեղ ծրագրերի իրականացումը: Համայնքի ղեկավար Ա.Սանթրոսյանի և փոխքաղաքապետ, կենտրոնի փորձագիտական խորհրդի նախագահ Ա.Մակարյանի անմիջական աջակցությամբ լուծվում են կենտրոնի ծրագրային խնդիրները, որը հնարավորություն է տալիս ՏԻՄ-հասարակություն կապը պահել փոխգործակցության բավարար մակարդակի վրա: Այս կապակցությամբ, բավականին աշխատանք է տարվել և համայնքի բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ այդ համագործակցությունը միանշանակ անհրաժեշտ է: Պրն. Պապյանը կարևորեց կենտրոնի դերակատարությունը բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալելու և տարբեր օղակների ու Բնապահպանության նախարարության հետ համագործակցելու կապակցությամբ: Նա նշեց, որ հասարակության ներգրավվումը բնապահպանական խնդիրների հաղթահարման համար և սեփական առաջարկություններով հադես գալը օգնում է պետական գերատեսչություններին հանրային խնդիրները շտկելու համար:
Կլիմայական փոփոխությունների տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ա.Գաբրիելյանը որոշ մասնագիտական խորհրդատվություն տրամադրեց, պատասխանեց ներկաների հարցերին և պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության համար: Կենտրոնի գործունեության արդ ավետության առնչությամբ զրույց ընթացավ նաև խորհրդի ներկա անդամների հետ:
Այնուհետև պրն Պապյանը, քաղաքապետ, պրն Ա. Սանթրոսյանը և մյուս հյուրերը Դիլիջան համայնքի համար հույժ կարևոր աղբահանության և դրա կուտակման հարցերի շուրջ քննարկում ծավալեցին: Հիմնականում անդրադարձան աղբի վերամշակման` համայնքում աղբի վերամշակումից ստացվող կենսագազի ստացման հնարավորություններին: Այս հարցում միակարծիք և շահագրգռված է է նաև համայնքի ղեկավարությունը: Քաղաքապետ, պրն. Սանթրոսյանը և փոխնախախար Ս.Պապյանը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին այս օպտիմալ տարբերակին հետագայում կրկին անդրադառնալ ` ներգրավելով օտարերկրյա վարկեր: Հիմնավորված է այն մոտեցումը, որ դա կնվազեցնի նաև մեթան գազի արտանետումները մթնոլորտ: Այս կապակցությամբ ելւոյթ ունեցավ նաև Ա.Գաբրիելյանը, որը ողջունեց այդ գաղափարի իրագործումը: Առաջադրվեցին նաև այլ բնապահպանական բնույթի հարցեր, որոնց լուծման ուղղությամբ առաջիկայում ևս կկայանան մասնագիտական-խորհրդատվական հանդիպումներ:

Արարատ Ալիխանյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող

2009-07-01
ԱՊԱՀՈՎԵԼ ՔԱՂԱՔԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
01.01.2009թ. – 01.07.2009թ. ընկած ժամանկահատվածում քաղաքապետարանի կատարած աշխատանքների մասին

Դիլիջան համայնքի 2009 թ. բյուջեն նպատակաուղղվել է`
 նախադրյալներ ստեղծել սոցիալ տնտեսական, հոգևոր, մշակութային և առողջարանային ոլորտների հետագա առաջընթացի համար,
 Դիլիջանը դարձնել բարեկեցիկ և մրցունակ ներդրումների համար,
 ապահովել քաղաքի կայուն զարգացումը, այն դարձնել տարածաշրջանային ֆինանսական կենտրոն` մի գերակայություն, որին առանձնակի ուշադրություն է դարձվում Հայաստանի Կառավարության կողմից։
Դիլիջանի քաղաքապետարանը նշված ժամանակահատվածում ռեալ նախադրյալներ է ստեղծել սոցիալ-տնտեսական, հոգևոր մշակութային և առողջարանային ոլորտների հետագա առաջընթացի համար: Քաղաքային բյուջեի հատկացումները, ներառյալ ներդրումները, կազմում է 1343282.0հազ.դրամ:
Նշված ժամանակահատվածում տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ հավաքագրվել է 150000.0 հազ.դրամի եկամուտ, որը հնարավորություն է տալիս ավելի իրատեսորեն կանխագծելու առաջիկա անելիքները:


Սոցիալական ծրագրերի իրականացում

Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները:01.01.2009թ.-01.07.2009թ. ընկած ժամանակահատվածում 38 անապահով ընտանիքների տրվել է դրամական օգնություն:
Նյութական օգնություն է ցուցաբերվում նաև սոցիալապես անապահով ընտանիքների ԲՈՒՀ-երում սովորող երեխաներին:
Յուրաքանչյուր նորածին երեխաների համար ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն(115 ընտանիք):
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների կարիքներին: Գազաֆիկացվել և նորոգվել է մշակույթի պալատում և Շահումյան 13 հասցեում գտնվող նրանց սենյակներըը, ստեղծվել են կոմունալ անհրաժեշտ պայմաններ, համալրվել նոր գույքով: Հայրենական մեծ պատերազմի վետերաններ անվճար կերպով օգտվում են քաղաքային տրանսպորտից, ազատված են գույքահարկից: Մեծ շուքով նշվեց Հաղթանակի օրը և վետերաններին տրվեցին հուշանվերներ:
Գերմանական տեխնիկական համագործակցության ծրագրի միջոցներով Դիլիջանի քաղաքապետարանում բացվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ: Սպասարկման այս արդյունավետ համակարգը էապես բարելավում է քաղաքապետարանի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները:
Մշակութային-կրթական ծրագրերի իրականացում

ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի թիվ 1929 որոշման պահանջներին համապատասխան պատշաճ վերահսկողություն է իրականացվում պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունների պահպանության նկատմամբ: Ստեղծվում են մշակութային նոր օջախներ: Ընթացքի մեջ է երկրագիտական թանգարանաի նոր շենքի կառուցումը: Շարունակվում է կենտրոնական գրադարանի հիմնանորոգումը:
Առանձնահատուկ ուշադորւթյուն է դարձվում Հայաստանում և նրա սահմաններից դուրս Դիլիջանի մշակույթը ներկայացնելուն: Մի շարք մշակութային-կրթական ծրագրեր են իրականացվում Ֆրանսիայի Սեն Մաքսիմ, Էքսպրովանս և Մարսել քաղաքների հետ:Քաղաքի արվեստի դպրոցների սաները պարբերաբար մասնակցել են տարբեր տիպի հանրապետական և միջազգային փառատոնների,ցուցահանդես մրցույթների, արժանանալով դիպլոմների և մրցանակների:
Դիլիջանի համայնք է այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Մ. Յովանովիչը, որը ծանոթանալով քաղաքի հիմնախնդիրներին, պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել առաջիկայում իրականացվելիք ծրագրերին:
Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում իր ենթակայության ենթակառույցների նյութատեխնիակական բազայի ամրապնդման ուղղությամբ:Մանկապարտեզների գույքը համալրվել է նոր մահճակալներով, մանկական սեղան աթոռներով:Ակտիվ աջակցություն է ցուցաբերում կրթօջախների վերանորոգման աշխատանքներին: Թիվ 1 մանկապարտեզում USAID կազմակերպության հետ համատեղ իրականացվում է շենքի վերանորոգման և լոկալ ջեռուցման ցանցի անցկացման աշխատանքներ :Ընթացքի մեջ է թիվ 4 դպրոցի մասնաշենքի կապիտալ շինարարությունը և թիվ1 դպրոցի շենքի կապիտալ նորոգումը:
Քաղաքի մանկապարտեզներում, մանկական երաժշտական և գեղարվեստի դպրոցներում ներդրվել է վարձավճարների զեղչերի համակարգ:

Կոմունալ-կենցաղային և քաղաքային ծրագրերի իրականացում

Քաղաքում իրականացվում են շինարարական աշխատանքներ բարեկարգման, կենտրոնական հատվածի ճարտարապետական ամբողջական ձևավորման ուղղությամբ: Այդ աշխատանքներն իրականացվում են քաղաքաշինության պահանջներին համապատասխան, առավելագույնս հաշվի առնելով առողջարանային քաղաքի առանձնահատկությունները և պատմական միջավայրի պահպանման կարևորությունը:ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Ըստ աշխատանքների կատարման բյուջետավարում» ծրագրի շրջանակներում իրականացվում է լճափից մինչև հրապարակ ընկած տարածքի ճարտարապետական ձևավորում, մայթերի դեկորատիվ պարապետի կառուցում, «Առյուծների աստիճանների» և նրան հարակից այգու վերակառուցման աշխատանքների ծրագիրը, որում նշանակալի է քաղաքի ներդրումը: Կատարվել է թիվ 1 դպրոցին հարակից տարածքի բարեկարգման և ճարտարապետական ձևավորման աշխատանքներ և տեղադրվել են դեկորատիվ էլեկտրասյուներ: Կատարվել է քաղաքային նշանակության ճանապարհների փոսային նորոգում և ասֆալտապատում:
Վերանորոգվել են 2 բազմաբնակարան շենքերի տանիք և ջրագիծ: Կատարվել է քաղաքային զբոսայգու տարածքում տեղակայված խաղային ատրակցիոնների և զբոսայգին սնուցող կոմունիկացիաների վերանոնոգում:
Քաղաքի կենտրոնական հատվածը առավել բարետես դարձնելու նպատակով փողոցային լուսավորության լապտերների հենասյուների վրա տեղադրվել են դեկորատիվ ծաղկամաններ:
Զգալի աշխատանքներ են իրակնացվել աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման, այն առողջարանային քաղաքին վայել կազմակերպեու ուղղությամբ:

Բնապահպանական, առողջապահական, մարզական երիտասարդական և այլ ծրագրերի իրականացում:

Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է անտառների պահպանման և վերականգնման հարցը: Իրականացվել է ծառատունկ և կանաչ տարածքների խնամք: Ծավալուն աշխատանքներ են իրականացվում Աղստև գետի հունի մաքրման ուղղությամբ:
Իրականացվում են հակասողանքային միջոցառումներ: Քաղաքի տարբեր հատվածներում կառուցվել են հենապատեր և դրենաժային համակարգ: Պարբերաբար հրավիրվում են առաջնակարգ մասնագետներ, որոնց եզրակացությունների մասին տեղյակ է պահվում ՀՀ կառավարությանը:
Քաղաքապետարանը անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում առողջապահական ծրագրերի իրականացմանը, քաղաքացիների բուժսպասարկման բարելավմանը: Պարբերաբար կազմակերպում են բուժհետազոտությունների անվճար ակցիաներ:
Քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ ուշադրություն է ցուցաբերվում սպորտի զարգացմանը: Ապահովվում է դիլիջանցի մարզիկների մասնակցությունը հանրապետական միջոցառումներին, նրանց ցուցաբերվում է նյութական և բարոյական աջակցություն: Քաղաքապետարանի միջոցներով կազմակերպվում են մարզախաղեր և օլիմպիադաներ: Ազգային ժողովի պատգամավոր Հ.Հակոբյանի հովանավորությամբ վերականգնվել է ֆուտբոլային «Իմպուլս» մարզակումբը, որը մասնակցում է հանրապետության Ա խմբի առաջնությանը և գլխավորում է մրցաշարի աղյուսակը:
Զգալի գործունեություն է ծավալվել քաղաքի երիտասարդական կյանքն ակտիվացնելու, երիտասարդական ներուժը համախմբելու ուղղությամբ:
Դիլիջանի Երիտասարդական Գործողությունների Ակումբը (ԵԳԱ) միշտ եղել և մնում է քաղաքի իշխանությունների ուշադրության կենտրոնում` դրանով իսկ նպաստելով համայնքում քաղաքացիական ակտիվ խմբի հաջող գործունեությանը:
Դիլիջանի ԵԳԱ կողմից եղել են բազում նախաձեռնություններ, որոնք արժանացել են քաղաքապետի ու քաղաքապետարանի հավանությանը ու ստացել անհրաժեշտ աջակցություն դրանք իրագործեու համար: Բոլոր նախաձեռնությունները նպաստել են համայնքում երիտասարդների մասնակցային գործոնի բարձրացմանը, ինչպես նաև երիտասարդների դերի կարևորությանը:
Անհրաժեշտ համագործակցություն է իրականացվում քաղաքում ազգային փոքրամասնություն կազմող համայնքների հետ, նրանց սոցիալ-մշակութային հիմնախնդիրների իրականացման գործում:





2009-06-29
ՍԵՄԻՆԱՐ ԴԻԼԻՋԱՆԻ ՕՐՀՈՒՍԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հունիսի 24-ին Դիլիջանի Օրհուսի կենտրոնում շրջակա միջավայրի պահպանության պատասխանատու պետական կառավարման մարմինների, սանիտարահիգիենիկ ծառայության «Դիլիջան» Ազգային Պարկի, զբաղվածթան տարածքաին կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան բաժինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Իջևանի Օրհուսի կենտրոնի համակարգողի, կամավորների և Դիլիջանի Օրհուսի կենտրոնի փորձագետների խորհրդի անդամների մասնակցությամբ կայացավ «Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման պետական կառավարում» թեմայով սեմինար, որը վարում էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի աշխատակից Գոռ Մովսիսյանը: Գ.Մովսիսյանը սկզբում հանգամանորեն ներկայացրեց իրենց կենտրոնի գործունեության ուղղությունները, ծրագրերը, համակարգչային սլայդների միջոցով ներկայացրեց օրվա թեման, մասնավորապես` գլոբալ էկոլոգիական կառավարման օրինաչափությունները, կրած փոփոխությունները, դրա կատարելագործման մոդելները, մարտահրավերները` շրջակա միջավայրի պետ.կառավարման ֆրագմենտալ բնույթը, համագործակցության ոչ բավարար մակարդակը, միջազգային կոնվենցիաների կատարման անհետևողականությունը և բնական պաշարների անարդյունավետ օգտագործումը: Տեղեկացվեց, որ պետք է ստեղծել այնպիսի գործուն մեխանիզմ, որը կպահպանի շրջակա միջավայրը բացասական ազդեցություններից, հետևաբար կառավարման բոլոր ճյուղային մարմինները իրավասության շրջանակներում պետք է իմանան իրենց լիազորությունները բնապահպանության բնագավառում: Չնայած օրենսդրական ապահովմանը, սակայն միշտ չէ, որ դրանք կիրառվում են պատշաճ կարգով: Կարևորվեց նաև Օրհուսի կոնվենցիան, ինչպես նաև այն միջազգային փաստաթղթերը, որոնց առաքելությունն է բնապահպանական կայունության ապահովումը: Գ.Մովսիսյանը կարևորեց շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պետական կառավարման համակարգը միջազգային նորմերով գործելու, քաղաքացիական հասարակության և գործարար շրջանների դերի հանգամանքը: Անդրադարձ եղավ պետության էկոլոգիական գործառույթի վրա: Այսինքն, ներկայումս պետական կառավարման գլխավոր խնդիրը բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության արդյունավետ համակարգի ստեղծումն է, որը կապահովի էկոանվտանգություն, ռեսուրսների խնայողություն և մասնավոր հատվածի շահագրգռվածություն: Էկոլոգիական պետական կառավարման գործառույթներն ընդգրկում են ենթաօրենսդրական նորմաստեղծ գործունեությունը, էկոլոգիական նորմավորումը, աուդիտը, մոնիթորինգը, էկոլոգիական վերահսկողությունն ու էկոլոգիական կրթությունը: Սեմինարավարը գծապատկերի օգնությամբ ներկայացրեց շրջակա միջավայրի պետական կառավարման մարմինների և օրենսդրության ողջ համակարգը: Մասնակիցների կողմից բարձրացվեցին հարցեր, որոնց տրվեց սպառիչ պատասխաններ:

Արարատ Ալիխանյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող


2009-06-22
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հունիսի 21-ին հուշարձանների համալիրում կայացավ հիշատակման արարողություն նվիրված Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին:
Արարողությանը մասնակցում էին «Ռուսաստանի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամի» տնօրեն Իվան Սեմյոնովը, Ռուսաստանի հայերի միության նախագահության անդամ` Սիմոն Կագեյանը, Մոսկվայի ուզբեկական համայնքի ղեկավար Ջամիլա Աչիլովան, ՌԴ-ի դեսպանության հյուպատոսական բաժնի վարիչ Եվգենի Կոնիշևը, ռազմական կցորդի օգնական, ՌԴ-ի ներկայացուցիչ` Ալեքսանդր Կաչեմազովը, ՀՀ վետերանների խորհրդի նախագահի տեղակալ Սիմոն Եսայանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ: Մասնակիցները իրենց հարգանքի տուրքն արտահայտեցին զոհերի հիշատակին, ծաղիկներ դրվեցին եղբայրական գերեզմանում հանգչող զինվորների շիրիմներին:
Հյուրերը միաժամանակ իրենց գոհունակությունը հայտնեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված դիլիջանցիների հրշատակը հավերժացնող հուշարձանի և նրա տարածքում ամփոփված եղբայրական գերեզմանի խնամքի նկատմամբ մշտապես ցուցաբերվող հոգատար և ուշադիր վերաբերմունքի համար:
Լ. Ջառահյան
Դիլիջանի վետերանների
խորհրդի հախագահ



2009-05-25
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ
Այս տարի վերջին զանգը Դիլիջանի դպրոցներում հնչեց մայիսի 22-ին: Քաղաքապետարանի կողմից կենտրոնական հրապարակում կազմակերպվեց տոնական միջոցառում, որտեղ շրջանավարտներին ողջույնի խոսքեր հղեցին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Տավուշի մարզի փոխառաջնորդ Տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, Դիլիջանի հագևոր հովիվ տեր Ներսեհը, Տավուշի մարզի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը:
Միջոցառմանը մասնակցեցին մայրաքաղաքից ժամանած արտիստներ, երգիչ-երգչուհիներ:

2009-05-18
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՕՐՀՈՒՍԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
2009 թ. մայիսի 14-ին Դիլիջանի բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Դիլիջան համայնքի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության բաժնի առաջատար մասնագետ Ա.Ժամհարյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ուսանողներ, ուսուցիչներ, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիպման նպատակն էր ներկաներին ծանոթացնել բաժնի աշխատանքներին շրջակա միջավայրի պահպանության ոլորտում, առկա խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ տարվող գործընթացներին և ինչպիսի պետական հարկադրանքի միջոցներ են ձեռնարկվում շրջակա միջավայրի պահպանության օրենսդրորեն ամրագրված նորմերը խախտելու դեպքում:
Պրն. Ժամհարյանը հանգամանորեն ներկայացրեց իրենց կողմից տարվող աշխատանքները, կարևորելով մաքրման կայանների ստեղծման, Աղստև գետի մաքրման աշխատանքեները: Կանգ առնվեց նաև աղբահավաքության կատարման և բնակիչների կողմից ոչ նախատեսված վայրերում աղբը նետելու վատ երևույթների վրա: Նա մատնանշեց այն հանգամանքը, որ պակասում է էկոկրթությունը հասարակության մեծ մասի մոտ: Ասվեց նաև, որ տուգանքները ևս պետք է տեղին կիրառվեն, որպեսզի շատերը գիտակցեն միջավայրի պահպանության և առողջ միջավայր ունենալու գաղափարը: Ա.Ժամհարյանը պատասխանեց ներկաների հուզող հարցերին և առաջարկեց ավելի տարածել բնապահպանական տեղեկատվությունը և շնորհակալություն հայտնեց հրավերի համար:
Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն ՀԿ-ի Երիտասարդական բանկ խմբի անդամները ներկայացրեցին իրենց կողմից հայտարարվող դրամաշնորհային մրցույթների մասին, որոնք ուղղված են նաև բնապահպանական խնդիրների լուծմանը: Երկար քննարկումից հետո մասնակիցները առաջարկեցին, որպեսզի աղբարկղերի մոտ հատուկ ցուցանակներ տեղադրվեն, որոնք բնակիչներին կուղղորդեն աղբը նետել անմիջապես աղբարկղ: Դիլնետ-սերվիս ՀԿ նախագահ Ա.Հովհաննիսյանը առաջարկեց տեղեկատվությունը տարածել ցանկացած միջոցներով: Հանդիպումը կարևորվեց նրանով, որ շահագրգիռ կողմերի փոխշահավետ համագործակցության դեպքում համայնքային բնապահպանական հարցերը համաձայնեցված կարգով կհաղթահարվեն:

Արարատ Ալիխանյան
Դիլիջանի Օրհուսի կենտրոնի համակարգող

2009-05-15
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թանգարանների Միջազգային օրվա կապակցությամբ «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանը և «Շարան Արհեստների կենտրոնը » սիրով հրավիրում են Դիլիջան` միասին լավ ու գեղեցիկ օր անցկացնելու համար: Մայիսի 17-ին ժամը 14.00-17.00 տեղի կունենա բացօթյա տոնակատարություն: Օրվա հյուրը կլինի ԲԱՄԲԻՌ խումբը:
Իսկ մայիսի 18-25-ը «Հայքար» ՀԿ կկազմակերպի արծաթե զարդերով համադրված բնական քարերի «Քարերի հեքիաթը» ցուցահանդեսը:

2009-05-10
ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
Մայիսի 9-ին հազարավոր դիլիջանցիներ Հաղթանակների և խաղաղության տոնի կապակցությամբ հուշարձանային համալիրում մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված արարողությանը: Ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված դիլիջանցիների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
Տավուշի մարզի փոխառաջնորդ, Տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանի ոգեկոչման աղոթքից հետո ելույթներ ունեցան Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Աշոտ Ղազարյանը, վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանը, Դիլիջանի զինկոմի տեղակալ Ռաֆայել Մանուչարյանը: Հանդիսավոր պայմաններում Հայրենական պատերազմի վետերաններին հանձնվեցին, «Մարշալ Բաղրամյան» հոբելյանական մեդալները:
Միջոցառումը եզիրափակվեց զինվորական շքերթով:

2009-05-06
ԴԻԼԻՋԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՄԱԶԾ-Ի ՀԱՄԵՐԳԱՇԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՄԵՐԳԸ
2009թ. մայիսի 5-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, «Երաժշտություն և հանրային իրազեկում մարզերում. համայնքների կարիքների դիտարկումը մշակույթի պրիզմայով» ծրագրի շրջանակներում, Դիլիջան քաղաքում կազմակերպված համերգի և հանրային իրազեկման քարոզարշավի միջոցով անդրադարձավ Տավուշի մարզի շրջակա միջավայրի հիմնախնդիրներին: Համերգը ներկայացրեց Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ)` մաեստրո Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ:

Դիլիջանի համերգը վերջինն էր համերգաշարում: Նախորդ բոլոր համերգներն ու հանրային իրազեկման քարոզարշավները լայն արձագանք էին ստացել Արարատի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի հանդիսատեսի կողմից:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, վերացնել մշակութային մեկուսացումը և բարձրացնել հանրային իրազեկությունը համայնքների կարիքների վերաբերյալ` օգտագործելով մշակույթը և մասնավորապես երաժշտությունը` որպես այդ նպատակի իրագործման խթան:

Ծրագիրը կարևոր համագործակցություն է հաստատել Շողակաթ հեռուստաընկերության հետ, որը նկարահանում է վավերագրական ֆիլմեր` անդրադառնալով այն մարզերի գերակա խնդիրներին, որտեղ տեղի են ունենում համերգները: Ֆիլմերում արծարծվում են աղքատության, գործազրկության, շրջակա միջավայրի մարտահրավերների, աղետների դեմ անպաշտպանության, գենդերային, հանդուրժողականության և մարդու իրավունքների հիմնախնդիրներին առնչվող թեմաներ: Այս ֆիլմերը կցուցադրվեն ազգային հեռուստաալիքներից մեկով: Ակնկալվում է, որ այս ֆիլմերը կընդլայնեն Հայաստանում հանրային իրազեկությունը երկրի զարգացման մարտահրավերների վերաբերյալ և կնպաստեն, որ իշխանությունների` մարզային հիմնախնդիրներին ուղղված պարտավորությունները մնան հանրային և քաղաքական օրակարգի առաջնահերթություններ անգամ ճգնաժամի պայմաններում: ՄԱԶԾ-ն, իր գործընկերների հետ համատեղ, համերգների ավարտից հետո պաշտոնապես կներկայացնի այս ֆիլմերը:

ՄԱԶԾ-ն աջակցում է Հայաստանին կլիմայի փոփոխության ազդեցությունը տնտեսության վրա ուսումնասիրելու խնդրում` նպատակ ունենալով արտացոլել ուսումնասիրության արդյունքները համապատասխան ոլորտների քաղաքականության մեջ: Հայաստանը նաև առաջին չորս երկրների շարքում է, որտեղ իրականացվում են կլիմայի ռիսկի կառավարման ՄԱԶԾ-ի գլոբալ ծրագրեր: Այս առնչությամբ, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը ընդգծված ուշադրություն կդարձնի երկրի հատուկ զեկույցի նախապատրաստական աշխատանքին, որը վերաբերում է կլիմայի փոփոխության ազդեցությամբ Հայաստանում աղետների ռիսկի վերլուծությանը: ՄԱԶԾ-ն սերտորեն համագործակցում է նաև հասարակական կազմակերպությունների հետ` անդրադառնալով շրջակա միջավայրի այնպիսի հիմնախնդիրների, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանությունը, հողերի կառավարումը, մնայուն օրգանական աղտոտիչները և միջազգային ջրերը:

Էներգիայի արդյունավետ օգտագործման ոլորտում ՄԱԶԾ-ն շարունակում է իր գործունեությունը` ուղղված օրենսդրական համակարգերի զարգացմանը և հանրային և մասնավոր գործընկերության ամրապնդմանը` ապահովելով աշխատանքների կայուն ընթացքը ներդրումների միջոցով: ՄԱԶԾ-ն նաև աջակցում է ազգային ինտեգրացված և համակարգված շրջակա միջավայրի տեղեկատվության կառավարման և վերահսկման համակարգի ներդրմանը` բնապահպանական տեղեկատվության մատչելիության և Հայաստանի ազգային բնապահպանական իրազեկման կարողության ամրապնդման համար:


2009-04-30
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ’Ն



«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ԴԻԼԻՋԱՆ քաղաքում բացվող Մասնաճյուղի համար հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր աշխատատեղերի համար`

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԵՆԵՋԵՐ
ՄԱՍՆԱԳԵՏ- ԳԱՆՁԱՊԱՀ
ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ
ՏՏ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ
ՈՍԿԵՐԻՉ-ՓՈՐՁԱԳԵՏ
ՀԱՎԱՔԱՐԱՐ

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2009թ. մայիսի 11-ը լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը, կցելով ինքնակերսագրություն ուղարկել hr.branch@ameriabank.am էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:





2009-04-24
ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 24- ին Հայոց մեծ եղեռնի 94 –րդ տարելիցի կապակցությամբ, Արցախյան ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Դիլիջանի հագևոր հովիվ տեր Ներսեսի ոգեկոչման աղոթքից հետո, մասնակիցները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին ի հիշատակ 1.5 միլիոն հայերի, ովքեր հետեւողականորեն կոտորվել են կամ մահվան երթի տարվել Օսմանյան Կայսրության գոյության վերջին օրերին:
Միջոցառմանը մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակիցներ, հասարակայնության ներկայացուցիչներ:


2009-04-23
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
Ապրիլի 22-ին Դիլիջանի Օրհուսի կենտրոնը կազմակերպել էր Երկրի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը բաղկացած էր երկու մասերից. Երկրի օրը միջազգային օրվա պատմական ուսուցողական շնորհանդեսից, այնուհետև Դիլիջան քաղաքի մերձափնյա տեղամասերից մեկում` ծառատունկից: Շնորհանդեսը կարևորվում էր նրանով, որ անհրաժեշտ էր հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների, ՏԻՄ-երի և հասարակայնության ուշադրությունը հրավիրել մոլորակի և ՀՀ շրջակա միջավայրի վիճակի հանդեպ: Հիմնական նպատակը` համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրների և դրանց լուծման ուղղությամբ միջազգային ջանքերի վերաբերյալ հասարակայնության իրազեկության բարձրացումն էր:
Միջոցառմանը մասնակցում էին ՏԻՄ-երի, ՀԿ-երի ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների սովորողներ, կենտրոնի բնապահպանական խորհրդի անդամներ: Մասնակիցները մանրամասնորեն տեղեկացան Երկրի օրվա իրադարձության, ինչպես նաև Ծառատունկ միջոցառման առաջացման նախապատմությանը, նախաձեռնողներին, պատճառներին ու նախադրյալներն, նպատակներին, ներկա ցանցին, խորհրդանիշներին և այլն:
Մասնակիցներից Մարինե Խալաթյանը այսպես կարևորեց հետևյալը. «...Դիլիջանում նման նախաձեռնությունը բացառիկ էր այնքանով, որ իմացանք, թե ինչու է նշվում Երկրի օրը և նաև, թե որքանով է կարևոր շրջակա միջավայրի պահպանությունը գլոբալ մակարդակում...»:
Առանձնակի շեշտադրում արվեց գլոբալ բնական աղետների ու մարդկության հարատևությանը սպառնացող վտանգների առկայությանը: Կենտրոնի համակարգող Էդիտա Վարդգեսյանը և աշխատակից Արարատ Ալիխանյանը ներկաներին ծանոթացրին գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրներին. կլիմայի փոփոխություններին ու ջերմոցային էֆեկտին, օզոնային շերտի քայքայմանը, հողային ռեսուրսների վատթարացման ու անապատացմանը, կենսաբազմազանության կրճատման հիմնախնդրին և այլն, դրանց հնարավոր հետևանքների մասին և այն, թե որքանով է կարևոր արդյունավետ համագործակցությունը էկոլոգիական ճգնաժամերին դիմակայելու համար:
Բազմաբովանդակ տեղեկատվություն տրվեց համաշխարհային բնապահպանական փաստաթղթերի ու կազմակերպությունների մասին: Խոսելով բնապահպանական փաստաթղթերի մասին կազմակերպիչները կանգ առան Երկրի Հրովարտակի 2000 թ.-ին ընդունման կարևորության վրա, մատնանշելով, որ այն կոչ է անում միավորվելու համամարդկային բնական վտանգներին դիմակայելու նպատակով: Համակարգչային սլայդների միջոցով ներկայացվեց Բնության համաշխարհային հիմնադրամի, որպես շրջակա միջավայրի պահպանության հեղինակավոր կառույցի գործունեությունը, խնդիրներն ու նպատակները, Կովկասում և ՀՀ-ում նրա կատարած աշխատանքները:
Միջոցառումը ավարտվեց քաղաքի բանուկ հատվածներից մեկում ծառատունկ կատարելով, որին աջակցել էր քաղաքապետարանը` հատկացնելով տարածք և տրամադրելով անհրաժեշտ աշխատանքային պարագաներ, ինչպես նաև և Դիլիջանի Ազգային պարկը, որը այդ նպատակով հատկացրեց մոտ 100 տնկիներ: Ծառատունկն իրականացրին մոտ 15 մասնակիցներ:

2009-04-21
ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 20-ին Դիլիջանում ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից անցկացվեց խորհրդակցություն, որը նվիրված էր աղետների կանխարգելման խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վ. Տերտերյանը, Տավուշի և Լոռու մարզպետները, համայնքների ղեկավարները, Արտակարգ իրավիճակների վարչության փրկարար ծառայության տնօրեն Էդիկ Բաղդասարյանը, GTZ Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության ներկայացուցիչներ:
Հայաստանում կան 3000-ից ավելի սողանքներ, որոնց ակտիվացմանը դիմակայելուն մեծ կարևորություն է տրվում: GTZ-ն այդ ուղղությամբ մտադիր է իրականացնել 2.5 մլն եվրո արժողության «Աղետների կանխարգելման» ծրագիր: Ծրագիրը պետք է իրագործվի հինգ տարում: Քննարկման ընթացքում հատուկ կարևորություն տրվեց Դիլիջանում, Հաղարծնում և Խաշթառակում նախատեսվող հակասողանքային միջոցառումներին:
Բնակչությանը կատարվող աշխատանքների մասին կանոնավոր տեղեկացնելու նպատակով Տավուշի մարզում գործելու է իրազեկման կենտրոն:


2009-04-20
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՕՐՀՈՒՍԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ապրիլի 15-ին Դիլիջանի բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնում (Օրհուսի կենտրոն) կայացավ բնապահպանական խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին նոր խորհրդի նոր կազմի, աշխատանքային ժամանակացույցի հաստատման և այլ հարցեր: Նիստը բացեց խորհրդի նախագահ, փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը: Պարոն Մակարյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց կենտրոնի նոր աշխատակազմին (համակարգող Էդիտա Վարդգեսյան, աշխատակից Արարատ Ալիխանյան): Նա ևս մեկ անգամ կարևորեց Օրհուսի կենտրոնի գործունեության նշանակությունը համայնքային բնապահպանական խնդիրների հաղթահարման ուղղությամբ, կարևորելով հատկապես այն հանգամանքը, որ կենտրոնը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցող լավագույն կառույցներից է:
Կենտրոնի համակարգող Էդիտա Վարդգեսյանը ներկայացրեց կենտրոնի առաջիկա գործունեության ուղղությունները և առանձնակի նշանակություն տվեց էկոլոգիական կրթությանը: Նա ներկայացրեց նաև եռամսյա պլանը, որը հանգամանալից քննարկելուց և որոշակի փոփոխություն կատարելուց հետո ընդունվեց միաձայն: Ընդունվեց նաև խորհրդի կազմը և աշխատանքային կանոնակարգը:
Խորհրդի անդամ, Դիլիջանի Ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը բավարարեց խորհրդի խնդրանքը` տրամադրելու տնկիներ ապրիլի 22-ին Երկրի օրվա կապակցությամբ նախատեսված ծառատունկը իրականացնելու նպատակով: Ա.Ալիխանյանը ներկաներին ծանոթացրեց կետրոնի գործունեության նկարագիրը համակարգչային սլայդների միջոցով: Համակարգող
Է. Վարդգեսյանը ներկաներին ծանոթացրեց ապրիլի 22-ին նախատեսված «Երկրի օրը» միջոցառման նախապատրաստական աշխատանքները և պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև մայիսի 3-ին նախատեսված միջազգային «Թռչունների չվման օրը» միջոցառման անցկացման վերաբերյալ: Խորհրդի անդամների կողմից հնչեցվեցին առաջարկություններ շրջակա միջավայրի առկա խնդիրների և բնապահպանական կրթության զարգացման առնչությամբ:


Դիլիջանի Օրհուսի կենտրոնի աշխատակից

Ա.Ալիխանյան

2009-04-17
ՍՊՈՐՏ
Եկող տարվանից «Իմպուլս» թիմը հանդես կգա ֆուտբոլի հանրապետական առաջնության բարձրագույն խմբում: Այդ հաճելի նորությունը հայտնի դարձավ օրերս, երբ մեր ֆուտբոլիստները արտագնա խաղում 5:0 խոշոր հաշվով հաղթեցին
«Փյունիկ–2» թիմին: Արամ Հակոբյանի, Արման Մինասյանի, Մհեր Նազարեթյանի և Գոռ Աթաբեկյանի խփած գոլերի շնորհիվ մեր թիմը նվաճեց առաջին խմբից բարձրագույնն անցնելու իրավունքը, քանի որ խմբում հանդես եկող մյուս թիմերը դուստր թիմեր են համարվում:
Երկրորդ հանդիպումը «Իմպուլսն» անցկացրեց ապրիլի 16- ին, սեփական դաշտում` մրցելով «Շիրակ–2» թիմի հետ: Խաղից առաջ, հանդիսավոր պայմաններում բարձրացվեց մեր երկրի պետական դրոշը` ազդարարելով ֆուտբոլային նոր մրցաշրջանի բացման մասին:
Ցավոք, անձրևային եղանակը խանգարեց, որպեսզի մեծ թվով ֆուտբոլասերներ կարողանան մարզադաշտ գալ և դիտել անչափ դիտարժան ու լարված այդ խաղը:
Խաղի հենց սկզբից «շիրակցիները» ցույց տվեցին, որ տրամադրված են մարտականորեն և հնարավոր ամեն ինչ անում էին այն իրենց օգտին ավարտելու համար:Այդ էր վկայում խաղի հաշիվը. առաջին խաղակեսից հետո` 2-2:
Երկրորդ խաղակեսը նույնպես լարված էր, սակայն մեր ֆուտբոլիստները ավելի վճռական գտնվեցին և վերջնական արդյունքում հաղթեցին: Խորեն Վերանյանի, և Արման Մինասյանի խփած գոլերի թիվը Մկրտիչ Նալբանդյանը և Կարեն Կարապետյանը ավելացրին ևս երկուսով` 4-2:

2009-04-10
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
2009թ. Հայաստանի Հանրապետության պետբյուջեով նախատեսված է հատկացում երկրաշարժից տուժած և փախստականի կարգավիճակում գտնվող ընտանիքներին` բնակարաններ ձեռք բերելու համար:
2009թ. ապրիլի 9-ին քաղաքապետարանում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը
բնակարանների գնման վկայագրեր հանձնեց երկրաշարժից տուժած 1, և փախստականի կարգավիճակում գտնվող 2 ընտանիքների: Պետության կողմից տրվող դրամական աջակցությունը լիովին բավականացնում է շուկայական պայմաններում բնակարան գնելու համար: Քաղաքացիներին նաև պարզաբանվեց, որ նրանք պարտավոր են մինչև ս. թ-ի օգոստոսի 30-ը գնել բնակարաններ:
Մարզպետ Ա Ղուլարյանը հանձնելով վկայագրերը,շնորհավորեց նրաց, մաղթելով հետագա հաջողություններ:
Միջոցառմանը մասնակցում էր և այդ հաճելի առիթով իր շնորհավորանքները հայտնեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
Այսպիսով, ներկա դրությամբ քաղաքում երկրաշարժից տուժած 18 ընտանիքներից բնակարանի գնման վկայագիր է ստացել 11- ը:

2009-04-02
ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում է Գյոց Բերնաու և Սայալի Դադաս ջութակի և դաշնամուրի դասական համերգ Դիլիջանի Արվեստի պետական քոլեջում ապրիլի 3-ին, ժամը 15:30-ին:
Մուտքն ազատ է:

2009-03-30
2008-2009 ՈՒՍՏԱՐՎԱ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ
Մարտի 21-ից մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Դիլիջանի հանրակրթական դպրոցներից կմասնակցեն մարզային փուլի հաղթողներ ճանաչված հետևյալ դպրոցականները`
Հայոց լեզու
Ղուկասյան Զինա, Սագարյան Էլեն (թիվ 2 դպրոց),
Հայ գրականություն
Մուկուչյան Լիլիթ (գ. Հաղարծին),
Հայոց պատմություն
Ղուկասյան Զինա, Սագարյան Էլեն (թիվ 2 դպրոց),
Մաթեմատիկա
Մարկոսյան Լեյլի, Ալիխանյան Հասմիկ (թիվ 2 դպրոց),
Ռուսաց լեզու
Քոչարյան Լիլիթ, Ավետիսյան Դիանա (թիվ 2 դպրոց),
Աշխարհագրություն
Հովսեփյան Աստղիկ (թիվ 2 դպրոց),
Անգլերեն
Խաչատրյան Սաթիկ, Քոչարյան Լիլիթ, Ամյան Էդգար, Ալիխանյան Անի, Սագարյան Էլենա (թիվ 2 դպրոց),
Կենսաբանություն
Տեր-Կարապետյան Գևորգ (թիվ 1 դպրոց),
Քիմիա
Տեր-Կարապետյան Գևորգ (թիվ 1 դպրոց):

Իսկ Երևանի Պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ կազմակերպված առարկայական օլիմպիադայում թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Զինա Ղուկասանը արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի (հայոց պատմություն):

2009-03-27
ՄԱՐՏԻ 28-ԻՆ ԵՐԿՐԱԳՆԴՈՒՄ ԿԱՆՋԱՏՎԵՆ ԼՈՒՅՍԵՐԸ
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հրավիրում է բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրագնդի ճակատագրի նկատմամբ, մասնակցել «Երկրագնդի ժամը-2009» միջազգային կլիմայական ակցիային, որը կանցկացվի մարտի 28-ին, ժ.20.30-ին: Այս մասին հաղորդում է ВОСТОК-МЕДИА-ն։

Ակցիայի հիմնական նպատակն է փոխել մարդկանց վերաբերմունքը էներգիայի սպառման հանդեպ և կոչ անել քաղաքական գործիչներին վճռական որոշումներ կայացնել ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու համար։ Ակցիան բարեգործական է։ 2008թ. այս ակցիային մասնակցել էր 50 միլիոն մարդ։

Ենթադրվում է, որ մարտի 28-ին մոտ 1 միլիարդ մարդ կանջատի լույսը։ Նշենք, որ Հայաստանը նույնպես մասնակցելու է ակցիային։

Յուրաքանչյուր մարդ կարող է ինքը գնահատել իր ներդրումը։ 1կՎտ/ժ–ում արտանետվում է 500 գրամ ածխաթթու գազ։ Այսինքն, եթե ձեր սենկայկում վառվում է 10 լամպ՝ յուրաքանչյուրը 100Վտ, և դուք դրանք մեկ ժամով անջատում եք, ապա 500 գրամ ածխաթթու գազ չի արտանետվում մթնոլորտ։

Tert.am

2009-03-25
ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ
2009թ. փետրվարին Փարիզում կայացած Հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում թիմային հաշվարկով ՀՀ թիմը զբաղեցրեց 3-րդ տեղը արժանանալով բրոնզե մեդալի: Թիմի կազմում էր նաև դիլիջանցի մարզիկ Սասուն Ղամբարյանը(Դիլիջանում մարզիչ` Թ. Պետրոսյան, այժմ ՀՀ օլիմպիական հերթափոխի ուսումնարանի սովորող):

2009-03-06
ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
Սիրելի մայրեր, կանայք, քույրեր.
Քաղաքապետարանի, համայնքի ավագանու և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի առթիվ, մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին երջանկություն և հետագա հաջողություններ:
Հազարմյակներ շարունակ և այսօր էլ հայ կինը եղել և մնում է մեր ազգային, ընտանեկան հարուստ ավանդույթների պահպանողը, զարգացնողն ու հաջորդ սերունդներին հաղորդողը: Մեծ է կնոջ դերը մեր կյանքի բոլոր բնագավառներում: Այն առանձնապես նշանակալից է առողջապահության, կրթության, մշակույթի ոլորտներում, որտեղ աշխատողների մեծամասնությունը կանայք են և ձեր աշխատանքային նվիրվածության շնորհիվ է, որ մեր համաքաղաքացիները ստանում են առողջարանային քաղաքին վայել բարձրակարգ բուժ.սպասարկում, իսկ մատաղ սերունդը` որակյալ կրթություն ու հայեցի դաստիարակություն:
Համոզված եմ, որ ձեր մեծ ներդրումն եք ունենալու նաև մեր քաղաքի զարգացման ներկա` անչափ պատասխանատու փուլում:
Կրկին շնորհավորում եմ ձեզ, ապագայի նկատմամբ լավագույն ակնկալիքներով:




2009-02-25
Ժողովրդավարական գործընթացներին համընթաց
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացումը

Փետրվարի 24-ին քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Ա. Գևորգյանը, ՀՀ Տտարածքային կառավարման փոխնախարար Վ. Տերտերյանը, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը և այլ պաշտոնատար անձինք:
Սպասարկման այս արդյունավետ համակարգը ներդրվել է գերմանական տեխնիկական համագործակցության ծրագրի միջոցներով, որն իրականացվել է տեղեկատվական համակարգերի զարգացման կենտրոնի կողմից:
Այն էապես բարելավում է քաղաքապետարանի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները:
Հենց անմիջապես մուտքի մոտ քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցը ուղղորդում է այցելուին, թե գրասենյակը ինչպես կարող է բավարարել նրա հարցերը: Ի դեպ, այստեղ տեղադրված է համակարգիչ և բանիմաց քաղաքացիները կարող են ինքնուրույն ստանալ համապատասխան տեղեկատվություն իրենց դիմումների պատասխանների, վարձավճարների գումարի և այլ հարցերի մասին:
Առաջին հարկի մեծ սրահում իրականացվում է տարբեր ծառայությունների մատուցումը: Այստեղ տեղադրված յուրաքանչյուր սեղան ունի իր սպասարկման ոլորտը( գույքահարկ, հողի հարկ ), մյուսը դիմումների ընդունման, քաղաքացիների ընդունելության հաշվառման, հաջորդը զբաղվում է վարձակալական պայմանագրերով և այլն: Մշտապես գրասենյակում է գտնվում համակարգի կառավարիչը, որը ապահովում է համակարգի տեխնիկայի անխափան աշխատանքը:
Գրասենյակի պատին փակցված ե «Մարդու իրավունքների հռչակագիրը», քաղաքապետի գործառույթների վերաբերյալ օրենդրական հիմնական փաստաթղթերը, գրասենյակի կառուցվածքի սխեման և այլ դիտողական նյութեր:
Համակարգի ներդրմամբ մեր համաքաղաքացիները կխնայեն ոչ միայն իրենց ժամանակը, այլև կստանան որակյալ սպասարկում:


2009-02-13
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ’Ն

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ԴԻԼԻՋԱՆ քաղաքում բացվող Մասնաճյուղի համար հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր աշխատատեղերի համար`

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԵՆԵՋԵՐ
ԱՎԱԳ ԳԱՆՁԱՊԱՀ
ԳԱՆՁԱՊԱՀ
ՄԱՆՐԱԾԱԽ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ
ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ
ՏՏ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ
ՈՍԿԵՐԻՉ-ՓՈՐՁԱԳԵՏ
ՀԱՎԱՔԱՐԱՐ



Պաշտոնին ներկայացվող պահանջներին
և
հիմնական պարտականություններին

կարող եք ծանոթանալ հետևյալ ինտերնետային կայքերում.
www.ameriabank.am www.ameria.am www.banker.am



ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է 2009 թ. ՓԵՏՐՎԱՐԻ 20-ը:

Բարձր և մրցունակ աշխատավարձը երաշխավորվում է:

2009-02-04
Կանանց դերը հասարակական քաղաքական կյանքում բարձրացնելու ճանապարհին
2008 թ. նոյեմբերի 1-ից «Հույսի կամուրջ» ՀԿ Դիլիջանի մասնաճյուղում սկսել է գործել Կանանց Շահերի Պաշտպանության Խորհուրդը, որը նպատակ ունի բարձրացնել կանանց դերը քաղաքական հասարակական կյանքում.
- Ապահովել կանանց առաջնորդությունը և ուժը` ՏԻՄ-ի կողմից սոցիալական ապահովության և ֆինանսավորման տրամադրման գործընթացներին ե էական մասնակցություն ունենալու համար:
- Երաշխավորել համագործակցությունը ՏԻՄ-երի և կենտրոնների միջև`ուժեղացնելով այն ի շնորհիվ քաղաքացիական ուսուցման նախաձեռնությունների` կենտրոնանալով հատկապես հանրակրթական դպրոցներում սովորող աղջիկների վրա,և ի շնորհիվ տեղական զարգացման պլանների մշակման և մոնիտորինգի: Այս ծրագիրն իրագործվում է Հայատանում՝ եկամուտների ցածր մակարդակ ունեցող ԱՊՀ երկրում: Այն ավելի մեծ մի ծրագրի մաս է, որը նպատակ ունի ուժեղացնել մարդկանց ձայնը տեղական կառավարման պրոցեսում:
Ծրագիրը հիմնված է քաղաքացիական 5 ռեսուրս-կենտրոնների վրա, որոնք ծառայություններ են մատուցում հաշմանդամ երեխաներին և նրանց ծնողներին Տավուշի մարզի 4 քաղաքներում և Երևանում, տրամադրում են իրավաբանական խորհրդատվություն, տեղեկատվություն սոցիալական ծառայությունների և սոցիալական պաշտպանության հիմնահարցերի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում է ուսումնական ծրագրեր՝ դպրոցական և հետդպրոցական տարիքի աղջիկների համար:
Կենտրոնների ղեկավար կազմը և աշխատակիցները կանայք են, ինչպես նաև կենտրոններն ունեն բազմաթիվ շահառուներ և անդամներ, որոնց մեծ մասը կանայք են խոցելի անցյալով՝ ելնելով բնակավայրից: Այս ծրագիրը կկենտրոնանա աղքատ հյուսիսային քաղաքներում հատկապես այն բանի վրա, թե ինչպես է տեղական բյուջեն արտացոլում սոցիալական ծառայությունների և սոցիալական պաշտպանության չափը՝ ելնելով գենդերային առանձնահատկությունից:
ԿՇՊԽ-ի առաջին նիստը, որը նախատեսված էր նվիրել այս տարվա նորընտիր ավագանու միակ կին անդամի` Հասմիկ Մկրտումյանի հետ հանդիպմանը, տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին «Հույսի կամուրջ» -ի կլոր սեղանի շուրջը:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմինների 18 կին ղեկավարներ, քննարկվեցին քաղաքի բնակչությանը հուզող մի շարք հարցեր`
1. Տարեցների կենտրոնի ստեղծումը, որտեղ կկազմակերպվի միայնակ ծերերի առօրյան:
2. Ժամանցի գոտու ստեղծումը, որտեղ կկազմակերպվի կինոդիտումներ, կորպորատիվ հանդիպումներ:
3. Գործազուրկ կանանց համար արհեստագործական խմբակների և այնտեղ կատարված աշխատանքների ցուցահանդես վաճառքի կազմակերպում:
4. Մանկապարտեզների ամենամսյա անխափան աշխատանքի կազմակերպումը:
Արդյունքում` որպես հրատապ լուծում պահանջող խնդիր,Կանանց Շահերի Պաշտպանության Խորհուրդը որոշեց գրությամբ դիմել Դիլիջանի քաղաքապետ պարոն Ա. Սանթրոսյանին, որ ձմեռային սեզոնում` հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը նրա անմիջական միջնորդությամբ թույլ տրվի մանկապարտեզներում պահել հերթապահ խմբեր, հաճախող թվով 45 տարբեր տարիքի երեխաների համար:
Խորհրդի ունեցած տվյալների համաձայն միայն Կաղնի Խաչ թաղամասում պետական հիմնարկներում աշխատող մայրերի թիվը կազմում է 23 հոգի (որոնցից մի քանիսն ունեն մանկապարտեզ հաճախող 2 երեխա), իսկ մասնավոր ձեռնարկություններում աշխատnղների թիվը` 20 հոգի: Խորհրդին դիմել էին նաև մի խումբ տնային տնտեսուհիներ, որոնց մտահոգում էր տվյալ ամիսների ընթացքում երեխաների կրթության և շփման անհրաժեշտքւթյունը:

ԿՇՊԽ կոորդինատոր
բանավեճի ակումբավար
Արմինե Գրիգորյան

2009-01-22
Ի գիտություն ֆիքսված կապի բաժանորդների
Հունվարի 1-ից Դիլիջան քաղաքի ֆիքսված կապի բաժանորդներն օգտվում են թվային ավտոմատ հեռախոսակայանի ծառայություններից։ Սահմանված են հետեւյալ սակագները.
հեռախոսագծի ամսական վարձավճար - 1100 դրամ,
տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը յուրաքանչյուր հեռախոսագծի համար - 360 րոպե,
361-րդ րոպեից սկսած մինչեւ 1600 րոպե տեղական խոսակցության 1 րոպեն - 5 դրամ,
1601 րոպեից սկսած՝ - 9 դրամ։

2009-01-20
Փետրվարի 3-ից ՝ ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլ
Հայաստանի Հանրապետության 2-րդ` քաղաքային փուլը կազմակերպելու նպատակով ստեղծվել են օլիմպիադաների քաղաքային փուլի առարկայական հանձնաժողովներ հետեւյալ կազմով եւ ժամանակացույցով.

Մաթեմատիկա - 03.02. 2009 ժամը 14.00, թիվ 1 դպրոցում
Արամյան Արա - նախագահ (թիվ 1 դպրոց), Մարտիրոսյան Վեներա - (Վ.Անանյանի անվ. դպրոց), Ավագյան Անահիտ (թիվ 1 դպրոց), Աղաջանյան Նարինե (թիվ 2դպրոց), Մանուկյան Ա. (թիվ 4 դպրոց)

Հայոց լեզու - 04.02.2009թ ժամը 1300, թիվ 2 դպրոցում
Թումանյան Սուսաննա - նախագահ (թիվ 2 դպրոց), Ղազարյան Անահիտ (թիվ4 դպրոց), Գրիգորյան Մարգո (թիվ1 դպրոց), Ղազարյան Մարիետա (Վ.Անանյանի անվ.դպրոց), Թադեւոսյան Լիլիթ(թիվ6 դպրոց)

Հայ գրականություն - 05.02.2009թ ժամը 1400, թիվ 4 դպրոցում
Թումանյան Սուսաննա-նախագահ (թիվ2դպրոց) , Հարությունյան Ս.(թիվ 4 դպրոց)
Շահբազյան Անահիտ(թիվ1դպրոց), Ղազարյան Մարիետա(Վ.Անանյանի անվ.դպրոց), Թադեւոսյան Լիլիթ (թիվ 6 դպրոց):

Ռուսաց լեզու 06.02.2009թ ժամը 1400, թիվ 2 դպրոցում
Ֆարաշյան Կամիլա - նախագահ (թիվ4 դպրոց), Դավթյան Գոհար(թիվ2 դպրոց), Մանվելյան Նորա(թիվ1դպրոց), Հակոբյան Ալիսա(Վ.Անանյանի անվ.դպրոց), Թիրաբյան Լիանա (թիվ6 դպրոց):

Գերմաներեն լեզու 07.02.2009թ ժամը 1100 , թիվ 1 դպրոցում
Սերգոյան Հասմիկ - նախագահ (թիվ1 դպրոց), ՈՒլիխանյան Քնարիկ(թիվ 1 դպրոց)
Չոլաքյան Քնարիկ(թիվ 6 դպրոց):

Անգլերեն լեզու 07.02.2009թ ժամը 1100 , թիվ 2 դպրոցում
Բոգդանյան Մարինե -նախագահ (թիվ 2 դպրոց),Հովհաննիսյան Մարիա(թիվ1դպրոց), Խալաթյան Մարիետա(թիվ2դպրոց),Ասատրյան Մարինե(թիվ4 դպրոց), Անանյան Ռուզաննա (Վ.Անանյանի անվ.դպրոց), Չիչակյան Լուսինե (թիվ6 դպրոց):

Պատմություն 09.02.2009թ ժամը 1400 , թիվ 1 դպրոցում
Ալիխանյան Արթուր- նախագահ(Վ.Անանյանի անվ.դպրոց), Սարգսյան Քրիստինե (թիվ2 դպրոց), Սիմոնյան Հասմիկ(թիվ1 դպրոց), Աբգարյան Ա.(թիվ 4 դպրոց)

Աշխարհագրություն 10.02.2009թ ժամը 1400 , թիվ 2 դպրոցում
Թադեւոսյան Լուսինե-նախագահ(թիվ2 դպրոց), Զուրաբյան Արմինե (թիվ 4 դպրոց)
Հարությունյան Վերգինե (թիվ1դպրոց), Ալիխանյան Արթուր (Վ.Անանյանի անվ. դպրոց):

Ինֆորմատիկա 11.02.2009թ ժամը 1300 , թիվ 4 դպրոցում
Մեջլումյան Ժաննա -նախագահ (թիվ4 դպրոց), Մանթաշյան Լամարա(թիվ2 դպրոց), Մանուկյան Ալինա(թիվ1դպրոց), Մարտիրոսյան Վեներա (Վ.Անանյանի անվ. դպրոց):

Կենսաբանություն 12.02.2009թ ժամը 1400 , թիվ 1 դպրոցում
Սարուխանյան Սուսաննա- նախագահ (թիվ1 դպրոց), Մեջլումյան Ա.(թիվ4 դպրոց), Բուդուրյան Իրինա(թիվ2դպրոց), Խաչիկյան Ալինա(Վ.Անանյանի անվ.դպրոց), Հակոբյան Գեղանուշ (թիվ6 դպրոց):

Քիմիա 13.02.2009թ ժամը 1400, թիվ 2 դպրոցում
Սմբատյան Հասմիկ - նախագահ(թիվ2 դպրոց), Ջավախյան Նազիկ(թիվ 1 դպրոց), Մաիլյան Ալվարդ(թիվ 4 դպրոց), Խաչիկյան Ալինա (Վ.Անանյանի անվ.դպրոց), Հակոբյան Գեղանուշ(թիվ 6 դպրոց):

Ֆիզիկա 14.02.2009թ ժամը 1100 , թիվ 1 դպրոցում
Մկրտչյան Գագիկ - նախագահ (թիվ 1 դպրոց), Պողոսյան Մելանյա (թիվ1 դպրոց), Մեջինյան Մարինե (թիվ 2 դպրոց), Դավթյան Էլմիրա (թիվ 4 դպրոց), Մեջլումյան Լիանա (Վ.Անանյանի անվ.դպրոց), Անանյան Մարիամ(թիվ 6 դպրոց):

Աստղագիտություն 16.02.2009թ ժամը 1400 , թիվ 1 դպրոցում:

2009-01-16
Կրկին երեխաներն իրենց ստեղծագործական հաջողություններով
2008թ. դեկտեմբերի 2-ին Երեւանի «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ «Պահպանիր բնությունը» բնապահպանական քարոզարշավի առաջին մասի ավարտն ազդարարող միջոցառում, որը վարում էին Դիլիջանի էկո-ակումբի սաներ՝ Արման Ուլիխանյանը, Հասմիկ Գալստյանը, Երեւանի էկո-ակումբի այլ մասնակիցներ։
«Պահպանիր բնությունը» մեկամյա բնապահպանական քարոզարշավը համատեղ իրականացնում են Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ Վիվա Սել-ՄՏՍ-ը։ Քարոզարշավը սեպտեմբերից մեկնարկել է «Նկարչական օր» միջոցառումը: «Նկարչական օրը» անգլիական այգում համախմբեց 1000-ից ավելի երեխաների Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից։ Կրթօջախներից բերված սեղանների վրա երեխաները նկարեցին իրենց պատկերացումներն ու մտահոգությունները բնության մասին։ Իսկ դեկտեմբերի 2-ին ժյուրին (ԵԱՀԿ՝ Գոհար Ղազինյան, ՄԱԿ՝ Դիրկ Բոբերկ, Կրթության ազգային ինստիտուտ՝ Մելանյա Դավթյան, նկարիչ՝ Սամվել Բաղդասարյան) ամփոփեց մրցույթի արդյունքները եւ լավագույն աշխատանքների հեղինակներին արժանացեց մրցանակների(ֆոտոխցիկ, տեսախցիկ, բնապահպանական գրքեր),
Վիվա Սել-ՄՏՍ-ն իր հերթին տարբեր անվանակարգերում հաղթած երեխաներին նվիրեց DVD նվագարկիչ եւ համակարգիչ։
13-16 տարեկան անվանակարգում լավագույն նկարի հեղինակը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի հովանավորությամբ հնարավորություն ստացավ մեկնելու Փարիզ՝ Լուվրի թանգարան։
Այս ամենից հետ չեն մնում նաեւ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի սաները։ Ցուցաբերելով ակտիվ մասնակցություն իրենց ստեղծագործական աշխատանքներով, Վիվա Սել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից տարբեր անվանակարգերում 2-րդ դասարանի սաներ Արեն Ալիխանյանը եւ Արմենակ Մինասյանը ստացան DVD նվագարկիչ« համակարգիչ։
Քարոզարշավի շրջանակներում «Արեւորդի» էկո-ակումբների մասնակից- պատանիները ներկայացրեցին նաեւ հիմնադրամի կողմից հրատարակված հեքիաթների գիրք, որը նախատեսված է նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների համար։
Գրքի հեղինակները «Արեւորդի» էկո-ակումբի սաներն են, հանրապետության ողջ տարածքից ու Արցախից, որոնք ակտիվ մասնակցել ու դեռ մասնակցում են կրթական բնապահպանական ծրագրերին ու բազմաթիվ բնապահպանական միջոցառումներին։ Երեխաներին հասցեագրված այս գիրքը կոչված է ուշադիր եւ զգոն դարձնել տարեկիցներին բնության ու իրենց շրջապատող աշխարհի հանդեպ։
Հեքիաթներում գլխավոր հերոսը բնությունն է՝ իր գեղեցկությամբ, խնդիրներով, մարդու հետ հավերժական կռվով ու բարեկամությամբ։

Հրեղեն Գասպարյան,
գեղարվեստի դպրոցի տնօրեն

2009-01-10
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի դիլիջանցիներ.
Մի քանի օր է մնացել այն պահից, երբ միայն մեկ ակնթարթ հանդիպում են հին ու նոր տարիները, և սկսվում է նոր թվականի հաշվարկը:
Նոր՝ 2009 թվականն էլ, համոզված եմ, առավել արդյունավետ ու արգասաբեր կլինի մեր քաղաքի համար, բոլոր դիլիջանցիների համար:
Մեր քաղաքը հանրապետության արագ զարգացող համայնքներից է: Տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ` մեզ հաջողվում է ձևավորել այնպիսի բյուջե, որը հնարավորություն է տալիս լայնածավալ աշխատանքներ կատարել քաղաքի բաարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, սոցիալ-տնտեսական բազմաբնույթ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Բոլոր ձեռնարկումների մեջ առաջին պլան է մղվում Դիլիջանի առողջարանային հեռանկարը: Նշեմ նաև, որ մեր քաղաքն առաջնակարգ առողջարան-հանգստավայր դարձնելու խնդրով մտահոգված են նաև հանրապետության նախագահն ու վարչապետը:
Դիլիջանը տարածաշրջանում դառնալու է ոչ միայն առաջնակարգ առողջարան, այլև մշակութային կենտրոն: Այս առումով խիստ կարևորում եմ երկրագիտական թանգարանի նոր շենքի և ամառային ամֆիթատրոնի՝ արդեն ավարտված շինարարությունը: Շարունակվում է կենտրոնական գրադարանի հիմնանորոգումը: Քաղաքապետարանը լուրջ ծրագրեր ունի քաղաքի փողոցների բարեկարգման, հոսող տարածքների ամրացման ուղղությամբ:
2008-ին ասֆալտապատվել են մի շարք կենտրոնական թաղամասային փողոցներ, կառուցվել են հենապատեր:
Մեր ուշադրության կենտրոնում են դպրոցաշինության, մանկական և մշակույթի օջախների հետ կապված խնդիրները: Այս ուղղությամբ ևս անցնող տարում շոշափելի հաջողություններ ունենք:
Քաղաքաքապետարանը խիստ կարևորում է ազգաբնակչության սպասարկման, այդ թվում` ջրամատակարարման բարելավման հարցը: Հիմնանորոգվում են ջրամաքրման կայանները, արդեն իսկ փոխվել է 14 կմ ջրագիծ: Հեռու չէ այն օրը, երբ դիլիջանցին կստանա որակյալ խմելու ջուր և օրակարգում կդրվի մշտական ջրամատակարարման խնդիրը:
Հարգելի դիլիջանցիներ.
Տարեմուտի խոսքս չեմ ուզում ծանրաբեռնել հավելյալ փաստերով ու թվերով: Այն, ինչ կատարվում է մեր քաղաքում` ձեր աչքերի առաջ ու ձեզ համար է: Վստահորեն ասում եմ, որ շատ ավելին պետք է կատարվի նոր տարում:
Մեր քաղաքի , նրա առաջընթացի համար նոր խթան կհանդիսանա պետության առանձնահատուկ հոգածությունը: Հանրապետության կառավարությունը մտադրություն ունի Դիլիջանը դարձնել ֆինանսական կենտրոն: Նախատեսվում է մեզ մոտ տեղափոխել Հայաստանի կենտրոնական բանկը :
Այնպես որ, հարգելի դիլիջանցիներ, մեր քաղաքի լավագույն օրերը դեռ առջևում են: Այս բարձր տրամադրությամբ էլ եկեք հրաժեշտ տանք հին տարուն և ընդունենք նորը:
Դիլիջան համայնքի ավագանու և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլոր դիլիջանցիների նոր տարին և Սուրբ Ծնունդը:
Ձեզնից յուրաքանչյուրին և ձեր ընտանիքներին մաղթում եմ երջանկություն ու բարօրություն, բարգավաճում ու բոլոր նպատակ-ների իրականացում: Թող ամանորյա տոնական տրամադրությունը ձեզ ուղեկից լինի գալիք ամբողջ տարվա ընթացքում:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

2008-12-29
Տոնական ուրախ միջոցառում
Դեկտեմբերի 29-ին ժամը 18.00-ին քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի կունենա Նոր Տարվան նվիրված համերգ-միջոցառում։ Համերգին կմասնակցեն ինչպես տեղի ինքնագործ խմբերը, այնպես էլ «Կոլիզեյ» եւ «Շարլոտա» գիշերային ակումբների մասնակիցներ Արմանն ու Յանան, Սոֆին եւ Մարան, երգիչ՝ Մայքլ Քոթանջյանը։ Երեկոն կվարի վաստակաշատ դերասան Ռաֆայել Քոթանջյանը։ Ուրախ տոնածառին ներկա կլինեն երեխաների համար շատ սպասված Ձմեռ պապն ու Ձյունանուշը։
Միջոցառումը կավարտվի տոնական հրավառությամբ։


2008-12-27
ԴԻԼԻՋԱՆԻ ՆՈՐ ԱՅՑԵՔԱՐՏԸ
Տարեմուտի նախաշեմին, որպես գեղեցիկ անակնկալ, տպագրվեց Դիլիջանը ներկայացնող նոր կատալոգ, որը ներկայացնում է նոր եւ հին Դիլիջանի ինքնատիպ ճարտարապետական արժեքները՝ հետաքրքիր ու բովանդակալից տեղեկատվությամբ։ Ձեռնարկի տեղեկատվությունը ներկայացված է ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով։

Նախադեպը չունեցող այս այցեքարտ- ձեռնարկը շատ կարեւոր եւ սպասված էր Դիլիջանի համար, որպես զարգացող զբոսաշրջության կենտրոն։

Ձեռնարկի հրատարակությունը կատարվել է Դիլիջանի քաղաքապետարանի եւ Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։

2008-12-23
ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
1988-ի ահեղ երկրաշարժի օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնեց համայն մարդկությունը:
Այդ ծանր օրերին աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան էին ուղարկվում դեղորայք, բուժսարքավորումներ, սննդամթերք, հագուստներ, վրաններ: Այդ երկրների թվում նշակալի էր նաև Իտալիայի օգնությունը:
1988-ի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ Իտալիայի Ուդինե քաղաքի պուրակներից մեկում տեղի ունեցավ հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի բացումը:
Հուշաքարը` հայկական ավանդական նռան քանդակով, բերվել էր Հայաստանից:
Հայաստանից ժամանած պատվիրակության կազմում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը, գործարար-բարերարներ Արթուր Պավլովը, Կարո Շահբազյանը, մեր համաքաղաքացի գործարար Արմեն Խառատյանը:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նահանգապետը, Ուդինեի քաղաքապետը, նահանգային և քաղաքային ադմինիստրացիաների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պատվիրակության անդամները և մեր իտալացի բարեկամները իրենց ելույթներում նշեցին ժողովուրդների բարեկամության և միասնականության կարեւորությունը ինչպես բնական աղետներին դիմանալու, այնպես էլ նրանց խաղաղ գոյատեւման ու զարգացման գործում:


2008-12-18
Միջոցառում նվիրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին
1948 թ. դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որն իր տեսակի մեջ առաջինն էր: Այդ հիշարժան պատմական օրվանից այդուհետ միջազգային հանրությունը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների օր: Հռչակագիրը հայտարարում էր բոլոր մարդկանց ի ծնե արժանապատվության, հավասար և անկապտելի իրավունքների ճանաչման մասին: Այս կարևորագույն իրավական փաստաթղթի հռչակած դրույթներով ողջ աշխարհում պիտի պահպանվեն մարդու իրավունքների ոլորտում նվաճած ձեռքբերումները: Համընդհանուր բառը ինքնանպատակ չէր հռչակագրի համար, քանզի այն տարածվում է մարդկային ընտանիքի յուրաքանչյուր անդամի վրա` անկախ մարդկանց մաշկի գույնի, սեռային, լեզվական, կրոնական, ազգային և այլ հատկանիշներից, սոցիալական ծագումից, քաղաքական համոզմունքներից: Հռչակագրում առաջին անգամ ճանաչվեցին և ամրագրվեցին բոլոր իրավունքները` քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային: ՄԱԿ-ի հիմնական գործունեությունը , որը շեշտադրված է նաև վերջինիս կանոնադրությունում, միջազգային մակարդակում մարդու իրավունքների ճանաչման, պաշտպանության և երաշխավորման ապահովումն է: Հավելենք, որ հռչակագիրը իրավաբանական ուժ չունի, այլ միայն բարոյական ազդեցություն է կրում և մասնավորապես խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է: Ինչևէ, նրա ընդունումը հեղափոխիչ փուլ բացեց մարդու իրավունքների միջազգայնացման և հետագայում այդ ոլորտում համանման իրաբանորեն պարտավորեցնող համաձայնագրերը կյանքի կոչելու համար, որոնք դարձան պետություններում մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովող կայուն մեխանիզմներ և ընդհանուր առմամբ նպաստեցին ժողովրդավարության սահմանների ընդլայմանը:
Դեկտեմբերի 10-ին Հռչակագրի 60-ամյա հոբելյանը հանդիսավորությամբ նշվեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցում: Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էր կրթօջախի պատմության և իրավունքի ուսուցիչ Արարատ Ալիխանյանը: Միջոցառման անմիջական մասնակիցները 9-րդ դասարանցիներ էին: Ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ և դպրոցի տնօրինությունը: Օրվա թեման ավելի պատկերավոր և հանգամանալից ներկայացնելու համար կիրառվում էին համակարգչային տեխնոլոգիաները, ինտերնետային ուսումնական ռեսուրսներ, որոնք ավելի էին դյուրացնում պատմական տարբեր գործընթացներում մարդու իրավունքների տարածման վերաբերյալ տեսական գիտելիքների ըմբռմանը: Ցուցադրվող յուրաքանչյուր սլայդ պատմում էր մարդու իրավունքների ոլորտում մարդկության նվաճումների մասին: Ներկայացման սկզբում տրվեց տեղեկատվություն Ազգերի Լիգայի` որպես Առաջին աշխարհամարտից հետո համաշխարհային անվտանգությունը ապահովող համապարփակ կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին: Այնուհետև սլայդներում ներկայացվեց ՄԱԿ-ի հիմնադրումը և նրա առաքելությունը, այն է կանխել հետագա զինված բախումները և ունակ լինել ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը: Մատնանշվեց, որ մարդու իրավունքները հիմք են խաղաղության և ազատության հաստատման համար: Երեխաները նաև հանգամանորեն ներկայացրեցին ՄԱԿ-ի համակարգի բոլոր կառույցները և նրանց հիմնական գործառույթները: Միմյանց հաջորդող համակարգչային սլայդներում արտացոլված էին այդ մարմինների կառուցվածքը և գործունեության գերակա ուղղությունները: Բովանդակալից լուսաբանվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (ՄԻՀՀ) ընդունման կարևորությունը և կառուցվածքը: Հռչակագրի ընդունման պատճառ նշվեց Երկրորդ աշխարհամարտի ծանր հետևանքները մարդկության համար և այդ կապակցությամբ փաստաթղթի կիրառման անհրաժեշտությունը: ՄԻՀՀ-ի կառուցվածքը ներկայացվեց բոլոր հոդվածներով, որոնք ապահովում են յուրաքանչյուրի մարդկային իրավունքների ճանաչումը և պաշտպանությունը: Հետաքրքրաշարժ սլայդները ցուցադրում էին այդ իրավական նորմերի դասակարգումն ըստ առաջնային կարևորության: Բայց, քանի որ, ինչպես երեխաները նշեցին, ՄԻՀՀ-ը իրավաբանորեն պարտադրող լծակներ չուներ, ապա հարկ առաջացավ նրա դրույթներին հաղորդել պարտադիր ուժ և, հետևաբար, հետագա տասնամյակներում ընդունվեցին իրավունքներ ամրագրող և դրանց պաշտպանությունը պարտավորեցնող մի շարք միջազգային համաձայնագրեր (ՄԱԿ-ի 1966 թ. Քաղաքական և քաղաքացիական իրավունքների ու Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագրերը): Դրանք այսօր համընդհանուր ճանաչում ունեն, որոնց միացել են բազմաթիվ երկրներ և այդ համաձայնագրերի կիրառումը ապահովում իրենց ազգային մակարդակում: Երեխաները բացատրեցին նաև այդ համաձայնագրերում տեղ գտած իրավունքների պաշտպանության մեխանիզմների իրավակիրառման մասին և պետությունների կողմից դրանք խախտելու դեպքում անձի կողմից սեփական պետության հանդեպ բողոք ներկայացնելու իրավունքի իրացման կարգը: Վերջում անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի ընտանիքում ՀՀ-ի գործունեության, մարդու իրավունքների ապահովման ասպարեզում մեր երկրի ձեռնարկած աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի և նրա տարբեր գործակալությունների գործունեությանը:
Միջոցառման ավարտին իր եզրափակիչ խոսքում Ա.Ալիխանյանը մեկ անգամ ևս կարևորեց մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների տարածումը և դրանց պաշտպանության առաջնահերթությունը, ավելացնելով, որ ցանկացած ժողովրդավարական հասարակությունում մարդու իրավունքները գերագույն արժեք են, որոնք բնութագրում են մարդու արժանապատվությունը և ինքնուրույնությունը, ապահովում նրա ինքնահաստատումը և զերծ պահում տարատեսակ ոտնձգությունից: Օրվա կապակցությամբ ելույթներ ունեցան նաև մասնակից ուսուցիչները, աշակերտները: Շնորհակալություն հայտնվեց Ա.Ալիխանյանին և աշակերտներին միջոցառումը պատշաճ և հագեցած տեղեկատվությամբ մատուցելու համար: Այն ընթացավ կազմակեպչական բարձր մակարդակում, որին նպաստել է Ա.Ալիխանյանի տեղական և արտասահմանյան մասնագիտական տարբեր դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքները և փորձը, վերապատրաստող ուսուցչի հմտությունները:

Մարինե Ասատրյան

Դիլիջանի թիվ 4 միջնակարգ դպրոցի ուսումնա-դաստիրակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ

2008-12-01
ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20- ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 3-7-ը քաղաքի մշակութային օջախներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ.
դեկտեմբերի 1–7-ը՝ Հ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցում դպրոցի սաների ստեղծագործությունների ցուցահանդես,
դեկտեմբերի 3-ին՝ համերգ արվեստի պետական քոլեջում Դիլիջանի ինքնագործ խմբերի կատարմամբ,
դեկտեմբերի 5-ին ՝ համերգ մանկական երաժշտական դպրոցում,
դեկտեմբերի 6-ին՝ կամերային համերգ արվեստի պետական քոլեջում:


2008-11-27
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Հ.ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ դպրոցի վերանորոգված մասի բացման հանդիսավոր արարողությունը։ Դպրոցի վերանորոգումը կատարվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի -ի կողմից հատկացված միջոցներով:
Միջոցառմանը մասնակցեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, Դիլիջանի եւ Հաղարծին վանքի
հոգեւոր հովիվ Տ. Նահապետ քահանա Խաչատրյանը եւ բարձրաստիճան այլ հյուրեր:
1970 թվականից Դիլիջանի արվեստի դպրոցը, որ կրում է արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի անունը, հիմնադրման օրվանից երբևէ չէր վերանորոգվել: Եվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը օգնության ձեռք մեկնենց այն հավատով, որ դա կվերակենդանացնի դպրոցը: Հիմա` արտաքին և ներքին հարդարումից հետո, դպրոցը տոնում է իր նոր սկիզբը:

«Արվեստը մեր երեխաների մեջ սերմանելով` մենք պահպանում ենք մեր ինքնագիտակցությունը` արվեստի հետ շփման միջոցով և փոխանցում ենք մեր ժառանգությունը մատաղ սերնդին: Մենք չենք կարող անտարբեր լինել այն բանի նկատմամբ, որ շատ երիտասարդ հայորդիներ իրենց ժառանգությունն ու մշակույթը մոռանալու վտանգի առաջ են»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երիտասարդացած կրթօջախը այսուհետև կիրականացնի իր ավանդական առաքելությունը նոր մոտեցմամբ: Այն կծառայի ազգային արժեքների պահպանությանն ու զարգացմանը գեղարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի ու ժողովրդական արհեստների ոլորտներում: Դպրոցում շուտով կվերաբացվեն ստեղծագործական խմբակները:

2008-11-12
ՊԱՐԱԽՈՒՄԲԸ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԵԿԱՆ Է
Նոյեմբերի 11-ին, Բուենոս Այրեսի "Աստրալ" թատրոնում, ելույթ ունեցավ ՀՕՄ-ի հովանավորությամբ գործող "Նաիրի" հայկական պարախումբը: Համերգը հերթական չէր, այն նվիրված էր Արգենտինայում և այլուր ճանաչված այս կոլեկտիվի ստեղծման 30- ամյակին: Տոնական համերգին ներկա էին Արգենտինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշարյանը, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, այլ հյուրեր, հարյուրավոր հայեր:
Պարախմբի գեղարվեստական ղեկավարն է Հայաստանից եկած մասնագետ Վահրամ Համբարձումյանը: Նա կնոջ` Թերեզայի հետ, կատարեց մի քանի պարային համարներ` արժանանալով հանդիսականների բուռն ծափերին: Իսկ պարախումբն ընդհանրապես հանդիսատեսին ներկայացրեց հայ ազգագրական պարեր, "Քոչարին", "Բերդ" պարը, Սպիտակի երկրաշարժին նվիրված պարային էտյուդ:
Երեք տասնամյակ "Նաիրին" բեմի վրա է: Փոխվել են ղեկավարները, պարող- պարուհիները, սակայն, ինչպես վկայում են գաղթօջախի տարեց հայերը, պարախումբը միշտ էլ մնում է իր բարձրության վրա` նպաստելով հայապահպանության գործին:
ՄԻՔԱՅԵԼ ԱՆԱՆՅԱՆ
Արգենտինա, Բուենոս Այրես

2008-11-10
Համերգ Արվեստի պետական քոլեջում
Նոյեմբերի 8-ին Դիլիջանի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ համերգ՝ Մենակատարների պետական կամերային համույթի կատարմամբ։ Ինչպես ներկայացրեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի տեղակալ Դ. Առաքելյանը իր բացման խոսքով, մենակատարների պետական կամերային համույթը Դիլիջան էր եկել հատուկ առաքելությամբ. երաժշտությամբ շնորհավորել քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին վերընտրվելու կապակցությամբ եւ փոխանցել Արամ Խաչատրյան-100 հուշամեդալը Դիլիջանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մուսայելյանին ։
Համերգին հնչեցին երիտասարդ մենակատարներ Հովհաննես Մանուկյանի, Զավեն Վարդանյանի նորագույն ստեղծագործությունները իրենց իսկ կատարմամբ, ելույթ ունեցավ կանանց 3-րդ լարային քառյակը։

2008-11-06
Հաշմանդամության շահերի պաշտպանության միամսյակ
Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը անցկացնում է hաշմանդամների շահերի պաշտպանության միամսյակ:
Նշված ժամանակաընթացքում կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ. հանդիպումներ կենտրոնում անդամագրված անձանց ծնողների հետ, զբաղվածության կենտրոնում, մանկական առողջարանում, թիվ 1 հատուկ եւ թիվ 2 ներառական դպրոցներում, կինոդիտումներ, «Հույսի կամուրջ» Հ/Կ-ի Դիլիջանի մասնաճյուղին վերաբերող ֆիլմի շնորհանդես, անհատական ցուցահանես եւ վերջում՝ միջոցառում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան:

2008-11-03
Նկարահանման աշխատանքներ «Երեւան» կինոստուդիայի կողմից
«Երեւան» հեռուստաընկերությունը Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո նկարահանում է տեսաֆիլմ հանրապետության բոլոր մարզերի քաղաքների մշակույթի, կրթության եւ սպորտի մասին։ Վերջին օրերին հեռուստաընկերությունը նկարահանման աշխատանքներ էր կատարում Դիլիջանում։

2008-11-03
Ներկայացվել են մրցույթի
Նոյեմբերի վերջին կայանալիք «Լավագույն մարզական համայնք» մրցույթին Տավուշի մարզից ներկայացվել է Դիլիջան քաղաքը, իսկ «Լավագույն մարզական բակ» մրցույթի համար` «Գիտակ ՉԻԲ» ՍՊԸ –ի «Դաշտ» համալիրը /տնօրեն Տիգրան Չիբուխչյան/:

2008-10-29
Նորընտիր ավագանու կազմը
Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի N34 Ա որոշման համաձայն 2008թվականի հոկտեմբերի 19-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Դիլիջան համայնքի ավագանու անդամներ են ընտրվել՝
1. Հախվերդյան Վարդան Վոլոդյայի
2. Մկրտումյան Հասմիկ Մուսայելի
3. Բալինյան Ռազմիկ Ռուսլանի
4. Հովհաննիսյան Կարեն Օնիկի
5. Մարտիրոսյան Սիմոն Հրաչիկի
6. Թովմասյան Գագիկ Բաղդասարի
7. Աղավելյան Կարեն Սաշայի
8. Մարտիրոսյան Արա Հենրիկի
9. Դավթյան Գառնիկ Ռազմիկի

2008-10-21
ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԸ
Հոկտեմբերի 19-ին Դիլիջանում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Դիլիջանի քաղաքապետ վերընտրվեց Արմեն Վովայի Սանթրոսյանը:

Արմեն Սանթրոսյան
Ծնվել է 1968 թվականին Դիլիջանում: 1985-ին ավարտել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Այնուհետեւ ընդունվել եւ ավարտել է Երեւանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Աշխատանքի կազմակերպում եւ նորմավորում» ֆակուլտետը: Զուգահեռաբար սովորել է Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում՝ ստանալով «Իրավական գիտելիքների պրոպագանդիստի» որակավորում:
1986-88թթ. Ծառայել է խորհրդային բանակում:
Աշխատանքային գործունեությունը
• 1993թ-ից Տավուշի մարզային հարկային տեսչության արտադրական ոլորտի ձեռնարկությունների հարկման խմբի պետական հարկային տեսուչ
• 2000-2001թթ. Տավուշի ՄՀՏ-ի գլխավոր տեսուչ
• 2001թ. Հունվարից Տավուշի ՄՀՏ-ի Դիլիջանի բաժնի պետ
• 2002թ. Ստացել է Հայաստանի պետական հարկային տեսչության Դիլիջանի տարածքային հարկային պետական ծառայության Դիլիջանի բաժնի պետի տեղակալ, այնուհետեւ՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Դիլիջանի տարածքային հարկային տեսչության պետ
• 2005թ-ից Դիլիջանի քաղաքապետն է:
• 2006թ. պարգեւատրվել է ԵԿՄ մեդալով
• 2008թ. պարգեւատրվել է Նանսենի անվան ոսկե հուշամեդալով
• Հայաստանի Հանրապետության կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավարն է:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:

2008-10-16
Մարդասիրական ակցիա
Հոկտեմբերի 15-ին Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության հաստատությունում իրականացված վերանորոգման աշխատանքների ավարտի կապակցությամբ, ինչպես նաեւ տեղում անվճար բժշկական զննում եւ օգնություն ցուցաբերելու նպատակով Դիլիջան էին այցելել միջազգային մի շարք կազմակերպությունների եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Եվրասիայի տարածաշրջանի հումանիտար օգնության ծրագրերի տնօրեն Ջերրի Հոբենդորֆերը, Հայաստանում ԱՄՆ-ի նորընտիր դեսպան Մարի Յոհանովիչը, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը, Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը, ԱԺ պատգամավորներ Մ.Վարդանյանը, Հ. Հակոբյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
«Քուանթերփորթ» եւ «Ռոստրոպովիչ եւ Վիշնեւսկու հիմնադրամ» կազմակերպությունների կողմից գիշերօթիկ հաստատությանը հատկացվեց հումանիտար օգնություն: Իրականացվեց նաեւ երեխաներ եւ հիմնարկության աշխատակիցների բուժզննում:

2008-10-15
Միջոցառում նվիրված Արշավիր Թորոսյանի հիշատակին
Հոկտեմբերի 14-ին քաղաքի մշակույթի պալատում անցկացվեց հուշ-երեկո, նվիրված անվանի դիլիջանցի, բժշկագիտության դոկտոր Արշավիր Թորոսյանի հիշատակին: Միջոցառումը սկսվեց երջանկահիշատակ մարդու կենդանի ձայնով՝ սեփական ստեղծագործությունների ընթերցմամբ: Այնուհետեւ Անուշ Գրիգորյանի եւ Գայանե Խեմչյանի կատարմամբ ընթերցվեցին անվանի մարդու գրական ստեղծագործություններից: Հիշատակի խոսքով ու երգով ելույթ ունեցան քաղաքի վաստակաշատ բժիշկ Վոլոդյա Կարապետյանը, Խաչիկ Ղազարյանը, Սամվել Ղասաբյանը, Լիլիթ Ղազարյանը: Անվանի դիլիջանցիների մասին պատմող գրքից «Դոկտոր Թորոսյանի մոլորակը» վերնագրով հուզումնալից էջեր ընթերցեց գրքի հեղինակ Մարինե Քոչարյանը ռուսերեն լեզվով:
Վերջում Անժելա Չիլինգարյանը շնորհակալական ու երախտիքի խոսքեր հղեց միջոցառման հովանավորներ քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, մյուս կազմակերպիչներին:

2008-10-15
Հիշատակի արարողություն
Հոկտեմբերի 14-ին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ տեղի ունեցավ միջոցառում նվիրված պատերազմում զոհվածների հիշատակին: Վերջին երկու տարիների ընթացքում Դիլիջանի քաղաքապետարանի, Ռուսաստանի օգնության եւ աջակցության հիմնադրամի , Մոսկվայի կառավարության աջակցությամբ բարեկարգվել են եղբայրական գերեզմանը, հուշարձան-կոթողը, հուշապատը, որտեղ գրված են զոհված 400 դիլիջանցիների անունները:
Միջոցառմանը ելույթ ունեցան քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Ռուսաստանի հայրենակիցների օգնության եւ աջակցության հիմնադրամի տնօրեն Իվան Սեմյոնովը, Հայաստանում Ռուսաստանյան դաշնության հյուպատոսական բաժնի վարիչ Եվգենի Կոնիշեւը եւ այլ հյուրեր:
Միջոցառումը եզրափակվեց զինվորականների եւ փոքրիկ նժդեհիկների պատվո քայլերթով:

2008-10-14
Քաղաքապետի թեկնածու Արմեն Սանթրոսյանի նախընտրական ծրագիրը
Հարգելի համաքաղաքացիներ.
Իմ պաշտոնավարման տարիներին Դիլիջանի քաղաքապետարանը, աշխատանքները կազմակերպելիս նպատակադրվել է ոչ միայն վերականգնել Դիլիջանի` որպես առողջարանային քաղաքի նախկին համբավը, այլև ռեալ նախադրյալներ ստեղծել սոցիալ-տնտեսական, հոգեւոր, մշակութային եւ առողջարանային ոլորտների հետագա առաջընթացի համար: Ակնառու է քաղաքաշինության և հիշատակված ոլորտների զարգացման ուղղությամբ առաջընթացը եւ հետագա ծավալուն ծրագրերի իրականացման համար լուրջ հնարավորություններ են ստեղծված: Մեծ միջոցներ են տրամադրվել քաղաքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Քաղաքային բյուջեի հատկացումները, ներառյալ ներդրումները, կազմում են 3296859.9հազ.դրամ: Այս ժամանակահատվածում տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ զգալիորեն մեծացել է համայնքի բյուջեն՝ 2005թ. 188028.1հազ. դրամից հասնելով 1272849.7հազ. դրամի, որը հնարավորություն է տալիս ավելի իրատեսորեն կանխագծելու արաջիկա անելիքները:
Ներկայացնենք ըստ ոլորտների
Ներդրումային-արտադրական-վերականգնողական ծրագրերի իրականացում:

Քաղաքապետարանը առանձնակի ուշադրություն է դարձնում առողջարանների և հանգստյան տների շուրջտարյա գործունեության ապահովմանը: Ներկայումս գործում են 25 առողջարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ, հյուրատներ, որոնց մեծ մասը հնարավորություն ունի ապահովելու այդ սպասարկումը: Տարեցտարի ավելանում է քաղաքում հանգստացողների թիվը: Որոշակի աշխուժացում է նկատվում նաև զբոսաշրջության ոլորտում: 2006թ. քաղաքում գործում է զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն: Նոր աշխատատեղեր են ստեղծվել կապված ինչպես «Իմպուլս» գործարանի նախկին հզորությունների մասնակի վերականգնման, «Դիլի», ագրոարդյունաբերական խոշոր համալիրի գործարկման, այնպես էլ սպասարկմանմ ոլորտի ծառայությունների ծավալների ավելացման հետ: «Իմպուլս» գործարանի թողարկած արտադրանքի ծավալի մեջ գերակշռող են քաղաքապետարանի կողմից տրված պատվերները:
Նկատելիորեն աճել են մանր և միջին ձեռնարկությունները, որոնց թիվը անցնում է 100-ից:
Կադրային քաղաքականությունը իրականացվում է հաշվի առնելով տվյալ աշխատանքին անձի մասնագիտական պատրաստվածությունը: Քաղաքապետա¬րանի, նրա ենթակայության ոլորտի որևէ աշխատակից անհիմն կերպով աշխատանքից չի ազատվել:
Աշխատանքների ծավալի ավելացման հետ մեկտեղ ավելացել է նշված կառույցների աշխատողների թիվը 2008 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 241 աշխատող 2005 թ. 183 դիմաց: Համապատասխանաբար աճել է աշխատավարձի ամսեկան ֆոնդը 4802,4հազ.դրամից հասնելով 8735.5հազ.դրամի:

Սոցիալական ծրագրերի իրականացում

Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքները: Ինչպես նրանց, այնպես էլ բազմազավակ ընտանիքներին տրամադրվում է նյութական օգնություն երեխաների համար դասագրքեր, գրենական պիտույքներ և հանդերձանք ձեռք բերելու համար: 2005թ. նոյեմբերի 1-ից 2008թ. հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում 446 անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարը ապահովել է քաղաքապետարանը, այդ նպատակով հատկացվել է 1819.1 հազ. դրամ:
Համայնքում չկան սոցիալական անապահով վիճակի պատճառով դպրոց չհաճախող երեխաներ: Նյութական օգնություն է ցուցաբերվում նաև սոցիալապես անապահով ընտանիքների ԲՈՒՀ-երում սովորող (45) երեխաներին:
Յուրաքանչյուր նորածին երեխաների համար ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն (145 ընտանիք):
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հայրենական մեծ պատերազմի վետերանների կարիքներին: Գազաֆիկացվել և նորոգվել է մշակույթի պալատում գտնվող նրանց սենյակը, ստեղծվել են կոմունալ անհրաժեշտ պայմաններ: Հայրենական մեծ պատերազմի վետերանների անվճար կերպով օգտվում են քաղաքային տրանսպորտից, ազատված են գույքահարկից, յուրաքանչյուր տարի մեծ շուքով նշվում է հաղթանակի օրը և տրվում հուշանվերներ:

Մշակութային-կրթական ծրագրերի իրականացում

ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի թիվ 1929 որոշման պահանջներին համապատասխան պատշաճ վերահսկողություն է իրականացվում պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունների պահպանության նկատմամբ: Ստեղծվում են մշակութային նոր օջախներ: 2007թ. ամռանը շահագործման հանձնվեց Շամախյան թաղամասի ակումբի նոր շենքը (33507.7 հազ.դրամ նախագծային-նախահաշվային արժեքով), ընթացքի մեջ են երկրագիտական թանգարանաի նոր շենքի կառուցումը (211105.4հազ.դրամ նախագծա-նախահաշվային արժեքով) և ամառային ամֆիթատրոնի շինարարությունը (116206.0հազ.դրամ նախագծա-նախահաշվային արժեքով): Թուֆենկյան ընկերության կողմից վերակառուցվեց «Դիլիջան» արգելոց-թանգարանի պատմամշակութային հատվածը, ընթացքի մեջ է բարձրակարգ հյուրանոցի կառուցումը: Շարունակվում է կենտրոնական գրադարանի հիմնանորոգումը, որը կավարտվի մինչև 2008 թ. տարեվերջ:
Առանձնահատուկ ուշադորւթյուն է դարձվում Հայաստանում և նրա սահմաններից դուրս Դիլիջանի մշակույթը ներկայացնելուն: Մի շարք մշակութային-կրթական ծրագրեր են իրականացվում Անգլիայի Վիքմբ, Լյուքսեմբուրգի Պետանժ, Կորսիկայի Մոնտե Սելո, Իտալիայի Ուդինե քույր քաղաքների հետ: Դիլիջանում կազմակերպվեց , «Կռունկ-2006թ» համահայկական փառատոնը: 2006թ. սեպտեմբերի 6-ին Երևանում «Կենտրոն» համայնքի հետ համատեղ անցկացվեց ՙԴիլիջանի օր՚ միջոցառումը քաղաքի ինքնագործ խմբերի մասնակցությամբ և արվեստի ստեղծագորոծությունների ցուցադրմամբ: Քաղաքի ինքնագործ խմբերը պարբերաբար մասնակցում են տարբեր տիպի հանրապետական փառատոնների, հաճախակի արժանանալով մրցանակների: Յուրաքանչյուր տարի կազմակերպվել է մեծ տոնախմբություն նվիրված երեխաների պաշտպանության օրվան 2006թ. և 2007թ. քաղաքապետարանի և «Առաջինը երեխաներին» ՀԿ-ի հետ համատեղ, իսկ 2008թ. «Հայասպետ» ՀԿ-ի հետ, որին մասնակցեցին պատվիրակություններ Երեվանից, Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից, Ջավախքից և արտ. երկրներից:2008թ. Դիլիջանում անցկացվեց ՀՀ Մշակույթի նախարարության «Մեկ ազգ մեկ մշակույթ» հիմնադրամի համահայկական երրորդ մշակութային փառատոնը, որին մասակցեցին գեղարվեստական խմբեր Իրանից, Արցախից, Վրաստանից և Ռուսաստանի Դաշնությունից:
Ամբողջովին վերածրագրավորվել է www.Dilijan.am ինտերնետային կայքը:
Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում իր ենթակայության ենթակառույցների նյութատեխնիակական բազայի ամրապնդման ուղղությամբ:Կամո թաղամասի երեխաների համար ձեռք է բերվել մանկապարտեզի նոր շենք: Ակտիվ աջակցություն է ցուցաբերում նաև կրթօջախների վերանորոգման աշխատանքներին: Գազաֆիկացվել են համայնքային ենթակայության բոլոր կազմակերպությունները: Գազաֆիկացված են և լոկալ կաթսայատներ ունեն քաղաքի բոլոր հանրակրթական դպրոցները (բացի թիվ 6 դպրոցից): Վերականգնվել է թիվ 2 դպրոցի ջեռուցման համակարգը: Թիվ 6 դպրոցում ստեծվել է համակարգիչների սրահ: Քաղաքի բոլոր դպրոցներն ապահովված են համակարգիչներով: Լյուքսեմբուրգի Պետանժ քաղաքի օգնությամբ և քաղաքապետարանի ներդրմամբ 2006-2007թթ. հիմնանորոգվել է թիվ 1 դպրոցի 1 մասնաշենքը: Իրականացվել է թիվ 1 դպրոցի բակի և հարակից հատվածների բարեկարգում, ճարտարապետական ձևավորում: Ընթացքի մեջ է թիվ 4 դպրոցի մասնաշենքի կապիտալ շինարարությունը (117000.0 հազ.դրամ նախագծա-նախահաշվային արժեքով),Վ.Անանյանի անվ. դպրոցի կապիտալ նորոգումը( 248100.0հազ.դրամ),թիվ 1 դպրոցի շենքի կապիտալ նորոգումը(82000.0հազ.դրամ):
Քաղաքապետարանի կողմից դպրոցների մանկավարժներին, նախադպրոցական և մշակութային հիմնարկների աշխատակիցներին տրամադրվում են քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու անվճար կտրոններ(որի համար համայնքի բյուջեից հատկացումը միայն 2006-2008թ թ. կազմել է 12194.4 հազ.դրամ):
Ելնելով տարբեր մասնագիտությունների գծով Դիլիջանում առկա պահանջներից պետական քոլեջի համակարգում գործող արհեստագործական դպրոցում բացվել են համապատասխան մասնագիտական բաժիններ: Կապված քաղաքի հետագա զարգացման հեռանկարների հետ, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Երևանի ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղ բացելու ուղղությամբ: Քաղաքի մանկապարտեզներում, մանկական երաժշտական և գեղարվեստի դպրոցներում ներդրվել է զեղչերի համակարգ: 2007-2008թթ. ուս.տարում մանկական երաժշտական դպրոցում մտցված է անվճար ուսուցում:

Կոմունալ-կենցաղային և քաղաքային ծրագրերի իրականացում

Քաղաքում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում բարեկարգման, կենտրոնական հատվածի ճարտարապետական ամբողջական ձևավորման ուղղությամբ: Այդ աշխատանքներն իրականացվում են քաղաքաշինության պահանջներին համապատասխան, առավելագույնս հաշվի առնելով առողջարանային քաղաքի առանձնահատկությունները և պատմական միջավայրի պահպանման կարևորությունը: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ,,Ըստ աշխատանքների կատարման բյուջետավարում,, ծրագրի շրջանակներում իրագործվել է կապիտալ ներդրումների երկու ծրագիր;Որի արդյունքում իրականացվել է Մյասնիկյան փողոցի կենտրոնական հատվածի բարեկարգման աշխատանքները, ընթացքի մեջ է երկրորդ` լճափից մինչև հրապարակ ընկած տարածքի ճարտարապետական ձևավորում, մայթերի դեկորատիվ պարապետի կառուցում Առյուծների աստիճանների և նրան հարակից այգու վերակառուցման ածխատանքների ծրագիրը, որում նշանակալի է քաղաքի ներդրումը:Ավարտվում է լուսավորության ցանցի վերականգնումը, 2006-2008թթ. վերականգնվել է 270 լուսավորության սյուն: Միայն այդ նպատակով քաղաքապետարանը հատկացրել է 12958.2հազ. դրամ: Կենտրոնական հատվածի բարեկարգումը իրականացվում է համապատասխան ճարտարապետական ձևավորմամբ և քանդակային էլեմենտների տեղադրմամբ: Հիմնանորոգվում են քաղաքային նշանակության ճանապարհները, ավարտվել է Անդրանիկի թաղամասի սկզբնամասի կառուցումը,Շամախյան թաղամաս տանող հատվածի, Մյասնիկյան փողոցի հիմնանորոգումը/125000քմ/:
2005-2008թթ. վերանորոգվել են 84 բազմաբնակարան շենքերի տանիքներ, որի համար հատկացվել է 111966.0հազ. դրամ: Իրականացվել է երկրաշարժից վթարված Հովսեփյան 83 շենքի ամրացման աշխատանքները:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ զգալի աշխատանքներ են կատարվել երեք համատիրությունների ստեղծման շուրջ, որի համար կատարվել է 1500.0հազ.դրամ ներդրում:
Զգալի աշխատանքներ են կատարվել շենքերի ներքին կոմունիկացիոն ցանցերի վերանորոգման ուղղությամբ: Հիմնանորոգվել է 7 բազմաբնակարան շենքերի վերելակներ, որի համար հատկացվել է 8757.1հազ.դրամ: Իրականացվել է 71 բազմաբնակարան շենքերի ջրագծերի և 3 մանկապարտեզների կոյուղագծերի հիմնանորգում: Վերակառուցվել է Շահումյան 22 և Գայի 31 հասցեների շենքերին հարակից աստիճանները: Օրջոնիկիձե 67 և 69 հասցեների շենքերի շրջակայքում կառուցվել է հուշարձան աղբյուր: Կատարվել է քաղաքային զբոսայգու մասնակի վերանորոգում, որի համար հատկացվել է 866.1հազ. դրամ: Պատրաստվել և տեղադրվել են ներքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտի 18 կանգառներ, որի համար հատկացվել է 9871.2 հազ դրամ: Կառուցվել են 9 բակային խաղահրապարակներ և 6 ժամանցի տաղավարներ, որոնց համար ներդրվել է 7871.6հազ. դրամ: Վերակառուցման ընթացքի մեջ է քաղաքի ջրմուղ կոյուղու ցանցը, քաղաքի ներքին ցանցում փոխվել է 14 կմ ջրագիծ: Հիմնանորոգվում են քաղաքի ջրամատակարարող մաքրման կայանները և մինչ տարեվերջ կավարտվի դրանցից երկուսի շահագործումը: Մինչև տարեվերջ ներքին ցանցում կփոխվի ևս 2 կմ ջրագիծ: Մինչև 2008թ. տարեվերջ բոլոր թաղամասերում ջրամատակարարման տևողությունը կավելանա 3.5 ժամով, իսկ որոշ թաղամասեր կունենան շուրջօրյա ջրամատակարարում:
Զգալի աշխատանքներ են իրակնացվել աղբահանության և սանիտարական մաքրման բարելավման, այն առողջարանային քաղաքին վայել կազմակերպեու ուղղությամբ: ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող , «Ռիսըրչ Թրայանգլ Ինստստուտ», ոչ առևտրային կորպորացիայի Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ ներդրմամբ ձեռք է բերվել ճանապարհները մաքրող, ջրող մեքենա, քաղաքի տարբեր հատվածներում կառուցվել են քարաշեն աղբահավաք կետեր, ձեռք են բերվել և տեղադրվել 172 հատ աղբարկղներ:
Բնապահպանական, առողջապահական, մարզական երիտասարդական և այլ ծրագրերի իրականացում:

Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է անտառների պահպանման և վերականգնման հարցը: 2005-08 թթ. ընթացքում տնկվել է շուրջ 1000000 ծառ և թուփ: Ծավալուն աշխատանքներ են իրականացվում Աղստև գետի հունի մաքրման, Պապանինո թաղամասում Աղստեւ գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնման ուղղությամբ:
Իրականացվում են հակասողանքային միջոցառումներ: Քաղաքի տարբեր հատվածներում կառուցվել են հենապատեր և դրենաժային համակարգ: Պարբերաբար հրավիրվում են առաջնակարգ մասնագետներ, որոնց եզրակացությունների մասին տեղյակ է պահվում ՀՀ կառավարությանը:
Աստիճանաբար ավելանում են ժամանցի վայրերը և հանգստի գոտիները: Դիլիջանի պետական քոլեջի տարածքում ստեծղվել է նոր հանգստի գոտի համապատասխան խաղահրապարակներով, իսկ թիվ 4 դպրոցին հարող տարածքում կառուցվել է մինի ֆուտբոլի ժամանակակից մարզադաշտ:
Քաղաքապետարանը անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում առողջապահական ծրագրերի իրականացմանը, քաղաքի բուժհիմնարկները ժամանակակից բուժսարքավորումներով և նյութերով ապահովելուն, քաղաքացիների բուժսպասարկման բարելավմանը: Պարբերաբար կազմակերպում են բուժհետազոտությունների անվճար ակցիաներ:
Քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ ուշադրություն է ցուցաբերվում սպորտի զարգացմանը: Լիովին հիմնանորոգվել է մարզադպրոցի շենքը: Ապահովվում է դիլիջանցի մարզիկների մասնակցությունը հանրապետական միջոցառումներին, նրանց ցուցաբերվում է նյութական և բարոյական աջակցություն:
2006թ. քաղաքում բացվել է մանկապատանեկան շախմատի ակադեմիա:
2006-2008թթ. զգալի գործունեություն է ծավալվել քաղաքի երիտասարդական կյանքն ակտիվացնելու, երիտասարդական ներուժը համախմբելու ուղղությամբ:
2006թ.-ից Դիլիջանում հիմնվել ու մինչ օրս հաջողությամբ գործում է Դիլիջանի Երիտասարդական Գործողությունների Ակումբը /ԵԳԱ/, որը միշտ եղել և մնում է քաղաքի իշխանությունների ուշադրության կենտրոնում` դրանով իսկ նպաստելով համայնքում քաղաքացիական ակտիվ խմբի հաջող գործունեությանը:
2006թ-ից Դիլիջանի ԵԳԱ կողմից նախաձեռնվել, իսկ քաղաքապետի կողմից ֆինանսավորվել է «Երիտասարդ Դիլիջան» երիտասարդական ամսաթերթը, որը մեծ համբավ է ձեռք բերել ոչ միայն Դիլիջանում ու Տավուշի մարզում, այլև Երևանում:
2006-2008թթ Դիլիջանի ԵԳԱ կողմից եղել են բազում նախաձեռնություններ, որոնք արժանացել են քաղաքապետի ու քաղաքապետարանի հավանությանը ու ստացել անհրաժեշտ աջակցություն դրանք իրագործեու համար: Բոլոր նախաձեռնությունները նպաստել են համայնքում երիտասարդների մասնակցային գործոնի բարձրացմանը, ինչպես նաև երիտասարդների դերի կարևորությանը:
Անցաց տարիների ընթացքում քաղաքի երիտասարդների ու ՏԻՄ միջև համագործակցությունը ընդգրկել է մի շարք ոլորտներ, որոնց թվում. բնապահպանություն, ոչ-ֆորմալ կրթություն, տեղեկատվության բարձրացում, մասնագիտական կողմնորոշում, քաղաքաշինություն, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլն: Վերոհիշյալ համագործակցության ամբողջական պատկերն արտացոլված է 2008թ-ին քաղաքապետ Ա. Սանթրոսյանի անմիջական ֆինանսավորմամբ նկարահնված «Ինքնահաստատում» տեսաֆիլմում, որը պատմում է քաղաքի երիտասարդների առօրյայի ու համայնքում կատարված աշխատանքների մասին:
Անհրաժեշտ համագործակցություն է իրականացվում քաղաքում ազգային փոքրամասնություն կազմող համայնքների հետ, նրանց սոցիալ-մշակութային հիմնախնդիրների իրականացման գործում:



Ապագա ծրագրերի մասին

Կառուցապատման ու բարեկարգման ոլորտ

Դիլիջանը պետք է դառնա ժամանակակից զբոսաշրջության կենտրոն, որի համար ամենակարեւոր նախապայմաններից մեկը քաղաքի բարեկարգ տեսքն է: Այդ նպատակով մեր ապագա ծրագրերի մեջ այս ոլորտը ամենասեւեռուն ուշադրության կենտրոնում է: Ուստի մենք ծրագրում ենք.
• Արդեն ստեղծված համատիրությունների ջանքերով շարունակել եւ ավարտին հասցնել բնակելի շենքերի տանիքների, վերելակների եւ ներքին կոմունիկացիոն ցանցերի նորոգումը
• «Առյուծների աստիճանների» հարակից կանաչ տարածքում կառուցել դեկորատիվ ջրավազան, բարեկարգել որպես բնակչության եւ զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման հրապուրիչ վայր
• Մյասնիկյան փողոցի Թուֆենկյան համալիրին կից կանաչ տարածքը բարեկարգել քանդակային էլեմենտների տեղադրմամբ եւ կազմակերպել քանդակագործական ամենամյա սիմպոզիում
• Քաղաքի կենտրոնական հատվածում, գետտափնյա աջ եւ ձախ հատվածներում կատարել մայթերի գազոնների կանաչապատում, ծաղիկներով, փշատերեւ ծառերով ձեւավորում
• Նորոգել բազմաբնակարան շենքերի արտաքին տեսքը, կառուցել փողոցներին հարակից ցանկապատերը
• Ապահովել քաղաքի բարեկարգ եւ պատշաճ տեսքը՝ ավելացնելով մաքրվող տարածքների մակերեսը եւ լուսավորվող փողոցների թիվը

Սողանքային երեւույթների դեմ պայքարի միջոցառումներ

Սողանքն այսօր Դիլիջանի ամենամեծ հիմնախնդիրն է: Վերջին տարիներին ՀՀ կառավարության հետ տարած լուրջ եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ հաջողվել է որոշակի ֆինանսավորում ստանալ դրա դեմ պայքարի միջոցառումների համար: Ըստ այդմ պատրաստվում ենք.
• Շահագործել ջրահեռացման 4 թունելները
• Վերականգնել քայքայված հենապատերը
• Կառուցել ջրի մաքրման կայան

Կրթության եւ մշակոիյթի ոլորտ

ՀՀ կառավարությունը նպատակադրվել է Դիլիջանը դարձնել տարածաշրջանային ֆինանսական կենտրոն: Մեր առաջարկությամբ բազմաթիվ գիտական եւ կրթական հաստատություններ արդեն ցանկություն են հայտնել մասնաճյուղեր ունենալ մեր քաղաքում: Դա կնպաստի ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծմանը, այլեւ նոր որակ կբերի Դիլիջանի կրթական ու գիտական միջավայրին: Ավելին, դիլիջանցի ուսանողները հնարավորություն կստանան բարձրագույն եւ մասնագիտական կրթություն ստանալ հարազատ քաղաքում՝ խուսափելով լրացուցիչ ծախսերից: Այդ նպատակով ծրագրել ենք.
• Բարձրացնել նախադպրոցական հաստատությունների որակն ու դերը
• Վերանորոգել կրթօջախները
• Ավելացնել կրթօջախների գույքային բազան
• Հիմնել միջազգային գիտակրթական համալիր
• Վերականգնել Դիլիջանի նախկինում հայտնի թատերական խումբը
• Ավարտել թանգարանի շինարարությունն ու համալրել ցուցադրությունը
• Շամախյան Թաղամասի նորակառույց ակումբը դարձնել հասարակական միջոցառումների եւ նախաձեռնությունների մշտական վայր
• Հիմնանորոգել մշակույթի պալատը՝ այն հարմարեցնելով նաեւ կինոդահլիճի համար
• Քաղաքի ստեղծագործողներին տրամադրել հարմարավետ արվեստանոցներ
• Բարեկարգել քաղաքի զբոսայգին, համալրել նոր կարուսելներով
• Օժանդակել ծառայությունների ոլորտի մասնագետների պատրաստմանը

Սոցիալական ոլորտ

Սոցիալական ոլորտը ապագայում էլ մնալու է մեր ուշադրության կենտրոնում: Նախատեսում ենք.
• Մեղմել սոցիալապես անապահով ընտանիքների վիճակը՝ տրամադրելով ամենամյա նպաստ
• Դիլիջանը դարձնել հանրապետության երիտասարդական միջոցառումների կենտրոն
• Խրախուսել մասնավոր հատվածի մասնակցությունը զբոսաշրջության ոլորտում


2008-10-13
ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԻԱԿ ԹԵԿՆԱԾՈՒ
2008թ. հոկտեմբերի 19-ին Դիլիջանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի երեք թեկնածուներից երկուսի՝ Ժորա Մկրտչի Սահաբալյանի եւ Աշոտ Լեւոնի Հովհաննիսյանի ինքնաբացարկից հետո քաղաքապետի միակ թեկնածուն է գործող քաղաքապետ Արմեն Վովայի Սանթրոսյանը:

2008-10-10
Նախընտրական հանդիպումներ
Հոկտեմբերի 10-ին Դիլիջանի քաղաքապետի թեկնածու Արմեն Սանթրոսյանը նախընտրական հանդիպումներ կունենա թիվ 1 դպրոցում ժամը 11:30-ին, Գեղարվեստի ակադեմիայում՝ ժամը 12-ին, Երեւանի Կառավարման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի Դիլիջանի մասնաճյուղում՝ ժամը 13:30-ին, քաղաքային հիվանդանոցի կոլեկտիվի հետ՝ 14:30-ին:

2008-10-08
Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը
Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյան, գլխավոր ռեժիսոր Ռոբերտ Մլքեյան, հոկտեմբերի 8-ին համերգներով հանդես կգա Հաղարծնում ժամը 11-ին, Դիլիջանի արվեստի պետական քոլեջում ժամը 14-ին եւ Գոշավանքում:
Համերգը նվիրված է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի ծննդյան 100-ամյակին եւ հովանավորվում է «Վաչե եւ Թամար Մանուկյաններ» բարեգործական միության կողմից:

2008-10-07
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Կարեւորելով գրադարանների դերն ու նշանակությունը մարդկանց հոգեւոր գիտալուսավորչական դաստիարակչության մեջ, ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարի օր:
Դիլիջանի Ղ. Աղայանի անվան կենտրոնական գրադարանը, որը շուտով կտոնի իր 100-ամյա հոբելյանը, մեծ ավանդ ունի մեր քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում:
Ըստ պետական արխիվի տվյալների, գրադարանը գործում է 1908 թվականից, նրա առաջին վարիչ-գրադարանավարն է եղել ծխական դպրոցի ուսուցիչ Հովհաննես Զաքարյանը: Նորաստեղծ գրադարանի գրքային ֆոնդը կազմել է ընդամենը 400 կտոր հայերեն եւ ռուսերեն գրքեր: Գրադարանի աշխատանքները բարելավելու մեծ օժանդակություն է ցուցաբերվում Կովկասի հայկական բարեգործական ընկերության կողմից, որի Դիլիջանի մասնաճյուղի նախաձեռնությամբ էլ, 1911թ. որոշվում է այն կոչել նոր վախճանված սիրելի գրող եւ մանկավարժ Ղազարոս Աղայանի անվամբ:
Կենտրոնական գրադարանի ընթերցողների թիվն այսօր անցնում է ութ հազարից: Այստեղ աշխատում են իրենց գործին նվիրված, տարիների փորձ ու հմտություն ունեցող շատ գրադարանավարներ:
Շուտով կավարտվի կենտրոնական գրադարանի հիմնանաորոգումը եւ մեր գրադարանը ազգաբնակչությանը կսպասարկի բարեկարգ, հարմարավետ եւ ժամանակակից պահանջներին համապատասխան շենքում:
Ա. Ափրոյան

2008-10-06
Սահմանադրական դատարանների նախագահների պատվիրակության այցը Դիլիջան
Հոկտեմբերի 5-ին «Սահմանադրական հիմնարար արժեքները եւ հասարակական պրակտիկան» խորագրով Երեւանում անցկացվող միջազգային խորհրդաժողովի մասնակից ԱՊՀ եւ եվրոպական նախկին սոցիալիստական 24 երկրների Սահմանադրական դատարանների նախագահների, ինչպես նաեւ Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության եւ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ներկայացուցիչների պատվիրակությունները ՀՀ Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ այցելեցին Դիլիջան: Քաղաքին ծանոթանալուց հետո պատվիրակությունն այցելեց Գոշ, հարգանքի տուրք մատուցելու միջնադարյան մեծ մտածող, իրավագետ, «Դատաստանագրքի» հեղինակ Մխիթար Գոշի հիշատակին:
Պատվիրակությանը ընդունեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

2008-10-05
Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղերձը ուսուցչի օրվա կապակցությամբ
Հարգելի ուսուցիչներ.
Մեր ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ սեր ու պատկառանք է ունեցել ձեր նկատմամբ, գնահատել է սերունդներ կրթելու եւ դաստիարակելու ձեր հայրենանվեր գործը: Թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքի վաղվա քաղաքացին` մեծապես կախված է ձեզանից: ՈՒ դուք ձեր աշխատանքը կատարում եք պատասխանատվության զգացումով, բանիմացորեն:
Այսօր ուսուցիչները համապետական եւ համաժողովրդական սիրո բարձունքում են: Տարեցտարի բարելավվում են նրանց սոցիալ-կենցաղային պայմանները, արվում է ամեն ինչ, որպեսզի աճող սերնդի կրթության ու դաստիարակության գործին նվիրված մարդիկ արդյունավետորեն կատարեն իրենց աշխատանքը:
Մեր քաղաքի ուսուցիչները իրենց գործին նվիրված մարդիկ են, վայելում են սովորողների սերն ու հարգանքը: Նրանք իրենց հոգու լույսն ու սրտի անսպառ ջերմությունն են փոխանցում դպրոցականներին, ամեն ինչ անում, որ նրանք կյանք մտնեն հաստատուն քայլերով ու դառնան մեր անկախ Հայրենիքի արժանավոր քաղաքացիներ:
Մասնագիտական տոնի առիթով ջերմորեն շնորհավորում եմ Դիլիջանի ուսուցիչներին, նրանց մաղթում քաջ առողջություն, անձնական երջանկություն եւ երկար տարիների բեղմնավոր աշխատանք:

2008-10-04
01.11.2005թ. - 10.09.2008թ. ընկած ժամանկահատվածում Դիլիջանի քաղաքապետարանի կատարած աշխատանքների մասին
Դիլիջանը լրջագույն բարեփոխումներ ապրող քաղաքային համայնքներից է։ Քաղաքի բարեկարգման մեծածավալ աշխատանքներում խստագույնս խնդիր է դրված Դիլիջանի առողջարանային եւ զբոսաշրջային առանձնահատկությունների հաշվառմամբ ճարտարապետական նախագծումների իրականացումը։
Արդեն իսկ տեսանելի է քաղաքաշինության, սոցիալ-տնտեսական, հոգեւոր, մշակութային եւ առողջարանային ոլորտների ձեռքբերումները: Քաղաքային բյուջեի հատկացումները, ներառյալ ներդրումները, կազմում են 3 մլրդ- ից ավելի:
Ներկայումս կառուցվում է երկրագիտական թանգարանի նոր շենք, ավարտվել է ամֆիթատրոնի շինարարությունը։ Շահագործման է հանձնված Շամախյան թաղամասի ակումբի նոր շենքը։ Մինչեւ տարեվերջ կավարտվի «Դիլիջան» արգելոց-թանգարանի պատմամշակութային հատվածի շինարարությունը։ 2007թվականին պետական բյուջեի հաշվին վերանորոգվել է Վախթանգ Անանյանի անվան դպրոցը։ Ընթացքի մեջ է «Առյուծների աստիճանների» վերանորոգման եւ նրան հարող հենապատի ամրացման աշխատանքները, թիվ 4 դպրոցի մասնաշենքի շինարարությունը, կենտրոնական գրադարանի հիմնանորոգումը, որի աշխատանքները կավարտվեն 2008 թվականի վերջերին։ Արդեն վերանորոգվել է կենտրոնական հիվանդանոցը։ Մաքրվել է Աղստեւ գետի հունը, որի աշխատանքների համար հատկացվել է 160 մլն դրամ։ Հակասողանքային միջոցառումների շրջանակներում կառուցվել են 100 մլն դրամի հենապատեր։
Քաղաքի հանդեպ պետության ուշադրության ամենակարեւոր արտահայտումներից է Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու ՀՀ կառավարության լուրջ մտադրությունը։ Նախատեսված է Դիլիջան տեղափոխել ՀՀ կենտրոնական բանկը։ Դիլիջանում է արդեն գործում Հյուսիսային դատարանը։
Համայնքի միջոցներով 2005-2008թթ. վերանորոգվել են 84 բազմաբնակարան շենքերի տանիքներ 7 վերելակներ, տեղադրվել են 18 ավտոկանգառներ։
Համայնքային բյուջեի ներդրմամբ եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ վերակառուցման ընթացքի մեջ է քաղաքի ջրմուղ կոյուղու ցանցը։ Քաղաքի ներքին ցանցում փոխվել է 14 կմ ջրագիծ, որոնց հետեւել են նշված փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Գրեթե ավարտված են քաղաքի լուսավորության ցանցի վերականգնման աշխատանքները։

Գազաֆիկացվել եւ լոկալ ջեռուցմամբ են ապահովված համայնքային ենթակայության 6 մանկապարտեզներ։ Կամո թաղամասում մանկապարտեզ ունենալու նպատակով գնվել է բնակարան, ապահովվել նախակրթարանային պատշաճ պայմաններով։ Հատուկ կատեգորիայի երեխաներին խրախուսելու նպատակով զեղչային ճկուն համակարգ է ներդրվել մանկապարտեզներում եւ գեղարվեստի դպրոցում։ Սեպտեմբերից անվճար ուսուցման է անցել մանկական երաժշտական դպրոցը։ Կառուցվել են 9 մանկական խաղահրապարակներ, 6 ժամանցի տաղավարներ։
Յուրաքանչյուր տարի կազմակերպվել է մեծ տոնախմբություն նվիրված երեխաների պաշտպանության օրվան 2006թ. և 2007թ. քաղաքապետարանի եւ «Առաջինը երեխաներին» ՀԿ-ի հետ համատեղ, իսկ 2008թ. «Հայասպետ» ՀԿ-ի հետ, որին մասնակցեցին պատվիրակություններ Երեւանից, Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից, Ջավախքից եւ արտերկրներից: 2008թ. Դիլիջանում անցկացվեց ՀՀ Մշակույթի նախարարության «Մեկ ազգ մեկ մշակույթ», հիմնադրամի համահայկական երրորդ մշակութային փառատոնը, որին մասակցեցին գեղարվեստական խմբեր Իրանից, Արցախից, Վրաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից:
Սոցիլական ոլորտում եւս կան տարաբնույթ աջակցություններ. բնակչությունն ազատված է աղբահանության, իսկ վետերանները՝ գույքահարկի վարձավճարից։ Քաղաքային տրանսպորտով անվճար են երթեւեկում ուսուցիչներն ու վետերանները։ Համայնքում չկան սոցիալական անապահով վիճակի պատճառով դպրոց չհաճախող երեխաներ: Նյութական օգնություն է ցուցաբերվում նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների ԲՈՒՀ-երում սովորող (45) երեխաներին:

2008 թվականից ծննդաճը խրախուսելու նպատակով համայնքի բյուջեից ըստ սահմանված կարգի միանվագ գումար է հատկացվում մայրերին։
Դիլիջանը արդյունավետ համագործակցություն ունի Անգլիայի Վիքն, Կորսիկայի Մոնտե Սելո, Իտալիայի Ուդինե, Լյուքսեմբուրգի Պետանժ քաղաքների հետ։ Վեջինիս հետ համագործակցության շրջանակներում վերանորոգվել է թիվ 1 դպրոցի հիմնական մասնաշենքը։

Զարգացումները Դիլիջանում օրեցոր ամրապնդում են դիլիջանցիների համոզմունքը քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի որդեգրած կարգախոսին՝ «Վերադրաձնենք Դիլիջանին բարի համբավը, դիլիջանցուն՝ արժանապատիվ ապրելու իրավունքը»։




2008-10-02
Արամեն Դիլիջանում
Հոկտեմբերի 3-ին ժամը 18:00-ին առաջին անգամ մենահամերգով քաղաքի մշակույթի պալատում հանդես կգա սիրված երգիչ Արամեն: Ուսուցչի տոնի կապակցությամբ քաղաքապետ Արմեն Սանթոսյանը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հերթական հաճելի անակնկալը մատուցեց, նրանց տրամադրելով սիրված երգչի կայանալիք համերգի տոմսեր:

2008-10-02
Շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները
Ներկայումս ավարտին են մոտենում Գետափնյա փողոցի, ընթացքի մեջ են Սայաթ-Նովա փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որոնց համար նախատեսված է հատկացնել համապատասխանաբար 202 մլն եւ 240 մլն դրամ:
Աշխատանքներն իրականացնում են «Իջեւան» ՃՇՇ, «Դիլիմաք» եւ «Հաղարծին» ընկերությունները:

2008-10-01
Նախընտրական հանդիպումներ
Հոկտեմբերի 1-ին Դիլիջանի քաղաքապետի թեկնածու Արմեն Սանթրոսյանը նախընտրական հանդիպումներ կունենա Պետական քոլեջում՝ ժամը 11-ին, թիվ 4 միջնակարգ դպրոցում՝ ժամը 12-ին, քաղաքապետարանի երաժշտական դպրոցում՝ ժամը 13-ին եւ Կաղնի Խաչի թիվ 11 մանկապարտեզում՝ ժամը 14-ին:

2008-10-01
«Ինքնահաստատում» ֆիլմի շնորհանդես
2008թ. հոկտեմբերի 2-ին ժամը 16։00-ին «ԴԱՇՏ» մարզահամալիրի արարողությունների սրահում տեղի կունենա «Ինքնահաստատում» տեսաֆիլմի շնորհանդեսը՝ նվիրված Դիլիջանի Երիտասարդական գործունեության ակումբի երկրորդ տարեդարձին (ԵԳԱ)։
2006թ.-ից Դիլիջանում հիմնվել ու մինչ օրս հաջողությամբ գործում է Դիլիջանի Երիտասարդական Գործողությունների Ակումբը/ԵԳԱ/, որը միշտ եղել և մնում է քաղաքի իշխանությունների ուշադրության կենտրոնում` դրանով իսկ նպաստելով համայնքում քաղաքացիական ակտիվ խմբի հաջող գործունեությանը:
2006թ-ից Դիլիջանի ԵԳԱ կողմից նախաձեռնվել, իսկ քաղաքապետի կողմից ֆինանսավորվել է «Երիտասարդ Դիլիջան» երիտասարդական ամսաթերթի տպագրությունը, որը մեծ համբավ է ձեռք բերել ոչ միայն Դիլիջանում ու Տավուշի մարզում, այլև մայրաքաղաքում:
2006-2008թթ Դիլիջանի ԵԳԱ կողմից եղել են բազում նախաձեռնություններ, որոնք արժանացել են քաղաքապետի ու քաղաքապետարանի հավանությանը ու ստացել անհրաժեշտ աջակցություն դրանք իրագործեու համար: Բոլոր նախաձեռնությունները նպաստել են համայնքում երիտասարդների մասնակցային գործոնի բարձրացմանը, ինչպես նաև երիտասարդների դերի կարևորությանը:
Անցած տարիների ընթացքում քաղաքի երիտասարդների ու ՏԻՄ միջև համագործակցությունը ընդգրկել է մի շարք ոլորտներ, որոնց թվում. բնապահպանություն, ոչ-ֆորմալ կրթություն, տեղեկատվության բարձրացում, մասնագիտական կողմնորոշում, քաղաքաշինություն, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլն: Վերոհիշյալ համագործակցության ամբողջական պատկերն արտացոլված է 2008թ-ին քաղաքապետ Ա. Սանթրոսյանի անմիջական ֆինանսավորմամբ նկարահնված «Ինքնահաստատում» տեսաֆիլմում, որը պատմում է քաղաքի երիտասարդների առօրյայի ու համայնքում կատարված աշխատանքների մասին:


2008-09-30
Գրանցվել են Դիլիջան համայնքի ղեկավարի եվ ավագանու թեկնածուները
2008թ. հոկտեմբերի 19-ին Դիլիջանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի համար թեկնածուներ են գրանցվել՝
Արմեն Վովայի Սանթրոսյանը,
Աշոտ Լեւոնի Հովհաննիսյանը,
Ժորա Մկրտչի Սահաբալյանը:
Ավագանու 11 թեկնածուների համար գրանցվել են 41 քաղաքացիներ:

2008-09-30
Երիտասարդ մայրերի հերթական ընդունելություն քաղաքապետարանում
Սեպտեմբերի 30-ին քաղաքապետարանում կայացավ նորածինների մայրերի հերթական ընդունելություն: Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը շնորհավորելով երիտասարդ մայրերին երեխաների ծննդյան կապակցությամբ, նրանց հանձնեց քաղաքապետարանի կողմից սահմանված միանվագ օգնություն: 13 երիտասարդ մայրերի հատկացվեց 240 հազ դրամ օգնություն:
2008թ. հունվարի 1-ից մինչեւ այժմ երեխաների ծննդյան կապակցությամբ քաղաքապետարանը 131 ընտանիքների հատկացրել է 2 մլն 530 հազ դրամ օգնություն:

2008-09-24
Սերժ Սարգսյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ–ի ասամբլեայի 63–րդ նստաշրջանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Նյու Յորք` մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով։

ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Հայաստանի նախագահը Նյու Յորքում առանձնազրույց կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, ինչպես նաև կհանդիպի մի շարք երկրների իր պաշտոնակիցների հետ։

Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի, Ամերիկայի հայկական համագումարի, Նյու Յորքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդարան՝ Սուրբ Վարդան եկեղեցի։

Ի պատիվ Հայաստանի նախագահի, տեղի կունենա հանդիսավոր ընդունելություն ԱՄՆ-ում՝ ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում՝ ՀՀ մշտական ներկայացուցչության և հայ-ամերիկյան առաջատար կազմակերպությունների անունից։


Tert.am


2008-09-08
Սերժ Սարգսյանը հանդիպեց Աբդուլլա Գյուլին
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 6-ին Հայաստան է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը` դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամլո գրասենյակը։
Մինչ ֆուտբոլային խաղը, տեղի է ունեցել երկու երկրների նախագահների հանդիպումը։ Զրույցին մասնակցել են նաև Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը` հրավերն ընդունելու համար, և նշել, որ հարևան պետությունների միջև ուղղակի շփումները հարաբերությունների կարգավորման միակ արդյունավետ ձևն են։
Թուրքիայի նախագահը, իր հերթին, Հայաստանի նախագահին հրավիրել է Ստամբուլ` միասին դիտելու երկու երկրների ֆուտոլի հավաքականների պատասխան խաղը։
Հայաստանի և Թուրքիայի նախագահները խոսել են երկկողմ հարաբերություների կարգավորման մասին, մտքեր փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ։
Նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լայն հնարավորություններ են բացվում, նրանք շեշտել են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքը` պատասխանատվություն ստանձնելու և ձեռնամուխ լինելու առկա խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և վստահության մթնոլորտի ստեղծմանը։ Աբդուլլա Գյուլի խոսքով, իրեն Հայաստան հրավիրելով, նախագահ Սարգսյանը կատարել է առաջին քայլը, հրավերն իր կողմից ընդունվել է` այն վերածելով համատեղ նախաձեռնության, որը օրինակելի կարող է լինել ողջ տարածաշրջանի համար։
Սերժ Սարգսյանն ասել է, որ երկխոսության առկայության պարագայում կարելի կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ` ամենակնճռոտ հարցերը։ «Մենք պետք է ձգտենք օր առաջ լուծել առկա խնդիրները և դրանց ծանրությունը չթողնենլ հետագա սերունդների վրա»,-ընդգծել է նա։
Սերժ Սարգսյանն ու Աբդուլլա Գյուլը քննարկել են նաև Կովկասյան կայունության և անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը։ Նշելով, որ Հայաստանը մշտապես ողջունում է երկխոսությանը եւ տարածաշրջանում վստահության ամրապնդման, անվտանգության և համագործակցության կողմնակից է, նախագահ Սարգսյանը թուրքական նախաձեռնությունը համարել է տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլ։
Նախագահներն արձանագրել են, որ այս հանդիպումը լուրջ ազդակ է երկխոսության հետագա շարունակման համար և արտգործնախարարների համար պետք է դառնան գործողությունների ուղեցույց։
Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարներն իրենց զրույցը շարունակել են աշխատանքային ընթրիքի ժամանակ։

Tert.am

2008-08-29
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՌԱԴԻԿԱԼ» ՕՐԱԹԵՐԹԻՆ
- Սեպտեմբերի 6-ին կայանալիք Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը կարող է դիտվել որպես մեր տարածաշրջանում ամենաքաղաքականացված սպորտային միջոցառումը: Քաղաքական առումով ի՞նչ ակնկալիքներ ունեիք, երբ հրավիրեցիք Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին միասին դիտելու հանդիպումը:
- Իմ առաջնահերթ նպատակը մեր երկրների հարաբերությունների կարգավորումն էր: Նախագահի պաշտոնում իմ ընտրության առթիվ նախագահ Գյուլի հղած շնորհավորական ուղերձում խոսվում էր հարաբերությունների զարգացման հնարավորության մասին: Ավելի ուշ վարչապետ Էրդողանն արտահայտվեց երկխոսության համար դռների բաց լինելու մասին: Փոխադարձաբար, ես էլ որոշեցի օգտագործել այս հնարավորությունը: Առջեւում լավ սպորտային իրադարձություն է: Պատմության մեջ առաջին անգամ հանդիպում են ֆուտբոլի մեր ազգային հավաքականները: Դա կարող է լավ առիթ հանդիսանալ մեր հարաբերությունների զարգացման համար: Կարեւոր չէ, թե ինչպիսի արդյունք կգրանցվի, բայց հույս ունեմ, որ հանդիպումը հանդիսականներին հաճույք կպատճառի: Ոգեւորությունը մեծ է լինելու: Այս հանդիպումը մեր հարաբերություններում բացառիկ իրադարձություն է լինելու, եւ հուսով եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների ներկայությամբ դա էլ ավելի բացառիկ կդառնա: Մենք հարեւաններ ենք եւ մնալու ենք հարեւաններ: Կարծում եմ, որ բնականոն հարաբերություններ ունենալն ավելի օգտակար կլինի երկու ժողովուրդների համար: Գյուլին ուղղված իմ հրավերը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում:
- Անկարայում որոշակի մտավախություններ կան վերոհիշյալ հրավերի հետ կապված: Ինչպես օրինակ` սահմանային խնդիրները եւ այն, թե ինչպես կդիմավորեն նախագահ Գյուլին Երեւանում: Դուք կիսու՞մ եք այդ մտահոգությունները:
- Որեւէ մտավախություն կազմակերպչական հարցերի հետ կապված չի կարող լինել: Եթե մենք պետության նախագահի ենք հրավիրել, ապա նախագահ Գյուլին այդ կարգի այցելություններին պատշաճ մակարդակով ընդունելու համար կիրականացվեն բոլոր միջոցառումները:
- Ես հանդիպեցի Դաշնակցություն կուսակցության հետ եւ նրանք դեմ են Ձեր հրավերին: Ասում են, որ Երեւան ժամանելու դեպքում Գյուլին իրենց ձայնը լսել տալու համար անելու են հնարավոր ամեն ինչ:
- Կարծում եմ, որ իրենց ձայնը բարձրացնելու համար արվելիք միջոցառումները դուրս չեն գա նման կարգի պաշտոնական այցերի համար ընդունելի վերաբերմունքի շրջանակներից: Ոչ քաղաքակիրթ վերաբերմունք ցուցաբերողները Գյուլից առաջ դա արած կլինեն Հայաստանի եւ իմ դեմ, որովհետեւ հրավիրողը ես եմ:
- Ի՞նչ եք կարծում Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկայի եւ հաղորդակցության բնագավառում իրականացվող տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ, որոնք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պարագայում, կարող են բարգավաճում բերել: Կցանկանա՞ արդյոք Հայաստանը միանալ այդ ծրագրերին: Դուք մտածու՞մ եք, որ մի օր Թուրքիայում այնպես կհյուրընկալվեք, ինչպես հյուրընկալվում են Ադրբեջանի եւ Վրաստանի ղեկավարները, եւ Թուրքիայի ղեկավարները առանց երկմտելու կընդունեն Երեւանից ստացված հրավերը:
- Գիտեք, մինչ այժմ իրականացված տարածաշրջանային ծրագրերից երկու դաս եմ քաղել: Առաջին, եթե տարածաշրջանի բոլոր երկրները չեն ներգրավվում կամ դրանցից մեկը բացառվում է, դա նոր բաժանարար գծեր է առաջացնում: Երկրորդ, երբ այդ ծրագրերում քաղաքական նկատառումները գերակայում են տնտեսականին, այդ ծրագրերը անհրաժեշտ հաջողություն չեն ունենում: Դա նման է այն բանին, երբ կառքը ձիու առջեւի մասից է կապվում:
- Ո՞ր ծրագրի մասին եք խոսում:
- Օրինակ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը... Չէ՞ որ նման երկաթգիծ կա: Շատ քիչ ծախսերով այն կարելի է դարձնել շահագործելի: Շատ միջոցներ են ծախսվում Հայաստանին դուրս թողնելու համար: Նախկինում Հայաստանի ղեկավարներն այցելել են Թուրքիա: Ես էլ տարբեր պաշտոններում այցելել եմ Թուրքիա: Հավելեմ նաեւ, հարեւանների փոխայցելությունները նորմալ երեւույթ են, եւ դա չպետք է ընկալվի որպես հակառակ կողմին արված սիրալիություն: Մեր ջանքերն ուղղված են դրան:
- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության մեկնարկի ժամանակ, նախագահներ Ալիեւի եւ Սաակաշվիլու ներկայությամբ, Աբդուլլահ Գյուլն ասաց, որ Հայաստանը կարող է մասնակցել տարածաշրջանային ծրագրերին, եթե հարգի միջազգային իրավունքը: Ըստ Ձեզ, նա ակնարկում էր 1921 թ. Կարսի պայմանագրով հաստատված առկա սահմա՞նը:
- Կարծում եմ, եթե Գյուլին հարցնեք, ինքն ավելի հստակ կպատասխանի: Միայն կարող եմ ասել, որ Հայաստանը կողմ է ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ մի շարք այլ միջազգային պայմանագրերի, հարգում է իր միջազգային պարտավորությունները:
- Հարցս ավելի հստակ ձեւակերպեմ. Հայաստանում կան որոշ շրջանակներ, որոնք Թուրքիայի մի մասը Արեւմտյան Հայաստան անվանելով, Սեւրի պայմանագրին համապատասխան, հողային պահանջներ ունեն: Դուք ընդունու՞մ եք, որ դժվար է ամբողջական դիվանագիտական հարաբերություններ հաստատել այն հարեւանների հետ, որոնք վիճարկում են Ձեր սահմանները: Ինչպիսի՞ն է Կարսի պայմանագրի օրինականության եւ ճանաչման մասին Ձեր տեսակետը` պաշտոնական դիրքորոշումը:
- Չեմ հիշում, որ որեւէ հայ պաշտոնյա արտահայտված լինի տարածքային պահանջների մասին: Բայց դա լսում եմ դիմացի կողմից: Կարծում եմ, որ ճիշտ չէ հիմք ընդունել առանձին հայտարարությունները: Եթե այդպես մոտենանք, Թուրքիայում անգամ կան այնպիսիք, ովքեր ասում են, որ Հայաստան անունով երկիր իրականում գոյություն չունի: Մենք չենք ուզում, որ Թուրքիայի հետ հարաբերություններում լինի որեւէ նախապայման: Արեւելյան-Արեւմտյան Հայաստան արտահայտության հետ կապված մտահոգություններ լսում եմ նաեւ թուրք պաշտոնյաներից, ինչն ինձ համար տարօրինակ է: Դրանք դեռեւս 19-րդ դարից օգտագործված աշխարհագրական եզրեր են: Անցյալից եկող այս արտահայտությունը մոռանալու եւ ջնջելու հարցում համառելը նույնն է, ինչ մերժել Սպարտայի, Ռուսական կայսրության, Օսմանյան կայսրության կամ պատմական շատ աշխարհագրական տերմինների գոյությունը: Եթե մեր պաշտոնական քաղաքականությունը դա լիներ, մեր անունը կլիներ ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ` Արեւելյան Հայաստանի Հանրապետություն: Որեւէ հայ պաշտոնյա նման բան չի պնդել: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում այդ հարցերն ավելի հեշտությամբ կքննարկվեն: Ահա Ռուսաստանը սահմանային խնդիրներ ուներ կամ ունի Չինաստանի, Ճապոնիայի հետ, սակայն դա արգելք չի հանդիսանում դիվանագիտական հարաբերությունների համար:
- Գյուլին ուղարկած Ձեր հրավերից հետո Կովկասում տեղի ունեցան լուրջ զարգացումներ, ինչպես վրաց-ռուսական հակամարտությունը: Ի՞նչ կարծիքի եք Վրաստանից անջատվող Հարավային Օսիային եւ Աբխազիային սատարելու Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ:
- Իրականում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, եղան մարդկային զոհեր: Դա մեկ անգամ եւս ցույց տվեց, թե նման հարցերում ինչի կարող է հանգեցնել սպառազինությունների մրցավազքը: Մենք կողմ ենք նման հարցերը բանակցությունների միջոցով լուծելուն: Մենք կողմ ենք ժողովուրդների ազատ կամարտահայտության հիման վրա՝ ինքնորոշման իրավունքը հարգելուն: Ցավալի է, որ նկատվում է իրավիճակի սրում եւ դա մեզ դուր չի գալիս: Մենք հավատում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեդվեդեւի եւ Եվրոմիությունում նախագահող Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի համատեղ նախաձեռնած ծրագրի իրագործումը կբերի խաղաղություն եւ կայունություն: Մեզ համար շատ կարեւոր է խաղաղությունն ու կայունությունը: Ամեն ինչ մի կողմ՝ մեր առեւտրի ավելի քան 70%-ը կատարվում է Վրաստանի տարածքով:
- Վրաստանի երկաթգծի կամրջի պայթեցման հետեւանքով Երեւանում բենզինի հետ կապված դժվարություններ են առաջացել: Այդպե՞ս է:
- Ճիշտ է: Հույս ունենք, որ երկու օրում հարցը կլուծվի: Ակնհայտ է, որ տարածաշրջանի անկայունությունը Հայաստանի օգտին չէ: Դա ցույց է տալիս, որ մենք կայունության կարիք ունենք: Անկայունությունը երեք ամիս կամ երեք տարի ձգձգվելը էլ ավելի կավելացնի մեր խնդիրներր:
- Ձեր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն դրական է արձագանքել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմի առաջարկին: Չե՞ք մանրամասնի այս հարցում Ձեր քաղաքականությունը:
- Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ դրական է վերաբերում տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար երկխոսության վերաբերյալ Էրդողանի խոսքերին: Կարծում եմ, որ մեր արտաքին գործերի նախարարը շատ ճիշտ քայլ է կատարել: Առաջարկն ստանալու դեպքում մանրամասն կքննարկենք եւ մեր դիրքորոշումը կհայտնենք:
- Կարծում եք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը, որը լուրջ խնդիր է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Ձեր հարաբերություններում, կարո՞ղ է շուտով լուծվել: Կանխատեսու՞մ եք, որ Ադրբեջանի հետ համաձայնության գալը նոր մակարդակի կբարձրացնի քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում:
- Ադրբեջանի նախագահ պարոն Ալիեւի հետ հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում մենք ունեցանք արդյունավետ հանդիպում: Երկու կողմերս էլ արտգործնախարարներին հանձնարարեցինք մադրիդյան սկզբունքների հիման վրա շարունակել աշխատանքները: Մինչ օրս երեք հանդիպում է տեղի ունեցել: Հուսով եմ, որ կարճ ժամանակահատվածում լուծում կգտնենք:
- Կարո՞ղ եք մոտավոր ժամկետ ասել:
- Մինչեւ Ադրբեջանում նախատեսվող նախագահական ընտրությունները այդ առումով որեւէ կանխատեսում անելը ճիշտ չի լինի: Ընտրություններից հետո կտեսնենք, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում:
- Դուք Հարավային Օսիայի եւ Աբխազիայի իրավիճակը նմանեցնու՞մ եք Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Հարցնում եմ, որովհետեւ ասացիք, որ պետք է հաշվի առնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
- Բոլոր հակամարտություններն ունեն նմանություններ եւ տարբերություններ: Կարծում եմ, որ նմանությունների եւ տարբերությունների վրա կենտրոնանալու փոխարեն, պետք է մտածել դասեր քաղելու մասին: Տեսնում եմ, որ հարցը ռազմական եղանակով լուծելու շահարկումները հանգեցնում են անկանխատեսելի եւ վտանգավոր հետեւանքների: Կուզենայի իմանալ, թե նախքան հակամարտությունը քանի՞ հոգի էր կանխատեսել դրա արդյունքները: Պետք է շատ ուշադիր լինել:
- Դրսից թվում է, թե Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները Ցեղասպանության խնդրի պատճառով գտնվում են փակուղում: Ճի՞շտ է այդ տպավորությունը: Դուք համարում եք, որ հայ-թուրքական հարաբերություններ չեն կարող առաջ շարժվել մինչեւ Թուրքիան չճանաչի 1915 թվականի ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն: Դա նախապայմա՞ն է:
- Ողջ աշխարհում գոյություն չունի գեթ մեկ հայ, ով չհավատա Ցեղասպանության փաստին: Սակայն, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ: Թերեւս դրա համար էլ ասում ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն` առանց որեւէ նախապայմանների:
- Ո՞րն է Ձեր դիրքորոշումը 1915 թ. դեպքերի ուսումնասիրման նպատակով պատմաբանների հանձնաժողով կազմավորելու վերաբերյալ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ երկու հանձնաժողովներ՝ մեկը պատմաբանների, մյուսը՝ հարաբերությունները կարգավորելուն միտված, կարող են գործել զուգահեռ:
- Կարծում եմ, որ այս հարցում նոր մոտեցման անհրաժեշտություն կա: Որովհետեւ, ես չեմ հիշում, որ մինչ այժմ միջպետական խնդիրները լուծելու համար ոչ- պետական հանձնաժողով ստեղծված լինի: Ամենալավ լուծումը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: Այդ կերպ կառավարությունների միջեւ ստեղծվելիք հանձնաժողովի շրջանակում կարող են ստեղծվել բազմաթիվ ենթահանձնաժողովներ եւ խմբեր: Ավելի վաղ ԱՄՆ-ում ստեղծվել էր նման մի հանձնաժողով: Արդյունք տվե՞ց: Երկրորդ՝ ձեր ասած մասնագետների եւ փորձագետների համար նորմալ աշխատանքային պայմանների ստեղծումն անհրաժեշտ է: Դրա համար էլ բնականոն դիվանագիտական հարաբերությունների առկայությունը անհրաժեշտություն է: Դիվանագիտական հարաբերությունների առկայության կամ բացակայության պարագաներում իրականացվող աշխատանքները միանգամայն տարբեր կլինեն:
- Հավատու՞մ եք, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ շարունակվող փակ դիվանագիտական հանդիպումները արդյունք կտան:
- Անկասկած, անհնար կլիներ իմ աջակցությունը, եթե չհավատայի որ արդյունք կտա: Սակայն, մյուս կողմից հավատում եմ, որ հարաբերությունների ընթացքը ցույց է տալիս, որ մենք՝ երկու երկրների առաջնորդներս, հասել ենք որոշումների կայացման փուլին: Դրանք հեշտ որոշումներ չեն լինելու: Հայաստանի եւ Թուրքիայի ողջ հասարակությունը չէ, որ հավանություն կտա այդ որոշումներին: Բայց վստահ եմ, որ դրական որոշումներին կաջակցի հասարակությունների մեծ մասը: Դրանով ես նկատի ունեմ ոչ թե դիվանագետների ջանքերը, այլ` ընդհանուր մթնոլորտը: Գյուլի շնորհավորական ուղերձը, Էրդողանի խոսքերը, իմ կողմից Գյուլին ուղղված հրավերը, անգամ Ձեզ հետ այս հարցազրույցն այդ մթնոլորտի մի մասն են կազմում: Այս իմաստով էլ հավատում եմ, որ հասել ենք որոշումների ընդունման փուլին:
- Գյուլի Երեւան գալ-չգալն ինչպե՞ս կազդի այդ իրավիճակի վրա:
- Կարծում եմ, որ կարեւոր կլինի: Քանզի կարեւոր որոշումները հեշտությամբ չեն կայացվում: Կարեւոր են նաեւ անձնական հարաբերությունները: Հանրության առջեւ խոսելը եւ դիմացինիդ աչքերի մեջ նայելով խոսելը տարբեր բաներ են: Եթե չհավատայի այս այցի կարեւորությանը, Գյուլին չէի հրավիրի: Մենք հարեւաններ ենք: Պատմության մեջ դժվար ժամանակներ ենք ունեցել: Սակայն Հայաստանը պատրաստ է հարաբերությունների զարգացմանը եւ նույնն էլ ակնկալում ենք Թուրքիայից:


2008-08-27
Մրցույթի եզրափակիչ են անցել ֆրանսիական, շվեդական եւ բրիտանա-իռլանդական ընկերությունները
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունն այսօր հրապարակել է բջջային կապի երրորդ օպերատորի արտոնագրին հավակնող, նախաորակավորման փուլ անցած ընկերությունների ցուցակը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել է նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը, մրցույթի հաջորդ փուլ են անցել France Telecom (Orange ապրանքանիշ), CEO Blackrock Communications (Մեծ Բրիտանիա-Իռլանդիա), ինչպես նաեւ Tele2 AB (Շվեդիա) ընկերությունները:

Նախաորակավորման փուլ անցած ընկերությունները 40 օրվա ընթացքում պետք է մրցութային հանձնաժողովին ներկայացնեն առաջարկությունները, որոնց քննարկումից հետո պետք է հայտարարվի մրցույթի հաղթողը:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու ցանկություն էին հայտնել հետեւյալ ընկերությունները. France Telecom (Ֆրանսիա), CEO Blackrock Communications (Իռլանդիա), V-Tel (Հորդանան), GEO (Անգլիա), Tele2 AB (Շվեդիա), Knightsbridge International Telecommunications Holding (Ավստրիա), Aetos Consulting Limited (Անգլիա), Kalba International (Եգիպտոս), AAA Capital GmbH (Գերմանիա), Auroratel (Ռուսաստանի Դաշնություն), PJ Engineering (Ֆինլանդիա), Eventis Telecom (Ռուսաստանի Դաշնություն), EEC group (Եգիպտոս), mmC Group (Իսպանիա), Samsson group (Գերմանիա), SALEM AGENCIES AND SERVICES CO. (SAS) եւ JGAG:

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը նաեւ տեղեկացնում է, որ ռուսաստանյան Eventis Telecom ներդրումային հոլդինգը դեռ նախօրեին հրաժարվել էր մասնակցել մրցույթին:

2008-08-20
ԱԺ-ում ներկայացվել է ՓՄՁ հարկային վարչարարության կատարելագործմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը այսօր խորհրդարանի արտահերթ նստաշրջանում ներկայացրել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության /ՓՄՁ/ հարկային վարչարարության կատարելագործմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ահարոն Չիլինգարյանը տեղեկացրել է, որ փոփոխություններ են նախատեսվում “ԱԱՀ մասին”, “Հարկերի մասին”, “Եկամտահարկի մասին”, “Շահութահարկի մասին”, “Պարտադիր սոցիալական վճարների մասին” օրենքներում:

“Նախատեսվում է վերացնել պարզեցված հարկը եւ ԱԱՀ-ից ազատել ՓՄՁ այն սուբյեկտներին, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 50 մլն դրամը”,- ասել է Ահարոն Չիլինգարյանը` ավելացնելով, որ նախատեսվում է ԱԱՀ վճարումից ազատված տնտեսական սուբյեկտներից գանձել շահութահարկ` նվազագույնը ամսեկան շրջանառության 1%-ի չափով:

Առաջարկված փոփոխությունների համաձայն, ամեն ամիս ԱԱՀ են վճարելու այն ընկերությունները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 100 մլն դրամը` այժմյան 60 մլն-ի փոխարեն: “Պարտադիր սոցիալական վճարումների ծավալը տվյալ սուբյեկտների համար այժմյան 5-15%-ից կկրճատվի մինչեւ 3%”,- ասել է Ահարոն Չիլինգարյանը:

Նրա խոսքերով, օրինագծերի առաջարկված փաթեթը թույլ կտա ՓՄՁ-ի համար մշակել պարզ չափորոշիչներ եւ ազատել այն բարդ հաշվապահական հաշվարկներից:

www.banks.am

2008-08-19
Իրականացվում է նոր ծրագիր՝«Առյուծի աստիճանների» վերակառուցում եւ հարակից կանաչ գոտիների ճարտարապետական ձեւավորում
Վերջին տարիներին Դիլիջան քաղաքում՝ վարչական կենտրոնից մինչեւ արհեստական լիճն ընկած հատվածում ստեղծվել է բարդ իրավիճակ։
Հիշատակված հատվածը ինչպես սողանքների, այնպես էլ ժամանակին չվերականգնելու պատճառով գտնվում է խիստ անմխիթար, իսկ առանձին հատվածներ՝ վթարային վիճակում։
Արհեստական լճից մինչեւ քաղաքի վարչական կենտրոնն ընկած հատվածում, որի մի մասը հարում է թեք լանջին, անվտանգ չէ ոչ միայն հետիոտների, այլեւ ավտոմեքենաների համար։ Խիստ հրատապ է այստեղ իրականացնել հակասողանքային միջոցառումներ։
Մասնագետների կարծիքով հենապատերը վերականգնելու հետ միաժամանակ անհրաժեշտ է կառուցել 150 մետր երկարությամբ դրենաժներ, որպեսզի գրունտային ջրերը պատերին չվնասեն։
Հիշատակված հատվածում պատերը ծռմռված են, հենապատերը ճաքճքված, մայթերը դեֆորմացված‎։
Պահահջվում է նաեւ Առյուծների աստիճանների (շուրջ 70 մետր) վերակառուցման աշխատանքներ։
Քաղաքի վարչական կենտրոնից մինչեվ արհեստական լիճ ընկած հատվածում իրականացվելիք բարեկարգման ծրագրում նախատեսվում է նաեւ 15 քանդակային էլեմենտների տեղադրում, կոլորիտային շինությունների ռեստավրացիա։ Ոչ պակաս կարեւոր է նախկին 60-ական թվականներին տեղադրված էլեկտրական լուսավորության լապտերները ժամանակակից դեկորատիվ լապտերներով փոխարինելը։ Նախկինները բացի անբարետես լինելուց նաեւ մեծամասամբ ծռմռված են եւ օգտագործման համար ոչ պիտանի։

Քաղաքի կենտրոնական հատվածի վերականգնման, քաղաքն ավելի բարետես և հրապուրիչ դարձնելու համար Դիլիջանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակ է ներկայացրել լճափից մինչև հրապարակ ընկած տարածքի ճարտարապետական ձևավորման, դեկորատիվ հենապատերի կառուցման, դեկորատիվ լապտերների տեղադրման, քանդակային էլեմենտների կառուցման և «Առյուծների աստիճանների» կապիտալ վերակառուցման ծրագիր, որի համար նախնական հաշվարկներով պահանջվում է 82 մլն. դրամ։


Մայիսի 21-ին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակի լիազոր ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի միջեւ կնքվել է պայմանագիր, համաձայն որի նկարագրված աշխատանքների իրականացման համար Դիլիջանի քաղաքապետարանը կներդնի 76 մլն. դրամ։


2008-08-04
39 ՏԱՐԻ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
«Եթերում Հայաստանի ժամն է»,- աշխատանքային բոլոր օրերին, ժամը 19-ից, Արգենտինայի հանրային ռադիոյով հնչում է Գեւորգ Կարամանուկյանի հնչեղ ձայնը։
1969-ի հուլիսի 14-ին նա առաջին անգամ եթեր դուրս եկավ, եւ ահա արդեն 39 տարի հավատարմորեն ծառայում է հայապահպանման սուրբ գործին։
Ծնվել է Ուրուգվայում, Մեծ եղեռնից մազապուրծ հայերի թոռ է։ Հիանալի տիրապետում է հայերենին, գերազանց գիտե հայոց պատմությունն ու մշակույթը։
- Շատ եմ սիրում իմ աշխատանքը, վարձատրված եմ լինում, երբ թեկուզ մեկ հայ իրեն լավ է զգում՝ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու լսելով հայերեն խոսքն ու երաժշտությունը, - ասում է 60-նն անց Գեւորգը։
«Հայաստանի ժամ» ծրագիրը հիմնականում ընդգրկում է երաժշտական հաղորդումներ, նաեւ հայաստանյան, նաեւ գաղութի կյանքն արտացոլող լրատու։
Միքայել Անանյան
Արգենտինա

2008-07-17
ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՈՒՏՔԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՈՐԱԿԸ ԵՎ ԿՆՎԱԶԵՑՆԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Նման համոզմունք հայտնեց Ռոբերտ Նազարյանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի մրցութային փաստաթղթերի փաթեթը: Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, մրցույթի հայտարարությունը կտեղադրվի Wall Street Journal կամ Financial Times թերթերում, որից 90 օր հետո հայտնի կդառնա բջջային կապի երրորդ օպերատորի անունը: Մրցութային փաթեթի ձեռքբերման համար ցանկություն հայտնող ընկերությունները պետք է վճարեն 10 հազար եվրո, իսկ այն ընկերությունները, որոնք կանցնեն մրցույթի հաջորդ՝ առաջարկների ներկայացման փուլ, պետք է վճարեն 10 մլն եվրո: Հաղթող ընկերությունը 10 օրվա ընթացքում կսկսի իր գործունեությունը: Նրան տրամադրվելու է 15 տարվա գործունեության ժամկետ: Բջջային կապի երրորդ օպերատորին կտրվեն 055 եւ 095 հեռախոսային կոդերը:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշեց, որ ներկայումս մեր բջջային կապի շուկայում գործում են երկու ընկերություն եւ երրորդ ընկերության մուտքը հնարավորություն կտա հասնելու սակագների նվազեցման եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման: Ռոբերտ Նազարյանը հավաստիացրեց, թե ամեն ինչ կարվի, որ մրցույթը լինի պարզ եւ թափանցիկ: Նա նաեւ տեղեկացրեց, որ գործունեության առաջին երկու տարիների ընթացքում նոր ընկերության ներդրումների ծավալը պետք է կազմի 200 մլն եվրո:

AZG Armenian Daily


2008-07-15
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ՕՐԵՐԻՆ
Ընթացիկ ամսվա առաջին 10 օրերին ԱՊՀ երկրների լրատվական դաշտը ներկայացնող 20 հոգանոց մի պատվիրակություն այցելեց Չինաստան՝ այդ երկրի արտգործնախարարության հրավերով: Թեեւ այցը կազմակերպվել էր օգոստոսին սկսվող «Պեկին-2008» Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով, սակայն առիթն օգտագործվեց առավել լայն ընդգրկումով Չինաստանի տնտեսական ու սոցիալական կյանքին ծանոթանալու, ազգագրական վիճակին ու ժողովրդական սովորույթներին տեղյակ լինելու նպատակով: Կազմակերպիչներն ամեն ինչ արել էին պատվիրակության 10-օրյա կեցությունը ոչ միայն ամենաբարձր մակարդակի հյուրընկալությամբ, այլեւ հետաքրքրական եւ ուսանելի ուղեւորություններով ապահովելու համար:

Պեկինի օլիմպիական կառույցներին ու ենթակառույցներին ծանոթանալուց զատ, որի ընթացքում լրագրողների հարցերին սպառիչ պատասխան տվեց Օլիմպիական ազգային կոմիտեի փոխնախագահը, հյուրերին ընդունեց Չինաստանի արտգործնախարարի օգնական Լի Խուեյը, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հասարակագիտական ակադեմիայի գիտական խորհուրդը սեմինար անցկացրեց նրանց հետ, հաջորդաբար պատվիրակության անդամների հետ հանդիպումներ ունեցան Քունմին քաղաքի եւ Գուանդու նահանգի ղեկավարությունը, Ման քաղաքի եւ Դեխուն շրջանի, ինչպես նաեւ Ժուիլի քաղաքի ղեկավարները, Գուանչժու եւ Շենժեն քաղաքների (Հարավային Չինաստան) պատասխանատուները, որոնք ճաշկերույթներ տվեցին ի պատիվ լրագրողներին:

Վերջիններս 10 օրվա ընթացքում այցելեցին 8 քաղաք, ներկա գտնվեցին համերգների, այցելեցին Քարերի անտառ, ազգային այգիներ, Յուննան նահանգի ազգային փոքրամասնությունների գյուղեր եւ ագարակներ, Դոունանի ծաղիկների շուկա, «Հոնդա» մակնիշի ավտոգործարան, Tencent դեղագործական ֆաբրիկա, HUAWEI հեռակապի, ինչպես նաեւ խաղալիքների գործարաններ:

Հանդիպումները պաշտոնական մարդկանց ու հասարակ չինացիների, երիտասարդության ու գյուղացիների, ինչպես նաեւ տեխնիկական մտավորականության հետ, ընդամենը վերջին 20-30 տարում վեր խոյացած գերարդիական քաղաքներում բացահայտվող չինական հրաշքի հետ, խոր տպավորություն թողեցին ԱՊՀ երկրներից ժամանած լրագրողների վրա, որոնց շարքում Հայաստանը ներկայացնում էր մեր թերթի գլխավոր խմբագիրը, որի տպավորությունները դեռ առիթ կունենանք ներկայացնելու ընթերցողներին:
AZG Armenian Daily


2008-06-23
Հայաստանի ֆինանսական համակարգը դեռեւս չի կարող Սփյուռքին առաջարկել ֆինանսական գործիքների լայն տեսականի
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի ֆինանսական համակարգը դեռեւս չի կարող Սփյուռքին առաջարկել ֆինանսական գործիքների ողջ տեսականին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանն ասել է այս մասին հունիսի 21-ին Դիլիջանում կայացած Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) տարեկան ժողովում:

«Կազմելով իր ծրագրերը` Կենտրոնական բանկը հաշվի է առնում ոչ միայն Հայաստանի տարածքը, այլեւ ողջ հայկական աշխարհը. հայկական Սփյուռքի կողմից իրականացվող ֆինանսական հոսքերը անմիջական ազդեցություն ունեն Հայաստանի ֆինանսական համակարգի վրա», - հայտարարել է կառավարության ղեկավարը:

Նրա խոսքերով, Հայաստանը պետք է ֆինանսական կենտրոն դառնա հայկական աշխարհի հիմքի վրա, եւ այդ առանձնահատկությունը Հայաստանին առավելություն կտա մյուս ֆինանսական կենտրոնների նկատմամբ:

Վարչապետը նշել է, որ երկրում պետք է ստեղծվեն այնպիսի ֆինանսական կառույցներ, որոնք հաշվի են առնում այդ իրողությունը: “Մեզ մոտ արդեն կան “Անելիք” եւ “Յունիբանկ” բանկերի վճարային համակարգերը, սակայն մենք պետք է կազմավորենք համաշխարհային ցանց, որը թույլ կտա մեր հայրենակիցներին արդյունավետորեն իրականացնել ֆինանսական գործարքները”, - ասել է Տիգրան Սարգսյանը` տվյալ համատեքստում կարեւորելով Համահայկական բանկի ստեղծումը:

2008-06-23
«ԲԱԶԵ 2008»
Համահայկական Երիտասարդական Հիմնադրամը Կազմակերպում է Համահայկական Երիտասարդական Հավաք, որի ընթացքում Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ Սփյուռքի 18-30 տարեկան երիտասարդներ միասին կանցկացնեն մարզական, մշակութային եւ այլ մրցություններով լի, ինչպես նաեւ` հետաքրքիր հանդիպումներով եւ ծանոթություններով հարուստ օրեր «ԲԱԶԵ» ճամբարում:
«ԲԱԶԵ» ճամբարում կստեղծվի հատուկ բարեկամական եւ մրցակցային մթնոլորտ, ուր Հայաստանի տարբեր վայրերից ժամանած երիտասարդները հնարավորություն կստանան ծանոթանալ եւ շփվել միմյանց հետ, մասնակցել մշակութային եւ ինտելեկտուալ մրցույթների եւ մարզական խաղերի:
Հաշվի առնելով, որ բոլոր վայրերից հավաքված երիտասարդներն ընտրվելու են իրենց ընդունակությունների եւ հասարակական ակտիվության սկզբունքով, կարելի է համոզված լինել, որ հավաքից ստացած տպավորությունները, գիտելիքները, գաղափարները կկիսեն իրենց բնակավայրերի ընկերների հետ, դրանով մասամբ սերմանելով երիտասարդության շրջանում Հայրենիքի նկատմամբ սեր ու ազգային գաղափարներ, ինչպես նաեւ` հետագայում համագործակցության եզրեր կուրվագծվեն:
Հավաքը նախատեսվում է իրականացնել 2008 թվականի հուլիսի 11-ից - 18-ը ընկած ժամանակահատվածում` Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի առողջարաններում:
Հավաքին կմասնակցեն 18-ից 30 տարեկան շուրջ 650 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ Սփյուռքից:

2008-06-18
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց “Ֆինանսական օմբուդսմենի մասին” օրինագիծը
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցոմամբ ընդունել է “Ֆինանսական օմբուդսմենի մասին” օրենքի նախագիծը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ հունիսի 5-ին Ազգային Ժողովում ներկայացնելով օրինագիծը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանը նշում էր, որ ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը լայն կիրառում ունի աշխարհում:

ԿԲ փոխնախագահը նշում էր, որ ինստիտուտը կգործի անվճար հիմունքներով եւ սպառողներին կազատի ֆինանսական վեճերի լուծման համար իրավաբաններին դիմելու անհրաժեշտությունից:

Օրինագիծը նախատեսում է խորհրդի ձեւավորում, որը բաղկացած կլինի 7 անդամներից` ֆինանսական կազամակերպությունների 4 ներկայացուցիչների եւ սպառողների, կառավարության ու ԿԲ-ի մեկական ներկայացուցչի մասնակցությամբ:

2008-06-13
Հայ ու ֆրանսիացի գործարարները կքննարկեն համագործակցության հեռանկարներրը Փարիզում եւ Մարսելում
Երեւան /Մեդիամաքս/. Հայ ու ֆրանսիացի գործարարները կքննարկեն համագործակցության հեռանկարներրը հայ-ֆրանսիական գործարար ֆորումում, որը տեղի կունենա հունիսի 17-ին Փարիզում եւ հունիսի 19-ին Մարսելում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են “Գրանթ Թորնթոն Ամիո” ընկերության մարկետինգի բաժնում, ֆորումը կազմակերպվում է “Գործարարության հայկական կենտրոն” կազմակերպության ու հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ:

“Գործարարության հայկական կենտրոնը” հիմնադրվել է “Գրանթ Թորնթոն Ամիո”-ի եւ “Գրանթ Թորնթոն Ֆրանսիա”-ի համատեղ ջանքերով, դրա հիմնական նպատակն է եղել հայ-ֆրանսիական գործարար կապերի ընդլայնումը, Հայաստանում ֆրանսիացի ներդրողներին աջակցելը:

Գործարար ֆորումի մասնակիցները կծանոթանան “Գործարարության հայկական կենտրոնի” գուրծունեության հիմնական ուղղություններին, կքննարկեն համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունները:

Նախատեսվում է, որ սեպտեմբեր-հոկտոմբեր ամիսներին ֆրանսիացի գործարարները կայցելեն Հայաստան:

2008-06-12
Հետաքրքիր է...
Արաբները շարունակում են զարմացնել իրենց ռեկորդակիր նախագծերով: Այժմ նրանք ձեռնամուխ են եղել ամենամեծ շատրվանի կառուցմանը աշխարհի ամենամեծ երկնաքերի՝ «Բուրջ Դուբայի» դիմաց:
Շատրվանի ոչ սովորական բնութագրերը թույլ են տալիս ջրաշիթի բարձրությունը հասցնել մինչեւ 150մ, շատրվանի հիմքի լայնությունը կհասնի 300մ: Երեկոյան ժամերին շատրվանը կլուսավորվի բազմաքանակ լամպերով, իսկ ջրի շրշյունը կուղեկցվի երաժշտությամբ: Շինարարության համար կպահանջվի 218 մլն. դոլլար, կբացվի այն 2009թ.:

2008-06-11
Հայաստանի խորհրդարանն այսօր Արթուր Ջավադյանին ընտրել է Կենտրոնական բանկի նախագահ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նիստում ներկա գտնվող 98 պատգամավորներից նրա թեկնածության օգտին են քվեարկել 93-ը, դեմ` 3-ը:
ԿԲ նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Ազգային Ժողովին իր գաղափարներին ու առաջարկություններին աջակցելու համար:

2008-06-06
Ֆինանսական կենտրոն դառնալու համար Հայաստանը պետք է երկար ու դժվար ճանապարհ անցնի, համարում է Աշոտ Օսիպյանը
Երեւան /Մեդիամաքս/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ” վարչության նախագահ ու գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը հայտարարել է, որ որպես Հայաստանի քաղաքացի ու ֆինանսական շուկայի մասնակից` դրական է վերաբերվում երկրում ֆինանսական կենտրոն ստեղծելու գաղափարին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, Աշոտ Օսիպյանն ասել է, որ Հայաստանը պետք է նախ եւ առաջ դառնա տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, ինչի համար երկրում ստեղծված են բոլոր նաախդրյալները:
Նրա խոսքերով, երկիրը հեռանկարում կարող է գնալ միջազգային ֆինանսական կենտրոնի փոխակերպման ճանապարհով: Աշոտ Օսիպյանը կարծիք է հայտնել, որ դրա համար Հայաստանին անրաժեշտ է բարձրացնել ֆինանսական միջնորդության մակարդակը, ինչպես նաեւ շուկայում բարենպաստ պայմաններ ստեղծել:
“Մենք պետք է օգտագործենք ունեցած նախադրյալները` հաշվի առնելով միջազգային ֆինանսական կառույցների հետաքրքրվածությունը Հայաստանի բանկային կառույցով: Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցներն զգում են միջազգային կառույցների այդ հետաքրքրվածությունը եւ երկրի ֆինանսական շուկայի գրավչությունը”,- ասել է Աշոտ Օսիպյանը:
Նա նշել է, որ “գիտելիքների ու տեխնոլոգիաների մակարդակը մեզ թույլ է տալիս ունենալ այդ հավակնությունները”, բայց դրանց իրագործման համար անրաժեշտ է անցնել երկար ու դժվար ճանապարհ:

2008-06-06
Ֆիքսված կապի ծառայությունների զարգացման գործում մեզ համար փորձ է եղել “ԱրմենՏելի” գնումը
Երեւան /Մեդիամաքս/. Ֆիքսված կապի ծառայությունների զարգացման մեջ մեզ համար լավ փորձ է եղել “ԱրմենՏելի” գնումը, որը մենք կարող ենք օգտագործել Golden Telekom–ի հետ համախմբման ընթացքում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր “ՌԲԿ Դեյլի” թերթի հետ հարցազրույցում հայտարարել է “ՎիմպելԿոմ” ընկերության ԱՊՀ երկրներում զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը` պատասխանելով այն հարցին, թե հանդիսանում է արդյոք Ռուսաստանը գաղափարներ առաջադրող, թե կան օրինակներ, երբ նախագծերը ԱՊՀ երկրներից են տարածվել ողջ խմբում:
“Զարգացումը ԱՊՀ երկրներում “ՎիմպելԿոմ”-ին լրջորեն օգնել է եւ ոչ քիչ նոր գիտելիքներ տվել”,- նշել է Դմիտրի Պլեսկոնոսը:
Նրա խոսքերով, համանման են նաեւ երրորդ սերնդի կապի հետ կապված գործերը: “3G ծառայություները մենք առաջինը փորձարկել ենք Տաջիկստանում: ԱՊՀ երկրները հանդիսանում են մի շարք ուղղությունների նախաձեռնող, ինչպես նաեւ որոշումների բնորոշման հրաձիգ, որոնք հետագայում կարող են վերածնվել “Վիմպելկոմ” ընկերության ողջ խմբում”,- ասել է Պլեսկոնոսը:
“Բոլոր երկրներում կարգավորման տարբեր մոտեցումներ կան, երբեմն այդ հարցերը ԱՊՀ այլ երկրներում ավելի շուտ են լուծվում, քան Ռուսաստանում: Օրինակ, Մոսկվան մինչ այժմ խոչընդոտ է 3G ծառայությունների զարգացման համար. ազատ հաճախություններ առայժմ չկան, քանի որ հաճախությունները պատկանում են զինվորականներին, եւ պահանջվում է դրանց մաքրում: Մի շարք երկրներում մաքրման հարցը ավելի հեշտ է մասամբ այն պատճառով, որ երկրներն ավելի հավաք են: Նույնքան արագ կարելի է ձեւավորել կապն ու թողարկել նոր ծառայություն: Այդ պատճառով նախագծերն այլ երկրներում մենք տեղափոխում ենք Ռուսաստան ավելի ուշ, եւ որոշ տեխնոլոգաների համար Ռոսաստանը չի հանդիսանում առաջնային երկիր”,- նշել է “ՎիմպելԿոմ”-ի գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը:

2008-06-03
ՀՅԴ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԱԶԱՏՎԵՑԻՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԵՑԻՆ
Նախագահի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել են Աղվան Վարդանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, Լևոն Մկրտչյանը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից, Դավիթ Լոքյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից։ Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Սպարտակ Սեյրանյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար:
Նախագահի հրամանագրով Արսեն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Արամայիս ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։

2008-06-03
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստան է այցելել աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը ընտանիքով: 4 օրվա այցի ընթացքում նախատեսվում են ընտանեկան հանդիպումներ, բացի այդ՝ հանդիպում հանրապետության նախագահի հետ:
Շառլ Ազնավուրի այցի նպատակը Երեւանում իր տուն-թանգարանի հիմնարկեքին մասնակցելն է:

2008-05-30
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ԲԻԶՆԵՍԻ ԿՈՂՔԻՆ ԿԼԻՆԻ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 29-ին գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ “պետությունը միշտ բիզնեսի կողքին կլինի”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, երկրի ղեկավարը հավաստիացրել է միջին եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ սկսնակ բիզնեսմեններին, որ “պետությունը միշտ նրանց կողքին կլինի”:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այսօր պետության եւ ձեռնարկատետերի միջեւ փոխադարձ վստահության խնդիր կա: “Այսուհետ աշխատանքի գնալով, հարկային եւ մաքսային ծառայությունների աշխատակիցը պետք է գիտակցի, որ գնում է ծառայություններ մատուցելու բիզնեսին, եւ ոչ ավելին: Նրանց, ում այս մոտեցումը դուր չի գա, մենք կփոխարինենք նոր կադրերով”,- հայտարարել է Հայաստանի նախագահը:

Նրա խոսքերով, “փոխադարձ վստահության մթնոլորտը ոչ թե ժամանակավոր երեւույթ կլինի, այլ` աշխատաոճ”: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր ձեռնարկատեր ի դեմս հարկային ու մաքսային ծառայողի պետք է տեսնի իր գործընկերոջը:

“Իհարկե, դա անմիջապես տեղի չի ունենա, անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք, բայց հավատացնում եմ, որ մենք կհասնենք մեր նպատակակետին”,- հայտարարել է հանրապետության ղեկավարը:

Նա կոչ է արել ձեռնարկատերերին աշխատել հարկային օրենսդրության շրջանակներում եւ չփորձել թաքցնել իրենց եկամուտները: Սերժ Սարգսյանը նկատել է, որ ոչ մի բիզնես չի կարող հաջող գոյատեւել, եթե երկրում լուծված չլինեն սոցիալական ապահովության, կրթության ու առողջապահության խնդիրները:

2008-05-26
«Եվրոտեսիլ - 2008» երգի մրցույթին Հայաստանը զբաղեցրեց 4-րդ տեղը։
Մայիսի 24-ին Բելգրադում անցկացվեց «Եվրոտեսիլ-2008» միջազգային մրցույթի ավարտական փուլը։ Հայաստանը ներկայացնող երգչուհի Սիրուշոն «Քելե, քելե» երգի կատարմամբ հավաքեց 199 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը։ Բարձր՝ 12 բալ, Հայաստանը ստացավ Բելգիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Չեխիայից, Նիդերլանդներից, Հունաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, 10 բալ -Կիպրոսից եւ Թուրքիայից, 8 բալ- Սան-Մարինոյից, Բուլղարիայից, Իսրայելից, 7 բալ- Ուկրաինայից եւ Բելառուսիայից, 5 բալ-Սերբիայից եւ Սլովենիայից, 4 բալ- Ռումինիայից, 2 բալ- Ալբանիայից, Մոլդովայից եւ Շվեդիայից, եւ 1 բալ- Իսլանդիայից եւ Չեռնոգորիայից։

2008-05-23
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԻԹՈՎ
Մայիսի 23-ին կհնչեն ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգերը, եւ քաղաքի հանրակրթական դպրոցներում կարեւոր քննաշրջանի առջեւ կկանգնի եւս մեկ սերունդ:
Սիրելի շրջանավարտներ.
Հետեւում թողնելով ուսումնառության տարիները, դուք այսօր մեծ կյանքի շեմին եք` լցված պատանեկան երազանքներով, որոնց թռիչքի թեւեր են տվել դպրոցում ձեռք բերած ձեր գիտելիքները: Ձեզնից ոմանք կշարունակեն ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում, մյուսներդ կփորձեք ձեր տեղը գտնել կյանքի այլ որորտներում:
Մարդուն ոչինչ հեշտությամբ չի տրվում: Ձեզ նույնպես դեմհանդիման կլինեն դժվարությունները, որոնք հաղթահարելու համար բոլորիդ ցանկանում եմ կամք եւ հաստատակամություն: Հպարտ անցեք ձեր գալիք ճանապարհը եւ դարձեք մեր անկախ հայրենիքի արժանավոր քաղաքացիներ:
Ես դիմում եմ մեր ուսուցիչներին, նրանց, ովքեր քրտնաջան աշխատանքով դպրոցից մեծ կյանքի ճանա պարհ են դուրս բերում հերթական սերունդը: Դժվար է գերագնահատել ձեր նվիրված, հայրենաշեն ու տքնաջան գործունեությունը, սիրելի ուսուցիչներ: Մեր ժողովրդի համար, որ հնուց անտի գիտե՜ գրի ու կրթության հարգը, դուք հարգված ու սիրված եք: Քանզի ձեր պայծառ մտքի եւ իմաստության շնորհիվ են ձեւ ավորվում բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ: Ուրեմն թող անսպա՜ռ լինեն ձեր գիտելիքներն ու եռանդը, նվիրվածությունն ու հոգատարությունը:
Դպրոցական վերջին զանգի առիթով ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ, սիրելի՜ շրջանավարտներ, սիրելի՜ ուսուցիչներ, մաղթում կյանքի կանաչ ճանապարհ, երազանքների իրականա ցում եւ հաջողություններ անձնական կյանքում:

2008-05-15
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 17-ին ժամը 13.00-ին Երևանի Ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում կազմակերպվելու է Մարինե Քոչարյանի անհատական աշխատանքների ցուցահանդես: Ցուցադրությանը ներկայացվելու են ժողովրդական վարպետի մանկական հագուստների ձեռագործ աշխատանքներ:

2008-05-05
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ
Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:Հանդիպմաը մասնակցում էին նախարարի տեղակալ Ներսես Եսայանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ավագանու անդամները, դպրոցի տնօրեններ: Կրթական բարեփոխումների շրջանակներում քննարկվեց ավագ դպրոցի համակարգ ներդնելու խնդիրը:

2008-04-28
ԼՈՒՐԵՐ
Արմատներս հայ ժողովրդի մեջ են …
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն առաջիկայում համերգներով հանդես կգա Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում և Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում:
Արգենտինական առաջատար «Կլարին» թերթում տպագրվել է ընդարձակ հարցազրույց` «Շառլ Ազնավուր. «Մտածում եմ միայն ապագայի մասին» խորագրով:
«Ծնողներս հայեր են եղել, արմատներս հայ ժողովրդի մեջ են: Շատ եմ սիրում հայկական կերակուրները», - լրագրողներին պատասխանել է Ազնավուրը:
Լրագրողների ի մեկ այլ հարցի` թե «Ինչո՞ւ չեք երգում հայերեն», - մեծն Ազնավուրը պատասխանել է.
«Հայերնն իմ արմատների, իմ հույզերի և ոչ աշխատանքային լեզուն է»:
83-ամյա երգչին թերթը ներկայացրել է որպես 20-րդ դարի խոշոր անհատներից մեկի:
Ազնավուրի համերգները Բուենոս Այրեսի հռչակավոր «Լունա պարկում» կկայանա մայիսի 3-ին և 4-ին:


Մարդկության թաքնված գանձը

Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարեդարձի օրը Արգենտինայի «Մետրո» հեռուստալիքը եթեր է հեռարձակել Հայաստանի մասին ընդարձակ հաղորդում: Հայ ժողովուրդը ներկայացվել է Հայկ նահապետից մինչև մեր օրերը: Հաղորդումը կրում էր «Հայաստան. մարդկության թաքնված գանձը» խորագիրը:



Հնչել է մեր հայրենակցի կատարումը

Ապրիլի 23-ին Բուենոս Այրեսի հայկական ռադիոժամի ընթացքում հաղորդվեց ֆիդայիններին նվիրված երգ «Սայաթ - Նովա» աշուղական համույթի մենակատար մեր համաքաղաքացի Մխիթար Քեցյանի կատարումը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՆԱՆՅԱՆ
Մեր հատուկ թղթակից
Արգենտինա

2008-03-31
ՔԱՂԱՔԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ
Գարնան կենարար շնչի հետ մեկտեղ կրկին մեր քաղաքը դարձել է շինարարական մեծ հրապարակ:
Մեր աչքի առաջ իրականանում են հարազատ քաղաքի հետ կապված այնպիսի ծրագրեր, որոնց տասնամյակներ շարունակ սպասել էինք, սակայն չէին լուծվել: Անցած տարի սկսվեցին երկրագիտական թանգարանի նոր շենքի կառուցման աշխատանքները: Տեղին է հիշեցնել, որ մեր թանգարանը պատմագիտական արժեքներ ներկայացնելու առումով հանրապետության ամենահարուստ թանգարաններից է: Դրանով էլ պայմանավորված է մեր համաքաղաքացիների համակ ուշադրությունը այս օբյեկտի նկատմամբ: Արդեն աշխատանքները վերսկսված են և մեծ թափով առաջ են ընթանում: Շինարարությունը իրականացնում է «Դիլիմաք» ընկերությունը: Նախագծի հեղինակն է քաղաքի գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանը: Ինչպես նա, այնպես էլ շինարարները չեն կասկածում, որ երկրագիտական թանգարանի նոր շենքի կառուցումը կավարտվի ժամանակին` 2008 թվականի վերջին:
Թանգարանի հարևանությամբ «Թուֆենկյան» ընկերության կողմից իրականացվում է «Դիլիջան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերականգնման խոշոր ծրագիրը: Պատմամշակութային հատվածի շինարարությունը ավարտվել էր դեռևս անցած տարվա վերջին: Այժմ ընթանում են բարձրակարգ հյուրանոցի կառուցման աշխատանքները, որը պետք է ավարտվի 2009 թվականին: Վերականգնման աշխատանքներն իրականացնում է մշակութային օբյեկտների վերականգնման մեծ փորձ ունեցող «Կանակա» ընկերությունը, որի ղեկավարն է վաստակավոր շինարար Հայկ Հովիվյանը: Արգելոց-թանգարանը հանրապետությունում եզակի կառույց է: Այն ներկայացնում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ժողովրդական տների դիլիջանյան ճարտարապետական ոճը, ունի «Հին Դիլիջան» թեմայով գեղանկարների, և քաղաքի կենցաղի, ու մշակույթի վերաբերյալ արժեքավոր ցուցանմուշներ:

2008-03-21
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵԱՌՆ ԿԱՄ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Տաղավար տոներից հերթականությամբ երկրորդը, խորհուրդով ամենափառապանծը, ըստ էության, ամենաժողովրդականն ու զանգվածայինը, հարությունը խորհրդանշող տոնն է, որն այդպես էլ կոչվում է` Հարություն Տեառն կամ Սբ. Զատիկ: Տոնվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լիալուսնի մերձակա կիրակի օրը: Շարժական տոն է: Կարող է հանդիպել մարտի քսաներկուսից ապրիլի քսանհինգը, շարժականությունը երեսունհինգ օր է:
Տոնին նախորդում է յոթշաբաթյա պահքի շրջանը։ ժողովուրդը Քառասունօրյա կամ Մեծ պաս է անվանում: Հարության մեծ տարեշրջանն ընդգրկում է Մեծ պահքը, Զատիկը, Հոգեգալուստը:
Սբ. Զատիկին վայելում է, որ քահանան այցելի տները, խաչով ու ավետարանով օրհնի մարդկանց: Աղը խաղաղության և աշխարհի համի խորհրդանիշ է, հացը` Քրիստոսի մարմնի խորհրդանիշ, գինին` Քրիստոսի արյան խորհրդանիշ և ձուն` Քրիստոսի հարության խորհրդանիշ: Ձուն խորհրդանշում է նաև աշխարհը. կեղևը երկինքն է, սպիտակուցը` ջուրը, դեղնուցը` երկիրը: Հետևաբար, կարմիր ձուն խորհրդանշում է ողջ աշխարհի` Քրիստոսի արյամբ ներկված լինելը:
Մեծ պահքի յոթ շաբաթվա ընթացքում հավաքած ձուն պահվում է մինչև Ավագ ուրբաթ օրը, Ավագ շաբաթ օրը խաշում են` կարմիր ներկելով: Ներկված ձուն կոչվում է ՙկարմիր հավկիթ՚ կամ ՙկարմիր ձու՚: Ներկված ձուն ուտում են Զատկի պատարագից անմիջապես հետո, նախքան ճաշը:
Ավանդաբար Զատկվա տոնին այցելում և շնորհավորում են իրար: Ուտում են չամիչով և այլազան չրերով խայտող փլավ, ձուկ, աղցան, գինի, ոմանք նաև գառ` մի պայմանով, որ գառը նույն օրն ամբողջությամբ ուտվի. (հրաշալի առիթ ողորմության և բարեգործության),թխում են շաքարահաց... Մի խոսքով այն ամենը, ինչը սեղանը տոնական կդարձնի:
Ինչպես նշվեց` Զատիկը տաղավար տոն է. նշանակում է ննջեցյալների հիշատակի օր` մեռելոց է երկուշաբթին: Մեր սիրելիների շիրիմներին մոմ ենք վառում, խունկ ծխում, ոչ թե կերակուր ուտում, օղի խմում կամ հեղում գետին:
Այդ օրը դիմում ենք` Քրիստոս հարյավ ի մեռելոց, պատասխանում` օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

2008-03-10
«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2008»
Հայ երգչուհի Սիրուշոն մայիսին Բելգրադում կայանալիք «Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթին կներկայացնի «Քելե-քելե» վերնագրով երգը։
«Քելե-քելե» երգն ընտրվել է հեռուստադիտողների SMS-քվեարկության արդյունքում՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում մարտի 8-ին հեռարձակված հեռուստաշոուի ընթացքում։ Այդ ստեղծագործության օգտին քվեարկել է հեռուստադիտողների 86,5 տոկոսը:
Հեռուստադիտողների դատին էր ներկայացվել չորս երգ։ Բոլոր ստեղծագործությունների խոսքերի հեղինակը Սիրուշոն է, հաղթած երգի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Հարութ Տեր-Հովակիմյանը:
2007 թ. նոյեմբերի 14-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հայարարել էր իր որոշման մասին, համաձայն որի Բելգրադում կայանալիք Եվրատեսիլ-2008-ին Հայաստանը ներկայացնելու էր Սիրուշոն:
Սիրուշոն նոր սերնդի երիտասարդ երգչուհի է, որը մեծ համբավ ունի ինչպես էստրադային երգերի, այնպես էլ ժողովրդական երաժշտության սիրահարների շրջանում։ Նա Հայաստանում սիրված և հայտնի երգչուհի՝ Սյուզան Մարգարյանի դուստրն է:
Նրա համերգները, ինչպես նաև ձայնասկավառակները մեծ հաջողություն ունեն։ Նա արժանացել է «տարվա երգչուհի» կոչման, սակայն չի դադարում աշխատել, իսկ դա նշանակում է, որ նրա երկրպագուների թիվը այսուհետև էլ մեծ կլինի:
Այժմ նա սովորում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում:
2008 թ.-ին Հայաստանն արդեն երրորդ անգամ կմասնակցի «Եվրատեսիլին»: 2006 թ.-ի մայիսին Հայաստանը ներկայացնող հանրահայտ էստրադային երգիչ Անդրեն, Աթենքում կատարելով «Without Your Love» (Առանց քո սիրո) երգը, զբաղեցրեց ութերորդ տեղը:
2007 թ.-ին Հելսինկիում Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «2006 թ. լավագույն երգիչ» անվանակարգի հաղթող, էստրադային երգիչ և կոմպոզիտոր Հայկոն կրկնեց Անդրեի հաջողությունը՝ երգելով «Anytime you need» (Երբ դու ցանկանաս) երգը։

2008-02-27
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ
Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Ազատի Սարգսյանը

2008-02-22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հանրապետության Նախագահի ընտրությունների նախնական արդյունքների
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը,
հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքները,
արձանագրում է`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
« 19 » փետրվարի 2008թ.
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՎԱՀԱՆԻ 272256
ԳԵՂԱՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՄԱՄԻԿՈՆԻ 7473
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ 9754
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱՄ ՍԵՐԳԵՅԻ 3092
ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ՎԱՀԱՆ ԷԴՈՒԱՐԴԻ 100876
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱԶԳԵՆ ՄԻՔԱՅԵԼԻ 20939
ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ 4359
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺ ԱԶԱՏԻ 863544

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲԻ 351306

2008-02-13
ՏԵԱՌՆ ԸՆԴԱՌԱՋ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 14-ին ժամը 14-ին քաղաքի մշակույթի պալատի հարթակում կնշվի Հայ Առաքելական եկեղեցու ավանդական տոներից մեկը՝ Տեառն ընդառաջը, (Տիրոջն ընդառաջ, ժողովրդական լեզվով՝ Տըրընդեզ):
Տեառն ընդառաջի արարողությունը կանցկացնի Տավուշի մարզի փոխառաջնորդ Տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը:
Արարողության ժամանակ քաղաքապետարանի կողմից նորապսակներին կտրվեն նվերներ:

2008-02-12
ԿԱՐԱՏԵԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 10-ին թիվ 1 միջն. դպրոցի մարզադահլիճում անցկացվեց կարատե մարզաձևի Լոռու և Տավուշի մարզերի առաջնություն, որին մասնակցում էին Դիլիջանի, Վանաձորի, Իջևանի և Ստեփանավանի շուրջ 50 մարզիկներ:
Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և Դիլիջանի քաղաքապետարանի հուշանվերներով:
Իր տարիքային խմբում 1-ին տեղը գրավեց թիվ 2 դպրոցի աշակերտ Սամվել Նալբանդյանը:
Իրենց տարիքային խմբերում 3-րդ մրցանակային տեղերը գրավեցին թ. 1 դպրոցի պատանի մարզիկ Ալբերտ Նազինյանը և թ. 4 դպրոցի պատանի մարզիկ Մարտուն Ասատրյանը:
Միջոցառմանը մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը և փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը:

2008-01-21
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թ. հունվարի 18-ին գրանցեց ՀՀ նախագահի՝ բոլոր հայտ ներկայացրած 9 թեկնածուներին: ԿԸՀ անդամների կողմից այս հարցում որեւէ առարկություն չեղավ: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հայտարարեց, որ ընտրություններին մնացել է ընդամենը 32 օր: Թեկնածուներն են՝
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Ազգային Միաբանություն կուսակցություն

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հայոց Համազգային Շարժում

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետական Կուսակցություն

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ազգային ժողովրդավարական միություն

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ժողովրդական կուսակցություն

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Օրինաց Երկիր Կուսակցություն

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ազգային համաձայնություն կուսակցություն

ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ
անկուսակցական

2007-12-25
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ
Հարգելի դիլիջանցիներ.
Հաշված ժամեր են մնացել այն հրաշալի պահից, երբ միայն մեկ ակնթարթ հանդիպում են հին ու նոր տարիները, և սկսվում է նոր թվականի հաշվարկը:
Շուտով ժամացույցի սլաքները մեկտեղվելու են զերո ժամի վրա` ազդարարելով 2008-ի սկիզբը: Նոր տարին, համոզված եմ, առավել արդյունավետ ու արգասաբեր է լինելու մեր քաղաքի համար, բոլոր դիլիջանցիների համար: Այն կարևորվելու է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առումով:
2008-ին կայանալու են նախագահական, և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք անկասկած, վճռական փուլ են դառնալու մեր երկրի, նաև Դիլիջանի հետագա զարգացման, սկսած բարեփոխումները շ արունակական դարձնելու գործում:
Մեր քաղաքը հանրապետության արագ զարգացող համայնքներից է: Տեղական մուտքերի արդյունավետ հավաքագրման շնորհիվ` մեզ հաջողվում է ձևավորել այնպիսի բյուջե, որը հնարավորություն է տալիս լայնածավալ աշխատանքներ կատարել քաղաքի բաարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, սոցիալ-տնտեսական բազմաբնույթ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Բոլոր ձեռնարկումների մեջ առաջին պլան է մղվում Դիլիջանի առողջարանային հեռանկարը: Նշեմ նաև, որ մեր քաղաքն առաջնակարգ առողջարան-հանգստավայր դարձնելու խնդրով մտահոգված են նաև հանրապետության նախագահն ու վարչապետը:
Դիլիջանը տարածաշրջանում դառնալու է ոչ միայն առաջնակարգ առողջարան, այլև մշակութային կենտրոն: Այս առւմով խիստ կարևորում է երկրագիտական թանգարանի նոր շենքի և ամֆիթատրոնի շինարարությունը: Անցնող տարում կառուցվել է նաև Շամախյան թաղամասի ակումբի նոր շենքը, ամբողջացել է «Դիլիջան» արգելոց-թանգարանի պատմամշակութային հատվածը, վերակառուցվում է կենտրոնական գրադարանը:
Քաղաքապետարանը լուրջ ծրագրեր ունի քաղաքի փողոցների բարեկարգման, հոսող տարածքների ամրացման ուղղությամբ: 2007-ին ասֆալտապատվել են մի շարք կենտրոնական և թաղամասային փողոցներ, կառուցվել են հենապատեր:
Մեր ուշադրության կենտրոնում են դպրոցաշինության, մանկական և մշակույթի օջախների հետ կապված խնդիրները: Այս ուղղությամբ ևս անցնող տարում շոշափելի հաջողություններ ունենք:
Քաղաքաքապետարանը խիստ կարևորում է ազգաբնակչության սպասարկման, այդ թվում` ջրամատակարարման բարելավման հարցը: Հիմնանորոգվում են ջրամաքրման կայանները, արդեն իսկ փոխվել է 7 կմ ջրագիծ: Հեռու չէ այն օրը, երբ դիլիջանցին կստանա որակյալ խմելու ջուր և օրակարգում կդրվի մշտական ջրամատակարարման խնդիրը:
Հարգելի իլիջանցիներ.
Տարեմուտի խոսքս չեմ ուզում ծանրաբեռնել հավելյալ փաստերով ու թվերով: Այն, ինչ կատարվում է մեր քաղաքում` ձեր աչքերի առաջ ու ձեզ համար է: Ու նաև վստահորեն ասում եմ, որ շատ ավելին պետք է կատարվի նոր տարում:
Մեր քաղաքի, նրա առաջընթացի համար նոր խթան կհանդիսանա պետության առանձնահատուկ հոգացությունը: Հանրապետության կառավարությունը մտադրություն ունի Դիլիջանը դարձնել ֆինանսական կենտրոն: Նախատեսվում է մեզ մոտ տեղափոխել Հայաստանի կենտրոնական բանկը և հյուսիսային դատարանը:
Այնպես որ, հարգելի դիլիջանցիներ, մեր քաղաքի լավագույն օրերը դեռ առջևում են: Այս բարձր տրամադրությամբ էլ եկեք հրաժեշտ տանք հին տարուն և ընդունենք նորը:
Դիլիջան համայնքի ավագանու և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլոր դիլիջանցիների նոր տարին և Սուրբ ծնունդը: Ձեզնից յուրաքանչյուրին և ձեր ընտանիքներին մաղթում եմ երջանկություն ու բարօրություն, բարգավաճում ու բոլոր նպատակների իրականացում: Թող ամանորյա տոնական տրամադրությունը ձեզ ուղեկից լինի գալիք ամբողջ տարվա ընթացքում:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:


2007-12-22
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
Դեկտեմբերի 20-ից դպրոցական եւ նախադպրոցական հիմնարկներում սկսել են տարեմուտի հանդեսները։
Ամանորյա քաղաքային տոնահանդեսը կկայանա դեկտեմբերի 29-ին ժամը 18.00-ին կենտրոնական հրապարակում քաղաքի գեղարվեստական խմբերի եւ Երեւանից ժամանած էստրադային աստղերի մասնակցությամբ:

2007-12-10
«ԱՐԵՎԻԿԸ» ԵՐԿՐՈՐԴՆ ԷՐ
«Արեւիկ» մանկապատանեկան համույթը «Երազանք» երգով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը դեկտեմբերի 8-ին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած «Մանկական Եւվրատեսիլ 2007» երգի միջազգային մրցույթում: Դրան մասնակցում էին 17 երկրներ:
Մրցույթի հաղթողին` Բելառուսին, Հայաստանը զիջեց ընդամենը մեկ միավորով: Հայաստանի ներկայացուցիչները առավելագույն 12 միավոր ստացան Վրաստանից, Բելգիայից, Կիպրոսից, Ռուսաստանից, Ռումինիայից, Նիդերլանդներից ու Ուկրաինայից:

2007-11-26
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԹԻՎ 11 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Նոյեմբերի 23-ին Դիլիջանի թիվ 11 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ավարտի կապակցությամբ, անցկացվեց միջոցառում:
Թիվ 11 մանկապարտեզը «Առաջինը երեխաներին» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հիմնանորոգվել է Դիլիջանի քաղաքապետարանի եւ «Վիվասել» ընկերության աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին «Վիվասել» ընկերության տնօրեն Ռալֆ Յարիկյանը, «Առաջինը երեխաներին» հասարակական կազմակերպության նախագահ Նանի Օսկանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող դիվանագետների կանայք, հյուրեր:

2007-11-13
ԸՆՏՐՎԵՑ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ պատգամավոր Արեւիկ Պետրոսյանը: Ընտրություններին մասնակցեց 102 պատգամավոր, բայց քվեատուփում գտնվեց 100 քվեաթերթիկ, որոնցից 8-ը ճանաչվեց անվավեր: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի օգտին քվեարկել էր 13 պատգամավոր, դեմ՝ 79: Եվ համապատասխանաբար, Արեւիկ Պետրոսյանին կողմ էր քվեարկել քվեարկությանը մասնակցած պատգամավորներից 79-ը, իսկ դեմ՝ 13-ը:

Արեւիկ Պետրոսյանը խորին շնորհակալություն հայտնելով գործընկերներին, վստահեցրեց, թե այնպես կաշխատի, որ իրեն դեմ քվեարկած պատգամավորները եւս իր հանդեպ ունենան վստահություն: Այս խոստումից հետո Արեւիկ Պետրոսյանը Տիգրան Թորոսյանի հրավերով զբաղեցրեց ԱԺ փոխնախագահի աթոռը:

2007-11-05
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ
Նոյեմբերի 2-ին, «Լեռնային Հայաստան» առողջարանի հիմնանորոգման աշխատանքների ավարտի կապակցությամբ Դիլիջան այցելեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, բարձրաստիճան սպաներ:
ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող լիովին հիմնանորոգված եւ ժամանկակակից բուժսարքավորումներով հագեցված առողջարանը արդեն պատրաստ է ընդունելու իր հանգստացողներին:



2007-10-31
01.11.2005Թ. – 01.10.2007Թ. ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Դիլիջանի քաղաքապետարանը նշված ժամանակահատվածում աշխատանքները կազմակերպելիս նպատակադրվել է ոչ միայն վերականգնել Դիլիջանի` որպես առողջարանային քաղաքի նախկին համբավը, այլև ռեալ նախադրյալներ ստեղծել սոցիալ-տնտեսական հոգևոր մշակութային և առողջարանային ոլորտների հետագա առաջընթացի համար: Արդեն իսկ առկա է նշանակալի առաջընթաց քաղաքաշինության և հիշատակված ոլորտների զարգացման ուղղությամբ և ստեղծված են են ռեալ հնարավորություններ հետագա ծավալուն ծրագրերի իրականացման համար: Մեծ միջոցներ են տրամադրվել քաղաքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում: Քաղաքայ