|
| Ընդհանուր տեղեկություններ | | ՊԱՏՄԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ | «Եթե դրախտում կան անտառներ, լեռներ և հանքային ջրեր, դրախտը նման կլինի Դիլիջանին»
Յու. Կիրիլովա
Դիլիջան առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում Աղստև գետի հովտում, ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա, շրջապատված Փոքր Կովկասի լեռնազանգվածներով։ Հյուսիս-արևելյան մասերում նրան հարում են Բազումի, արևմտյան և հարավ-արևմտյան կողմերից՝ Փամբակի, արևելքից՝ Մուրղուզի և հարավ-արևելքից՝ Արեգունի լեռները։
Կիրճի լեռնային զանգվածները ծածկված են հարուստ անտառներով, որոնք վերջանալով լեռնային կատարներին, փոխարինվում են ալպյան մարգագետիններով։ Քաղաքը բարեկարգ ավտոմայրուղով կապված է մայրաքաղաք Երևանին (96 կմ), Վանաձորի և Իջևանի հետ (35-40 կմ)։ 1986 թվականից երկաթուղով կապված է Հանրապետության երկաթուղային ցանցին (Դիլիջան-Երևան հատվածը 144 կմ)։
Դիլիջանին բնորոշ է մեղմ, լեռնա-անտառային չափավոր զով ամառը, արևաշատ տաք ձմեռը, ամբողջ տարվա ընթացքում չոր և տաք եղանակը։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +18 է, հունվարինը՝ 0 ից -2։ Օդի չորությունը առանձնապես արտահայտվում է ձմռան և գարնան ամիսներին։ Օդի հարաբերական խոնավությունը 70% է, տեղումների քանակը՝ 637 մմ, արևափայլի տևողությունը՝ 2091 ժամ։
Դիլիջանի տարածքում 19-րդ դարի 70-ական թվականներին կատարված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ մարդը սկսել է ապրել ուշ բրոնզե և վաղ երկաթե դարերից (մթա 2-րդ հազարամյակի վերջ- 1-ին հազարամյակի սկիզբ)։
Դամբարանադաշտեր են հայտնաբերվել Ռեդկին լագերի, Խրտնանոցի և Պապանինոյի տեղամասերում։ Հայտնաբերված նյութերի մեծ մասը Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Թբիլիսիի, Բաքվի և Երևանի թանգարաններում են, մի մասն էլ Դիլիջանի երկրագիտական թանգարանում։ Դիլիջանի հիմնադրման բուն տարեթիվը դեռևս հայտնի չէ։ Ներկայիս Դիլիջանի տարածքը մտել է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ։ 4-րդ դարում՝ երբ Հայաստանը բաժանվել է Բյուզադիայի և Պարսկաստանի միջև, այդ հողերը (պատմական Հովք) մտել են Գուգարքի մարզի Ձորափոր գավառի մեջ և հանդիսացել են հայոց թագավորների հանգստավայր և արքայական որսատեղի։ Կապված պատմական իրադարձությունների հետ քաղաքի տարածքի անվանումները և սահմանները մի քանի անգամ փոխվել են։ 8-րդ դարում այդ տարածքները մտել են Կայենի գավառի կազմի մեջ, իսկ ավելի ուշ Կուստ-Արցախյան նահանգի մեջ։ 15-րդ դարից մինչև Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միավորումը՝ դրանք մտնում էին Գանձակի խանության մեջ։ Այնուհետև դրանք մտել են Ելիզավետապոլի նահանգի մեջ։
Քաղաքի անվան ստուգաբանման վերաբերյալ կան մի շարք բանահյուսական վարկածներ։ Առկա է նաև պատմական վարկած, որը անվան բացատրությունը կապում է համանուն իշխանի անվան հետ։ Առաջին անգամ գրավոր աղբյուրներում Դիլիջան անունը հիշատակվել է Ֆրանսիացի Ճանապարհորդ Ժան Շարդենի ուղեգրություններում՝ 1666 թ.։ Ըստ 19-րդ դարի սկզբի պատմական աղբյուրների Դիլիջանը Ղազախի գավառի 27 գյուղերից մեկն էր և ուներ 60 տուն բնակչություն։ Նաև հայտնի է, որ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին այստեղ վերաբնակվել են Իջևանի շրջանի Սևքար, Սարիգյուղ, և Աչաջուր գյուղերից, ինչպես նաև Նոյեբերյանի շրջանի Կոթի գյուղից, կազմելով բնակավայրի հիմնական բնակչությունը։
|
| ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ | «Այո զարմանալի գեղեցիկ է։ Թվում է թե լեռները կենդանի սիրով ու քնքշությամբ գրկել և պահում են հովիտը։ 1500 մետր բարձրության վրա օդը անսովոր թափանցիկ է և կարծես ներկված լինի կապտի մուգ փայլուն երանգով։ Հովտի առավել աչքի ընկնող տպավորությունը մեղմությունն է...» Մ. Գորկի
Իր բնակլիմայական պայմաններով Դիլիջանը եզակի բնակավայրերից է: Քաղաքի չքնաղ բնապատկերը լրացուցիչ դրական ներգործություն է ունենում հիվանդների եւ հանգստացողների վրա:
Տարածքի միջին բացարձակ բարձրությունը 1256 մետր է: Ռելիեֆը բարդ է: Աղստեւ գետի ողողահունը եւ դարավանդները հարթ են իսկ լանջերը թեք են կտրված հեղեղատներով: Տարածքի կլիման չափավոր տաք եւ խոնավ է: Դիլիջանը միջին լեռնային անտառային գոտու տիպիկ կլիմայական առողջավայր է, որի հիմնական բուժական գործոններն են միջին եւ բարձր լեռնային կլիման, բարենպաստ թթվածնային ռեժիմը, անկրկնելի լանդշաֆտային առանձնահատկությունները, բուժիչ հանքային ջրերի առկայությունը:
Դիլիջան առողջարանային քաղաքի բնական արժեքվոր հարստություններից է անտառը, որը կազմում է 34000 հեկտար տարածք։ Անտառի բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով 1958 թվականին կազմակերպել է պետարգելոց, որի բազայի վրա 2002 թվականին ստեղծվել է «Դիլիջան ազգային պարկը»։ Անտառային զանգվածը կազմում է ազգային պարկի տարածքի 94%-ը, անտառում աճում են շուրջ 40 տեսակի արժեքավոր ծառատեսակներ և 18 տեսակի թփեր։ Հիմնական անտառ կազմող ծառատեսակներն են կաղնին, հաճարենին, բոխին: Սաղարթավոր տերևաթափ ծառատեսակներից տարածված են նաև թխկու, կեչու, հացենու, ուռենու, լորենու, թեղու և այլ տեսակներ։
Ասեղնատերև ծառատեսակներից կազմված անտառները պարկում գրավում են սահմանափակ տարածք։
Այստեղ աճում են երկարակյաց կենու 300-400 տարեկան ծառեր , որոնք ունեն մինչև 25 մետր բարձրություն և բնի 80-100 սմ տրամագիծ։ Երրորդական ժամանակշրջանից եկած այս ծառատեսակների պուրակներից մեկը, որը գտնվում է Գետիկի ավազանում ամենախոշորն է Անդրկովկասում։
Որպես բնափայտ հատկապես բարձր են գնահատվում կաղնու, հաճարենու և բոխու բնափայտը։
Պարկի տարածքում աճում են նաև վայրի մրգատուներ՝ տանձենի, խնձորենի, սալորենի։
Թփատեսակներից հադիպում են մորենի, տխլենի, իլենի, փշարմավ, մրտավարդ, հապալասենի, հաղարջենի, կակտոշենի, հասմիկ, սզի, զկեռ, մամուխ փշավոր, մոշենի, քարամոշ և այլն։ Ըստ օգտագործման նշանակության պարկի բուսատեսակներից հանդիպում են 123 սննդում օգտագործվող տեսակներ։ Աճում են շուրջ 180 դեղաբույսեր (անթառամը, դաղձը, ուրցը, մեղրածուծը, լոշտակը, մալտակը և այլն)։ Անտառում շատ են նաև սնկերի տեսակները, որոնց մեծ մասը օգտագործվում են մարդու սննդում։
Հարուստ է ազգային պարկի կենդանական աշխարհը։ Կաթնասուններից այստեղ հանդիպում են գորշ արջ, գայլ, կզաքիս, ջրասամույր, լուսան, անտառային կատու, պարսկական սկյուռ, անտառային քնամուկ, ոզնի, այծյամ, ազնվացեղ եղջերու, վայրի խոզ և այլն։
Անտառի բնորոշ թռչնատեսակներից են մարեհավը, լորը, գորշ կաքավը, կասպիական հնդկահավը, վայրի աղավնին, սպիտակագլուխ անգղը, գառնանգղը, թզուկ արծիվը, բերկուտը, բազեների բազմաթիվ տեսակներ։
Սողունների դասից հանդիպում են մողեսների, օձերի, և կրիաների կարգի ներկայացուցիչներ։
Երկկենցաղներից հանդիպում են կանաչ դոդոշը, անդրկովկասյան գորտը։
Ձկներից առավել շատ տարածված են կարմրախայտը, կողակը, կարասը։
Պարկի տարածքում խստիվ արգելվում է ձկնորսական, որսորդական և դեղագործական նպատակներով կենդանիների որսը։
Քաղաքն ունի էկոտուրիզմի զարգացման մեծ հնարավորույթուններ և արդեն որոշակի քայլեր են կատարվում դրանց իրականացման ուղղությամբ։
Քաղաքի հյուսիսային մասում 1400 մ. բարձրության վրա է գտնվում Պարզ լիճը։ Այն ունի շուրջ 2 հ/ր մակերես, միջին խորությունը 8 մետր է։ Պարզ լճից դեպի արևելք, Գոշ գյուղից 3 կմ հեռավորության վրա, 1500 մ բարձրության վրա է գտնվում Գոշի (Տզլկա) լիճը։
Քաղաքի ընդհանուր բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետը իր վտակներով։
Այն սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հյուսիս արևմտյան լեռնալանջերից (2980 մ. բարձրությունից) և թափվում Քուռ գետը։ Գետի ընդհանուր երկարությունը 133 կմ է։ Տարեկան հոսքը կազմում է 256 մլն խոր. մետր։ Ձախակողմյան վտակներից են Բլդանը և Ղշտողանը, որոնք քաղաքի կենտրոնական մասում միանում են Աղստևին։ Թեղուտ գյուղի մոտակայքում նրան է միանում Հաղարծին վտակը, իսկ ներքին Գոշ գյուղի սկզբնամասում ամենամեծ վտակը՝ Գետիկը։
|
|
|
|
|
|